slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Լրահոս

news

Արձանագրություն փակ, գաղտնի քվեարկության արդյունքների վերաբերյալ}

2024 թվականի մայիսի 17-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող անձնակազմի ժողովը, որի շրջանակներում իրականացվեց         կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի համար առաջադրված բոլոր թեկնածուների նախնական քննարկում և փակ, գաղտնի քվեարկություն:

Ըստ քվեարկության արդյունքների՝ քվեարկությանը մասնակցած 125 աշխատակիցների ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

1)      121 /մեկ հարյուր քսանմեկ/ կողմ Արգամ Նորայրի Հովսեփյանի թեկնածությանը,

2)      1 /մեկ/ կողմ Գարիկ  Գրավիկի Աղաբեկյանի թեկնածությանը,

3)      1 /մեկ/ կողմ Գևորգ Աշոտի Մարգարյանի թեկնածությանը,

4)      բոլորին դեմ՝ 2 /երկու/:

news

Հանրային ռադիոյի անդրադարձը Փորձաքննությունների ազգային բյուրոյում իրականացվող դատանյութագիտական և դատագենետիկական համալիր փորձաքննություններին}

Հայաստանի հանրային ռադիոն անդրադարձել է ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում իրականացվող դատանյութագիտական և դատագենետիկական համալիր փորձաքննություններին։

Բյուրոյի գործունեության մասին պատմող հերթական ռադիոթողարկմանը հետևեք այստեղ: https://hy.armradio.am

news

Փորձաքննությունների ազգային բյուրոյի և ԱՄՆ առաջատար «GTH DNA» կազմակերպության միջև կնքվել է միջազգային համագործակցության պայմանագիր}

Մայիսի 7-ին ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ղեկավար Արգամ Հովսեփյանը և ամերիկյան առաջատար «GTH DNA» խորհրդատվական կազմակերպության նախագահ Թիմ Շելբերգը ստորագրել են համագործակցության պայմանագիր՝ դատագենետիկական փորձաքննությունների բնագավառում ակտիվ փոխգործակցության ծավալման և ոլորտի զարգացման ապահովման նպատակով։

Կողմերն ամրագրել են հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված մոլեկուլային դատագենետիկական հետազոտությունների ժամանակակից մեթոդների և միջոցների արդյունավետ կիրառման, ընդգրկուն ԴՆԹ տվյալների բազայի ձևավորման, այդ ուղղությամբ համապատասխան իրավական կարգավորումների մշակման, ոլորտի զարգացման ապահովմանն ուղղված համատեղ գիտագործնական աշխատանքների իրականացման, բարձր որակավորում ունեցող փորձագետների պատրաստման, համատեղ գիտագործնական միջոցառումների անցկացման կարևորությունը։

Նախանշվել են «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և ԱՄՆ «GTH DNA» խորհրդատվական կազմակերպության միջև փոխգործակցության շրջանակներում իրականացվելիք աշխատանքների հիմնական ուղղությունները, մասնավորապես՝ «GTH DNA»-ի կողմից ԴՆԹ փորձաքննությունների իրականացման, ինչպես նաև ԴՆԹ տվյալների բազաների ձևավորման և կիրառման հետ կապված տեխնիկական խորհրդատվության, փորձագետների ուսուցման, օրենսդրության և քաղաքականության մշակման վերաբերյալ առաջարկությունների ներկայացման, ինչպես նաև գաղտնիության, տվյալների պաշտպանության հետ կապված հարցերը՝ տեսական և գործնական գիտելիքների փոխանակման, դատափորձագիտական ոլորտի արդիական հարցերի վերհանման և ոլորտում առկա հիմնախնդիրների արդյունավետ լուծման համատեքստում։

Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է դատագենետիկական փորձաքննությունների ոլորտում առկա միջազգային նորագույն հնարավորությունների և լավագույն փորձի ներդրման նպատակով միջազգային գործընկեր կառույցների հետ ակտիվ համագործակցության ծավալումը՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական գործունեության տվյալ ուղղության շարունակական զարգացմանը, փորձագիտական հնարավորությունների կատարելագործմանը, անհրաժեշտ տվյալների բազաների ձևավորմանն ու դրանց արդյունավետ կիրառմանը։

news

Բյուրոյի ներկայացուցիչները մասնակցել են «Դատահոգեբանական փորձաքննություն. տեսություն և պրակտիկա» խորագրով երկրորդ հանրապետական գիտագործնական գիտաժողովին}

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հոգեբանական փորձաքննությունների բաժնի փորձագետները, բաժնի պետ Ռուբեն Աղուզումցյանի գլխավորությամբ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում ապրիլի 26-ին մասնակցել են «Դատահոգեբանական փորձաքննություն. տեսություն և պրակտիկա» խորագրով երկրորդ հանրապետական գիտագործնական գիտաժողովին:
Համաժողովի նպատակն էր քննարկել, վերլուծել և գնահատել անձի դատահոգեբանական փորձաքննության խնդիրները, փորձաքննության մեթոդաբանական և կիրառական հիմքերը, որոնք կնպաստեն այս բնագավառում հոգեբանական փորձաքննությունների արդյունավետության բարձրացմանը:

Գիտաժողովի պլենար նիստին Փորձաքննությունների ազգային բյուրոյի հոգեբանական փորձաքննությունների բաժնի պետ, հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը հանդես է եկել «Դատահոգեբանական փորձաքննության առանձնահատկությունները» թեմայով զեկույցով, որում ներկայացրել է դատահոգեբանական փորձաքննությունների բնագավառի արդի հիմնախնդիրները, անձի դատահոգեբանական փորձաքննության առանձնահատկությունները, հոգեբան-փորձագետի աշխատանքի բարդությունն՝ ընդգծելով փորձաքննության իրականացման ընթացքում մասնագիտական հուզական այրման կանխարգելման կարևորությունը:
Գիտաժողովի շրջանակներում զեկույցներով են հանդես եկել նաև Բյուրոյի հոգեբանական փորձաքննությունների բաժնի հոգեբան-փորձագետներ Մանուկ Համբարձումյանը և Գայանե Շահվերդյանը:

Մասնավորապես Մանուկ Համբարձումյանը «ՀՀ-ում զինծառայողների ինքնասպանությունների, ինքնասպանության փորձի առնչությամբ փորձաքննությունների առանձնահատկությունների վերլուծությունը» թեմայով զեկույցում անդրադարձել է վերջին տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության և Արցախի զինված ուժերում գրանցված զինառայողների մահացության դեպքերին, դրանց պատճառականությանը և վիճակագրությանը, զինծառայողների կողմից իրականացված ինքնասպանության դեպքերին ու ինքնասպանության փորձերին, վերջիններիս առնչությամբ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում նշանակված և իրականացված դատահոգեբանական, ինչպես նաև համալիր փորձաքննությունների առանցքային ասպեկտներին:
Գայանե Շահվերդյանն էլ ներկայացրել է «Դատահոգեբնական փորձաքննությունների առանձնահատկությունները գործնականում» թեմայով զեկույց (համահեղինակներ՝ Մ. Համբարձումյան, Ա. Գաբրիելյան, Տ. Մամյան)՝ խոսելով վերջին տարիներին Բյուրոյում նշանակված և իրականացված՝ բռնությունների, իրավական նշանակություն ունեցող հուզական վիճակների, հետմահու, ինչպես նաև անչափահասների հետ կատարվող դատահոգեբանական փորձաքննությունների տեսակների, դրանց առանձնահատկությունների մասին՝ նպատակ ունենալով վերհանել նշված փորձաքննությունների իրականացման ընթացքում առաջացող խնդիրները, ներկայացնել փորձաքննության արդյունավետության բարձրացման համար արդյունավետ ուղիները:
Վերոհիշյալ զեկույցները հրապարակվել են «Դատահոգեբանական փորձաքննություն. տեսություն և պրակտիկա» խորագրով գիտաժողովի նյութերի ժողովածուում:

news

Բյուրոյի փորձագետները մասնակցում են ENFSI-ի ձայնի նմուշների տվյալների եվրոպական բազայի ստեղծման աշխատանքներին}

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տեսաձայնագրային, ֆոտոտեխնիկական և դիմանկարային բաժնի փորձագետները մասնակցում են Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի (ENFSI-ի) «Խոսքի և աուդիո ձայնագրությունների փորձաքննությունների» աշխատանքային խմբի (FSAAWG) համատեղ հետազոտական աշխատանքներին, ինչպես նաև ԵՄ-ի և ENFSI-ի հետ համատեղ իրականացվող CERTAIN-FORS WP7 ծրագրին, որոնց նպատակն է զարգացնել ավտոմատացված եղանակով ձայնի նույնականացման արդյունավետությունը:
Հաշվի առնելով COVID-19 համաճարակի շրջանում պաշտպանիչ դիմակների մասսայական կրման պայմաններում ձայնային հատկանիշների փոփոխության հանգամանքը, ENFSI-ը նախաձեռնել է եվրոպական լեզուներով ձայնային տվյալների միասնական բազայի ստեղծում, ինչպես նաև դիմակի կրման պայմաններում արտաբերված խոսքի հատկանիշների ուսումնասիրություն:
Այս նպատակով Բյուրոյի համապատասխան ստորաբաժանման փորձագետները ակտիվորեն ներգրավված են «Խոսքի և աուդիո ձայնագրությունների փորձաքննությունների» աշխատանքային խմբի ձայնի նմուշների տվյալների բազայի ստեղծման գործընթացում՝ բազան համալրելով հայերեն ձայնի նմուշներով: Ձայնային տվյալների հավաքագրումը, բնութագրումը, տվյալների բազայի ձևավորումն ու փորձարկումը հնարավորություն կտա օպտիմալացնել խոսքի և աուդիո ձայնագրությունների փորձաքննությունների բնագավառի փորձագետների աշխատանքը, կբարձրացնի ծրագրային ապահովումներով ձայնի մշակման և նույնականացման գործընթացի արդյունավետությունը:
Ձայնային նմուշների տվյալների ընդգրկուն բազայի ձևավորումը կնպաստի նաև դատափորձագիտական ոլորտում, մասնավորապես աուդիո և խոսքի փորձաքննության բնագավառում եվրոպական ընդհանուր մոտեցումների և դրանց հիման վրա միասնական մեթոդների մշակմանը:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հոկտեմբերին Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արգամ Հովսեփյանի նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ անցկացվեց Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի (ENFSI-ի) «Խոսքի և աուդիո ձայնագրությունների փորձաքննությունների» աշխատանքային խմբի (FSAAWG) 24-րդ տարեկան աշխատաժողովը, որին մասնակցում էին ENFSI-ի անդամ երկրների երկու տասնյակից ավելի պատվիրակներ, որի շրջանակներում տեղի ունեցած քննարկումների և Բյուրոյի գիտահետազոտական պոտենցիալի դիտարկման արդյունքում որոշվեց Բյուրոյի փորձագետներին նույնպես ընդգրկել նշված հետազոտական աշխատանքներում։
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը, հանդիսանալով Հայաստանի Հանրապետությունից ENFSI-ի միակ և լիիրավ անդամը, մշտապես ձգտում է կատարելագործել իր փորձագիտական անձնակազմի հմտությունները, ապահովել նրանց լիարժեք ինտեգրումը եվրոպական մասնագիտական աշխատախմբերում, արդյունավետ կիրառել նորագույն գիտական նվաճումներն ու միջազգային առաջադեմ փորձը՝ ի նպաստ մեր երկրում դատափորձագիտական բնագավառի զարգացմանը, իրականացվող փորձաքննությունների գիտականորեն հիմնավորված և հավաստի արդյունքների ապահովմանը։

news

Փորձաքննությունների ազգային բյուրոյում անցկացվեց ԴՆԹ բնագավառի խնդիրներին նվիրված միջազգային աշխատաժողով. իրականացվեց փորձագետների համար վերապատրաստում}


«Դատական ԴՆԹ տվյալների բազայի զարգացման ծրագրերը Հայաստանում» թեմայով միջազգային տարածաշրջանային սիմպոզիումի շրջանակներում ապրիլի 11-ին ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ միջազգային աշխատաժողով և արտերկրից ժամանած փորձագետների կողմից իրականացվեց դատագենետիկական բնագավառի հայաստանյան փորձագետների համար վերապատրաստում:

Աշխատաժողովին մասնակցում էին ԱՄՆ-ից, Ղազախստանից, Վրաստանից և այլ երկրներից ժամանած դատագենետիկական բնագավառի առաջատար մասնագետներ և գիտնականներ, ինչպես նաև ներկայացուցիչներ ՀՀ-ում տվյալ բնագավառում գործունեություն ծավալող շահագրգիռ գերատեսչություններից:
Աշխատաժողովի ընթացքում Հելսինկիի համալսարանի դատաբժշկական ֆակուլտետի պրոֆեսոր, ԴՆԹ բնագավառի միջազգային փորձագետ Բրյուս Բուդոուլը, որը հանդիսանում է նաև ԴՆԹ ոլորտում հայտնի CODIS համակարգի հիմնադիրներից մեկը ԱՄՆ-ում, մասնակիցներին ներկայացրեց ԴՆԹ տվյալների բազայի ձևավորման ընթացակարգերը, քրեական վարույթի և դատավարության ընթացքում ԴՆԹ տվյալների բազայի ապացուցողական նշանակության, ԴՆԹ նմուշների տիպավորման, ինչպես նաև ԴՆԹ սեկվենավորման ավտոմատացված համակարգի գործունեության հետ կապված ընթացակարգերն ու անհրաժեշտ պահանջները:
Միջոցառման ընթացքում «Thermo Fisher Scientific» ընկերության ներկայացուցիչ Միխայիլ Բոգովալովը ներկայացրեց դատական ԴՆԹ փորձաքննությունների բնագավառում կիրառվող նորագույն սարք-սարքավորումների հնարավորություններն ու արդյունավետ կիրառման ընթացակարգերը: «Thermo Fisher Scientific» ընկերության տարածաշրջանային ներկայացուցիչ Սատենդրա Կումարը խոսեց ռապիդ թեստերի միջոցով նույնականացման իրականացմանն առնչվող հիմնախնդիրների և առաջարկվող լուծումների մասին:
ԴՆԹ վերլուծության համար ոսկրերի մշակման ընթացքում ի հայտ եկող խնդիրները և դրանց լուծման արդյունավետ ուղիները ներկայացրեց Վրաստանի Փորձաքննությունների ազգային բյուրոյի ԴՆԹ լաբորատորիայի ղեկավար Նինո Քոչիաշվիլին:
Նույն օրը Փորձաքննությունների ազգային բյուրոյի ղեկավար Արգամ Հովսեփյանը առանձին քննարկումներ ունեցավ միջազգային առաջատար «GTH DNA» խորհրդատվական ընկերության նախագահ Թիմ Շելբերգի և «GTH DNA»-ի Կենտրոնական Ամերիկայի, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային տնօրեն Կայլ Շրոյդերի հետ, որի արդյունքում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին ԴՆԹ փորձաքննությունների ոլորտում հետագա փոխգործակցության ուղղությունների և փորձի փոխանակման շուրջ։
Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է դատագենետիկական փորձաքննությունների ոլորտում միջազգային առաջատար ընկերությունների և բարձր որակավորում ունեցող առաջատար մասնագետների հետ ակտիվ փոխգործակցության ծավալումը՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական գործունեության տվյալ ուղղության շարունակական զարգացմանը, փորձագիտական հավաստի արդյունքների ապահովմանը, անհրաժեշտ տվյալների բազաների ձևավորմանն ու դրանք արդյունավետ կիրառմանը։

news

Հայաստանի Հանրային ռադիոյի լրագրողն անդրադարձել է ՀՀ-ում միջազգային չափանիշներին համապատասխան ԴՆԹ տվյալների բազայի զարգացմանը:}

Նյութն ամբողջությամբ՝ կարդացեք այստեղ:

https://hy.armradio.am

news

Երևանում կայացավ ԴՆԹ տվյալների բազայի ձևավորմանը նվիրված միջազգային սիմպոզիումը. քննարկվեցին ոլորտի զարգացման հեռանկարները}

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ ապրիլի 10-ից 11-ը Երևանում անցկացվեց «Դատական ԴՆԹ տվյալների բազայի զարգացման ծրագրերը Հայաստանում» թեմայով միջազգային տարածաշրջանային սիմպոզիումը, որը նվիրված էր Հայաստանում միջազգային առաջադեմ պահանջներին համապատասխան դատափորձագիտական ԴՆԹ տվյալների բազայի ձևավորմանը, փորձագիտական տվյալ բնագավառի տեսական և գործնական արդի հիմնախնդիրներին:

Փորձաքննությունների ազգային բյուրոյի, «GTH DNA» (ԱՄՆ) և «Eura DNA, Europe’s premier forensic DNA resource» (ԵՄ) առաջատար խորհրդատվական կազմակերպությունների, ինչպես նաև Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (Ինտերպոլի) հետ համատեղ կազմակերպված համաժողովին զեկույցներով հանդես եկան դատագենետիկական բնագավառի համաշխարհային ճանաչում ունեցող փորձագետներ՝ Հելսինկիի համալսարանի Դատաբժշկական ֆակուլտետի պրոֆեսոր, ԴՆԹ բնագավառի միջազգային փորձագետ Բրյուս Բուդոուլը, Վրաստանի Փորձաքննությունների ազգային բյուրոյի ԴՆԹ լաբորատորիայի ղեկավար Նինո Քոչիաշվիլին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի, Վրաստանի և այլ երկրների դատափորձագիտական ոլորտի մի շարք առաջատար մասնագետներ, գիտնականներ:

Ողջունելով արտասահմանյան գործընկերներին, Փորձաքննությունների ազգային բյուրոյի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու Արգամ Հովսեփյանը ներկայացրեց դատագենետիկական փորձաքննությունների բնագավառում Բյուրոյի ներկայիս հնարավորություններն ու զարգացման հեռանկարները, ԴՆԹ տվյալների բազաների ձևավորման, քաղաքականության մշակման, անհրաժեշտ օրենսդրական կարգավորումների և կառուցակարգերի ձևավորման, ինչպես նաև ԴՆԹ հետազոտությունների լաբորատորիայի որակյալ գործունեության ապահովման ուղղությամբ Կազմակերպության որդեգրած քաղաքականությունն ու տեսլականը:

Բյուրոյի ղեկավարը շնորհակալություն հայտնեց գործընկերներին՝ միջազգային չափանիշներին համապատասխան ԴՆԹ լաբորատորիայի գործարկման և անհրաժեշտ գործընթացների ապահովման հարցում ցուցաբերած աջակցության համար:

Խոսելով ոլորտում առկա հիմնախնդիրներից, Հովսեփյանը նշեց, որ Հայաստանը դեռևս չունի դատափորձագիտական գործունեության մասին օրենք, որը հավասար պայմաններ կստեղծի Հայաստանում դատափորձագիտական գործունեություն ծավալող կառույցների համար, կկանոնակարգի ոլորտի գործունեությունը, ինչպես նաև կկարգավորի փորձագետի որակավորման և ոլորտին առնչվող այլ կարևոր գործընթացների միատեսակ կիրառումը:

Անդրադառնալով Հայաստանում համակարգված և ընդգրկուն ԴՆԹ տվյալների շտեմարանի բացակայության խնդրին, Բյուրոյի ղեկավարն ընդգծեց այս առումով անհրաժեշտ իրավական հիմքերի ձևավորման կարևորությունը:

«Մենք հանձնառու ենք և պատրաստակամ դատափորձագիտական ոլորտում գործունեություն ծավալող մեր գործընկերների հետ կարճ ժամանակահատվածում ունենալ այնպիսի կատարյալ համակարգ՝ այդ թվում ԴՆԹ տվյալների բազայի ձևավորման առումով, որը կհամապատասխանի ժամանակակից պահանջներին և կնպաստի Հայաստանի Հանրապետությունում իրավակարգի ամրապնդմանը և օրենքի գերակայության ապահովմանը»,-շեշտեց Հովսեփյանը՝ հույս հայտնելով, որ կարճ ժամանակահատվածում կստեղծվեն համապատասխան իրավական հիմքեր, որոնք կնպաստեն ՀՀ-ում ԴՆԹ տվյալների շտեմարանի ձևավորմանը և արդյունավետ կիրառմանը:

Համաժողովի ընթացքում Հելսինկիի համալսարանի դատաբժշկական ֆակուլտետի պրոֆեսոր, ԴՆԹ բնագավառի միջազգային փորձագետ Բրյուս Բուդոուլը, որը հանդիսանում է նաև ԴՆԹ ոլորտում հայտնի CODIS համակարգի հիմնադիրներից մեկը ԱՄՆ-ում, ներկայացրեց CODIS-ի կիրառման, տվյալ համակարգի միջոցով հանցագործությունների բացահայտման, զոհերի մասունքների ԴՆԹ նույնականացման, CODIS-ի լաբորատորիաների գործունեության, դատապարտված անձանց ԴՆԹ տվյալների շտեմարանի ձևավորման և համակարգի գործունեությանն առնչվող այլ արդիական հարցեր՝ ընդգծելով ԴՆԹ տվյալների շտեմարանի միջոցով քրեական վարույթի օժանդակության կարևորությունը:

Համաժողովի անցկացման արդիականությանը, ԴՆԹ տվյալների բազաների ձևավորման զարգացման կարևորությանն անդրադարձավ նաև ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը՝ վերահաստատելով Կոմիտեի պատրաստակամությունը ԴՆԹ տվյալների շտեմարանի զարգացման ապահովման նպատակով Փորձաքննությունների ազգային բյուրոյին աջակցելու հարցում՝ քննիչների վերապատրաստումից մինչև ԴՆԹ տվյալների շտեմարանի ձևավորում:

Համաժողովի շրջանակներում Փորձաքննությունների ազգային բյուրոյի դատագենետիկական փորձաքննությունների բաժանմունքի պետ Անահիտ Մամիկոնյանը ներկայացրեց բաժանմունքում իրականացվող դատագենետիկական փորձաքննությունների հնարավորություններն ու զարգացման հեռանկարները, իսկ ՆԳՆ փորձաքրեագիտական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Լորիկ Սաֆարյանը հանդես եկավ «ԴՆԹ նույնականացումը որպես հանցագործության դեմ պայքարի կարևոր գործիք, ԴՆԹ տվյալների բազաների ձևավորման զարգացումը» թեմայով զեկույցով:

Սիմպոզիումի ընթացքում դատագենետիկական բնագավառին վերաբերող զեկույցներ ներկայացրեցին նաև ներկայացուցիչներ «Ինտերպոլից», Կարմիր խաչի միջազգային կոմիտեից և այլ միջազգային կառույցներից:

Համաժողովի երկրորդ օրը՝ ապրիլի 11-ին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում կայացավ միջազգային աշխատաժողով և արտերկրից ժամանած փորձագետների կողմից դատագենետիկական բնագավառի հայաստանյան փորձագետների վերապատրաստում:

Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է միջազգային նմանօրինակ համաժողովների կազմակերպումն ու անցկացումը՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական գործունեության տվյալ ուղղությունների շարունակական զարգացմանը, իրավական հիմքերի ձևավորմանը, փորձագիտական հնարավորությունների կատարելագործմանն ու հավաստի արդյունքների ապահովմանը։

news

Դատագենետիկական փորձաքննությունների բնագավառում համաշխարհային ճանաչում ունեցող ԱՄՆ գործընկերները այցելել են Փորձաքննությունների ազգային բյուրո*}

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ղեկավար Արգամ Հովսեփյանի հրավերով ապրիլի 8-ին Հայաստան են ժամանել դատագենետիկական փորձաքննությունների բնագավառում համաշխարհային ճանաչում ունեցող ԱՄՆ գործընկերները՝ «GTH DNA» խորհրդատվական կազմակերպության նախագահ Թիմ Շելբերգը, «GTH DNA»-ի Կենտրոնական Ամերիկայի, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային տնօրեն Կայլ Շրոյդերը և Հելսինկիի համալսարանի Դատաբժշկական ֆակուլտետի պրոֆեսոր, ԴՆԹ բնագավառի միջազգային փորձագետ Բրյուս Բուդոուլը՝ «Դատական ԴՆԹ տվյալների բազայի զարգացման ծրագրերը Հայաստանում» թեմայով միջազգային համաժողովին մասնակցելու, դատագենետիկական փորձաքննությունների բնագավառում Փորձաքննությունների ազգային բյուրոյի հետ համագործակցության կապերի ամրապնդման, միջազգային լավագույն փորձի տեղայնացման նպատակով:

Այցի շրջանակներում հանդիպում է տեղի ունեցել Բյուրոյի ղեկավար Արգամ Հովսեփյանի և կազմակերպության ղեկավար ու փորձագիտական անձնակազմի հետ: Կազմակերպության ղեկավարը հյուրերին է ներկայացրել դատագենետիկական փորձաքննությունների բնագավառում Բյուրոյի ներկայիս հնարավորություններն ու զարգացման հեռանկարները, ԴՆԹ տվյալների բազաների ձևավորման, քաղաքականության մշակման, անհրաժեշտ օրենսդրական կարգավորումների և կառուցակարգերի ձևավորման, ինչպես նաև ԴՆԹ հետազոտությունների լաբորատորիայի որակյալ գործունեության ապահովման ուղղությամբ Կազմակերպության որդեգրած քաղաքականությունն ու տեսլականը:

Ի թիվս համաժողովի կազմակերպման հետ կապված օրակարգային հարցերի, քննարկվել են դատագենետիկական փորձաքննությունների բնագավառում փոխգործակցության շրջանակներն ու կարևոր ուղղությունները:

Հյուրերը շրջայց են կատարել նաև Փորձաքննությունների ազգային բյուրոյի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի դատագենետիկական փորձաքննությունների բաժանմունքում, տեղում ծանոթացել ԴՆԹ նույնականացման լաբորատորիայի հնարավորություններին, այդ թվում՝ նորագույն տեխնոլոգիաների, սարքավորումային համալիրների գործարկման և արդյունավետ կիրառման հետ կապված ընթացակարգերին:

Ամերիկյան գործընկերները կիսվել են իրենց տպավորություններով՝ ընդգծելով Բյուրոյում գործարկված դատագենետիկական փորձաքննությունների լաբորատորիայի՝ միջազգային չափանիշներին համապատասխանելիությունը և հայտնել իրենց պատրաստակամությունը այս ուղղություններով ակտիվ փոխգործակցության ծավալման առումով:

Հիշեցնենք, որ 2023 թվականի մարտ ամսից Փորձաքննությունների ազգային բյուրոյում միջազգային չափանիշներին համապատասխան իրականացվում են կենսաբանական ծագման բոլոր տեսակի նմուշների ԴՆԹ նույնականացման դատագենետիկական փորձաքննություններ՝ գրանցելով առաջադեմ արդյունքներ:

Նույն օրը ամերիկյան գործընկերների և Բյուրոյի ղեկավար Արգամ Հովսեփյանի մասնակցությամբ հանդիպում է տեղի ունեցել ՀՀ քննչական կոմիտեում, հյուրերին ընդունել է ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը:

news

Լույս է տեսել «Դատական փորձաքննության և քրեագիտության հայկական հանդես» գիտական պարբերականի հոբելյանական 10-րդ համարը}

Լույս է տեսել ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից թողարկվող «Դատական փորձաքննության և քրեագիտության հայկական հանդես» գիտական պարբերականի հոբելյանական տասներորդ համարը, որը նվիրված է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյակին: Պարբերականի խմբագրական խորհուրդը հավատարիմ է այն կանխադրույթին, որ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հարուստ ժառանգության հիմքի վրա գիտության բնագավառի տարբեր ճյուղերի համաչափ զարգացումը երկրի անվտանգության ապահովման, կրթության, տնտեսության հասարակական առաջընթացի լավագույն գրավականն է: Արդեն հինգ տարի հրատարակվող պարբերականը 2021 թվականից ընդգրկված է ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից հաստատված գիտական հրապարակումների ցանկում և վերջին մեկուկես տարվա ընթացքում պարբերականում հրատարակված բոլոր գիտական հոդվածները ստացել են DOI միջազգային թվային նույնականացուցիչ, որն այսօր հանդիսանում է գիտական ոլորտում վիրտուալ տարածքում տվյալների փոխանակման գործուն համակարգ: Շնորհավորելով ընթերցողին և խմբագրական խորհրդին հոբելյանական համարի թողարկման առթիվ, «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն, պարբերականի գլխավոր խմբագիր, բժշկական գիտությունների թեկնածու Արգամ Հովսեփյանը նշել է. «Հավատարիմ մնալով Հայաստանի գիտության հզորացման և գիտահենք առաջընթացի ապահովման գործում Փորձաքննությունների ազգային բյուրոյի ստանձնած առաքելությանը, գիտական պարբերականի խմբագրական խորհուրդը հետամուտ է լինելու պարբերականի միջազգային առավել լայն ճանաչելիության և հասանելիության ապահովման շարունակականությանը: Համոզված եմ, որ դատափորձագիտական ոլորտի խնդիրների լուծմանը նվիրված գիտական հետազոտությունների կիրառական նշանակություն ունեցող արդյունքները, ինչպես նաև գիտատեխնիկական առաջընթացի ժամանակակից ձեռքբերումների ներդաշնակ կիրառումն ու ոլորտի գիտամեթոդական ապահովումը հնարավորություն կտան բարելավել փորձաքննությունների որակը և ապահովել գիտականորեն հիմնավորված և հավաստի արդյունքներ՝ նպաստելով մեր երկրի իրավական համակարգի և հարակից ոլորտների զարգացմանը։ Շնորհավորելով բոլորիս հոբելյանական համարի թողարկման առթիվ, խմբագրական խորհրդին մաղթում եմ բեղուն աշխատանք՝ ի նպաստ մեր երկրում արժեքավոր և ակնառու գիտական արդյունքների ապահովմանը»: Պարբերականի առավել լայն ճանաչելիությունն ու արտասահմանյան ընթերցողների համար հասանելիության ապահովման գործում պարբերականի խմբագրական խորհրդի քայլերը լինելու են շարունակական:

news

Լույս է տեսել Փորձաքննությունների ազգային բյուրոյի քրեաբանության կիրառական հիմնախնդիրների գիտահետազոտական կենտրոնի հերթական աշխատությունը}

Լույս է տեսել ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի քրեաբանության կիրառական հիմնախնդիրների գիտահետազոտական կենտրոնի հերթական աշխատությունը՝ մենագրությունը, որը նվիրված է ՀՀ-ում նորմատիվ իրավական ակտերի նախագծերի քրեաբանական փորձաքննության իրավական հիմքերի վերլուծությանը և կատարելագործման ուղիներին:

Մենագրության հեղինակը քրեաբանության կիրառական հիմնախնդիրների գիտահետազոտական կենտրոնի պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Գևորգ Իսրայելյանն է: Աշխատությունում մասնավորապես, լուսաբանված է հանցավորությունը պայմանավորող իրավական բնույթի գործոնները և դրանց կանխարգելման միջոցները, քրեաբանական փորձաքննության էությունը և տեսակները, նորմատիվ իրավական ակտերի քրեաբանական փորձաքննության վերաբերյալ տեսական մոտեցումները, միջազգային փորձը, ինչպես նաև ներկայացված են փորձաքննության իրավական հիմքերի վերլուծության արդյունքները, գործող իրավակարգավորումներում առկա բացերը, դրանց շտկման և նոր կարգավորումների իրականացման առաջարկություններ:

Հրատարակությունն օգտակար կլինի քրեաբանության հարցերով հետաքրքրվող մասնագետների համար:

news

Նոր Արեշ փողոցում տեղի ունեցած պայթյունի դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նշանակվել և իրականացվում է համալիր փորձաքննություն}

Երևան քաղաքի Նոր Արեշ փողոցում փետրվարի 5-ին տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում նշանակված համալիր պայթյունատեխնոլոգիական, պայթյունատեխնիկական, հրդեհատեխնիկական, ճարտարագիտատեխնիկական, շինարարատեխնիկական և ապրանքագիտական հանձնաժողովային փորձաքննության շրջանակներում, քրեական վարույթի համար նշանակություն ունեցող մի շարք հանգամանքների՝ այդ թվում պայթյունի օջախի, պայթյունի մեխանիզմի և առաջացման պատճառի պարզման նպատակով իրականացվում են բազմակողմանի հետազոտություններ:

Հաշվի առնելով դեպքի առանձնահատկությունները, փորձաքննությունների կատարմանը ներգրավվել են Բյուրոյի համապատասխան բնագավառների առաջատար փորձագետները, դեպքի վայրում կատարվել են անհրաժեշտ փորձագիտական ծավալուն հետազոտություններ՝ նաև նորարարական գերժամանակակից տեխնիկական միջոցների կիրառմամբ:

Մասնավորապես գործարկվել է դեպքի վայրի հետազոտման համար կիրառվող լազերային սկանավորման գերժամանակակից եզակի սարքավորումային համալիրը, ինչը հնարավորություն է տալիս բարձր ճշգրտությամբ արձանագրել դեպքի վայրի իրադրությունը, ստանալ պայթյունի հետևանքների ամբողջական պատկերները և անհրաժեշտ բոլոր ճշգրիտ չափային տվյալները նաև 3D ձևաչափով՝ ապահովելով փորձագիտական հավաստի արդյունքներ:

Նման բազմակողմանի հետազոտությունների մանրակրկիտ և լիարժեք իրականացումը կարևոր է ոչ միայն վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզման նպատակով, այլ նաև կանխարգելիչ միջոցառումների իրականացման առումով՝ նմանօրինակ դեպքերի առաջացման հնարավոր պատճառների լիարժեք բացահայտման և վերլուծության համատեքստում:

news

Փորձաքննությունների ազգային բյուրոյում ներդրվել են փորձագիտական սխալների կանխարգելման արդյունավետ մեխանիզմներ}

ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները՝ ղեկավար Արգամ Հովսեփյանի գլխավորությամբ, հունվարի 19-ին տեսակապի միջոցով մասնակցել են Մոսկվայի Կուտաֆինի անվան պետական իրավաբանական ակադեմիայի կազմակերպած «Դատափորձագիտական սխալներ. առաջացման, հայտնաբերման և կանխարգելման ժամանակակից խնդիրները» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովին:
Միջոցառմանը մասնակցում էին դատափորձագիտական բնագավառի առաջատար փորձագետներ, գիտնականներ և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ Ռուսաստանից, Բելառուսից և այլ երկրներից:
Համաժողովի ընթացքում ներկայացվել են զեկույցներ դատափորձագիտական ոլորտի տարբեր բնագավառներում ի հայտ եկող փորձագիտական սխալների համակարգային վերլուծության և դրանց կանխարգելմանն ուղղված մի շարք արդիական հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ փորձագետի կողմից ակնհայտ կեղծ եզրակացություն տալու հանցակազմին առնչվող տեսական և գործնական հիմնախնդիրները, դատավարական բնույթի փորձագիտական սխալները, մասնավոր փորձագետների կողմից առավել հաճախ թույլ տրվող փորձագիտական սխալները, մեթոդաբանական բնույթի փորձագիտական սխալները և այլն:
Գիտաժողովի շրջանակներում հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննությունների արդյունքներով փորձագիտական սխալների համակարգային վերլուծության վերաբերյալ զեկույցով է հանդես եկել Փորձաքննությունների ազգային բյուրոյի ղեկավար, ԱՆ ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի դատական բժշկության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Արգամ Հովսեփյանը:
Բյուրոյի ղեկավարն, անդրադառնալով ոչ պատշաճ բուժօգնության ցուցաբերման դեպքերի բացահայտման և հետազոտման բարդ խնդիրներին, ներկայացրել է դրանց համակարգային վերլուծության կարևորությունը,  մասնավորապես՝ ոչ պատշաճ բուժօգնության տարածվածության մակարդակի, առողջապահության ոլորտում նորմատիվ իրավական և մեթոդական ապահովման հիմնական ասպեկտների, բժշկական պրակտիկայում սխալների, թերությունների և բացթողումների կանխարգելման արդյունավետ ուղիների, բուժաշխատողների իրավական և մասնագիտական պատրաստվածության մակարդակի և այլ խնդիրների վերլուծության անհրաժեշտությունը:  
«Փորձը ցույց է տալիս, որ փորձագիտական սխալները կարող են ի հայտ գալ դատավարության տարբեր փուլերում՝ փորձաքննության նշանակումից մինչև դրա կազմակերպման և իրականացման փուլեր:
Ներկայում դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունների ամենաբարդ խնդիրներից է հանդիսանում բուժաշխատողի գործողության կամ  անգործության պատճառով ի հայտ եկած հետևանքների և անբարենպաստ ելքի միջև պատճառահետևանքային կապի վերլուծությունը:
Միևնույն ժամանակ, հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննությունների արդյունքների ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ բուժաշխատողի գործողության կամ անգործության և բուժառուի առողջությանը պատճառված վնասի միջև պատճառահետևանքային կապի հաստատումը փորձագիտական հանձնաժողովի համար հանդիսանում է բարդ խնդիր, որը, ինչպես ցույց են տալիս անցկացված լրացուցիչ և կրկնակի հանձնաժողովային փորձաքննությունների արդյունքները, դատավարության նախորդ փուլերում ոչ միշտ են գնահատվում լիարժեք և բազմակողմանի»,-իր ելույթում նշել է Բյուրոյի ղեկավարը:
Ամփոփելով՝ Արգամ Հովսեփյանը մատնանշել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննությունների անցկացման ժամանակ պատճառահետևանքային կապերի գնահատման գործընթացի խոչընդոտները, այդ թվում  համընդհանուր կիրառվող մեթոդաբանության (ոսկե ստանդարտներ), կլինիկական ստանդարտների և բուժման չափորոշիչների ամբողջական, պարբերաբար թարմացվող բազայի բացակայությունը՝նշելով, որ առկա նորմատիվային բազան ևս լիարժեքորեն չի ապահովում հիվանդ–բժիշկ–բժշկական հաստատության վարչակազմ-դատաբժշկական փորձագետ- իրավապահ մարմիններ հարաբերությունների՝ ժամանակակից պահանջներին համապատասխան պատշաճ և լիարժեք կանոնակարգումը: Նշվածն իր հերթին թույլ չի տալիս դատաբժշկական փորձագիտական հանձնաժողովներին լիարժեքորեն վերլուծել բուժօգնության ընթացքում տեղ գտած  հնարավոր սխալների ու բացթողումների և բուժառուի  վիճակի վատթարացման կամ անբարենպաստ ելքի հետ պատճառահետևանքային կապի առկայությունը և լիարժեքորեն պատասխանել քննչական մարմինների կողմից առաջադրված հարցերին:
Կազմակերպության ղեկավարի խոսքով՝ առկա խնդիրների համատեքստում, Փորձաքննությունների ազգային բյուրոյում մշակվել և ներդրվել է փորձագիտական սխալների կանխարգելման արդյունավետ մեխանիզմներ:
Մասնավորապես, մշակվել է պատճառահետևանքային կապերի վերլուծության և փորձագիտական հետազոտությունների արդյունավետ իրականացման մեթոդաբանություն՝ պատճառահետևանքային կապերի առկայությունը կամ բացակայությունը գնահատելու համար, ինչը թույլ է տալիս ապահովել փորձագետների գործողությունների միասնականությունը, տրվող  եզրակացություններում պատճառահետևանքային կապերի գնահատման օբյեկտիվ արդյունքները և  նվազեցնել դատաբժշկական պրակտիկայում հնարավոր փորձագիտական սխալների դրսևորման մակարդակը:
«Հաշվի առնելով բժշկական գործունեության ոլորտի գիտատեխնոլոգիական զարգացման այսօրվա տեմպերը, մասնավորապես՝ նոր տեխնոլոգիաների ներդրմամբ պայմանավորված  մեր կողմից իրականացվող հետազոտություններն ու վերլուծությունները կրում են դինամիկ բնույթ և պահանջում են մասնագիտական հանրության մշտական ուշադրությունը»,-ամփոփելով խոսքը՝ նշել է Արգամ Հովսեփյանը:
Նշված թեմայով Արգամ Հովսեփյանի հեղինակած գիտական հոդվածը հրապարակվելու է միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածուում:

news

Փորձաքննությունների ազգային բյուրոն համագործակցության պայմանագիր է կնքել Ռուսաստանի խոշորագույն գիտական կենտրոնի հետ}

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ղեկավար Արգամ Հովսեփյանը և ՌԴ գիտությունների ակադեմիայի Ա. Ն. Ֆրումկինի անվան Ֆիզիկաքիմիայի և էլեկտրաքիմիայի ինստիտուտի տնօրեն, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսեյ Բուրյակը ստորագրել են համագործակցության պայմանագիր՝ քրեաբանության, դատաքիմիական և քիմիկոթունաբանական փորձագիտական բնագավառներում  փոխադարձ կապերի հաստատման, փոխշահավետ համագործակցության ծավալման նպատակով։
Կողմերն ընդգծել են դատաքիմիական և քիմիկոթունաբանական փորձաքննությունների բնագավառներում ժամանակակից վերլուծական մեթոդների և միջոցների արդյունավետ կիրառման, ոլորտի զարգացմանն ուղղված համատեղ գիտագործնական աշխատանքների իրականացման, բարձր որակավորում ունեցող փորձագետների պատրաստման, համատեղ գիտագործնական մոջոցառումների անցկացման կարևորությունը։
Նախանշվել են փոխգործակցության շրջանակներում իրականացվելիք աշխատանքների հեռանկարները՝   դատաքիմիական, քիմիկոթունաբանական փորձաքննությունների ժամանակակից մեթոդների՝ այդ թվում քրոմատոսսպեկտրոմետրիկ հետազոտությունների բնագավառում մեթոդական աջակցում, համատեղ գիտական հետազոտությունների կատարում, մշակված մեթոդների և մեթոդիկաների վերաբերյալ կարծիքի տրամադրում, դրանց հաստատման և փորձագիտական պրակտիկայում ներդրման իրականացում, գիտական աշխատանքների արդյունքների հիման վրա համատեղ գիտական հոդվածների հրապարակում՝ տեսական և գործնական գիտելիքների փոխանակման, դատափորձագիտական ոլորտի արդիական հարցերի վերհանման և ոլորտում առկա հիմնախնդիրների արդյունավետ լուծման համատեքստում։
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը կարևորում է գիտագործնական միջազգային կապերի զարգացումն ու նոր հնարավորությունների ձևավորումը՝ ի նպաստ մեր երկրի դատափորձագիտական բնագավառի գիտական ներուժի շարունակական զարգացմանն ու կատարելագործմանը։

news

Դատաքիմիական և տոքսիկոլոգիական ոլորտների հիմնախնդիրներին նվիրված միջազգային կլոր սեղան-քննարկումներ արտերկրի գործընկերների հետ}

ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի  ղեկավար Արգամ Հովսեփյանի նախաձեռնությամբ հունվարի 10-ին տեսակապի միջոցով տեղի ունեցավ դատաքիմիական և տոքսիկոլոգիական բնագավառների հիմնախնդիրներին նվիրված միջազգային կլոր սեղան-քննարկում, որին մասնակցում էին Ռուսաստանի քիմիկոթունաբանական և դատաքիմիական  հետազոտությունների մասնագետների ասոցիացիայի համանախագահ, քիմիական գիտությունների դոկտոր Սերգեյ Սավչուկը, Վերոնայի համալսարանի (Իտալիա) դատական բժշկության ամբիոնի գիտական ղեկավար, պրոֆեսոր, դատաբժշկական փորձագետ, ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) փորձագետ Ֆրանկո Տալյարոն, ինչպես նաև Բյուրոյի և Վերոնայի համալսարանի համապատասխան բնագավառների առաջատար փորձագետներ:
Քննարկման շրջանակներում Բյուրոյի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու Արգամ Հովսեփյանը ներկայացրեց դատաքիմիական և քիմիկոթունաբանական բնագավառներում իրականացվող փորձագիտական հետազոտությունների շրջանակները, առկա խնդիրներն ու հնարավորությունները, այդ թվում՝ նորագույն սարքավորումային համալիրների գործարկման, նոր մեթոդների ներդրման  և արդյունավետ կիրառման հետ կապված գործընթացները՝ ընդգծելով հիշյալ բնագավառներում միջազգային փոխգործակցության զարգացման կարևորությունը:
Նախանշվեցին դատաքիմիական և քիմիոթունաբանական բնագավառներում բազմակողմ համագործակցության հնարավոր ուղղությունները, համատեղ ծրագրերի իրականացմանն ուղղված քայլերը:
Մասնավորապես Բյուրոյի դատաքիմիկական փորձաքննությունների լաբորատորիայում վերջերս ներդրված եռակի քառաբևեռ մասսպեկտրաչափի հետ համակցված հեղուկային քրոմատոգրաֆի արդյունավետ գործարկման նպատակով, հաշվի առնելով Իտալիայի գործընկերների՝ տվյալ տեսակի գերզգայուն անալիտիկ սարքավորումներով աշխատանքային փորձը, քննարկվեցին գազքրոմատոգրաֆիական և հեղուկ քրոմատոգրաֆիական մեթոդների կիրառմամբ համատեղ դատաքիմիական հետազոտություններ իրականացնելու հետ կապված մի շարք հարցեր՝ ստացված արդյունքների վերլուծության հիման վրա միասնական մեթոդաբանության մշակման  և  կիրառման նպատակով:
Քննարկվեցին նաև դատաքիմիական և քիմիկոթունաբանական փորձաքննությունների բնագավառներում կիրառվող ժամանակակից մեթոդների, փորձի փոխանակման հետ կապված հարցեր:
Արգամ Հովսեփյանը Ֆրանկո Տալյարոյին հրավիրեց Հայաստան՝ մասնակացելու ապրիլին Երևանում Բյուրոյի կողմից կազմակերպվելիք դատաքիմիական բնագավառի հիմնախնդիրներին նվիրված միջազգային կոնֆերանսին:
Նույն օրը Բյուրոյի ղեկավար Արգամ Հովսեփյանի գլխավորությամբ տեղի ունեցավ միջազգային համատեղ կլոր սեղան-քննարկում Ռուսաստանի, Բելառուսի և Մոլդովայի գործընկերների հետ, որին մասնակցում էին  Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ֆիզիկաքիմիայի և էլեկտրաքիմիայի ինստիտուտի տնօրեն, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսեյ Բուրյակը, Ռուսաստանի քիմիկոթունաբանական և դատաքիմիական  հետազոտությունների մասնագետների ասոցիացիայի համանախագահ, քիմիական գիտությունների դոկտոր Սերգեյ Սավչուկը, Բելառուսի Ազգային հակադոպինգային լաբորատորիայի տնօրեն Յուրի Պոխոդնյան, Մոլդովայի դատաբժշկական կենտրոնի դատաբժշկական տոքսիկոլոգիայի բաժնի վարիչ Մայա Բոտեզատուն, նույն կենտրոնի դատաբժիշկ-տոքսիկոլոգ Օլեգ Կադոչնիկովը և ոլորտի այլ առաջատար փորձագետներ:
Կլոր-սեղանի շրջանակում քննարկվեցին նույն օրակարգային հարցերը, ոլորտի զարգացմանն ու գիտամեթոդական ապահովմանն ուղղված համատեղ գիտահետազոտական աշխատանքների առավել արդիական ուղղությունները: Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է նմանօրինակ միջոցառումների կազմակերպումն ու միջազգային ակտիվ փոխգործակցության ծավալումը՝ ի նպաստ մեր երկրում դատափորձագիտական ոլորտի կայուն զարգացման ապահովմանը: