Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Լրահոս

Բյուրոյի փորձագետները Լատվիայում մասնակցել են CEPOL-ի փորձի փոխանակման ծրագրին}
Եվրոպական Միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության (CEPOL) փոխանակման ծրագրի շրջանակներում ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի նյութագիտական փորձաքննությունների բաժնի պետ Աննա Թովմասյանը և Բյուրոյի հետքաբանական փորձաքննությունների բաժնի փորձագետ Ազնուր Մկրտչյանը հուլիսի 27-ից օգոստոսի 1-ը գործուղվել էին Լատվիայի Հանրապետություն (Ռիգա)՝ վերապատրաստման և փորձի փոխանակման նպատակով:
Ծրագրի շրջանակներում հայ փորձագետները ծանոթացել են Լատվիայի դատափորձագիտական բյուրոյի դատական փորձաքննությունների ստորաբաժանումների՝ մասնավորապես կենսաբանական և քիմիական հետազոտությունների բաժնի գործունեությանը, նյութատեխնիկական հագեցվածությանը, փորձագիտական հնարավորություններին, տեղում ծանոթացել իրականացվող փորձաքննությունների տեսակներին, կիրառվող մեթոդներին և մեթոդիկաներին, տվյալ կազմակերպությունում գործող որակի ապահովման միջազգային չափանիշներին, ուսումնասիրել նորագույն սարքավորումային հնարավորություններն ու ընթացակարգերը։
Փորձի փոխանակման շրջանակներում իրականացվել են համատեղ գործնական աշխատանքներ, այդ թվում՝ բուսական ծագման թմրամիջոցների, ծխախոտային արտադրանքների դատանյութագիտական, մատնահետքերի հետքաբանական հետազոտությունների և դրանց արդյունքների վերլուծություն՝ տվյալ կազմակերպությունում կիրառվող ժամանակակից սարքավորումներով և մեթոդներով:
Փորձագիտական ստորաբաժանումների համապատասխան մասնագետների հետ քննարկումների արդյունքում նախանշվել են փորձի փոխանակման շրջանակներում իրականացվելիք աշխատանքների հեռանկարները՝ տեսական և գործնական գիտելիքների փոխանակման, նյութագիտական և հետքաբանական փորձաքննությունների բնագավառների արդիական հարցերի վերհանման և ոլորտում առկա հիմնախնդիրների արդյունավետ լուծման համատեքստում։
Լատվիացի գործընկերների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նյութագիտական և հետքաբանական փորձաքննությունների ոլորտում շարունակական ակտիվ փոխգործակցության ծավալման՝ ի նպաստ երկու երկրների դատափորձագիտական հնարավորությունների զարգացման:

Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենի՝ գիտության գծով տեղակալ, քիմիական գիտությունների թեկնածու Պատվական Ոսկանյանն այսօր նշում է ծննդյան 75 ամյակը:}
Շնորհիվ արհեստավարժ աշխատանքի, բարձր պատասխանատվության, նվիրումի և համեստության, Պատվական Ոսկանյանն իրավամբ, վայելում է մեծ հարգանք ոչ միայն Փորձաքննությունների ազգային բյուրոյում, այլև գիտական շրջանակում։
Երկար տարիների անմնացորդ նվիրումով բարեխիղճ ու արդյունավետ աշխատանքային գործունեության և 75-ամյա հոբելյանի կապակցությամբ Փորձաքնությունների ազգային բյուրոյի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Գահնապետյանի հրամանով Պատվական Ստեփանի Ոսկանյանն արժանացավ պատվոգրի:
Փորձաքննությունների ազգային բյուրոյի ողջ անձնակազմը ջերմորեն շնորհավորում է վաստակաշատ գիտնականին հոբելյանի առթիվ՝ մաղթում քաջառողջություն, անսպառ եռանդ, արևշատություն և հաջողություններ՝ իր արգասաբեր աշխատանքը շարունակելու, փորձն ու կարողություններն օգտագործելու` ի շահ մեր պետության, ի նպաստ դատափորձագիտական բնագավառի գիտահեն զարգացման:

Փորձաքննությունների ազգային բյուրոյում անցկացվել են քննիչների և դատախազների մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացներ}
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում նախորդ ամիս իրականացվել են փորձաքննություններ նշանակելու և ելակետային տվյալների ձեռքբերման իրավասություն ունեցող աշխատակիցների դատափորձագիտական բնագավառում մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացներ, որին ներգրավվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի (հեռավար եղանակով) և ՀՀ դատախազության (առկա և հեռավար եղանակներով) աշխատակիցներ:
Դասընթացներն իրականացվել են Կազմակերպության գիտական խորհրդի կողմից հաստատված ծրագիր-սեղմագրերի և ուսումնական ծրագրերի համաձայն՝ ընդգրկելով փորձաքննությունների առնվազն 23 տեսակներին, ինչպես նաև քրեաբանության արդի հիմնախնդիրներին և կիրառական նշանակությանն առնչվող ընդհանուր 7 տասնյակից ավելի թեմաներ։
Հեռավար և առկա դասընթացները վարել են փորձագիտական բնագավառի գիտական տարբեր ուղղություններով առաջատար նեղ մասնագետներ (փորձագետներ)՝ կիրառելով ժամանակակից տեղեկատվական և թվային տեխնոլոգիաներ, այդ թվում՝ ինտերակտիվ բովանդակությամբ գիտահետազոտական նյութեր:
Դասընթացների քննական թեստավորման փուլը հաջողությամբ հաղթահարած ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ դատախազության ինքնավար պաշտոն զբաղեցնող շուրջ յոթ տասնյակ աշխատակիցներ ստացել են համապատասխան վկայագրեր:
Նշված դասընթացների շարունակական իրականացումը նպատակ ունի նպաստել Հայաստանի Հանրապետությունում քրեական արդարադատություն իրականացնող մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Վրոցլավի համալսարանի գիտական պարբերականում լույս է տեսել Բյուրոյի փորձագետների և Շվեյցարիայի գործընկերոջ հետ համատեղ գիտական հոդվածը}
Վրոցլավի համալսարանի (Լեհաստան) գիտական պարբերականում լույս է տեսել Փորձաքննությունների ազգային բյուրոյի հոգեբանական փորձաքննությունների բաժնի պետ, հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանի, Բյուրոյի հոգեբանական փորձաքննությունների բաժնի հոգեբան-փորձագետ Մանուկ Համբարձումյանի և Շվեյցարիայի ձեռագրաբանական գիտությունների ինստիտուտի (IHS) հետազոտական ծրագրերի ղեկավար, տեխ.գ.թ. Յուրի Չեռնովի հեղինակած՝ «Համալիր փորձաքննության իրականացումը դատահոգեբանական փորձաքննության ոլորտում՝ ձեռագիր փաստաթղթերի վերլուծության կիրառմամբ» թեմայով համատեղ գիտական հոդվածը:
Գիտական աշխատանքում նկարագրված են ձեռագրի վրա հիմնված մեթոդների ինտեգրման մեթոդաբանական ասպեկտները և խնդիրները, այդ թվում՝ համակարգչային HSDetect համակարգի ինտեգրումը հոգեմետրիկ գործիքների հետ, ինչպիսիք են Հ. Այզենկի՝ «Անձնային հարցարան (EPI 1963)», Գ.Շմիշեկի՝ «Անձնավորության շեշտվածության հարցարան», Բասս-Պերիի՝ «Անձի ագրեսիվության ախտորոշման հարցաշար (BPAQ)» մեթոդիկաները:
Հիշյալ հոդվածն ունի փորձագիտական տվյալ բնագավառի համար գիտագործնական արժեքավոր նշանակություն և կարող է օգտակար լինել դատահոգեբանական փորձաքննութունների բնագավառի մասնագետների, գիտահետազոտական աշխատանքներ իրականացնողների, ինչպես նաև դատափորձագիտական ոլորտում ժամանակակից մեթոդների կիրառմամբ հետաքրքրվողների համար:
Հիշեցնենք, որ 2023 թվականի ապրիլին ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Շվեյցարիայի ձեռագրաբանական գիտությունների ինստիտուտի (IHS) միջև կնքվել էր համագործակցության պայմանագիր, որի հիման վրա շարունակաբար իրականացվում են հոգեբանական և հոգեբանաձեռագրաբանական փորձաքննությունների մեթոդների և մեթոդիկաների մշակմանն ուղղված համատեղ գիտական հետազոտություններ:

Փորձաքննությունների ազգային բյուրոն համագործակցում է Վիեննայի բժշկական համալսարանի հետ}
Փորձաքննությունների ազգային բյուրոն Վիեննայի բժշկական համալսարանի հետ քննարկում է համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացումը, որը վերաբերվում է մարդու մարմնում կենսաբանական հեղուկների քայքայման ուսումնասիրության մեթոդների մշակմանը:
Նախագծի իրականացման նպատակով մայիսի 20-ին Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենի՝ գիտության գծով տեղակալ, քիմիական գիտությունների թեկնածու Պատվական Ոսկանյանը և Բյուրոյի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի կենսաբանական հետքերի փորձաքննությունների բաժանմունքի պետ Լիլիթ Ավագյանը հեռավար ձևաչափով աշխատանքային քննարկում են ունեցել Ավստրիայի «Վինդբերգերի լաբորատորիայի» հիմնադիր, Ավստրիայի Ռեոլոգիայի ընկերության նախագահ, Վիեննայի բժշկական համալսարանի անատոմիայի և բջջային կենսաբանության կենտրոնի ավագ գիտաշխատող, բժշկական գիտությունների դոկտոր Ուրսուլա Վինդբերգերի հետ:
Հանդիպման ընթացքում Բյուրոյի ներկայացուցիչները ներկայացրել են Կազմակերպությունում իրականացվող կենսաբանական հետքերի փորձաքննությունների իրենց փորձը, կիրառվող ժամանակակից մեթոդներն ու մեթոդիկաները:
🇱🇻 Ավստրիացի գործընկերն իր հերթին շնորհակալություն է հայտնել հետազոտական աշխատանքների նկատմամբ ցուցաբերված հետաքրքրության, փորձի փոխանակման և համագործակցության համար:
Հետազոտության նպատակն է ուսումնասիրել մահվանից հետո և տարբեր ջերմաստիճանների պայմաններում արյան և մարմնի այլ հեղուկների ֆիզիկաքիմիական կառուցվածքային հատկությունների փոփոխությունը, Ռեոմետրիայի, ինչպես նաև Բրիլյուենի լույսի ցրման մեթոդների միջոցով պարզել մահվան ժամանակը, մահվան պատճառը, մահացածի տարիքը, սեռը, նախկին հիվանդությունները և այլն, ինչը էական ազդեցություն կարող է ունենալ փորձագիտական տվյալների արժանահավատությունը բարձրացնելու և հանցագործությունների բացահայտմանն օժանդակելու հարցում:
Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է արտերկրի հեղինականվոր գիտակրթական հաստատությունների հետ համագործակցությունը և համատեղ գիտահետազոտական աշխատանքնենրի իրականացումը՝ ի նպաստ մեր երկրում դատափորձագիտական բնագավառի գիտահենք զարգացման:

Բյուրոյի ներկայացուցիչը Բուդապեշտում մասնակցել է «Սինթետիկ թմրանյութերի անօրինական շրջանառության նոր միտումները» թեմայով միջազգային վերապատրաստման դասընթացին}
Միջազգային իրավապահ ակադեմիայի (ILEA) տնօրեն Սքոթ Դոնովանի հրավերով ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի նյութագիտական փորձաքննությունների բաժնի փորձագետ Գոհար Ղազարյանը մայիսի 12-ից 16-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցել է «Սինթետիկ թմրանյութերի անօրինական շրջանառության նոր միտումները» թեմայով միջազգային վերապատրաստման դասընթացին։
Մասնագիտացված դասընթացը կազմակերպվել էր Միջազգային իրավապահ ակադեմիայի (ILEA Բուդապեշտ) և ԱՄՆ թմրանյութերի դեմ պայքարի գործակալության (DEA) հետ համատեղ:
Դասընթացին մասնակցում էին դատական փորձագետներ, քննիչներ, դատախազներ, ոստիկաններ, քրեագետներ, ինչպես նաև ոլորտի առաջատար մասնագետներ Հայաստանից, Ալբանիայից, Կոսովոյից, Ուզբեկստանից և այլ երկրներից:
Դասընթացի շրջանակներում քննարկվել են սինթետիկ թմրանյութերի, դրանց արտադրության, տարածման և ապօրինի շրջանառության մեխանիզմների, անօրինական լաբորատորիաների գործունեության, թմրանյութերի ապօրինի շրջանառության միջազգային ցանցերի բացահայտման, ապօրինի թմրաշրջանառության կանխարգելման վերաբերյալ հարցեր, ներկայացվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում իրավապահ մարմինների համագործակցության վերաբերյալ լավագույն փորձը՝ ընդգծելով ոլորտի հետ կապված հանցագործությունների պատշաճ քննության, փորձաքննությունների արդյունքում օբյեկտիվ արդյունքների ապահովման կարևորությունը, ինչպես նաև մատնանշվել են գործնականում ի հայտ եկող խնդիրներն ու դրանց լուծման արդյունավետ ուղիները:
Դասընթացի ավարտին Միջազգային իրավապահ ակադեմիայի (ILEA) տնօրեն Սքոթ Դոնովանի կողմից մասնակիցները ստացել են վկայականներ:

Բյուրոյի ներկայացուցիչները մասնակցել են «Դատական փորձաքննության զարգացման միջազգային միտումները և հեռանկարները» թեմայով միջազգային համաժողովին}
ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները մայիսի 14-15-ը հեռավար ձևաչափով մասնակցել են Նիժնի Նովգորոդի Ն. Ի. Լոբաչևսկու անվան Ազգային հետազոտական պետական համալսարանի կազմակերպած «Դատական փորձաքննության զարգացման միջազգային միտումները և հեռանկարները» խորագրով միջազգային գիտագործնական համաժողովին:
Միջոցառմանը մասնկացում էին դատափորձագիտական ոլորտի հեղինակավոր գիտնականներ և առաջատար մասնագետներ Ռուսաստանից, Հայաստանից, Ղազախստանից, Բելառուսից, Տաջիկստանից և այլ երկրներից:
Համաժողովի շրջանակներում զեկույցներ են ներկայացվել և արդյունավետ քննարկումներ ծավալվել ոլորտի այնպիսի արդիական թեմաների շուրջ, ինչպիսիք են՝ «Արհեստական բանականության կիրառումը դատական փորձաքննության բնագավառում», «Դատափորձագիտական դիդակտիկա. ավանդական մոտեցումներից դեպի թվային իրականություն», «Հատուկ գիտելիքների դերը՝ որպես թվային իրավունակության տարր», «Հատուկ գիտելիքների կիրառումը տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի հանցագործությունների քննության ընթացքում», «Deepfake հասկացությունը քրեագիտական և դատափորձագիտական դիսկուսներում», «Մեդիա հաղորդակցության նոր էթիկան լեզվաբանական փորձաքննություններում» և այլն:
Համաժողովի պլենար նիստին զեկույցով է հանդես եկել նաև Բյուրոյի քրեաբանության կիրառական հիմնախնդիրների գիտահետազոտական կենտրոնի պետ, ի․գ․թ․, դոցենտ Գևորգ Իսրայելյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի օգտագործման փաստի պարզմանն ուղղված փորձաքննության նշանակման իրավական խնդիրները:
Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է համագործակցությունը արտերկրի առաջատար կրթական հաստատությունների հետ, ինչպես նաև մասնակցությունը նմանօրինակ համաժողովներին՝ ի նպաստ միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնմանը, մեր երկրում դատափորձագիտական հնարավորությունների արդիականացմանն ու ոլորտի կայուն զարգացման ապահովմանը։

«Կապված կրակոցի հեռավորությունից, արդյո՞ք անձը կարող է ինքն իրեն վնասվածք պատճառի, թե ոչ»}
«Կապված կրակոցի հեռավորությունից, արդյո՞ք անձը կարող է ինքն իրեն վնասվածք պատճառի, թե ոչ» www.facebook.com

Ինչպե՞ս է փորձագետը պարզում, թե կրակոցն ի՞նչ հեռավորությունից և ի՞նչ անկյան տակ է կատարվել:}
Ինչպե՞ս է փորձագետը պարզում, թե կրակոցն ի՞նչ հեռավորությունից և ի՞նչ անկյան տակ է կատարվել: www.facebook.com

«Ձեռքը ձգանին հասնելը դեռ չի նշանակում՝ անձը կարող էր ինքնասպանություն գործել»․ ինչի՞ մասին են պատմում զենքերը}
Iravaban.net -ն անդրադարձել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ -ի ձգաբանական փորձաքննությունների բաժնի գործունեությանը, ներկայացրել ձգաբան փորձագետի բարդ և առանցքային աշխատանքի տեսանելի և անտեսանելի կողմերը։
Մանրամասները` տեսանյութում Iravaban.net

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հոգեբանական փորձաքննությունների բաժնի պետ Ռուբեն Աղուզումցյանը։}
«Հակաօրինական արարքները ճակատագրական են մարդու կյանքում․ դատահոգեբանական փորձաքննությունը հնարավորություն է տալիս լինել ավելի օբյեկտիվ և բացահայտել իրականությունը, ի տարբերություն իրավաբանական մոտեցման, որը սուբյեկտիվիզմ է թույլ տալիս», - ասում է պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հոգեբանական փորձաքննությունների բաժնի պետ Ռուբեն Աղուզումցյանը։
«Մասնագետները պետք է ունենան ոչ միայն մասնագիտական, այլև համամարդկայյին, բարոյական, էթիկական հմտություններ, որոնց ԲՈւՀ-ում չեն սովորեցնում», - համոզված է հոգեբանը։
Մասնագետի հավաստմամբ՝ դրական արդյունք է արձանագրվում, երբ որոշ դեպքերում՝ օրինակ աֆեկտի գործոնի հաստատման կամ հերքման պարագայում, հոգեբանն ու հոգեբույժը աշխատում են համատեղ։
Անդրադառնալով ամուսնալուծությունների թեմային՝ Աղուզումցյանն անդրադարձավ դրանց բավական մեծ թվին հատկապես Երևանում ու մի քանի պատճառ նշեց։ www.facebook.com

Բյուրոյի ներկայացուցիչները մասնակցել են «Դատական փորձաքննություններ. տեսություն և գործնական խնդիրներ» խորագրով միջազգային համաժողովին}
ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները ապրիլի 10-ին առցանց եղանակով մասնակցել են Ռուսաստանի Վ. Մ. Լեբեդևի անվան արդարադատության պետական համալսարանի դատական փորձաքննությունների և կրիմինալիստիկայի ամբիոնի կազմակերպած «Դատական փորձաքննություններ. տեսություն և գործնական խնդիրներ» խորագրով 6-րդ միջազգային գիտագործնական համաժողովին:
Միջոցառմանը մասնակցում էին դատափորձագիտական բնագավառի ավելի քան յոթ տասնյակ առաջատար մասնագետներ և գիտնականներ Ռուսաստանից, Բելառուսից և Հայաստանից:
Գիտաժողովի պլենար նիստին Փորձաքննությունների ազգային բյուրոյի հոգեբանական փորձաքննությունների բաժնի պետ, հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը հանդես է եկել «Ժամանակակակից հոգեբան փորձագետների պատրաստման հոգեբանական առանձնահատկությունները» թեմայով զեկույցով, որում ներկայացրել է դատահոգեբանական փորձաքննության առանձնահատկությունները, ինչպես նաև հոգեբան-փորձագետի աշխատանքի բարդությունը՝ ընդգծելով փորձաքննության իրականացման ընթացքում, ծանրաբեռնվածության պայմաններում հոգեբանի մասնագիտական հուզական այրման կանխարգելման կարևորությունը:
Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է մասնակցությունը նմանօրինակ համաժողովներին՝ ի նպաստ միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնմանը, մեր երկրում դատափորձագիտական հնարավորությունների արդիականացմանն ու ոլորտի կայուն զարգացման ապահովմանը։

Բյուրոյի փորձագետները մասնակցել են ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) միջազգային փորձարկումներին}
Փորձաքննությունների ազգային բյուրոյի նյութագիտական փորձաքննությունների բաժնի և քիմիկոթունաբանական փորձաքննությունների բաժանմունքի փորձագետները մասնակցել են ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) Որակի ապահովման միջազգային ծրագրի (IQAP) փորձարկումներին և ստացված դրական արդյունքներով հաջողությամբ հաղթահարել ստուգիչ թեստավորումների երկրորդ փուլը:
Ծրագրի շրջանակներում Կազմակերպությանը տրամադրվել էր կենսաբանական, ինչպես նաև դեպքի վայրից վերցված գաղտնի նմուշներ, որոնք հետազոտվել են Բյուրոյի համապատասխան լաբորատորիաներում: Փորձարկումներն իրականացվել են Փորձաքննությունների ազգային բյուրոյում նախորդ տարի ներդրված գերժամանակակից, գերզգայուն անալիտիկ սարքավորումների, այդ թվում՝ մասսպեկտրաչափով համակցված գազային քրոմատոգրաֆի, ինչպես նաև եռակի քառաբևեռ մասսպեկտրաչափով համակցված հեղուկային քրոմատոգրաֆի կիրառմամբ: Թեստային նմուշների հետազոտության արդյունքում ստացված տվյալները ներառվել են UNODC-ի միասնական հաշվետվության մեջ:
Ի դեպ՝ Փորձաքննությունների ազգային բյուրոն միակ դատափորձագիտական կառույցն է Հայաստանում, որը մասնակցում է ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) քիմիկոթունաբանական փորձաքննությունների ոլորտի միջազգային փորձարկումներին:
ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) իրականացրած ծրագրերին մասնակցությունը նպատակ ունի բարձրացնել փորձագետների մասնագիտական հմտությունները, ընդլայնել Բյուրոյի փորձագիտական լաբորատորիաների հետազոտական հնարավորություններն ու դրանց շրջանակը՝ ապահովելով ստացված տվյալների արժանահավատությունը, ինչպես նաև կրճատելով փորձաքննությունների իրականացման ժամկետները:
Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է շարունակական մասնակցությունը ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) Որակի ապահովման միջազգային ծրագրին:

Փորձաքննությունների ազգային բյուրոյի փորձագիտական բաժինները պարբերաբար գիտագործնական սեմինարներ են անցկացնում Բյուրոյի աշխատակիցների համար։}
Հերթական սեմինարը նվիրված էր Փորձագիտության բնագավառում արհեստական բանականության կիրառմանը։

«ԶԼՄ և օրենսդրություն» առարկայի շրջանակում Լրագրության 3-րդ կուրիս ուսանողները այցելեցին ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրո:}
Այցի ընթացում դասախոս Գոհար Մուրադյանի ղեկավարությամբ ուսանողները շրջել են բյուրոյի փորձագիտական լաբորատորիաներում։ Մասնավորապես՝ կազմակերպության նյութագիտական փորձաքննությունների լաբորատորիայում ապագա լրագրողները ծանոթացել են թմրանյութերի, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների, դեղամիջոցների, խիստ ներգործող և թունավոր նյութերի հետազոտության իրականացման առանձնահատկություններին, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցում դատափերձագիտալան ոլորտի առանցքային նշանակությանը։
Ոլորտի պատասխանատուների կողմից ընդգծվել է թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության դեպքերի ճշգրիտ և համակողմանի լուսաբանման, ինչպես նաև թմրամիջոցների և հոգեմետ նյութերի գործածման վնասների և հետևանքների վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացման նպատակով լրագրողների մասնագիտական հմտությունների կատարելագործման կարևորությունը։