slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Արխիվ 2020

Archive

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետների և Ճապոնիայի Շրջակա միջավայրի վերահսկման կենտրոնի մասնակցությունն առցանց սեմինարի

2020 թվականի սեպտեմբերի 9-ին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Ճապոնիայում էկոլոգիական մշտադիտարկում իրականացնող առաջատար կառույցներից մեկի՝ Ճապոնիայի Շրջակա միջավայրի վերահսկման կենտրոնի (Environmental Control Center Co., Japan) հետ 2018 թվականից սկսած ակտիվ համագործակցության շրջանակներում կազմակերպվել է հերթական առցանց սեմինար:

Սեմինարին որպես մոդերատորներ հանդես են եկել՝ Ճապոնիայի Շրջակա միջավայրի վերահսկման կենտրոնի ավագ մասնագետ Մասաշի Սուգիյեն և «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի գիտական գծով տնօրենի տեղակալ Պատվական Ոսկանյանը:

 Սեմինարին մասնակցել են նաև «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի համապատասխան մասնագետները, ինչպես նաև «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի» քիմիական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ա. Թադևոսյանը։

Սեմինարի ընթացքում դիտարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ Ճապոնիայի շրջակա միջավայրի նախարարության կողմից ընդունված՝ հողում և ջրային միջավայրում ռադիոակտիվ նյութերի հետազոտման մեթոդը, ջրում միկրոպլաստիկ մշտադիտարկման մեթոդաբանությունների ներդաշնակեցման նախագիծը, աղտոտող նյութերի վերլուծությունը, աղտոտված հողի վերականգնման տեխնոլոգիաները և մեթոդները: Տեղի է ունեցել նաև առարկայական քննարկում Ճապոնիայի Շրջակա միջավայրի վերահսկման կենտրոնի հետ միջազգային համագործակցության շրջանակներում հետագա գործնական կապերի ամրապնդման նպատակով:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև համապատասխան քայլել ձեռնարկելու և համատեղ դրամաշնորահային ծրագրերի մասնակցելու նպատակով:

Archive

Անցկացվել է միջազգային գիտամեթոդական վեբինար <<Ապրանքային նշանները՝ որպես դատական փորձաքննության օբյեկտ մտավոր սեփականության ոլորտում>> խորագրով

2020 թվականի օգոստոսի 5-ին ՀՀ ԳԱԱ «Փորձաքննության ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Ուկրաինայի Արդարադատության նախարարության մտավոր սեփականության հարցերով դատական փորձաքննությունների գիտահետազոտական կենտրոնի միջև 2019 թվականին կնքված համագործակցության մասին հուշագրի համաձայն ծավալված ակտիվ փո-խգործակցության շրջանակներում համատեղ անցկացվել է միջազգային գիտամեթոդական վեբինար՝ <<Ապրանքային նշանները՝  որպես դատական փորձաքննության օբյեկտ մտավոր սեփականության ոլորտում>> խորագրով:

Այս միջազգային գիտամեթոդական վեբինարի նպատակն է հայ-ուկրաինական մեթոդական գրասենյակի գործունեության շրջանակներում իրականացնել մտավոր սեփականության օբյեկտների փորձագիտական հետազոտությունների տեսական և մեթոդական գիտելիքների և փորձի փոխանակում՝ վերհանելով առկա խնդիրները և քննարկելով դրանց լուծման արդյունավետ ուղիները:

Միջազգային գիտամեթոդական սեմինարին մասնակցել են ներկայացուցիչներ ինչպես Հայաստանի Հանրապետությունից, այնպես էլ Ուկրաինայից: 

 Զեկույցներ են ներկայացվել Բյուրոյի և Ուկրաինայի գործընկեր կազմակերպության առաջատար մասնագետների և գիտնակաների կողմից, որոնք նվիրված էին սույն վեբինարի խորագրին:

Նման միջոցառումների իրականացումը լինելու է շարունակական՝ ի նպաստ մեր երկրում մտավոր սեփականության ոլորտին վերաբերող դատափորձագիտական կարողությունների զարգացմանը, միջազգային կապերի ամրապնդմանն ու ոլորտի կայուն առաջընթացի ապահովմանը:

Archive

Լեհաստանի ոստիկանության կենտրոնական քրեագիտական լաբորատորիայի (CFLP) կողմից թողարկվող «Horyzonty Kryminalistyki» ամսագրի անդրադարձը ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին

Լեհաստանի ոստիկանության կենտրոնական քրեագիտական լաբորատորիայի /CFLP/ կողմից թողարկվող «Horyzonty Kryminalistyki» ամսագիրն անդրադարձել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին և վերջինիս գործունեությանը:

          Ամսագրում ներկայացված է որպես երկրում առաջատար դատափորձագիտական կառույցի՝ Բյուրոյի գործունեությունը, նկարագրվել են վերջին տարիների ձեռքբերումները, ինչպես նաև Բյուրոյի ունեցած առաջատար դերը փորձագետների կրթության և դատափորձագիտական  գործունեության զարգացման ապահովման գործում:

          Առանձնակի ուշադրության է արժանացել նաև 2019թ-ի սեպտեմբերի 25-ից 27-ը տեղի ունեցած Բյուրոյի հիմնադրման 15-ամյակին նվիրված «Դատափորձագիտական գործունեության արդի հարցերը, դատական փորձագիտության և քրեագիտության ժամանակակից խնդիրները, զարգացման միտումներն ու հեռանկարները» խորագրով միջազգային գիտագործնական գիտաժողովը և կարևորվել գիտաժողովի ընթացքում Բյուրոյի և Լեհաստանի ոստիկանության կենտրոնական քրեագիտական լաբորատորիայի միջև ստորագրված փոխգործակցության պայմանագրի շրջանակներում ունեցած ձեռքբերումներն ու ակտիվ համագործակցությունը:

          Հարկ է նշել, որ գիտաժողովը նոր խթան է հանդիսացել դատափորձագիտական ոլորտում հայ-լեհական կապերի ակտիվացման և համագործակցության շրջանակների ընդլայնման ուղղությամբ, որն ունի կարևոր նշանակություն Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական ոլորտի շարունակական զարգացման ապահովման համար:

Archive

Թողարկվել է «Դատական փորձաքննության և քրեագիտության հայկական հանդես» գիտական պարբերականի չորրորդ համարը

Լույս է տեսել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնադրման 15-րդ տարեդարձի առթիվ թողարկված  «Դատական փորձաքննության և քրեագիտության հայկական հանդես» վերտառությամբ գիտական պարբերականի հերթական՝ չորրորդ համարը:

          Հայտնում ենք, որ ԴՓՔՀՀ–ի չորրորդ համարի թողարկմանը զուգահեռ պարբերականի խմբագրական խորհրդի կողմից միջոցներ են ձեռնարկվել 2021թ.-ից պարբերականը՝ ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից հաստատված գիտական հրատարակությունների ցանկում ընդգրկելու համար և հաշվի առնելով այն, որ պարբերականն իր մեջ միավորում է դատափորձագիտական ոլորտի ընդհանուր և մասնավոր հիմնախնդիրների վերաբերյալ դատական փորձագետների, գիտահետազոտական աշխատանքներ իրականացնողների, ինչպես նաև իրավունքի և հարակից տարբեր ոլորտները ներկայացնող մասնագետների տեսակետները, նշված ցանկում պարբերականի ընդգրկման հանգամանքն առավել կարևոր հարթակ կձևավորի ոլորտի մասնագետների համար՝ հնարավորություն ընձեռելով իրենց գիտական աշխատանքների արդյունքները տպագրել Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից հաստատված ցուցակում ընդգրկված գիտական հրատարակությունում:

          Խմբագրական խորհուրդը բծախնդրորեն պահպանում է ԴՓՔՀՀ պարբերականում տպագրվող գիտական աշխատանքների պատշաճ մակարդակը և սահմանված չափանիշներին համապատասխանությունը՝ նպատակ ունենալով ապահովել վերջինիս ուրույն տեղը գրախոսվող գիտական պարբերականների շարքում:

          Պարբերականի թողարկված բոլոր համարների էլեկտրոնային տարբերակները զետեղված են պարբերականի պաշտոնական կայքում (www.journal.nbe.am):

Archive

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 2020թ-ի փոխգործակցությունը ENFSI-ի շրջանակներում

    2020 թվականին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը շարունակել է ակտիվ փոխգործակցությունը «Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի» (ENFSI) կազմում՝ համագործակցելով ինչպես ENFSI անդամ կազմակերպությունների հետ, այնպես էլ մասնակցելով աշխատանքային խմբերի գործունեությանը, նպատակ ունենալով՝ ամրապնդել  միջազգային կապերը, ընդլայնել փոխգործակցության ուղղություններն ու զարգացնել Կազմակերպության փորձագիտական հնարավորությունները, արդյունքում իրագործելով Կազմակերպության գիտամեթոդաբանական ապահովումը։ Հանդիսանալով Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի ՀՀ-ից միակ լիիրավ անդամը, շարունակաբար ուսումնասիրվել են ENFSI-ի կողմից դատափորձագիտական տարբեր տեսակներով թողարկված թվով 15 Լավագույն փորձի ձեռնարկների (Best Practice Manuals) տվյալները և իրականացվել համապատասխան հետազոտական աշխատանքներ՝ նպատակ ունենալով եվրոպական առաջատար դատափորձագիտական ստանդարտները և փորձը տեղայնացնել և ներդնել «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում և զարգացնել դատափորձագիտական ներուժը ՀՀ-ում:

     Նման փոխգործակցությունը գործուն հնարավորություն է ընձեռում ապահովելու միջազգային պրակտիկայում ընդունված նորարական փորձագիտական մեթոդների և տեխնոլոգիաների տեղայնացման և ներդրման արդյունավետ իրականացումը, ինչը մեծապես նպաստում է ինչպես գործնական խնդիրների արդյունավետ լուծմանը, այնպես էլ միջազգային հավատարմագրման իրականացման գործընթացներին:

     2020թ.-ի փոխգործակցության շրջանակներում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա.Հովսեփյանը, հանդիսանալով Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի մշտական ներկայացուցիչ մասնակցել է ENFSI-ի համակարգում մշակված փաստաթղթերի քննարկման գործընթացներին և հաստատմանը:

     Տնօրեն Ա.Հովսեփյանը և Կազմակերպության համապատասխան մասնագետները առցանց  մասնակցել են  2020թ.-ի նոյեմբերի 18-ին Իսպանիայի Մադրիդ քաղաքում անցկացվող ENFSI-ի անդամ կառույցների կողմից կազմակերպված ENFSI-ի տարեկան համաժողովին:

     Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է ENFSI-ի կազմում փոխգործակցության շարունակականության ապահովումը՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետությունում դատական փորձաքննության և քրեագիտության զարգացմանն ու հավաստի արդյունքների ստացմանը:

Archive

Անցկացվել է միջազգային գիտամեթոդական սեմինար «Գրական և գեղարվեստական ստեղծագործությունները՝ որպես դատական փորձաքննության օբյեկտներ մտավոր սեփականության ոլորտում»

  2020 թվականի դեկտեմբերի 29-ին տեղի է ունեցել ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Ուկրաինայի արդարադատության նախարարության մտավոր սեփականության հարցերով դատական փորձաքննությունների գիտահետազոտական կենտրոնի հետ համատեղ կազմակերպված միջազգային գիտամեթոդական սեմինար: Հաշվի առնելով կորոնավիրուսային համաճարակի տարածման կանխման առումով ՀՀ-ում և Ուկրաինայում մտցված սահմանափակումները, նշված միջոցառումը Ուկրաինայի գործընկերների հետ իրականացվել է առցանց՝ տեսակապի միջոցով:

 Նման միջազգային գիտամեթոդական սեմինարի անցկացման նպատակն էր՝ փոխանակվել տեսամեթոդաբանական գիտելիքներով և հեղինակային իրավունքի փորձագիտական հետազոտությունների իրականացման փորձով, ինչպես նաև վերհանել և վերլուծել ոլորտում առկա խնդիրները, ներկայացնել ժամանակակից ձեռքբերումներն ու նվաճումները Հայաստանի Հանրապետությունում և Ուկրաինայում, կատարելագործել տվյալ բնագավառի փորձագիտական հնարավորությունները և  բարձրացնել Հայաստանի Հանրապետությունում տվյալ ոլորտում իրականացվող դատական փորձաքննությունների արդյունքների արժանահավատությունը:

Միջազգային գիտամեթոդական սեմինարին մասնակցել են ներկայացուցիչներ ինչպես Հայաստանի Հանրապետությունից, այնպես էլ Ուկրաինայից: Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա.Հովսեփյանը և Ուկրաինայի Արդարադատության նախարարության մտավոր սեփականության հարցերով դատական փորձաքննությունների գիտահետազոտական կենտրոնի տնօրեն         Վ. Ֆեդարենկոն: Այնուհետև զեկույցներ են ներկայացրել Բյուրոյի և Ուկրաինայի գործընկեր կազմակերպության առաջատար մասնագետներ և գիտնականեր: Զեկույցները նվիրված էին Ուկրաինայում և Հայաստանում հեղինակային իրավունքի օբյեկտների դատական փորձաքննության ներկա վիճակին, զարգացման հեռանկարներին և այլ համապատասխան  թեմաներին:

Նմանատիպ համատեղ միջոցառման իրականացումը Փորձաքննությունների ազգային բյուրոյի և Ուկրաինայի արդարադատության նախարարության մտավոր սեփականության հարցերով դատական փորձաքննությունների գիտահետազոտական կենտրոնի միջև դեռևս 2019թ. սեպտեմբերին կնքված համագործակցության  հուշագրի դրույթների լավագույն դրսևորումներից է, որը նպատակաուղղված է նաև 2021թ.-ին մտավոր սեփականության օբյեկտների դատական փորձաքննության հայ-ուկրաինական մեթոդական գրասենյակի ձևավորմանն ու տվյալ ոլորիտի զարգացման ապահովմանը մեր երկրում:

Archive

Փորձաքննությունների ազգային բյուրոն կիրառել է նորարարական գերժամանակակից տեխնիկա պայթյունի վայրը հետազոտելիս

Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող բազմաբնակարան շենքում սույն թվականի օգոստոսի 26-ին տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Փորձաքննությունների ազգային բյուրոյում նշանակված մի շարք համալիր փորձաքննությունների շրջանակներում սույն թվականի օգոստոսի 27-ին Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Ա.Հովսեփյանի գլխավորությամբ դեպքի վայրում կազմակերպվել և համալիր փորձագիտական հանձնաժողովի կողմից իրականացվել են անհրաժեշտ փորձագիտական հետազոտություններ՝  նորարարական գերժամանակակից տեխնիկայի կիրառմամբ:
Փորձագիտական աշխատանքային խմբում ընդգրկված էին Փորձաքննությունների ազգային բյուրոյի պայթյունատեխնիկական, ճարտարագիտատեխնիկական, շինարարատեխնիկական և ապրանքագիտական բնագավառների փորձագետները։
Դեպքի վայրի հետազոտման համար օգտագործվել է Փորձաքննությունների ազգային բյուրոյի կողմից 2019 թվականին ձեռք բերված՝ տարածաշրջանում եզակի «Leica Geosystems» ընկերության վերջին սերնդի բարձր արագության Leica RTC360 3D լազերային գերժամանակակից սկաները, որի կիրառմամբ րոպենների ընթացքում հնարավոր է եղել ստանալ պայթյունի հետևանքով բազմաբնակարան շենքի վնասված և հարակից հատվածների ամբողջական պատկերը՝ նաև 3D ձևաչափով, անհրաժեշտ բոլոր ճշգրիտ չափային տվյալներով:
Նշված սկաները հնարավորություն է տալիս դատական փորձագիտության բնագավառում փորձաքրեագիտական լիցենզավորված ծրագրերի կիրառմամբ հետազոտություններ իրականացնել և ճշգրիտ արդյունքներ ստանալ ինչպես  նմանատիպ, այնպես էլ ձգաբանական, ՃՏՊ հանգամանքների, պայթյունատեխնիկական և շինարարատեխնիկական այլ փորձաքննություններ, ինչպես նաև համապատասխան քրեագիտական մյուս տեսակներով փորձաքննություններ իրականացնելիս դեպքի վայրում հետազոտելի օբյեկտների, այդ թվում` ճանապարհաշինարարության, հանքարդյունաբերության, հրդեհի, պայթյունի, ՃՏՊ վայրի և այլ բնագավառների փորձագիտական հետազոտությունների իրականացման ճշգրիտ, ամբողջական և հստակ տվյալների ներառումով սկանավորման պատկերների ստացումը՝ երաշխավորելով փորձաքննության արդյունքների հավաստիությունը: 
Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական բնագավառում նշված սարքի և համապատասխան ծրագրային ապահովումների ձեռքբերումն ու կիրառումը կարևոր քայլ է դեպի նոր տեխնոլոգիաների և  միջազգային չափանիշների ինտեգրումը մեր երկրի դատափորձագիտական ոլորտում՝ ապահովելով ժամանակակից գիտական պատկերացումներին համապատասխան հետազոտական մեթոդների կիրառությունը: 

Archive

ՀՀ ԳԱԱ «Փորձաքնննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը ձեռք է բերել «UDT-RF PRO» տեսակի ուլտրաձայնային հաստաչափ

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հետազոտական հնարավորությունները համալրվել են ուլտրաձայնային հատուկ բազմաֆունկցիոնալ չափիչ սարքով, որն ունի կիրառման լայն հնարավություններ և մեծ պահանջարկ՝ տարաբնույթ փորձաքննությունների հետազոտական ճշգրիտ արդյունքների ստացման համար, որոնց զգալի մասը վերաբերում են նաև պետությանը պատճառված վնասի չափի պարզմանն ուղղված գործերով նշանակված փորձաքննություններին:
Փորձագիտական հետազոտությունների իրականացման շրջանակներում նշված սարքի հնարավորությունների լիարժեք կիրառության ապահովման համար սույն թվականի հուլիսի 16-ին Փորձաքննությունների ազգային բյուրոյի համապատասխան փորձագետները մասնակցել են վեբինարի /տեսակոնֆերանսի/, որն անցակցրել են արտերկրի համապատասխան որակավորում ունեցող մասնագետները: Վերբինարի ընթացքում արտերկրի մասնագիտացված կառույցի ղեկավարի կողմից մանրամասն ներկայացվել են սարքի հնարավորություններն, աշխատանքային ռեժիմների կարգավորումները և շահագործման կանոները՝ հետազոտական աշխատանքների առավել արդյունավետ իրականացման և ճշգրիտ արդյունքների ստացման համար:
Փորձաքննությունների ազգային բյուրոն հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը շարունակաբար բարելավում է իր տեխնիկական բազան՝ ներդնելով միջազգային պրակտիկայում ընդունված և արդյունավետ կիրառում ունեցող փորձագիտական նոր հետազոտական հնարավորություններ՝ ապահովելով ժամանակակից հետազոտական հնարավորությունների կիրառմամբ հավաստի արդյունքների ստացման կարևոր գործընթացի իրականացումը:

Archive

Կատարվել են փորձագիտական ծավալուն հետազոտություններ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում

Փորձաքննությունների ազգային բյուրոյի աշխատանքային խումբը՝ տնօրեն Ա.Հովսեփյանի գլխավորությամբ մեկնել էին Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներ սույն թվականի հուլիսի 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից  Տավուշի մարզի մի շարք խաղաղ բնակավայրերի և քաղաքացիական կառույցների ուղղությամբ ծանր հրետանային տեխնիկայից, ականանետերից և այլ զինատեսակներից  արձակված կրակոցների և դրանց հետևանքով պատճառված պայթյունաբեկորային  վնասվածքների փաստերով հարուցված քրեական գործերով Փորձաքննությունների ազգային բյուրոյում նշանակված մի շարք համալիր փորձաքննությունների շրջանակներում տեղում անհրաժեշտ փորձագիտական հետազոտությունների իրականացման, կիրառված զենքերի տեսակների, կիրառման մեխանիզմների և այլ առանձնահատկությունների, ինչպես նաև պատճառված վնասների չափերի և այլ հարցերի պարզման նպատակով։
Աշխատանքային խմբում ընդգրկված էին Փորձաքննությունների ազգային բյուրոյի փորձաքննությունների գծով տնօրենի տեղակալը, պայթյունատեխնիկական, ձգաբանաքիմիական, շինարարատեխնիկական և ապրանքագիտական բնագավառների փորձագիտական ստորաբաժանումների ղեկավարները և փորձագետներ։
Գործուղման օրերի ընթացքում սահմանամերձ համայնքներում փորձագիտական խմբի կողմից կատարվել են անհրաժեշտ ծավալով հետազոտություններ՝ Միավորված ազգերի կազմակերպության /ՄԱԿ/ կողմից ընդունված՝ «Ապօրինի մահվան հավանական դեպքերի քննության մասին Մինեսոտայի արձանագրության, (2016թ.)» պահանջների՝ ռազմական հանցագործությունների քննության ընթացքում կիրառելի միջազգային նորմերի պահպանմամբ, որոնց արդյունքում փորձագիտական եղանակով ապացույցների ձեռքբերումն ունի կարևոր նշանակություն ոչ միայն քրեադատավարական գործընթացների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ իրականացմանն օժանդակելու, այլ նաև Հայաստանի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը կոպտորեն խախտելու,  խաղաղ բնակչության նկատմամբ ծանր հրետանային տեխնիկայի, ականանետերի և այլ զինատեսակների կիրառմամբ  իրականացված ռազմական ագրեսիայի հետ կապված միջազգային իրավական գործընթացների օբյեկտիվ ընթացքի ապահովմանն օժանդակելու հարցում։

Archive

Թողարկվել է «Դատական փորձաքննության և քրեագիտության հայկական հանդես» գիտական պարբերականի երրորդ համարը

Լույս է տեսել «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից 2019 թվականին հիմնադրված «Դատական փորձաքննության և քրեագիտության հայկական հանդես» գիտական պարբերականի երրորդ համարը։
Ամսագրի հիմնական նպատակն է հանդիսանում իր էջերում միավորել ոլորտի ընդհանուր և մասնավոր հիմնախնդիրների վերաբերյալ դատական փորձագետների, ինչպես նաև իրավունքի և հարակից տարբեր ոլորտները ներկայացնող մասնագետների տեսակետները, որոնք ի հայտ են գալիս գիտահետազոտական և գիտագործնական աշխատանքների իրականացման, ժամանակակից լավագույն փորձի վերլուծության և համակարգման ընթացքում, ինչպես նաև կարևոր են դատափորձագիտության և քրեագիտության ոլորտների շարունակական զարգացումն ապահովելու համար:
Նախատեսվում է ամսագրի թողարկումներում համակարգված և համապարփակ կերպով դիտարկել փորձագիտական հետազոտությունների իրականացման միասնական գիտական և մեթոդական մոտեցման ձևավորման արդյունավետ մեխանիզմները: Այդ իսկ պատճառով կարևոր է ինչպես դատական փորձաքննության ոլորտում միջպետական և ազգային ստանդարտների մշակումը, այնպես էլ միջմասնագիտական գիտական կապերի ամրապնդումն ու միատեսակ մոտեցումների ձևավորումը:
Նման նպատակային գիտագործնական ամսագրի հրատարակումն անխուսափելիորեն ենթադրում է ոչ միայն մեր գործընկերների` դատական փորձագետների, այլ նաև ոլորտի տարբեր բնագավառների մասնագետների (գիտական աշխատողների, ասպիրանտների և այլոց), ինչպես նաև դատաիրավական ոլորտի մասնագետների մասնակցությունը հետագա հրատարակումների գործընթացին, որոնց աշխատանքներն ուղղակիորեն կամ անուղղակիորեն առնչվում են դատափորձագիտական գործունեությանը:
Խմբագրական խորհուրդը մեծ պատասխանատվությամբ գիտակցում է գիտական հրատարակման բարձր մակարդակի ապահովման կարևորությունը՝ ձեռնարկելով տվյալ նպատակի իրագործմանն ուղղված համապատասխան քայլեր, որը հնարավորություն կընձեռի ընթերցողին նորովի ընկալել դատական փորձաքննության և քրեագիտության ոլորտի համաշխարհային միտումները:
Պարբերականի թողարկված համարների էլեկտրոնային տարբերակները զետեղված են պարբերականի պաշտոնական կայքում ՝www.journal.nbe.am:

Archive

Հրատարակվել է «Դատական փորձաքննությունների տեսական և գործնական արդի հիմնախնդիրները» գիտագործնական ձեռնարկը

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի  «Փորձաքնննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի ակտիվ համագործակցության շրջանակներում ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի պրոֆեսոր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Գուրգենի Ենգիբարյանի և ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի դատական բժշկության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Արգամ Նորայրի Հովսեփյանի համահեղինակությամբ ՀՀ-ում առաջին անգամ հրատարակվել է  «Դատական փորձաքննությունների տեսական և գործնական արդի հիմնախնդիրները» գիտագործնական ձեռնարկը, որի գիտական խմբագիրն է ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Վահանի Առաքելյանը:
Գիտագործնական ձեռնարկում ներկայացված են դատական փորձաքննությունների նշանակման և կատարման, ինչպես նաև դրանց արդյունքների դատավարական նշանակության վերաբերյալ առավել հրատապ և արդի հիմնախնդիրները, որոնց վերաբերյալ լուծումներ գտնելը կարևոր է ոչ միայն նոր իրավակարգավորումներ սահմանելու, այլ նաև միասնական իրավակիրառ և փորձագիտական պրակտիկա ձևավորելու համար:
 «Դատական փորձաքննությունների տեսական և գործնական արդի հիմնախնդիրները» հայալեզու գիտագործնական ձեռնարկը իր տեսակով և բովանդակությամբ միակն է Հայաստանի Հանրապետությունում և կարող է օգտակար լինել իրավաբանական բուհերի և ֆակուլտետների բակալավրիատի և մագիստարատուրայի ուսանողների, հետբուհական կրթության ունկնդիրների, դասախոսների, ասպիրանտների, հայցորդների, դատական փորձագիտության հիմնախնդիրների ուսումնասիրությամբ զբաղվող իրավաբանների և այլ բնագավառների մասնագետների, ինչպես նաև իրավակիրառ և իրավապահ համակարգի տարբեր մարմինների համար:
Փորձաքննությունների ազգային բյուրոն բարձր է գնահատում արդյունավետ փոխգործակցության շարունակականության ապահովումը և որպես դրա արդյունք նման գիտագործնական ձեռնարկի հրատարակումը, որն ընթերցողին է ներկայացնում փորձագիտական գործունեության ոլորտի տեսաիրավական ու գործնական հիմնախնդիրների վերաբերյալ համալիր հետազոտությունների ամփոփ տեղեկություն և հավակնում է համալրելու համապատասխան իրավասու մարմինների աշխատակիցների կողմից գործնական լայն կիրառություն ունեցող մասնագիտական գրքերի շարքը:

Archive

Տեղի է ունեցել ՀՀ ԳԱԱ համակարգում գործող դատական փորձագետի որակավորման հանձնաժողովի հերթական նիստը

2020թ.-ի հունիսի 12-ին ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում գործող դատական փորձագետի որակավորման հանձնաժողովի ընթացիկ տարվա առաջին նիստը: Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում պարետի ընդունած որոշումներով՝ հանձնաժողովի նիստն անցկացվել է բացօթյա պայմաններում՝ պահպանելով բոլոր սահմանված նորմերն ու հակահամաճարակային կանոնները:
Նիստի օրակարգում ներառված էին ՀՀ ԳԱԱ համակարգում դատական փորձագետի որակավորման հավաստմանը ներկայացված թվով 16 հայտերի զեկույցների քննարկման և որոշումների ընդունման հարցերը:
Սահմանված բարձր պահանջների համապատասխան ՀՀ ԳԱԱ համակարգում դատական փորձագետի որակավորման հանձնաժողովի գործունեությունը և «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում դատական փորձագետի որակավորման հավակնորդների ուսուցման և որակավորման դասընթացների իրականացման գործընթացում ներդրված ջանքերը նպատակ ունեն որպես խոշոր դատափորձագիտական կազմակերպություն «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագիտական անձնակազմը համալրել անհրաժեշտ գիտելիքներով և գործնական հմտություններով օժտված որակյալ փորձագետներով, դրանով իսկ նպաստելով բարձր ապացուցողական նշանակություն ունեցող արդյունքների ձեռք բերմանը դատավարական գործընթացներում։

Archive

Իրազեկում

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր «ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ (COVID-19)» վարակի տարածման վտանգը և ելնելով շփումների սահմանափակման անհրաժեշտությունից` վարակի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակներում, ղեկավարվելով Պարետի ցուցումներով, ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը ժամանակավորապես դադարեցնում է դիմումների, գրությունների, ինչպես նաև այլ փաստաթղթերի առձեռն (թղթային) տարբերակով ընդունման գործընթացը։ 
Նշված ժամանակահատվածում ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ մուտքագրման ենթակա փաստաթղթերը կարող եք ներկայացնել էլեկտրոնային տարբերակով՝ ուղարկելով Կազմակերպության info@nbe.am էլ-փոստի հասցեին:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի վարչական բաժին՝ 010 777710 (*107,*114) հեռախոսահամարներով:

Archive

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի աշխատակիցների մասնակցությունը «ԳՕՍՏ ԻՍՕ-ԻԷԿ 17025:2019 ստանդարտի պահանջներին համաձայն որակի հսկողության ապահովումը» խորագրով վերապատրաստման դասընթացին

2020 թվականի մարտի 10-ին և 11-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում փորձարկման և տրամաչափարկման լաբորատորիաների համար իրականացվել է «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպված «ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025:2019 ստանդարտի պահանջներին համաձայն որակի հսկողության ապահովումը» խորագրով վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել են նաև «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի մի շարք աշխատակիցներ (որակի ապահովման բաժնի պետ Էլմիրա Նալբանդյանը, տեղեկատվական ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Աննա Հարությունյանը, ֆիզիկատեխնիկական հետազոտությունների և քիմիական փորձաքննությունների բաժնի թմրանյութերի, հոգեմետ և թունավոր նյութերի փորձաքննությունների բաժանմունքի պետ Աննա Թովմասյանը, ձգաբանական փորձաքննությունների բաժնի պետ Վասպուր Հովհաննիսյանը, նույն բաժնի փորձագետ Արմեն Քոչարյանը, սննդամթերքի և խմիչքների փորձաքննությունների բաժնի պետ Թորոս Ավետիսյանը, նույն բաժնի փորձագետներ Նունե Անդրեասյանը և Անաիդա Ցականյանը, պայթյունատեխնիկական և հրդեհատեխնիկական փորձաքննությունների բաժնի լաբորանտ Քրիստինե Մաչկալյանը):
Դասընթացն անցկացվել է EuraChem-ի չափման անորոշությունների և հետևելիության աշխատանքային խմբի անդամ Կարեն Դարբինյանի կողմից: Դասընթացի ընթացքում մանրամասն ներկայացվել է նոր ստանդարտի պահանջներին համապատասխան արժեքավոր տեղեկատվություն լաբորատորիաներում կիրառվող ստանդարտ նմուշների, սերտիֆիկացված ստանդարտ նմուշների, մեթոդների վալիդացման և դրա չափանիշների, մեթոդների հետևելիության, ճշտության, չափման արդյունքների, չափման անորոշության, չափման անորոշության տեսակների և դրանց հաշվարկման մեթոդների վերաբերյալ, որոնք ունեն կարևոր նշանակություն որակի կառավարման համակարգի կատարելագործման և միջազգային չափանիշներին համապատասխանեցման համար:
Դասընթացի ավարտին մասնակիցներին տրվել են համապատասխան վկայականներ:

Archive

‹‹Փորձաքննությունների ազգային բյուրո›› ՊՈԱԿ-ի մասնակցությունը CyberEast ծրագրի շրջանակներում իրականացվող սեմինար-քննարկմանը

2020 թվականի մարտի 10-ին ‹‹Փորձաքննությունների ազգային բյուրո›› ՊՈԱԿ-ի համակարգչատեխնիկական փորձաքննությունների բաժնի փորձագետները մասնակցել են CyberEast ծրագրի շրջանակներում ծրագրի հայաստանյան խմբի կողմից կազմակերպված, Եվրամիության և Եվրոպական խորհրդի CyberEast նախագծի աջակցությամբ ‹‹Ֆինանսական հանցագործությունները և դրանց հակազդման մեխանիզմները›› խորագրով սեմինար-քննարկմանը, որին մասնակցել են նաև ներկայացուցիչներ՝ ՀՀ արդարադատության և ՀՀ արտաքին գործերի նախարարություններից, ՀՀ դատախազությունից, ՀՀ ոստիկանությունից, ՀՀ քննչական կոմիտեից, ՀՀ պետական եկամուտների կոմիտեից, ՀՀ կենտրոնական բանկից և այլ կազմակերպություններից։ 
CyberEast ծրագիրն աջակցում է Արևելյան գործընկեր երկրներին՝ պատշաճ կերպով հասկանալու տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով օժանդակված ֆինանսական հանցագործության և հանցավոր մուտքերի հետ կապված խնդիրների շրջանակը: 
Սեմինարն անցկացրել են CyAN կիբերանվտանգության կառավարման խորհրդատու Հեյն Դրեյսը, փորձագետ Մայկ Ջեյմերսոնը, CyberEast ծրագրի համակարգող Սեսիլիա Պոպեռը, որի ընթացքում քննարկվել են ֆինանսական հետախուզության աշխատանքները և հնարավորությունները, տիպաբանությունը, ցուցանիշները և հաշվետվության մեխանիզմները, ֆինանսական հետաքննությունների և կիբերհանցագործության հետ կապը, համագործակցության հնարավորություններն ազգային և միջազգային մակարդակներում և այլն: 
Պարբերաբար իրականցվող նման սեմինար–քննարկումների նպատակն է իրավասու ներկայացուցիչներին ծանոթացնելու արդյունավետ միջոցներ մշակող տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և արդյունավետության բարձրացման, ֆինանսական հանցագործությունների հակազդման մեխանիզմների վերահսկման, թվային շուկաների ներդաշնակեցման ռազմավարության մշակման առանձնահատկություններին, որոնք կնպաստեն համաեվրոպական էլեկտրոնային կառավարման և էլեկտրոնային ծառայությունների մատուցման առկա խոչընդոտների և պատնեշների վերացմանը՝ լուծելով նշված ուղղությամբ առկա բազմաթիվ խնդիրներ: