slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

     Հարգելի այցելու, 
     Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության պաշտոնական կայք էջում: Հուսով եմ այստեղ Դուք կգտնեք Ձեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը, կծանոթանաք «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կառուցվածքին, հիմնական գործառույթներին և փորձագիտական հնարավորություններին՝ կատարվող փորձաքննությունների տեսակներին և ենթատեսակներին, փորձագիտական բնագավառի տարբեր ոլորտների հետազոտությունների նոր մեթոդների կիրառման վերաբերյալ տեղեկատվությանը և նորություններին: Կայք էջում զետեղված տեղեկատվությունը հնարավորություն կտա ճիշտ կողմնորոշվել ինչպես քրեական հետապնդում և արդարադատություն իրականացնող մարմիններին՝ իրենց գործառույթների իրականացման ընթացքում, այնպես էլ իրավաբանական և ֆիզիկական անձանց՝ իրենց իրավունքների պաշտպանության ընթացքում փորձագիտական ծառայության հնարավորություններից լիարժեք օգտվելու հարցերում:
     Ցանկանում եմ ընդգծել, որ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը, հանդիսանալով նաև դատափորձագիտական ինստիտուտների Եվրոպական ցանցի (ENFSI) լիիրավ անդամ, իր ողջ թիմով մշտապես նպատակամղված է կատարելագործել և զարգացնել դատափորձագիտական բնագավառի հնարավորությունները մեր երկրում՝ ապահովելու համար միջազգային մակարդակի փորձագիտական արդի հնարավորությունների ներդրումը Հայաստանի Հանրապետությունում:

director

Արգամ Նորայրի Հովսեփյան

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն, բ.գ.թ.

Լրահոս

news

Միջազգային կլոր սեղան–քննարկում՝ արտերկրի գործընկերների մասնակցությամբ}

Մայիսի 31-ին ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ–ի տնօրեն Արգամ Հովսեփյանի նախաձեռնությամբ կայացավ գիտագործնական կլոր սեղան–քննարկում կենսաբանական, նյութագիտական և թունաբանական հետազոտությունների ոլորտների արդի հիմնախնդիրների և զարգացման հեռանկարների վերաբերյալ։ Տեսակապի ձևաչափով կազմակերպված կլոր սեղանին մասնակցում էին Ռուսաստանի քիմիական-թունաբանական և դատաքիմիական հետազոտությունների մասնագետների ասոցացիայի համահիմնադիր, ասոցացիայի նախագահի մեթոդաբանական և փորձագիտական աշխատանքների գծով տեղակալ Սերգեյ Սավչուկը, Բելառուսի Հանրապետության ազգային հակադոպինգային կազմակերպության տնօրեն Յուրի Պոխոդնյան, «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ–ի ղեկավար անձնակազմը, ինչպես նաև արտերկրի և Բյուրոյի համապատասխան փորձագիտական ստորաբաժանումների ղեկավարներ և առաջատար փորձագետներ։ Կլոր սեղանի շրջանակներում արդյունավետ քննարկումներ ծավալվեցին կենսաբանական, նյութագիտական և թունաբանական հետազոտությունների առկա հիմնախնդիրների, կիրառվող հետազոտությունների մեթոդների և մեթոդիկաների, նյութատեխնիկական ապահովման, այդ թվում՝ նորագույն սարքավորումների ձեռքբերման և կիրառման արդյունավետ իրականացման հետ կապված մի շարք հարցերի վերաբերյալ, որի շրջանակներում մասնակիցները ներկայացրեցին իրենց փորձն ու գործնականում հաճախ հանդիպող դժվարությունները։ Միաժամանակ մտքեր փոխանակվեցին բարձրացված խնդիրների վերաբերյալ, քննարկվեցին համատեղ աշխատանքների արդյունավետ իրականացման հեռանկարները։

Համագործակցության կապերի ամրապնդման, ակտիվ փոխգործակցության ծավալման և ոլորտի զարգացման ապահովման նպատակով նախատեսվել է ընթացիկ տարվա երկրորդ կեսին Հայաստանի Հանրապետությունում իրականացնել նշված ուղղություններով միջազգային գիտաժողով հայ և արտասահմանի մի շարք երկրների գործընկերների մասնակցությամբ։

news

Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենը Հաագայում մասնակցել է Դատափորձագիտական Ինստիտուտների Եվրոպական ցանցի (ENFSI-ի) մշտական ներկայացուցիչների տարեկան համաժողովին}

Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի (ENFSI-ի) 2023 թվականի տարեկան համաժողովի կազմակերպիչ Նիդերլանդների դատափորձագիտական ինստիտուտի հրավերով «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն, Հայաստանի Հանրապետությունից ENFSI-ի մշտական ներկայացուցիչ Արգամ Հովսեփյանը մայիսի 22-ից 26-ը Հաագայում մասնակցել է Դատափորձագիտական Ինստիտուտների Եվրոպական ցանցի (ENFSI-ի) տարեկան համաժողովին:

Համաժողովի ընթացքում ամփոփվել են 2022-2023թթ. իրականացված աշխատանքների արդյունքներն ու ձեռքբերումները, առանձին աշխատաժողովների և նիստերի մակարդակով քննարկվել են ENFSI-ի ռազմավարական ծրագրերի իրականացմանը, դատափորձագիտական բնագավառում առկա տեսական և փորձնական հնարավորություններին, ինչպես նաև դատափորձագիտության ոլորտի արդի հիմնախնդիրներին, այդ թվում՝ թվայնացմանը վերաբերող մի շարք հարցեր։

Արգամ Հովսեփյանը որպես ENFSI-ի լիիրավ անդամ կառույցի մշտական ներկայացուցիչ մասնակցել է թեմատիկ աշխատանքներին, ինչպես նաև ENFSI-ի Խորհրդի նոր անդամների ընտրությանը։Համաժողովի շրջանակներում ներակայացվել են զեկույցներ և քննարկումներ ծավալվել ENFSI-ի 2022-2023թթ․ Խորհրդի, փաստաթղթերի փոփոխությունների, Սահմանադրության առաջարկվող փոփոխությունների և մի շարք այլ հարցերի վերաբերյալ։ Համաժողովի շրջանակներում Բյուրոյի տնօրենն առանձին հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի, Պորտուգալիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Նիդերլանդների, Լեհաստանի և այլ երկրների դատափորձագիտական ինստիտուտների ղեկավարների և ներկայացուցիչների հետ, նախնական պայմանավորվածություններ ձեռքբերել մի շարք ուղղություններով հետագա համագործակցության վերաբերյալ։

Նշենք, որ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը դեռևս 2011 թվականից հանդիսանում է Դատափորձագիտական Ինստիտուտների Եվրոպական ցանցի (ENFSI-ի) լիիրավ անդամ: Նշված Եվրոպական հեղինակավոր մարմինը դատափորձագիտության և քրեագիտության բնագավառներում հանդիսանում է Եվրոպայի տարածաշրջանում գիտագործնական աշխատանքները համակարգող, միասնական մեթոդաբանությունը և ռազմավարությունը մշակող առաջատար կառույց։
Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է ENFSI-ի կազմում փոխգործակցության շարունակականության ապահովումը՝ ի նպաստ եվրոպական ինտեգրմամբ Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական գործունեության շարունակական զարգացմանը, փորձագիտական հավաստի արդյունքների ապահովմանն ու օրենքի գերակայությամբ արդարադատության արդյունավետ իրականացմանը։

news

Փորձաքննությունների ազգային բյուրոյի պատվիրակությունը Տաշքենդում մասնակցել է միջազգային խոշորագույն իրավաբանական ֆորումին}

Ուզբեկստանի Հանրապետության արդարադատության նախարարության Խ.Սուլեյմանովայի անվան դատափորձագիտական հանրապետական կենտրոնի տնօրեն Ա. Խալիլովի հրավերով ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի պատվիրակությունը՝ տնօրեն Ա․ Հովսեփյանի գլխավորությամբ մայիսի 17-ից 18-ը աշխատանքային այցով Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում էր՝ միջազգային խոշորագույն գիտագործնական ֆորումին մասնակցելու, միջազգային կապերի ամրապնդման և փորձի փոխանակման նպատակով։ Այցի առաջին օրը Բյուրոյի տնօրեն Ա․ Հովսեփյանը և տնօրենի՝ գիտության գծով տեղակալ Պ․ Ոսկանյանը մասնակցել են Ուզբեկստանի Հանրապետության արդարադատության նախարարության կազմակերպած՝ «Tashkent Law Spring» 3-րդ միջազգային իրավաբանական ֆորումին։ Կենտրոնական Ասիայի խոշորագույն իրավական իրադարձությունը համարվող միջոցառմանը մասնակցում էին փորձագիտական և գիտական հաստատությունների ղեկավարներ, դատափորձագիտական ոլորտի առաջատար մասնագետներ աշխարհի ավելի քան երկու տասնյակ երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, Բելառուսից, Միացյալ Թագավորությունից, Գերմանիայից, Վրաստանից, Ռուսաստանից, Ռումինիայից, Սաուդյան Արաբիայից, Սինգապուրից, Թուրքիայից, Սլովենիայից, Ճապոնիայից և այլ երկրներից: Ֆորումի շրջանակներում կազմակերպված՝ «Դատական փորձաքննության զարգացման ժամանակակից միտումները» թեմայով սեկցիայում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու Ա․ Հովսեփյանը հանդես է եկել «Ժամանակակից պայմաններում հատուկ գիտելիքների կիրառման կազմակերպչական և դատավարական ասպեկտներն ու առանձնահատկությունները Փորձաքննությունների ազգային բյուրոյում» թեմայով զեկույցով, որում անդրադարձ է կատարել կառույցի գործունեության ուղղություններին, Բյուրոյում իրականացվող փորձաքննությունների տեսակներին և կարողություներին, նորարարական հնարավորություններին, ուսումնակրթական աշխատանքներին, միջազգային համագործակցությանը, խոսել ոլորտի հիմնախնդիրներից ու զարգացման միտումներից։ Ա.Հովսեփյանը սեկցիայի մասնակիցներին է ներկայացրել 2022թ․ հուլիսի 1-ից Հայաստանում ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքով նախատեսված՝ դատափորձագիտական ոլորտին, մասնավորապես՝ փորձագետի իրավունքներին և պարտականություններին, փորձագետի եզրակացությանն ու կարծիքին, փորձաքննության իրականացման առանձնահատկություններին և ժամկետներին առնչվող կարգավորումներին, դրանց ազդեցությանը քրեական վարույթի ընթացքում դատական փորձաքննություն իրականացնելու գործընթացի վրա։ Այս համատեքստում Բյուրոյի տնօրենը շեշտել է քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան՝ փորձաքննությունների իրականացման ժամկետների կրճատման և հնարավորինս սեղմ ժամկետներում փորձագիտական հավաստի արդյունքների ապահովման կարևորությունը։ «Փորձաքննությունների իրականացման ժամկետների կրճատմանը նպաստել է Բյուրոյում հետազոտական նոր տեխնոլոգիաների շարունակական ներդրումն ու կիրառվող մեթոդների և մեթոդիկաների կատարելագործումը, ինչը հանդիսանում է կարևոր գործոն ժամանակակից պայմաններում դատական փորձաքննությունների կազմակերպման համար»,-իր ելույթում նշել է Ա․ Հովսեփյանը։ Խոսելով աշխարհում հանցագործությունների տարածման ժամանակակից միտումների, հանցավորության արդյունավետ դիմակայման անհրաժեշտության մասին, կառույցի ղեկավարն ընդգծել է այդ առումով դատափորձագիտական գործունեության դերն ու նշանակությունը, միջազգային գործընկերների հետ ջանքերի համատեղման, գիտական ներուժի, փորձի փոխանակման, ինչպես նաև շարունակական շփումների կարևորությունը։ Ա․ Հովսեփյանը պատասխանել է նաև սեկցիայի մասնակիցների հարցերին և արդյունավետ քննարկում ծավալել օտարերկրյա պատվիրակների հետ։ Նույն օրը Ուզբեկստանի Հանրապետության արդարադատության նախարարության Խ. Սուլեյմանովայի անվան հանրապետական դատափորձագիտական կենտրոնում Բյուրոյի ղեկավար անձնակազմի ներկայացուցիչները Ուզբեկստանի, Ղազախստանի, Բելառուսի, Թուրքմենստանի և այլ երկրների դատափորձագիտական կառույցների ղեկավարների և ոլորտի առաջատար մասնագետների հետ մասնակցել են «Դատական փորձաքննության արդի հիմնախնդիրները և բարեփոխումները» թեմայով կլոր սեղան-քննարկմանը։ Քննարկվել են դատական փորձաքննությունների ոլորտում օրենսդրական բարեփոխումներին, գիտամեթոդական գործունեությանը, ժամանակակից նյութատեխնիկական աջակցությանը, փորձագետների վերապատրաստման և հմտությունների կատարելագործմանը և դատափորձագիտական ոլորտին առնչվող հարցեր։ Ուզբեկստանի դատափորձագիտական հանրապետական կենտրոնում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենի՝ գիտության գծով տեղակալ Պ․ Ոսկանյանը «Դատական փորձաքննությունների կազմակերպման և անցկացման Ժամանակակից խնդիրները» թեմայով վարպետության դաս է անցկացրել մի շարք երկրների դատական փորձագետների համար։ Աշխատանքային այցի շրջանակներում՝ մայիսի 18-ին, Բյուրոյի ներկայացուցիչները եղել են նաև Ուզբեկստանի դատափորձագիտական հանրապետական կենտրոնում, տեղում ծանոթացել Կենտրոնի թանգարանի և լաբորատորիաների գործունեությանը, ինչպես նաև աշխատանքային քննարկումներ ծավալել Կենտրոնի փորձագիտական մի շարք ստորաբաժանումների ղեկավար կազմի և առաջատար մասնագետների հետ։ Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է արտասահմանյան գործընկերների հետ համագործակցության շրջանակների ընդլայնմանն ուղղված նմանօրինակ այցերն ու մասնակցությունները միջազգային համաժողովներին՝ ի նպաստ մեր երկրում դատափորձագիտական ոլորտի գործունեության շարունակական զարգացման ապահովմանը:

news

Փորձաքննությունների ազգային բյուրոյի և Ուզբեկստանի դատափորձագիտական կենտրոնի միջև կնքվել է համագործակցության հուշագիր*}

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայացած «Tashkent Law Spring» 3-րդ միջազգային իրավաբանական ֆորումի շրջանակներում մայիսի 18-ին ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա․ Հովսեփյանը և Ուզբեկստանի Հանրապետության արդարադատության նախարարության Խ.Սուլեյմանովայի անվան դատափորձագիտական հանրապետական կենտրոնի տնօրեն Ա. Խալիլովը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ դատական փորձաքննությունների ոլորտում առկա կապերի ամրապնդման և փոխշահավետ համագործակցության ծավալման նպատակով։ Կողմերն ընդգծել են հանցավորության դեմ պայքարի շրջանակներում դատական փորձաքննությունների ժամանակակից մեթոդների և միջոցների արդյունավետ կիրառման, ոլորտի զարգացման ապահովմանն ուղղված համատեղ գիտագործնական աշխատանքների իրականացման, բարձր որակավորում ունեցող փորձագետների պատրաստման, համատեղ գիտագործնական մոջոցառումների անցկացման կարևորությունը։ Նախանշվել են «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Ուզբեկստանի հանրապետական դատափորձագիտական կենտրոնի միջև փոխգործակցության շրջանակներում իրականացվելիք աշխատանքների հեռանկարները՝ տեսական և գործնական գիտելիքների փոխանակման, դատափորձագիտական ոլորտի արդիական հարցերի վերհանման և ոլորտում առկա հիմնախնդիրների արդյունավետ լուծման համատեքստում։ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը կարևորում է գիտագործնական միջազգային կապերի զարգացումն ու նոր հնարավությունների ձևավորումը՝ ի նպաստ մեր երկրի դատափորձագիտական բնագավառի գիտական ներուժի և առկա հնարավությունների շարունակական զարգացմանն ու կատարելագործմանը։

news

Sputnik Արմենիա լրատվական գործակալությունն անդրադարձել է Բյուրոյի նյութագիտական փորձաքննությունների բաժնի գործունեությանը}

Sputnik Արմենիան այցելել է Փորձաքննությունների ազգային բյուրո, որտեղ իրականացվում է իրավասու պետական մարմինների կողմից քրեական վարույթի շրջանակներում առգրավված թմրամիջոցների փորձաքննությունների մի մասը։ Այստեղ տարեկան կատարվում է շուրջ 2200 օբյեկտի նյութագիտական հետազոտություն, որից 1600 օբյեկտը թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի հետազոտությունն է։ Բյուրոյում 2012 թվականից իրականացվում են թմրամիջոցների, այդ թվում՝ փորձագիտական տեսանկյունից բարդ փորձաքննություն համարվող LSD տեսակի թմրամիջոցի որակական և քանակական հետազոտություններ, իսկ 2016 թվականից՝ համապատասխան տվյալների բազայի ձեռքբերման և պարբերաբար իրականացվող թարմացումների շնորհիվ նաև՝  նորագույն սերնդի սինթետիկ ծագման թմրամիջոցների բարձր ճշգրտությամբ նույնականացումներ: Հոդվածն ամբողջությամբ կարդացեք այստեղ։

https://armeniasputnik.am/20230521/tmrabiznesi-mardik-khvoramank-en-vovqer-ev-inchpes-en-pvordzaqnnum-argravvats-tmramijvocnery-59862570.html

news

Բյուրոյի ներկայացուցիչները մասնակցել են Ուկրաինայի գործընկերների կազմակերպած միջազգային գիտաժողովին}

ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները տնօրենի՝ փորձաքննությունների գծով տեղակալ Արամ Գահնապետյանի գլխավորությամբ, մայիսի 19-ին տեսակապի միջոցով մասնակցեցին Ուկրաինայի արդարադատության նախարարության Ն.Ս.Բոկարիուսի անվան Խարկովի դատական փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտի կազմակերպած «Դատափորձագիտության և քրեագիտության համապատասխան հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտագործնական գիտաժողովին։

Տեսակոնֆերանսին մասնակցում էին փորձագիտական և գիտական հաստատությունների ղեկավարներ, դատափորձագիտական ոլորտի առաջատար մասնագետներ Ուկրաինայից, Հայաստանից, Լեհաստանից, Մոլդովայից, Լատվիայից, Լիտվայից և այլ երկրներից։

Միջոցառմանը ելույթով և ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենի՝ փորձաքննությունների գծով տեղակալ Արամ Գահնապետյանը։ Վերջինս անդրադարձավ հայ և ուկրաինացի գործընկերների միջև հաստատված կայուն և սերտ գործընկերային հարաբերություններին՝ կարևորելով նմանօրինակ գիտաժողովների կազմակերպումն ու անցկացումը՝ դատական փորձաքննությունների ոլորտում առաջ եկող գործնական խնդիրների արդյունավետ լուծման համատեքստում:

«Հաշվի առնելով դատափորձագիտական մեթոդների և տեխնոլոգիաների զարգացման վերջին միտումները, չափազանց կարևոր է փորձագիտական հանրության ջանքերի համատեղումը պետության շահերի, քաղաքացիների իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանության, ժամանակակից պահանջներին համապատասխան փրձաքննությունների իրականացման, գիտականորեն հիմնավորված արդյունքների ստացման տեսանկյունից»,-իր խոսքում նշեց Արամ Գահնապետյանը։

Միջոցառման ընթացքում քննարկվեցին ոլորտի հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարները, համատեղ հետազոտական ուղղությունները, լավագույն փորձի կիրառման, նոր մեթոդների մշակման և ներդրման, ինչպես նաև տվյալ փորձագիտական ուղղության հնարավորությունների զարգացման ապահովման ուղղությամբ:

Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է նմանօրինակ միջոցառումների կազմակերպումն ու ակտիվ մասնակցությունը, որը նպաստում է միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնմանը, մեր երկրում դատափորձագիտական հնարավորությունների արդիականացմանն ու ոլորտի կայուն զարգացման ապահովմանը։

news

Փորձաքննությունների ազգային բյուրոյի և Մաշտոցի անվան համալսարանի միջև կնքվեց համագործակցության հուշագիր}

Մայիսի 12-ին ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ»-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը Բյուրոյում ընդունեց Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի ռեկտոր Հովհաննես Սարգսյանին և համալսարանի ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում հյուրերին ներկայացվեցին Բյուրոյի գործունեության ուղղությունները, փորձագիտական և գիտագործնական հնարավորությունները:

Հանդիպման շրջանակներում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որը հնարավորություն կտա համակողմանի փոխգործակցություն ծավալել գործունեության ոլորտին առնչվող բոլոր ուղղություններով:

Հուշագրի շրջանակում կիրականացվի համատեղ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով փորձի փոխանակում, համապատասխան խորհրդատվությունների տրամադրում, գիտական տարբեր միջոցառումների կազմակերպում, բարձր մասնագիտական գիտելիքներով և գործնական հմտություններով օժտված մասնագետների պատրաստման հարցում աջակցություն և այլն:

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը հավատարիմ մնալով իր որդեգրած սկզբունքներին՝ նպատակաուղղված է ակտիվ փոխգործակցություն ծավալել բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ՝ բուհական և հետբուհական կրթության որակյալ իրականացման և բարձր մասնագիտական գիտելիքներով և գործնական հմտություններով օժտված մասնագետների պատրատման գործում իր նպաստն ունենալու համար:

news

«Ժամը» լրատվականն անդրադարձել է Փորձաքննությունների ազգային բյուրոյում ներդրված եզակի փորձագիտական հնարավորությանը}

«Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականն անդրադարձել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից Հայաստանի Հանրապետությունում ներդրված և արդյունավետ գործարկվող դենդրոխրոնոլոգիական հետազոտության մեթոդի կիրառմամբ եզակի փորձագիտական հնարավորությանը։ Խոսքը 2018թ․ ներդրված գերմանական LINTAB լաբորատոր սարքավորման և դրան կից բազմաֆունկցիոնալ ծրագրային ապահովման մասին է, որը հիմք է դրել մեր երկրում դենդրոխրոնոլոգիական փորձաքննության ուղղության զարգացմանը և հանդիսանում է ապօրինի ծառահատումների դեմ պայքարի արդյունավետ գործիք։ Ներդրվել է դենդրոխրոնոլոգիական հետազոտությունների՝ գիտականորեն հիմնավորված նորարարական մեթոդաբանություն, որի կիրառմամբ Բյուրոյում տարեկան իրականացվում են ծառահատումների դեպքերով 2000-ից ավելի նմուշների փորձաքննություններ, ինչպես նաև ձևավորվում է հետազոտված պահաբաժինների տարբեր տեսակի ծառերից վերցված նմուշների տվյալների բազա, որն ունի կարևոր նշանակություն հայտնաբերված անհայտ ծագման փայտանյութի ստացման համար կտրված ծառերի գտնվելու տեղանքի պարզման առումով: Բյուրոյի տվյալ բնագավառի փորձագետները վերապատրաստվել են Գերմանիայում, Ռուսաստանում, Բելառուսում։

Փորձաքննությունների ազգային բյուրոն պարբերաբար համալրվում է նոր, առաջադեմ սարքավորումներով և բարձր տեխնոլոգիական համակարգերով՝ նպատակ ունենալով որակյալ փորձաքննությունների իրականացման միջոցով օժանդակել մեր երկրում հանցավորության դեմ պայքարի, հանցագործությունների բացահայտման և արդարադատության արդյունավետ իրականացմանը։  

Տեսանյութը դիտեք՝ այստեղ

news

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Եվրասիա միջազգային համալսարանի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում}

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Եվրասիա միջազգային համալսարանի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում համալսարանի իրավագիտության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողներն օրերս մասնագիտական ճանաչողական հերթական այցը կատարեցին ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ։ Ապագա իրավագետներին ուղեկցում էր Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնի դասախոս, «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կրիմինալիստ փորձագետ Վարդգես Ֆրանգյանը։ Այցի շրջանակներում ուսանողները հանդիպեցին նաև Բյուրոյի տնօրենի գիտության գծով տեղակալ, քիմիական գիտությունների թեկնածու Պատվական Ոսկանյանի և Ուսուցման և որակավորման կենտրոնի պետ Մարինա Սերոբյանի հետ։ Հանդիպման ընթացքում ուսանողներին ներկայացվեց փորձագետի դերը քրեական վարույթի ընթացքում, դատափորձագիտական ոլորտի նշանակությունը քրեական, քաղաքացիական և վարչական դատավարությունների շրջանակներում կարևոր, անհերքելի ապացույցների ձեռքբերման և արդարադատության իրականացման գործընթացներում։ Կազմակերպվեց նաև շրջայց, որի ընթացքում ապագա իրավագետները ծանոթացան փորձագիտական մի շարք ստորաբաժանումների հետազոտական հնարավորություններին և հիմնական գործառույթներին, նյութատեխնիկական հագեցվածությանը` հատկապես նորարարական մոտեցումներին, գիտամեթոդական ապահովմանն ու փորձագիտական լաբորատոր հետազոտությունների կիրառական, տեսական և գործնական ասպեկտներին: Բուհերի հետ համագործակցության շրջանակներում նման այցերը կրում են շարունակական բնույթ, քանի որ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը մշտապես կարևորում է բուհական և հետբուհական որակյալ կրթության ապահովումն, ինչպես նաև բարձր մասնագիտական գիտելիքներով և գործնական հմտություններով օժտված մասնագետների պատրաստման գործընթացում արդյունավետ փոխգործակցության իրականացումը՝ պատրաստակամ լինելով աջակցել դատական փորձաքննությունների ոլորտով հետաքրքրված բուհերի ուսանողների որակյալ կրթության իրականացմանը։

news

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետները վերապատրաստում են անցել Բելառուսի դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնում}

Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի և ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի միջև կնքված համագործակցության պայմանագրի շրջանակներում Բյուրոյի հողագիտական և կենսաբանական փորձաքննությունների բաժնի պետ Ա․Պետրոսյանը և դատաբժշկական փորձաքննությունների բաժնի դատագենետիկական փորձաքննությունների բաժանմունքի փորձագետ Լ.Չփլախյանն ապրիլի 25-ից 29-ը վերապատրաստում են անցել և փորձի փոխանակում իրականացրել Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնում։ Ա.Պետրոսյանը Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի նյութերի և արտադրանքի հետազոտությունների ստորաբաժանման ղեկավար Աննա Խոխի գլխավորությամբ մասնակցել է բուսաբանական, կենդանաբանական, դենդրոխրոնոլոգիական և բույսերի փոշեհատիկի նույնականացման վերաբերյալ հետազոտական աշխատանքներին։ Ա.Պետրոսյանը բելառուս գործընկերների ուղեկցությամբ ապրիլի 28-ին այցելել է նաև Բելառուսի պետական տեխնոլոգիական համալսարան, ծանոթացել համալսարանի անտառային ճարտարագիտության ֆակուլտետի լաբորատորիայի աշխատանքներին, ֆակուլտետի հերբարիումում պահվող տարբեր տեսակի բնափայտի նմուշներին, ինչպես նաև բույսերի գենետիկայի վերաբերյալ հետազոտությունների հնարավորություններին: Բյուրոյի դատագենետիկ փորձագետ Լ․Չփլախյանը վերապատրաստում է անցել ինչպես գիտագործնական կենտրոնի մոլեկուլային-կենսաբանական հետազոտությունների լաբորատորիայում, այնպես էլ դատափորձագիտական կոմիտեի դատաբժշկական կենտրոնական մարմնում, որտեղ ուսումնասիրել է կենսաբանական հետքերից և կենդանական ծագման օբյեկտներից ԴՆԹ-ի անջատման և ԴՆԹ բնութագրերի ստացման ընթացակարգերը, ինչպես նաև մասնակցել ԴՆԹ-ի պոլիմորֆիզմի հետազոտություններին, ծանոթացել վիճակագրական հաշվարկների իրականացման առումով գործընկերների ունեցած փորձին։ Բյուրոյի փորձագետները ծանոթացել են նաև գիտագործնական կենտրոնի լաբորատորիաներում իրականացվող, հետազոտությունների համար կիրառվող մեթոդներին և մեթոդիկաներին, նյութատեխնիկական հագեցվածությանը, արդիական նյութատեխնիկական բազային, հետազոտական հնարավորություններին և զարգացման հեռանկարներին, լավագույն փորձին և ներդրված արդիական տեխնոլոգիաներին, փորձագիտական ընթացակարգերին, իրականացրել փորձի փոխանակում, նախանշել համագործակցության նոր ուղղություններ և ձևաչափեր։ Վերապատրաստման և փորձի փոխանակման արդյունքում գործընկեր կառույցների փորձագետների միջև ձևավորվել են համագործակցության ամուր կապեր, ինչը հնարավորություն կտա ակտիվ փոխգործակցություն ծավալել ոչ միայն գործնական խնդիրների լուծման, այլ նաև համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացման շրջանակներում՝ ի նպաստ ինչպես փորձագիտական ներուժի զարգացմանը, այնպես էլ գիտամեթոդական բազայի կատարելագործմանը:

news

Փորձաքննությունների ազգային բյուրոյի պատվիրակությունը Մինսկում մասնակցել է միջազգային գիտագործնական համաժողովի}

Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի հրավերով «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի պատվիրակությունը՝ տնօրեն Արգամ Հովսեփյանի գլխավորությամբ ապրիլի 26-27-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մասնակցել է դատական փորձաքննությունների ոլորտի արդի հիմնախնդիրներին առնչվող միջազգային գիտագործնական 3-րդ համաժողովին։

Բելառուսի դատափորձագիտական պետական կոմիտեի կազմակերպած՝ «Դատական փորձաքննություն․ տեսություն և պրակտիկա ժամանանակակից պայմաններում» խորագիրը կրող միջազգային համաժողովին մասնակցում էին փորձագիտական և գիտական հաստատությունների ղեկավարներ, դատափորձագիտական ոլորտի առաջատար մասնագետներ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Վիետնամից, Չինաստանից, Հնդկաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից և Ուզբեկստանից և այլ երկրներից։

Համաժողովին բացման խոսքով է հանդես եկել և ներկաներին ողջունել Բելառուսի դատափորձագիտական պետական կոմիտեի նախագահ Ալեքսեյ Վոլկովը։ Վերջինս անդրադարձել է դատական փորձաքննություների նոր մարտահրավերներին, գլոբալիզացիայի համատեքստում ի հայտ եկող հանցավորության նոր տեսակներին, ուղիներին և միջոցներին, դրանց արդյունավետ դիմակայման անհրաժեշտությանը՝ ընդգծելով այդ առումով դատափորձագիտական գործունեության դերն ու նշանակությունը, միջազգային գործընկերների հետ ջանքերի համատեղման, գիտական ներուժի, փորձի փոխանակման, ինչպես նաև շարունակական շփումների կարևորությունը։ Երկօրյա համաժողովի ընթացքում տարբեր երկրներից ժամանած փորձագետները միմյանց հետ կիսվել են իրենց լավագույն փորձով և գործնականում ի հայտ եկող խնդիրներով։ Միջոցառման ընթացքում, ի թիվս այլ երկրների պատվիրակների, զեկույցով է հանդես եկել նաև ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հողագիտական և կենսաբանական փորձաքննությունների բաժի պետ Աննա Պետրոսյանը։ Համաժողովի մասնակիցները արդյունավետ քննարկումներ են ծավալել ինչպես ոլորտի հիմնախնդիրների, այնպես էլ աշխարհաքաղաքական լարվածության՝ այդ թվում անվտանգային նոր մարտահրավերների ու սպառնալիքների դիմակայմանն ուղղված դատափորձագիտական խնդիրների շուրջ։ Համաժողովի ավարտին Բյուրոյի պատվիրակությունը ներկա է գտնվել դատական փորձաքննությունների պետական կոմիտեի կազմակերպած՝ դատական փորձագետի օրվան նվիրված տոնական միջոցառմանը։ «Փորձաքննությունների ազգային բյուրոն» կարևորում է մասնակցությունը նմանօրինակ համաժողովներին՝ համագործակցության շրջանակներն ընդլայնելու, դատափորձագիտական հնարավորություններն ու արդի լավագույն փորձը փոխանակելու և գիտագործնական հարթությունում համագործակցության նոր ուղիներ նախանշելու նպատակով։

news

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի պատվիրակությունն աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում էր}

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի միջև կնքված համագործակցության պայմանագրի շրջանակներում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի պատվիրակությունը՝ տնօրեն Արգամ Հովսեփյանի գլխավորությամբ ապրիլի 24-29-ը աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում էր՝ միջազգային գիտագործնական գիտաժողովին մասնակցելու, միջազգային կապերի ամրապնդման և փորձի փոխանակման նպատակով։ Այցի առաջին օրերին հանդիպումներ են տեղի ունեցել «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանի և գիտագործնական կենտրոնի ղեկավար Վադիմ Պոզնյակի, ինչպես նաև կենտրոնի ղեկավար կազմի միջև։

Ի թիվս երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք օրակարգային հարցերի, քննարկվել և պայմանավորվածություններ են ձեռք բերվել ոլորտի զարգացման ապահոմանը նպատակաուղղված մի շարք ուղղություններով համատեղ աշխատանքների, փորձի փոխանակման և մասնագետների վերապատրաստման ծրագրերի իրականացման ուղղությամբ:

Աշխատանքային այցի շրջանակներում՝ ապրիլի 28-ին հանդիպումներ են տեղի ունեցել Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի ղեկավար կազմի հետ։ Քննարկվել են մի շարք ուղղություններով փոխգործակցության խորացման գիտամեթոդական ապահովման և ոլորտի կայուն զարգացմանն ուղղված համատեղ աշխատանքների իրականացման հեռանկարներն ու արդիական ուղղությունները։ Բյուրոյի տնօրեն Արգամ Հովսեփյանն այցելություններ է ունեցել Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոն և աշխատանքային քննարկումներ ունեցել փորձագիտական մի շարք ստորաբաժանումների ղեկավար կազմի և առաջատար մասնագետների հետ, տեղում ծանոթացել կենտրոնի ընթացիկ աշխատանքներին և նոր ձեռբերումներին։

Ապրիլի 29-ին Բյուրոյի պատվիրակության համար ընդունելություն է կազմակերպվել դատափորձագիտական կոմիտեի դատաբժշկական փորձաքննությունների կենտրոնական մարմնում՝ կոմիտեի նախագահի տեղեկալ Յուրի Օվսիյուկի, դատաբժշկական փորձաքննությունների վարչության պետի և գիտագործնական կենտրոնի ղեկավարի մասնակցությամբ։

Հանդիպման շրջանակում կոմիտեի նախագահի տեղեկալ Յուրի Օվսիյուկը և Բյուրոյի տնօրեն Արգամ Հովսեփյանը քննարկել են դատաբժշկական, այդ թվում՝ դատագենետիկական փորձաքննությունների ոլորտում համագործակցության զարգացման, ոլորտի հիմնախնդիրների վերաբերյալ համատեղ գիտագործնական աշխատանքներին՝ մասնավորապես ժամանակակից մեթոդների մշակմանը և կիրառմանը, տվյալների փոխանակմանը, համատեղ դասընթացների անցկացմանը, ինչպես նաև մասնագետների վերապատրաստմանն առնչվող հարցեր։

Բելառուսի դատափորձագիտական կոմիտեի կազմավորման 10-ամյակի առթիվ Արգամ Հովսեփյանը հուշանվերներ է հանձնել Վադիմ Պոզնյակին և Յուրի Օվսիյուկին՝ ընդգծելով երկու երկրների դատափորձագիտական կառույցների միջև սերտ համագործակցության և փոխգործակցության զարգացման կարևորությունը։

Նշենք, որ  ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը 2019-ից ակտիվ համագործակցում է Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի և վերջինիս գիտագործնական կենտրոնի հետ։ Երկու երկրների դատափորձագիտական կառույցների միջև գործընկերային հարաբերությունները շարունակում են  առավել ընդլայնվել և խորանալ` ընդգրկելով համագործակցության նորանոր ուղղություններ և ձևաչափեր։ 

news

Սեմինար-քննարկում՝ «Փորձագետի կարգավիճակը ՀՀ քրեական դատավարության նոր օրենսդրությունում» խորագրով}

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում ապրիլի 27-ին տեղի ունեցավ գիտագործնական սեմինար-քննարկում՝ «Փորձագետի կարգավիճակը ՀՀ քրեական դատավարության նոր օրենսդրությունում» խորագրով։ Սեմինարն անցկացրեց Բյուրոյի քրեաբանության կիրառական հիմնախնդիրների գիտահետազոտական կենտրոնի գիտական խորհրդատու, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Ղուկասյանը: Վերջինս Բյուրոյի փորձագետներին ներկայացրեց նախորդ տարի ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքով նախատեսված՝ դատափորձագիտական ոլորտին՝ մասնավորապես փորձագետի իրավունքներին և պարտականություններին, փորձագետի եզրակացությանը, փորձագետի կարծիքի հետազոտմանը, փորձաքննության կատարման կապակցությամբ շահագրգիռ անձի իրավունքներին առնչվող փոփոխությունները, անդրադարձավ դրանց հնարավոր ազդեցությանը քրեական վարույթի ընթացքում դատական փորձաքննություն իրականացնելու գործընթացի վրա: Սեմինարի մասնակիցների միջև ծավալվեցին ակտիվ և արդյունավետ քննարկումներ:

Հիշեցնենք, որ նախորդ տարի էլ Արմեն Ղուկասյանը Բյուրոյի մասնագետների համար սեմինար էր անցկացրել ՀՀ քրեական նոր օրենսդրության պայմաններում փորձագետի քրեաիրավական պաշտպանության և պատասխանատվության թեմայով։

Փորձաքննությունների ազգային բյուրոյում նմանօրինակ սեմինարների անցկացումը նպատակ ունի ապահովել փորձաքննությունների կատարման մասնագիտական ներուժի, փորձագիտական հմտությունների, հետազոտական և վերլուծական կարողությունների զարգացումը՝ ձևավորելով խնդիրների վեր հանման և արդյունավետ լուծումների ուղիների մշակման մասնագիտական մոտեցումներ:

news

Արգամ Հովսեփյանը Մինսկում մասնակցել է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը}

Աշխատանքային այցով Բելառուսում գտնվող ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը ապրիլի 24-ին Մինսկում մասնակցել է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը։ Արգամ Հովսեփյանը Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռազմիկ Խումարյանի, Բելառուսի հայ համայնքի ներկայացուցիչների և միջոցառմանը հրավիրված այլ հյուրերի հետ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, ծաղիկներ խոնարհել Մինսկի զինվորական գերեզմանոցի տարածքում գտնվող մեծ բարեպաշտ իշխան Ալեքսանդր Նեվսկու եկեղեցուն կից կանգնեցված հայկական խաչքարի մոտ։

Միջոցառման ընթացքում Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռազմիկ Խումարյանը երախտագիտություն է հայտնել օրենսդրական մակարդակում Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետություններին՝ միաժամանակ կարևորելով միջազգային հանրության կողմից ոչ միայն Հայոց ցեղասպանության դատապարտումը, այլև գործուն միջոցների կիրառումը նման հանցանքների կրկնությունն ապագայում կանխարգելելու համար։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հունիսին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի պատվիրակությունը՝ տնօրեն Ա.Հովսեփյանի գլխավորությամբ Մինսկում մասնակցել էր «Պատմական հիշողություն. միասնությամբ ձեռք բերված մեծ հաղթանակ» խորագիրը կրող միջազգային խորհրդարանական համաժողովին, որի շրջանակներում Ա. Հովսեփյանը ներկայացրել էր զեկույց՝ «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում՝ որպես հանցագործություն առանց վաղեմության ժամկետի: Հայ բնակչության զանգվածային բնաջնջման և բռնի տեղահանման հանգեցրած գործողությունների համակարգային նկարագիրը» թեմայով: Չնայած զեկույցը համաժողովի օրակարգից հանելու թուրք-ադրբեջանական ջանքերին, Ա․ Հովսեփյանը Բելառուսի, Իսրայելի, Ռուսաստանի, Ղազախստանի և այլ երկրների պետական գերատեսչությունների և գիտական կազմակերպությունների պատվիրակներին, պատգամավորներին, դեսպաններին և ներկա այլ պաշտոնատար անձանց ներկայացրել էր 20-րդ դարի առաջին ցեղասպանության, դրա անպատժելիության հետևանքները՝ առանձնակի ընդգծելով մարդկության դեմ ուղղված հանցագործությունների դատապարտմանն ու պատասխանատվության ենթարկելուն ուղղված գործողությունների ձեռնարկման հարցում քաղաքակիրթ աշխարհի միասնական և հասցեական քայլերի իրականացման, ինչպես նաև միջազգային մեխանիզմների լիարժեք գործարկման կարևորությունը՝ որպես պատմական արդարության վերականգնման, անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման և հետագա ցեղասպանությունների կանխարգելման կարևոր մեխանիզմ։

Միջոցառման շրջանակներում մի շարք լրատվամիջոցների մասնակցությամբ ճեպազրույցի ընթացքում էլ Ա․ Հովսեփյանն ընդգծել էր՝ անպատժելիության թելերով Հայոց ցեղասպանության փոխկապակցվածությունը մարդկությանը հայտնի հետագա այլ ժողովուրդների ցեղասպանությունների հետ՝ ի ցույց դնելով կանխարգելման միջազգային մեխանիզմների ոչ լիարժեք ձեռնարկման անդառնալի հետևանքները

news

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կրիմինալիստ փորձագետ Վարդգես Ֆրանգյանը վարպետության դաս անցկացրեց ապագա մասնագետների համար}

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Եվրասիա միջազգային համալսարանի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում Բյուրոյի պայթյունատեխնիկական և հրդեհատեխնիկական փորձաքննությունների բաժնի կրիմինալիստ փորձագետ Վարդգես Ֆրանգյանն օրերս վարպետության դաս անցկացրեց Եվրասիա միջազգային համալսարանում կազմակերպված «Բուհի առաջարկ, աշխատաշուկայի պահանջարկ» խորագիրը կրող միջոցառմանը։

«Դեպքի վայրի հետազոտության ճիշտ կազմակերպման կարևորությունը հանցագործությունների բացահայտման համար» թեմայով դասախոսության ընթացքում Ֆրանգյանն ապագա մասնագետներին պարզաբանեց փորձագետի գործառույթներն ու իրավասությունները, դեպքի վայրի հետազոտության, պահպանության, ինչպես նաև դեպքի վայրից նմուշառում կատարելու կարգը, առանձնահատկությունները, ներկայացրեց դեպքի վայրի զննություն կատարելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը, և այլ իրավական ընթացակարգեր։ Խոսելով դեպքի վայրի զննության ընթացքում առավել հաճախ ի հայտ եկող խնդիրների մասին, փորձագետն ընդգծեց դեպքի վայրի պատշաճ և լիարժեք հետազոտության անհրաժեշտությունը, հետազոտությունների մեթոդների կիրառման առանձնահատկություններն ու այլ մասնագիտական նրբություններ։

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը հավատարիմ մնալով իր որդեգրած սկզբունքներին՝ նպատակաուղղված է ակտիվ փոխգործակցություն ծավալել բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ՝ բուհական և հետբուհական կրթության որակյալ իրականացման և բարձր մասնագիտական գիտելիքներով և գործնական հմտություններով օժտված մասնագետների պատրատման գործում իր նպաստն ունենալու համար: