slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Արխիվ 2014

Archive

Երևանի քաղաքապետարանի և Փորձաքննությունների ազգային բյուրոյի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արտաշես Ջավադյանի հետ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Կարևորելով քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում բյուրոյի հետ ակտիվ փոխգործակցության ձևավորումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ ստորագրվելիք հուշագրի շրջանակում այն կլինի երկուստեք շահավետ:

«Փորձաքննությունների ազգային բյուրո կատարած իմ աշխատանքային շրջայցի ընթացքում ծանոթանալով կառույցի գործառույթներին ու պայմաններին՝ պարզ դարձավ, որ քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում տարատեսակ փորձաքննությունների մասով իսկապես առկա է համագործակցության լայն դաշտ: Համոզված եմ, որ ստորագրվելիք հուշագրի շրջանակում թե՛ փորձի փոխանակման ու խորհրդատվության և թե՛ կոնկրետ խնդիրների լուծման ուղղությամբ կձևավորենք փոխշահավետ համագործակցություն»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու համագործակցության պատրաստակամության համար՝ Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արտաշես Ջավադյանն էլ իր հերթին վստահեցրել է, որ համագործակցության հուշագրով նախանշված քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կմատուցվեն արդյունավետ ու որակյալ խորհրդատվական ծառայություններ:

«Կատարվող տարատեսակ փորձաքննությունների ու տեխնիկական փորձարկումների համար այսօր բյուրոյում կիրառվում են ժամանակակից արդյունավետ հետազոտական մեթոդներ, և վստահեցնում եմ Ձեզ, պարոն քաղաքապետ, որ մենք կանենք հնարավորը, որպեսզի հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում ունենանք հաջողված համագործակցություն»,- ընդգծել է Արտաշես Ջավադյանը:

Հանդիպման շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արտաշես Ջավադյանը ստորագրել են համագործակցության հուշագիր:

Ըստ այդմ, կողմերը պարտավորվել են մասնագիտական տեղեկատվության և փորձի փոխանակում իրականացնել քաղաքաշինության, բնապահպանության, առողջապահության, էլեկտրոնային հաղորդակցության, մշակութային և մի շարք այլ ոլորտներում:

Archive

Հետքաբանների այցը փորձաքննությունների ազգային բյուրո EN

2014թ. նոյեմբերի 24- 28-ը INL ծրագրի շրջանակներում աշխատանքային այցով «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ էր ժամանել ԱՄՆ Տեքսաս նահանգի Բեքսար Քաունթի քրեափորձագիտական լաբորատորիայի հետքային ապացույցների բաժնի ղեկավար Մայքլ Մարտինեսը:

Այցի նպատակն էր անցկացնել կազմակերպության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների վերապատրաստման սեմինար պարապմունքներ Niton ռենտգենա-ֆլուորեսցենտային անալիզատորի հետ աշխատելու և ստացված արդյունքների հետագա մշակման վերաբերյալ: Սեմինար պարապմունքներին, որոնք կազմված էին տեսական և գործնական մասերից, մասնակցում էին կազմակերպության ֆիզիկատեխնիկական հետազոտությունների և քիմիական փորձաքննությունների, ձգաբանական փորձաքննությունների, պայթյունատեխնիկական և հրդեհատեխնիկական փորձաքննությունների բաժինների փորձագետները:

Սեմինարների ընթացքում քննարկվել են հարցեր Niton ռենտգենա¬ֆլուորեսցենտային անալիզատորի ներկայիս տեխնիկական հնարավորությունների և ֆիզիկատեխնիկական հետազոտությունների և քիմիական փորձաքննությունների բաժնի կողմից նշված սարքի օգնությամբ իրականացվող գիտական և փորձագիտական աշխատանքների համար դրանց արդյունավետության վերաբերյալ, ինչպես նաև սարքի ծրագրային հնարավորությունների հետագա վերազինման և արդիականացման վերաբերյալ, ինչն էլ ավելի կընդլայնի սարքի կիրառման ոլորտները:

Archive

Քաղաքապետն այցելել է Փորձաքննությունների ազգային բյուրո

2014թ. նոյեմբերի 27-ին Փորձաքննությունների ազգային բյուրո այցելեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ուղեկցող պատվիրակությամբ։ Այցի նպատակն էր ծանոթանալ Հայաստանի Հանրապետության առաջատար փորձագիտական կառույցներից մեկի աշխատանքներին, կատարվող փորձագիտական հետազոտությունների հնարավորություններին։ Մասնավորապես, ինչպես հայտնի է, Երևանի քաղաքապետարանը գործունեության կարևորագույն ոլորտներից է հանդիսանում քաղաքաշինությունը և նորարական բնույթի այլ զարգացման ծրագրերի իրականացումը, ինչպես նաև քաղաքային տնտեսության ծառայությունների ամենօրյա աշխատանքի ապահովումը։ Այդ առումով խիստ կարևոր է կազմակերպել փոխշահավետ համագործակցությունը իրավասու փորձագիտական կառույցի հետ՝ մի կողմից ծրագրերի և կատարվող աշխատանքների փորձագիտական ուղեկցման, ինչպես նաև գիտակրթական գործունեության մի շարք ակտուալ ուղղություններով, դրանց թվում՝ շինարարական արդյունաբերության, ֆինանսատնտեսագիտական գործունեության, բնապահպանության, հաղորդակցության, թվային տեխնոլոգիաների, առողջապահության, տրանսպորտի և այլն։

Ոչ մեկի համար գաղտիք չէ, որ նույնիսկ ունենալով մի շարք տեսչական և ստուգող ծառայություններ, խիստ կարևոր է ժամանակ առ աժամանակ ստանալ վերլուծական բնույթի անկախ տեղեկավտություն, ինչպես այս կամ այն ծրագրի գործարկման կամ ընթացիկ գործունեության որևէ ուղղությամբ  աշխատանքների սկզբնական փուլում, այնպես էլ դրանց  կատարման ընթացքում և, որ առավել ակտուալ է, դրանց ավարտից հետո կատարված աշխատանքների համապատասխանության և արդյունավետության գնահատման ժամանակ։ Այս բոլոր փուլերում, ինչպես ցույց է տալիս զարգացած եվրոպական երկրների փորձը, էական և որոշ դեպքերում առանցքային դեր ունեն իրավասու փորձագիտական կառույցները։ Այս առումով Փորձաքննությունների ազգային բյուրոյի հետ համագործակցության պայմանագրի նախապատրաստումը խիստ հրատապ է, առանձնապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ կազմակերպությունը լայնորեն կիրառում է միջազգային ստանդարտները, ինչպես նաև միջազգային փորձը փորձագիտական գործունեության ոլորտում։ Մյուս կողմից, տվյալ համագործակցության պայմանագիրը խիստ օգտակար է նաև Փորձաքննությունների ազգային բյուրոյի համար միջազգային համագործակցության ընդլայնման առումով։

Ինչպես հայտնի է, Երևանի քաղաքապետարանը վերջին տարիներին կարողացել է ուղիղ երկկողմանի կապեր հաստատել մի շարք եվրոպական մայրաքաղաքների, քաղաքների հետ, ինչը ընդլայնում է միջազգային համագործակցության շրջանակները և միանշանակ կարող է նպաստել համագործակցության ծրագրերի առաջընթացին բոլոր ուղղություններով, այդ թվում՝ և փորձագիտական գործունեության գիտագործնական և կրթական ոլորտներով։

Այցի արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել սկսել համագործակցության համատեղ ծրագրերի նախապատրաստումը։

Archive

Վրաստանի և Հայաստանի քրեափորձագիտական համագործակցության շրջանակների ընդլայնում

2014թ. օգոստոսի 24-ից 27-ը  Փորձաքննությունների ազգային բյուրոյի  տնօրենի տեղակալ Պ. Ոսկայանը, ֆիզիկատեխնիկական հետազոտությունների և քիմիական փորձաքննությունների բաժնի պետ Կ. Ղարաջյանը, համակարգչային փորձաքննությունների բաժնի պետ Հ. Հերթևցյանը և որակի ապահովման բաժնի պետ էլմիրա Նալբանդյանը  Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատան Թմրանիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (INL) գրասենյակի աջակցությամբ գործուղվեցին Վրաստանի Հանրապետության ք.Թիբլիսի՝ Լևան Սամխարաուլիի անվան Ազգային քրեափորձագիտական բյուրո։

Այցի ընթացքում պատվիրակության անդամները ծանոթացել են փորձարկումների մեթոդներին և ընթացակարգերին, սարքավորումների օգտագործման և կառավարման հրահանգներին, փորձարկումների ենթակա նմուշների հետ վարվելու հրահանգներին, ստանդարտներին, ձեռնարկներին և տեղեկատվական տվյալներին։ Տեղում ծանոթացել են՝

- քիմիական և տոքսիկոլոգիական բաժնի կողմից իրականացվող թմրանյութերի, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների, դեղամիջոցների, խիստ ներգործող և թունավոր նյութերի փորձաքննություններին,

- տեղեկատվական տեխնոլոգիական և համակարգչային փորձաքննությունների բաժնում իրականացվող ինֆորմացիայի հետազոտության վերականգման, ցանցային, համակարգչային, սարքավորումների փորձաքննությունների աշխատանքներին,

- սննդային, ալկոհոլային և ոչ ալկոհոլային փորձաքննությունների բաժնում իրականցվող սննդային փորձաքննությունների աշխատանքներին,

- յուղերի /նավթամթերքների/ որակի փորձաքննությունների բաժնում իրականացվող նավթամթերքների և քսանյութերի փորձաքննությունների աշխատանքներին։

Միևնույն ժամանակ ծանոթացել են նաև ներքին աուդիտի, աշխատողների որակավորման ստուգումների, մեթոդների վալիդացման աշխատանքների հետ։

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց փոխշահավետ համագործակցության շրջանակներում գիտական համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ, այդ թվում նաև գրանտային ծրագրերի համագործակցության, ինչպես նաև երկու կազմակերպությունների միջև տեղեկատվության փոխանակման աշխատանքների իրականցման վերաբերյալ, որը  հետագայում հնարավորություն կտա մշակել համատեղ փոխշահավետ տարածաշրջանային ծրագրեր Հարավային Կովկասում դատափորձագիտական ոլորտում։

Archive

ՓԱԲ աշխատակիցների մասնակցությունը միջազգային դասընթացին և դատափորձագիտական լաբորատորիայի աուդիտին

2014 թվականի հուլիսի 20-ից 31-ը Փորձաքննությունների ազգային բյուրոյի որակի ապահովման բաժնի պետ Էլմիրա Նալբանդյանը և ներքին աուդիտի խմբի ղեկավար, պայթյունատեխնիկական և հրդեհատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Դավիթ Մելքումյանը ԱՄՆ դեսպանատան Թմրանիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (INL) գրասենյակի աջակցութամբ գործուղվեցին ք. Կիև (Ուկրաինա)՝ մասնակցելու ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Քրեական բաժնի Միջազգային քրեական հետաքննության Միջազգային ուսումնակրթական օժանդակության ծրագրի (ICITAP) կողմից կազմակերպված «Դատափոր¬ձագի¬տական լաբորատորիաների ԻՍՕ/ԻԷԿ 17025:2005 ստանդարտով հավատարմագրման վերաբերյալ ռազմավարական պլանավորում և նախապատրաստում. ուսուցանողների ուսուցում» թեմայով դասընթացին: Գործուղումը կազմված էր տեսական և գործնական փուլերից։

Տեսական փուլին մասնակցում էին Ուկրաինայի դատափորձագիտական կառույցների՝ արդարադատության նախարարության Կիևի դատական փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտի, ՆԳՆ գիտահետազոտական քրեափորձագիտական կենտրոնի և դրա մարզային ստորաբաժանումների, ինչպես նաև Հայաստանի և Մոլդովայի փորձագիտական կառույցների ներկայացուցիչները։

Դասընթացը վարում էր ԱՄՆ-ի ANSI-ASQ (Ամերիկայի ստանդարտների ազգային ինստիտուտ-Ամերիկյան որակի ընկերություն) հավատարմագրման ազգային հանձնաժողովի հսկողության և քրեափորձագիտական ոլորտի հավատարմագրման մենեջեր Թերրի Միլսը, աջակցում էր ICITAP ծրագրի կոորդինատոր Իվան Վինիչենկոն: Դասընթացի ընթացքում ներկայացվել են «ԻՍՕ ստանդարտներ և հիերարխիան ստանդարտների աշխարհում – ընդհանուր պատկերացումներ», «Դատափորձագիտական ինստուտներին վերաբերող այլ ստանդարտներ (ILAC G19, G17)» և «ԻՍՕ/ԻԷԿ 17025:2005 (2006) ստանդարտի լեզվի և ընդհանուր տերմինների հասկացողությունը» թեմաները, ինչպես նաև քննարկվել են ԻՍՕ/ԻԷԿ 17025:2005 ստանդարտի 4-րդ և 5-րդ բաժինների պահանջները, որոնք մասնավորապես վերաբերվում են մեթոդների վալիդացմանը, չափման անորոշության գնահատմանը, ներքին աուդիտի, ուղղիչ, կանխարգելիչ և բարելավման գործողությունների իրականացմանը:

Դասընթացի ավարտին անցկացվել է իրավիճակային թեստավորում, որի դրական արդյունքների հիման վրա մասնակիցներին շնորհվել են վկայագրեր՝ դասընթացը բարեհաջող ավարտելու կապակցությամբ:

Գործուղման գործնական փուլն անց է կացվել Ուկրաինայի ՆԳՆ Վինիցայի մարզային վարչության գիտահետազոտական քրեափորձագիտական կենտրոնում, որտեղ իրականացվեց կենտրոնի լաբորատորիաների արտաքին աուդիտ՝ համաձայն ԻՍՕ/ԻԷԿ 17025:2005 ստանդարտի պահանջների:

Այցելության վերջին օրը տեղի է ունեցել ամփոփիչ ժողով, որի ընթացքում իմի են բերվել աուդիտի արդյունքները՝ ընդհանուր առմամբ այն գնահատելով դրական: Աուդիտին ներկա գտնվող Հայաստանի և Մոլդովայի ներկայացուցիչներն իրենց շնորհակալությունը հայտնեցին ԱՄՆ պետդեպարտամենտի INL և ICITAP ծրագրերին կոորդինատորներին նմանատիպ միջոցառմանը մասնակցելու հնարավորություն ընձեռնելու համար, գնահատելով դասընթացի կազմակերպչական և անցկացման բարձր մակարդակը։

Դասընթացի ընթացքում Ուկրաինայի արդարադատության նախարարության Կիևի դատական փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտի գիտական գծով տնօրենի տեղակալի ժ/պ Ա.Ա. Պոլտավսկու կողմից Կազմակերպությանն է տրամադրվել թվով 13 անուն մեթոդական գրականություն, ինչպես նաև համագործակցության մասին պայմանագրի նախագիծ։ Նաև կազմակերպությունը ձեռք է բերել պայամանավորվածություն մասնակցելու գիտական հոդվածներ հրապարակման «Криминалистика и судебная экспертиза» ժողովածում: Համանման պայմանագրի նախագիծ ներկայացնելու մտադրություն է հայտնվել նաև Մոլդովայի ՆԳՆ գլխավոր տեսչության Դատական փորձաքննության տեխնիկաքրեագիտական կենտրոնի ներկայացուցիչ, մեթոդական, քարտուղարության և օպերատիվ վերլուծության բաժնի պետ, փոխգնդապետ Ալա Մելեցայի կողմից։

Archive

Ինչո՞ւ Հայաստանում չի թույլատրվում ստի դետեկտորի կիրառումը. զրույց հոգեբան-փորձագետի հետ

Թե’ քրեական, թե’ քաղաքացիական գործերով ճշմարտությունը պարզելու, մարդկանց հոգեկան հատկությունների, նրանց հոգեկան գործունեության առանձնահատկությունները ճիշտ գնահատելու և հասկանալու համար հաճախ քննչական կամ դատական մարմինները նշանակում են հոգեբանական փորձաքննություններ, որոնց իրավասությունների շրջանակը բավականին լայն է: Նմանատիպ փորձաքննություն նշանակվում է հուզական վիճակների ստուգման, ծնողավարման կարողությունների գնահատման, հոգեբանական բռնության վնասի ստուգման, կասկածյալների, մեղադրյալների, վկաների և տուժողների համապատասխան ընդունակությունը ստուգելու և այլ դեպքերում:

Հայաստանում փորձաքննության այս ճյուղի զարգացման, առկա հիմնախնդիրների և նորամուծությունների շուրջ զրուցեցինք ՀՀ «ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հոգեբան-փորձագետ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և ԵՊՀ դասախոս, տասնյակից ավելի գիտական հոդվածների և գրքերի հեղինակ Մարինե Պետրոսյանի հետ:

-Երբվանի՞ց են Հայաստանում իրականացվում հոգեբանական փորձաքննություններ:

-Մինչ 2005թ.-ն հանրապետությունում փորձաքննությունների բաժին, որպես այդպիսին,  չի գործել: Հոգեբանական փորձաքննություններն անցկացրել են համալիր դատահոգեբուժական հանձնաժողովները կամ փորձաքննություն նշանակող մարմնի կողմից հանձնարարված առանձին հոգեբանները: Հոգեբանական փորձաքննությունների բաժին առաջին անգամ բացվեց բյուրոյում` 2005թ.-ին:

-Մեր երկրում զարգացվածության ի՞նչ մակարդակի վրա է գտնվում փորձաքննության այս ճյուղը:

-Քանի որ մինչ 2005թ.-ը չի եղել կենտրոնացված բաժին, որը կզբաղվեր դատահոգեբանական փորձաքննություններով, կիրականացներ գիտահետազոտական աշպատանքներ, նոր մեթոդիկաների ներդրում և այլն, կարծում եմ` մի փոքր հետ ենք մնացել: Սակայն բյուրոյի մասնագետները պարբերաբար փորձի փոխանակում են կատարում արտասահմանյան մասնագետների հետ, վերապատրաստվում են և մշտապես հետևում ոլորտում կատարվող փոփոխություններին: Մենք աշխատում ենք հնարավորինս արագ ոլորտում ի հայտ եկած նորամուծությունները ներդնել նաև մեզ մոտ:

-Ձեր բաժնին ո՞ր գործերով են ավելի շատ դիմում` քաղաքացիակա՞ն, թե՞ քրեական և տարեկան քանի՞ փորձաքննություն եք իրականացնում:

-Թվաքանակի առումով` ավելի շատ քրեական գործերով, տարեկան 100-ից ավելի փորձաքննություն ենք կատարում:

-Հայտնի է, որ ձեր բաժնում ներդրվել են փորձաքննությունների նոր տեսակներ, որո՞նք են դրանք:

-Բաժնի գործունեության ընթացքում ներդրվեցին հոգեբանական ազդեցության, լինգվիստիկական, հոգեբանա-լինգվիստիկական, բարոյական վնասը պարզելու և այլ տեսակի փորձաքննություններ:

-Հետաքրքիր է` ի՞նչ եղանակներով է որոշվում տվյալ անձի կրած հոգեկան տառապանքների` հասցված բարոյական վնասի չափը:

-Մեթոդիկան պարզ է: Մենք ստուգում ենք, թե տվյալ անձն ինչպիսի՞ն է եղել, ի՞նչ հոգեկան առանձնահատկություններ է ունեցել, այդ հոգեկան տառապանքներն ինչպե՞ս են ազդել նրա կենսագործունեության վրա, և արդյունքում նրա գործունեության ո՞ր ոլորտներն են վնասվել: Ապա եզրակացությունը ներկայացնում ենք դատարանին, որն էլ, իր հերթին, որոշում է, թե այդ հոգեկան տառապանքներն ինչպես փոխհատուցել: Օրինակ` հաշվարկվում է, թե որքան ֆինանսական վնաս է կրել մարդն իր հոգեկան վնասները վերականգնելու համար, դատարանը դրանք հաշվարկելու մեխանիզմներ ունի:

-Հաճա՞խ են բարոյական վնասի գործերով ձեզ դիմում:

-Նմանատիպ գործերով փորձաքննություններ հիմնականում նշանակում են դատարանները, սակայն նախադեպերը շատ չեն:

-Հաճախ քրեական գործերով փորձաքննություն է նշանակվում հանցագործության դեպքից ամիսներ կամ տարիներ անց: Այդ դեպքում ինչպե՞ս է հնարավոր պարզել, թե, օրինակ, հանցանքը կատարելու պահին տվյալ անձն ինչ հոգեվիճակում է եղել:

-Մարդու հոգեվիճակը շատ արագ փոփոխվող երևույթ է` ի տարբերություն հոգեբանական առանձնահատկությունների, որոնք բավականին կայուն են: Դրա համար մենք ունենք աշխարհում ընդունված ռետրոսպեկտիվ (հետահայաց) հոգեվիճակ ախտորոշելու համապատասխան մեթոդիկա, որի միջոցով հնարավոր է բավական ճշգրտորեն ստուգել մարդու հոգեվիճակը: Սակայն դա կարող է ազդել եզրակացության հիմնավորվածության վրա:

-Դուք նշեցիք, որ դեպքից ամիսներ կամ տարիներ անց էլ հնարավոր է ճշգրտորեն պարզել, թե ինչ հոգեվիճակում է գտնվել անձը: Հետաքրքիր է` իսկ ինչպե՞ս է հետմահու պարզվում անձի հոգեկան վիճակը:

-Մարդու կատարած բոլոր գործողությունները, նրա թողած օրագրերը, նամակները և այլն խոսում են նրա հոգեվիճակի մասին: Նման դեպքերում մենք փորձում ենք հնարավորինս մաքսիմալ տեղեկություններ հավաքել անձի գործունեության վերաբերյալ, հատկապես` մահվանը նախորդող ժամանակահատվածի, որոնց շնորհիվ մենք հնարավորություն ենք ունենում տալ հավանական պատասխան: Սակայն ոչ միշտ է հնարավոր լինում բավարար տեսղեկություններ ստանալ:

-Իսկ ի՞նչ մեթոդներ եք կիրառում եզրակացությունն առավել հիմնավոր դարձնելու համար, չէ՞ որ հնարավոր է հետո դատարանում եզրակացությունը պաշպանելու հարց առաջանա:

-Հիմնավորվածության համար հնարավորինս աշխատում ենք գործածել գիտության կողմից մշակված, ստեղծված մեթոդիկաները: Ճիշտ է, մարդը կարող է պատմել, թե ինչ հոգեվիճակում է գտնվել դեպքը կատարելու պահին, բայց դա նա կասի դժվարությամբ: Այդ իսկ պատճառով մենք տեղեկություններ ենք հավաքում մի քանի աղբյուրներից, օրինակ` նախաքննական տվյալներից, անձի վերաբերյալ բժշկական փաստաթղթերից, հոգեբանական թեստերի միջոցով, նաև զրուցելով ենք պարզում, այսինքն` մենք փորձում ենք հնարավորինս շատ աղբյուրներ հետազոտելուց հետո միայն եզրակացություն տալ:

-Ձեր աշխատանքային փորձի ընթացքում մինչև քանի՞ տարվա վաղեմության դեպքի վերաբերյալ փորձաքննություն եք կատարել:

-Ամենաերկար ժամկետը, որ հիշում եմ, կապված է 10 տարի առաջ կատարված դեպքի հետ:

-Իսկ ո՞րն է եղել հոգեբանական փորձաքննության ենթարկված անձի ամենափոքր տարիքը:

-Ամեանափոքր տարիքի երեխան, որ հետազոտել ենք, եղել է 3 տարեկան: Մասնագիտական գրականության մեջ նշված է, որ անձին կարող են, որպես վկա, հարցաքննել երկուսուկես տարեկանից, իսկ դա որոշվում է փորձաքննությամբ: Տարիքի հետ փոխվում է նաև փորձաքննություն անցկացնելու մեթոդիկան: Եղել են դեպքեր, երբ 8 տարեկան երեխան իր ցուցմունքում այնպիսի բաներ է գրել, որոնք նրա բառապաշարի մեջ չկան, և երբ կարդում ես` թվում է առնվազն հասուն մարդ է ցուցմունք գրողը: Բնականաբար, քննիչներն են գրում երեխաների նկարագրածը, սակայն նրանք պետք է համապատասխան մեթոդիկայով աշխատեն երեխաների հետ: Եվ ոչ միայն նրանք, իրավաբանները, փորձագետներն անչափահասների հետ աշխատելու համար պետք է համապատասխան պատրաստվածություն ունենան:

-Ներկայումս աշխարհի շատ երկրներում մարդու հոգեֆիզիոլոգիական պարամետրերը չափում են հատուկ սարքավորումների (օրինակ` ստի դետեկտոր) միջոցով: Արդյո՞ ք Հայաստանում կիրառվում են դրանք:

-Առայժմ մենք հոգեֆիզիոլոգիական պարամետրերը սարքավորումներով չենք չափում, սակայն, եթե ունենանք նմանատիպ փորձաքննություններ, մենք կարող ենք համագործակցել, օրինակ, համալսարանի ֆիզիոլոգիայի ամբիոնի հետ և համատեղ կատարել հետազոտություն: Դրանք ուշադրության ծավալը, ռեակցիայի չափը ստուգող սարքավորումներ են: Մենք մտածում ենք հոգեբանական փորձաքննությունների մեջ ներդնել պոլիգրաֆի (դետեկտոր) գործածությունը, սակայն, ցավոք, դա կիրառել չենք կարող, քանի որ առայժմ դրա իրավական հիմնավորումը չկա (օրենքը բացակայում է), այսինքն` մենք առայժմ իրավասու չենք օգտագործել պոլիգրաֆը փորձաքննության մեջ:

-Հանցագործության մեջ մեղադրվող անձինք որոշ իրողություններ կարող են ներկայացնել այնպես, ինչպես իրենց է ձեռք տալիս, ինչպե՞ ս եք պարզում, օրինակ, մարդը ձևացնո՞ւմ է, թե՞ ոչ:

-Կարծում եմ` բնական է, որ մարդն իրողությունը ներկայացնում է իր համար շահավետ տարբերակով, դա ինչ-որ տեղ կապված է ինքնապաշտպանական բնազդի հետ: Սակայն այդ ամենը պարզելու մեթոդիկաներ կան, միայն մարդու ասածով չենք առաջնորդվում:

-Ինչպիսի՞ն պետք է լինի հոգեբան-փորձագետը:

-Հոգեբանության ոլորտում լավ մասնագետ լինելը դեռ չի նշանակում, որ կարող ես լավ փորձագետ լինել, քանի որ փորձագետի աշխատանքը միայն հետազոտություն կատարելն ու եզրակացություն տալը չէ, փորձագետը պետք է կարողանա իր կատարած փորձաքննությունը պաշտպանել դատարանում, պարզաբանել և հիմնավորել այն: Սա շատ բազմակողմանի, հետաքրքիր և պատասխանատու աշխատանք է:

-Լինում են դեպքեր, երբ նախաքննական մարմինը կամ լրատվամիջոցները խախտում են անձի անմեղության կանխավարկածը, ինչը լուրջ հոգեբանական հետևանքներ է թողնում մարդկանց մոտ: Ի՞նչ խորհուրդ կտաք նման դեպքերում:

-Ես իմ փորձից գիտեմ, թե ինչ ասել է դա: Եղել են մարդիկ, ներկայացրել են այդ մտահոգությունները` պատմելով իրենց հուզական վիճակի մասին: Եղել են դեպքեր, որ ինչ-որ հրապարակման պատճառով լքել են բնակության վայրը, կտրվել շրջապատից… Ես պարզապես խորհուրդ կտամ լրատվամիջոցներին` յուրաքանչյուր հրապարակման հետևում տեսնել մարդուն, ինֆորմացիան միայն կատարված իրողությունը չէ, դրա հետևում կանգնած են մարդիկ, որոնց շահերը պետք է պաշտպանված լինեն:

- Նախորդ տարի լույս տեսավ Ձեր հեղինակած «Անձը և պաշտոնը» գիրքը: Մի փոքր պատմեք դրա մասին, ի՞նչ կապ ունի այն ձեր մասնագիտության հետ:

- Գրքում ներկայացված է անձի և պաշտոնի համապատասխանելիության հոգեբանական գնահատականը: Այնտեղ հիմնականում ներկայացված է իրավական ոլորտում անձնակազմի ընտության, զարգացման հարցը:

 

Զրուցեց Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆԸ

http://www.yerkir.am/am/news/70815.htm

Archive

Մասնակցություն Դատական Ինստիտուտների Եվրոպական Ցանցի /ENFSI/ աշխատանքային խմբի ծրագրին

2014թ.-ին Փորձաքննությունների ազգային բյուրոն մասնակցել է Դատական Ինստիտուտների Եվրոպական Ցանցի /ENFSI/ ձգաբանական աշխատանքային խմբի կողմից անցկացված կրակոցի հեռավորության որոշման դատափորձագիտական ծրագրին (Project Home /2011/ASEC/AG/2489)։

Ծրագրին մասնակցել են 44 տարբեր երկրների լաբորատորիաներ, որոնցից   39-ը եվրոպական լաբորատորիաներ 21 տարբեր երկներից, ներառյալ 13-ը Գերմանիայից, 4 լաբորատորիաներ՝ ԱՄՆ-ից, Ավստրալիայից և Իզրաելից: Հայաստանի Հանրապետությունից մասնակցել է Փորձաքննությունների ազգային բյուրոյի ձգաբանական փորձաքննությունների բաժինը։

Ծրագրի հիմնական նպատակն էր ուսումնասիրել և հավաքագրել տվյալների բազա «Կարճ հեռավորությունից կատարված կրակոցի վիճակագրական վերլություն» թեմայի վերաբերյալ։

Մեր կազմակերպության ներկայացրած աշխատանքների արդյունքները համապատասխանել են պահանջվող չափանիշներին, ինչն էլ հիմք է հանդիսացել դրանք ներառել վերջնական վերլուծական հաշվետվության մեջ։

Արդյունքում, հաշվի առնելով կազմակերպության ակտիվ մասնակցությունը, և տվյալների արժանահավատությունը՝ կազմակերպության ձգաբանական փորձաքննությունների բաժինն արժանացել է մասնակցության վկայականի։

Archive

ՓԱԲ աշխատակիցները մասնակցել են «Փաստաթղթերի անվտանգություն» թեմայով ազգային աշխատաժողովին

2014թ. հուլիսի 17-ից մինչև 19-ը Փորձաքննությունների ազգային բյուրոյի փաստաթղթաբանական փորձաքննությունների բաժանմունքի պետ Հ. Ղարիբյանը և նույն բաժնի փորձագետ Ա. Բաղդասարյանը մասնակցել են «Փաստաթղթերի անվտանգություն» թեմայով ազգային աշխատաժողովին, որը կազմակերպվել էր Եվրամիության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Հայաստանյան գրասենյակի կողմից «Վրաստանի և Հայաստանի Հանրապետության սահմանին գտնվող «Բագրատաշեն» և «Սադախլո» պետական սահմանի անցման կետերի և դրանց  կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում։ Աշխատաժողովի մասնակցել են սահմանի կառավարման ոլորտի գերատեսչությունների և համապատասխան այլ կազմակերպությունների ներկայացուցիչները, ԲՍՍՀԿ-ի անձնակազմը, միջազգային փորձագետներ Ավստրիայի ներքին գործերի նախարարությունից, որոնք մասնակիցներին ծանոթացրեցին միջազգային ժամանակակից տպագրական տեխնոլոգիաներին, հոսքային և լազերային տպագրության, տպագրության մեջ օգտագործվող անվտանգության միջոցներին, նույնականացման միջոցներին, կեղծ փաստաթղթերի հայտնաբերման տարբեր մեթոդներին, պլաստիկ քարտերի առանձնահատկություների և դրանց նույնականացման եղանակերին, անձի պրոֆիլավորման և նույնականացման եղանակներին և այլն։ Աշխատաժողովի վերջում մասնակիցները ստացան համապատասխան սերտիֆիկատներ։

Archive

Մասնակցություն Դատափորձագիտական Ինստիտուտների Եվրոպական Ցանցի (ENFSI) 26-րդ տարեկան գիտաժողովին

2014թ. մայիսի 21-23-ը ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտաշես Ջավադյանը մասնակցել է Դատափորձագիտական Ինստիտուտների Եվրոպական Ցանցի (ENFSI) 26-րդ տարեկան գիտաժողովին, որն անցկացվում էր Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում: Գիտաժողովին մասնակցում էին անդամ-կազմակերպությունների 72 ներկայացուցիչ¬ներ՝ 36 երկրներից:

Գիտաժողովի ընթացքում Արտաշես Ջավադյանը գործընկեր կառույցների ներկայացուցիչների հետ շփումների ժամանակ և նիստերում հնչեցված ելույթներում անդրադարձել է փորձագիտական-քրեագիտական տվյալների բազաներին, դատական փորձաքննության և քրեագիտության արդի հիմնախնդիրներին, այդ թվում՝ տեղեկատվական ապահովման հարցերին, փորձագիտական բնագավառի մասնագետների նախապատրաստման և կատարելագործման հարցերին, ինչպես նաև փորձաքննությունների կատարման ընթացքում դատական փորձաքննության ընթացակարգային պահանջներին:

Հատուկ ուշադրություն է դարձվել Եվրոհանձնաժողովի կողմից դեռևս 2011թ. ընդունված դատափորձագիտական և քրեագիտական ոլորտների համար կարևորագույն փաստաթղթի դրույթների կատարմանը, որի նպատակն է մինչև 2020թ. Եվրոպական տարածաշրջանում տվյալ ոլորտներում ձևավորել միասնական դաշտ և նույնատիպ մոտեցումներ:

Խիստ կարևոր է նաև Եվրոմիության կողմից առաջադրված Հորիզոն 2020 գիտական ծրագրին առնչվող դատաքրեագիտական ոլորտի հիմնական ուղղությունների ծանոթացումը Փորձաքննությունների ազգային բյուրոյի աշխատակիցներին, որոնք մոտ ապագայում հնարավորություն կունենան ներկայացնելու ծրագիր-առաջարկներ համապատասխան գիտական ուղղություններով:

Դատափորձագիտական Ինստիտուտների Եվրոպական Ցանցի (ENFSI) 26-րդ տարեկան գիտաժողովին մասնակցող տարբեր երկրների դատափորձագիտական և քրեագիտական կառույցների ղեկավարների և ներկայացուցիչների հետ ձեռք են բերվել մի շարք նախնական պայմանավորվածություններ՝ փորձի փոխանակման, փորձագետների վերապատրաստման և համատեղ գիտահետազոտական և գիտագործնական աշխատանքների կազմակերպման հնարավորությունների շուրջ։

Archive

2014 թվականի մայիսի 20-ից 22-ը Մասնակցություն Դատափորձագիտական Ինստիտուտների Եվրոպական Ցանցի (ENFSI) «Թմրամիջոցներ» աշխատանքային խմբի կողմից կազմակերպված 20-րդ ամենամյա համաժողովին

2014 թվականի մայիսի 20-ից 22-ը Փորձաքննությունների ազգային բյուրոյի Ֆիզիկատեխնիկական հետազոտությունների և քիմիական փորձաքննությունների բաժնի փորձագետ Հայկ Կասպարյանը մասնակցել է Ֆինլանդիայի Էսպոո քաղաքում կազմակերպված «ENFSI Drugs Working Group 20th Annual Meeting» ամենամյա համաժողովին: Նշենք, որ 2011 թվականի սեպտեմբերի 15-ից ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոն հանդիսանում է Դատափորձագիտական Ինստիտուտների Եվրոպական Ցանցի (ENFSI) լիիրավ անդամ։ Համաժողովի ընթացքում  ծանոթացել է դատական փորձագիտության ոլորտում ընդունված և լայնորեն կիրառվող մեթոդներին, ծրագրերին, հետագա անելիքներին ու հեռանկարներին, որոնք մեծ հնարավորություններ են ընձեռում Ֆիզիկատեխնիկական հետազոտությունների և քիմիական փորձաքննությունների բաժնում կատարվող հետազոտությունների արդիականացման, արագ և արդյունավետ փորձաքննությունների կատարման, ինչպես նաև կարևոր միջազգային գործնական համագործակցության համար:

Դատափորձագիտական Ինստիտուտների Եվրոպական Ցանցի «Թմրամիջոցներ» աշխատանքային խմբի նախագահ, դոկտոր Ուդո Զերելի ձեռք է բերվել պայմանավորվածություն Դատափորձագիտական Ինստիտուտների Եվրոպական Ցանցի անդամ լաբորատորիաների միջև դատաբազաների փոխանակման, ինչպես նաև Փորձաքննությունների ազգային բյուրոյի Ֆիզիկատեխնիկական հետազոտությունների և քիմիական փորձաքննությունների բաժնի՝ գործնական թրեյնինգներին, մասնագիտական թեստերին, որակի ապահովման և այլ ծրագրերին ներգրավման և ակտիվորեն մասնակցելու վերաբերյալ:

Փորձաքննությունների ազգային բյուրոյի աշխատակիցը հանդես է եկել բանավոր զեկույցով՝ «Բուսական ծխախառնուրդների և դրանցում պարունակվող առավել տարածված սինթետիկ կաննաբինոիդների փորձագիտական հետազոտություն» թեմայով:

Դատափորձագիտական Ինստիտուտների Եվրոպական Ցանցի «Թմրամիջոցներ» աշխատանքային խմբի կողմից կազմակերպված 20-րդ ամենամյա համաժողովին Փորձաքննությունների ազգային բյուրոյի մասնակցությունն ուներ կարևոր նշանակություն դատական փորձագիտության ոլորտում միջազգային կապերի ամրապնդման և զարգացման համար:

Archive

2014 թվականի ապրիլի 22-ից 25-ը Մասնակցություն Եվրոպական դատափորձագիտական կառույցների ցանցի (ENFSI) տարեկան գիտաժողովին

2014 թվականի ապրիլի 22-ից 25-ը Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենի խորհրդական Ա. Հովհաննիսյանը, բժշկակենսաբանական փորձաքննությունների բաժնի կենսաբանական հետքերի փորձաքննությունների բաժանմունքի փորձագետ Ա. Նավասարդյանը և  նույն բաժնի տոքսիկոլոգիական փորձաքննությունների բաժանմունքի փորձագետ Ա. Մանվելյանը մասնակցել են Վրաստանի Հանրապետությունում՝ Թբիլիսի քաղաքում, կազմակեպված «38th ENFSI DNA Working Group meeting» տարեկան գիտաժողովին, ծանոթացել են դատական գենետիկայի ոլորտում ընդունված և լայնորեն կիրառվող մեթոդներին, ծրագրերին, տարբեր ԴՆԹ-ի տեղեկատվական բազաներին, դրանցում տեղի ունեցած փոփոխություններին, ԴՆԹ փորձաքննության ուղեցույցներին, որոնք մեծ հնարավորություններ են ընձեռում ԴՆԹ փորձաքննությունների գործընթացում։  Փորձաքննությունների ազգային բյուրոյի աշխատակիցները կոնֆերանսի ընթացքում ներկայացրել են մեր կազմակերպության գործող տարբեր ստորաբաժանումներում իրականցվող աշխատանքները, ինչպես նաև ԴՆԹ-ի նույնականացման լաբորատորիայի կառուցվածքը և կատարվող աշխատանքները։

Եվրոպական դատափորձագիտական կառույցների ցանցի (ENFSI) տարեկան ժողովին Փորձաքննությունների ազգային բյուրոյի մասնակցությունն ուներ կարևոր նշանակություն դատական գենետիկայի ոլորտում միջազգային կապերի ամրապնդման և զարգացման համար, հատկապես ԴՆԹ փորձաքննությունների շրջանակում։

Archive

Փորձագետը՝ դժբախտ պատահարների աճի մասին

Ցավալին այն է, որ վնասվածքներ ստանում են հատկապես տղա երեխաները եւ երիտասարդները՝ վնասելով աջ ձեռքի դաստակը, զրկվելով մատներից Կատարելով հրագործական արտադրատեսակների հետ կապված փորձաքննություններ, վերջին 9 տարիների ընթացքում, ես բազմակի անգամ առնչվել եմ մի շարք խնդիրների հետ, ինչի մասին անդրադարձել եմ «Պետություն եւ Իրավունք» հանդեսի 2011թ. N 4 (54) -ում։

Այս տարվա առաջին ամիսներից սկսած՝ աճել են դժբախտ պատահարների դեպքերը, կապված հրագործական արտադրատեսակների օգտագործման հետ։ Եթե նախկին տարիների ընթացքում տարեկան փորձաքննությունները, որտեղ կիրառվել են հրագործական արտադրատեսակներ եւ դրանց հետ կապված դժբախտ պատահարների դեպքերը կարող էին կատարվել տարեկան 5-6 փորձաքննություն, ապա այս տարվա սկզբից այդ քանակի փորձաքննություններ նշանակվում են ամեն ամիս։

Հետազոտելով Երեւան քաղաքի շուկաներում վաճառվող եւ փորձաքննության ներկայացվող հրագործական արտադրատեսակները՝ կարող եմ ասել, որ դրանք ունեն ինչպես օրինական, այնպես էլ անօրինական ներմուծման աղբյուր (ներմուծված՝ մաքսանենգ եղանակով)։

Հանդիպում են հրագործական արտադրատեսակներ, որոնց վրա առկա են արտադրողի լոգոտիպը, արտադրատեսակի կոդը, ներմուծող կազմակերպության ամբողջական տվյալները, ինչպես նաեւ հայատառ անվտանգության կանոնները։ Դա գովելի է։ Բայց շուկայում առկա են մի շարք հրագործական արտադրատեսակներ, որոնց վրայի անվտանգության կանոնները, զգուշացումները թարգմանված չեն հայերեն եւ նրանց վրայի ծավալուն բացատրությունները մնում են անհասկանալի՝ անգլերենին չտիրապետող երիտասարդի համար։ Վաճառքում հանդիպում են նաեւ հրագործական արտադրատեսակներ, որոնց վրայից չես կարող կռահել, թե ով է արտադրել, ով է ներմուծել ՀՀ եւ դրանք մեծամասամբ ցածր որակի, տնայնագործական եղանակով պատրաստված տեսականի են, որի որակը չի կարելի երաշխավորել, իհարկե, դրանց գործարկումը շատ վնասվածքահարույց է։

Լրատվամիջոցները հաճախ են դիմում մեզ, խնդրում պարզաբանումներ՝ հրագործական արտադրատեսակների առանձնահատկությունների մասին։ Հրագործական արտադրատեսակները, ըստ անվտանգության կանոնների, տարանջատվում են 5 դասի։

Առաջի դասին են պատկանում այն արտադրատեսակները, որոնց անվտանգության գոտին հավասար է 10-50 սանտիմետր, դրանք են բենգալյան մոմերը, սեղանի երդիկը եւ այլն։

Երկրորդ դասին պատկանող արտադրատեսակի անվտանգության գոտին կազմում է 0, 5- 5 մետր, դրանք են՝ ճայտուկները (տպՑՈՐՊՈ), բոլոր տեսակի շատրվանները, վերգետնյա հրավառությունները։

Երրորդ դասի անվտանգության գոտին կազմում է մինչեւ 20 մետր, դրանք են սալյուտները, հրթիռները եւ տոնակատարության գնդերը:

Չորրորդ դասին պատկանող արտադրատեսակի անվտանգության գոտին կազմում է 20 մետրից ավելի հեռավորությունը։ Այս խմբի հրագործական արտադրատեսակները համարվում են պրոֆեսիոնալ հրատեխնիկա եւ դրանց շահագործման համար անհրաժեշտ է հատուկ պատրաստվածություն։

Հինգերորդ դասը զինվորական նպատակով օգտագործվող հրավառություններն են, որոնք չեն լինում ազատ վճառքում եւ դրանք շահագործվում են միայն զինվորականների կողմից։

Վտանգավոր գոտին համարվում է այն գոտին, որ ամբողջ շառավիղով հնարավոր է ստանալ վնասվածքներ եւ նրա տարածքի մեջ կայծից կարող է բռնկվել հրդեհ։

Նշեմ, որ բացի առաջին դասից, մնացած բոլոր դասերի հրագործական արտադրատեսակները չի թույլատրվում պահել ձեռքի մեջ։ Խնայելով ձեր եւ ձեր կողքինների անվտանգությունը՝ հրագործական արտադրատեսակները օգտագործելուց առաջ ուշադիր նայեք վրայի գրառումները, եթե անգամ հասկանալի չէ վրայի լատինատառ բացատրությունը, վրայի հեռավորության չափը կարելի է առանց անգլերեն իմանալու հասկանալ, որովհետեւ նշվում է մետրերով։

Երեւան քաղաքի շուկան հետազոտելու ժամանակ հանդիպեցի մի շատ հաճելի փաստի։ «Փեթակի» վաճառողներից մեկը ինձ ցույց տվեց իր իսկ կողմից մշակած թուղթ, որտեղ գնողին բացատրվում էին անվտանգության կանոնները եւ ստորագրվում, որ նա դրանց հետ ծանոթ է։ Այ, լավ կլիներ, որ բոլոր վաճառողները լինեին այդքան պարտաճանաչ՝ ծանոթացնեին գնորդներին անվտանգության կանոնների հետ եւ չվաճառեին տնայնագործ արտադրանք։

Հրագործությունը (տՌՐՏՑպւվՌՍՈ) հունարենից թարգմանաբար նշանակում է «տՌՐՏ» -կրակ, «ՑպւվՏ»- արվեստ, դրա համար էլ, թեկուզ շատ գեղեցիկ է, բայց վտանգավոր է, ուստի հրագործական արտադրատեսակը օգտագործելիս անհրաժեշտ է խիստ պահպանել անվտանգության կանոնները։

ՌՈՒԶԱՆՆԱ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի

ՊՀՓԲ-ի պայթյունատեխնիկական փորձաքննությունների բաժանմունքի պետ

Archive

Ամեն անգամ հուզվում եմ ինքնասպան եղած զինվորների նամակները բացելիս. զրույց ձեռագրաբանի հետ

Աշխարհի շատ երկրներում, այդ թվում` Հայաստանում, հանցագործությունների բացահայտման ու քննության գործում մեծ տեղ է հատկացվում տարբեր տեսակի փորձաքննությունների  իրականացմանը: Լինելով բարդ, միևնույն ժամանակ` հետաքրքիր բնագավառ` այն առանձնակի ուսումնասիրության կարիք ունի: Վերջին տարիներին մեր երկրում քննչական մարմինները և դատարանները գործեր քննելիս հաճախ են դիմում փորձագետների օգնությանը` ինչ-որ խնդրի վերաբերյալ մասնագիտական գնահատական ստանալու կամ պարզապես իրենց որոշումները պատճառաբանելիս` կողմերի շրջանում  առավել վստահություն ներշնչելու համար: Որոշ փաստաբանների ու քննիչների համար փորձագետներին դիմելը ոչ այնքան անհրաժեշտություն է, որքան տակտիկական քայլ, փրփուրներից կախվելու եղանակ կամ վստահորդի մոտ գործունյա փաստաբանի տիպար ստեղծելու տարբերակ: Սակայն շատ քչերը գիտեն, թե իրականում որքան բարդ, պատասխանատու և վտանգավոր է փորձագետի աշխատանքը:

Yerkir.am-ը սկսում է նոր` կրիմինալիստական փորձաքննությունների վերաբերյալ հարցազրույցների շարք հանրապետության հայտնի և փորձառու մասնագետների հետ: Այսօր կանդրադառնանք կրիմինալիստական հետազոտության դասական ճյուղերից մեկին` ձեռագրաբանական փորձաքննությանը: Այդ նպատակով yerkir.am-ը զրուցել է Փորձաքննությունների ազգային բյուրոյի ձեռագրաբանական, հեղինակային և փաստաթղթաբանական փորձաքննությունների բաժնի պետ Մարինե Կարապետյանի (լուսանկարում) հետ:

Իր գործունեության 13 տարիների ընթացքում Կարապետյանն ուսումնասիրել է հազարավոր ձեռագրեր` կեղծված ստորագրություններ, ինքնասպանություն գործած անձանց նամակներ, գաղտնի փաստաթղթեր և այլն:

-Ի՞նչ է իրենից ներկայացնում ձեռագրաբանական փորձաքննությունը:

-Քրեական և քաղաքացիական գործեր քննելիս դատարանը կամ քննչական մարմինները նշանակում են դատաձեռագրաբանական փորձաքննություններ, այսինքն` երբ անհրաժեշտություն է առաջանում պարզել կամ ուսումնասիրել ինչ-որ մեկի ձեռագիրը կամ ստորագրությունը: Ձեռագրաբանական փորձաքննությունները լինում են 2 տեսակի` նույնականացման (իդենտիֆիկացիոն) և ոչ նույնականացման (դիագնոստիկ): Նույնականացման հետազոտություններ կատարելու ընթացքում ձեռագրաբան- փորձագետը կատարում է համեմատական հետազոտություն, այսինքն` եթե մեզ տրված է որևէ փաստաթղթի վրա տեղադրված ձեռագիր կամ ստորագրություն` հետազոտելու համար, մենք պահանջում ենք այդ անձի ձեռագրի նմուշները և համեմատում փաստաթղթում նշված ձեռագրի կամ ստորագրության հետ, այսինքն` կատարում ենք համեմատական հետազոտություն: Փորձաքննությունը կատարվում է համեմատական հետազոտության ավանդական մեթոդներով, ինչի ընթացքում ի հայտ են գալիս տվյալ ձեռագրի կամ ստորագրության ընդհանուր և մասնավոր հատկանիշները կամ դրանց համընկնումները կամ տարբերությունները տվյալ անձի ձեռագրի հետ:

Դիագնոստիկ  փորձաքննություները ոչ իդենտիֆիկացիոն բնույթ ունեն, դրանք կապված են ձեռագիրը որոշակի պայմաններում կատարված լինելու հետ: Օրինակ` հնարավոր է պարզել, թե ինքնասպանություն գործելու ժամանակ գրելիս կամ կտակը թողնելիս ինչ վիճակում է գտնվել անձը:

-Ի՞նչ եղանակով է պարզվում, որ տվյալ ձեռագիրը որոշակի անսովոր պայմաններում է կատարվել:

-Կան որոշակի հատկանիշներ, որոնք վկայում են այդ մասին: Օրինակ` շտրիխների կոտրտվածությունը, գրելագործիքի սեղմման աստիճանի անհամաչափությունը, կոորդինացիայի որոշակի խախտումը և այլն:

-Փորձաքննություն կատարելիս արդյո՞ք օգտվում եք տեխնիկական միջոցներից:

-Այստեղ մեծ է մարդկային գործոնը: Փորձագետը համեմատական հետազոտություն է անում աչքով, երբեմն էլ օգնում  են խոշորացույցը, իսկ բարդ, խճճված ձեռագրերի և ստորագրությունների դեպքում` մանրադիտակը:

-Ի՞նչ տեսակի փաստաթղթերի ուսումնասիրության հարցով են հիմնականում Ձեզ դիմում: Ձեր բաժնում տարեկան քանի փորձաքննություն է արվում:

-Տարեկան մոտ 400 փորձաքննություն է արվում: Ուսումնասիրում ենք տարբեր տեսակի փաստաթղթեր: Շատ են կեղծված ստորագրությունների դեպքերը: Քաղաքացիական գործերով շատ են դիմում նվիրատվության պայմանագրերի և կտակների հարցերով: Նման դեպքերում պահանջում ենք ոչ միայն կտակը կամ պայմանագիրը, այլև այն սեղանամատյանը, որում կատարվել է կտակի գրանցումը: Քրեական գործերով շատ է լինում, երբ հետազոտում ենք ինքնասպանություն գործելուց առաջ թողնված նամակները: Այդ դեպքում ներկայացվում են մահացածի ձեռագրի ազատ նմուշները, որպեսզի կատարվի համեմատություն` պարզելու` իսկապե՞ս այդ մարդն է թողել գրությունը, թե՞ ոչ:

-Եղե՞լ են դեպքեր, երբ պարզվել է, որ ինքնասպանությունից առաջ թողնված գրությունը կեղծ է, այսինքն` տվյալ անձը չի գրել այն:

-Գրեթե նման դեպքեր չեն եղել, հիմնականում համընկնող հատկանիշներ են հայտնաբերվում:

-Հետաքրքիր է, ինքնասպանությունից առաջ ի՞նչ են մարդիկ հիմնականում գրում:

-Ամեն անգամ ես հուզվում եմ հատկապես ինքնասպանություն գործած զինվորների նամակները բացելիս: Սովորաբար, ինքնասպանություն գործածները թողնում են «Աստված թող ինձ ների», «Կներեք, որ այս քայլին դիմեցի», «Իմ մահվան մեջ ոչ ոքի չմեղադրեք» և այլ գրություններով նամակներ:

-Ո՞րն է  եղել Ձեր ուսումնասիրած  ամենահետաքրքիր ձեռագիրը:

-Թե' քրեական, թե’ քաղաքացիական բազմաթիվ հետաքրքիր գործեր եղել են, օրինակ` եղել է մի դեպք, երբ մի կին նամակ էր թողել, որի մի մասը գրել էր աջ, մյուսը` ձախ ձեռքով: Ցավալի դեպքեր էլ են գրանցվել: Օրինակ, երբ զինվոր էր ինքնասպան եղել և գրություն էր թողել ձեռքի վրա, այդ դեպքում մենք ուսումնասիրել ենք ձեռքը: Եղել է` պատերի վրա կավիճով կամ մեխով գրություն են թողել, որը մենք հետազոտել ենք:

-Տեխնիկական առաջընթացի այս դարում, երբ բազմաթիվ փաստաթղթեր մեքենագիր են, իսկ ստորագրություններն էլ հետզհետե էլեկտրոնային ձևաչափով են դրվում, արդյո՞ք ձեռագրաբանի մասնագիտության պահանջարկը չի նվազում:

- Ճիշտ է, նման մտավախություն կա, բայց առայժմ նման տենդենց չի նկատվում: Դեռևս բանկային փաստաթղթերի, կտակների մեծ մասը ձեռքով են ստորագրվում: Օրինակ` մեր բաժնում ունենք 3 ձեռագրաբան և 2 փաստաթղթաբան, որը քիչ է նման ծանրաբեռնվածության պայմաններում գործեր ուսումնասիրելու համար: Ձեռագրաբան-փորձագետը պահանջարկ վայելող մասնագիտություն է, սակայն մասնագետները քիչ են:

-Մեր երկրում ձեռագրաբանական փորձաքննությունների անցկացումը զարգացման ի՞նչ մակարդակի վրա է գտնվում:

-Բավականին բարձր մակարդակի: Փորձաքննության հիմքը ԽՍՀՄ տարիներին ստեղծված մեթոդներն են, որոնք հետզհետե ավելի են նորացվում, իսկ ժամանակ առ ժամանակ էլ միջազգային փորձագետների հետ փորձի փոխանակում ենք անում:

-Վերջին տարիներին մեր փաստաբանների կողմից արտասահմանում փորձաքննություններ պատվիրելու միտում է նկատվում: Այդ հանգամանքը չի՞ վնասում մեր երկրում գործող փորձագիտական կենտրոնների հեղինակությանը:

-Կան մարդիկ, ովքեր թեև հավատում են մեր տված եզրակացություններին, բայց քանի այն իրենց շահերից չի բխում, կրկնակի փորձաքննություն են նշանակում կամ դիմում են Ձեր նշած տարբերակին, սակայն կան կառույցներ, որոնք վստահում և ապավինում են միայն մեր փորձին:

-Վտանգավոր չէ՞ արդյոք նման պատասխանատու աշխատանք կատարելը, մանավանդ` կնոջ համար:

-Վտանգի առումով, ինչպես ասում են, միշտ շառի մեջ ենք (ժպտում է): Եթե անգամ մենք վստահ ենք, որ ճիշտ եզրակացություն ենք տվել, լինում են դեպքեր, երբ բողոքում են` ասելով, որ ակնհայտ կեղծ եզրակացություն ենք տվել: Բայց փորձագետը հո գլխից ձեռք չի քաշել, որ ակնհայտ կեղծ եզրակացություն տա, նա երբեք չի համարձակվի դա անել, քանի որ դրա համար պատասխանատվության կենթարկվի: Ամեն դեպքում` ես սիրում եմ իմ մասնագիտությունը:

-Ինչպիսի՞ ն պետք է լինի ձեռագրաբանը:

-Առաջին հերթին պրոֆեսիոնալ, ազնիվ և միշտ խղճի ձայնը լսի:

Դիտել տեսանյութը:

Աղբյուրը՝ http://www.yerkir.am/am/news/65147.htm

Archive

ՓԱԲի աշխատակիցները մասնակցել են կիբերհանցագործությունների դեմ պայքարի վերբերյալ գործնական դասընթացին

2014թ. ապրիլի 2-4-ը Փորձաքննությունների ազգային բյուրոյի համակարգչատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Հ.Հերթևցյանը և նույն բաժնի փորձագետ Ս.Գրիգորյանը մասնակցել են «Հանցագործության դեմ պայքարողի գործիքակազմ» թեմայով կիբերհանցագործությունների դեմ պայքարի վերբերյալ գործնական դասընթացին, որը կազմակերպել էր Եվրոպական Միության խորհրդատվական խումբը Հայաստանի Հանրապետությունում։

Դասընթացը նախատեսված էր ոստիկաների, քննիրչների, դատախազների և փորձագետների համար, ովքեր պատասխանատու են Հայաստանի Հանրապետությունում կիբերհանցագործությունների կանխարգելման, հայտնաբերման, քննության և հետապնդման համար։ Դասընթացի շրջանակներում տեսական գիտելիքների և գործնական վարժությունների համադրության միջոցով մասնակիցներին ներկայացվել են կիբերհանցագործությունների հայտնաբերման պրակտիկ գործընթացները, համակարգչատեխնիկական փորձաքննության հիմունքները, ինչպես նաև համակարգչային ցանցերի և համացանցային քննության տեխնիկական գործիքներն ու մեթոդները: Դասընթացը վարելու համար հրավիրվել էին Ռումինայի ոստիկանության հանձնակատար Փոլ Ռոմանը և Ոստիկանության տեսուչ Դեն Բադեսկուն։ Դասընթացի վերջում մասնակիցներին շնորհվել են համապատասխան վկայականներ։

Archive

ԱՄՆ-ի հետ հեռուստակամուրջների առաջին շարքը ավարտվեց

Մարտի 12-ի ուշ երեկոյան դատական փորձագետների մասնակցությամբ տեղի ունեցավ հայ-ամերիկյան հեռուստակամուրջը՝ քրեագիտական և դատափորձագիտական լաբորատորիաներում գործերի (չկատարված պատվերների) կուտակումների կանխման արդյունավետ մոտեցման մշակման թեմայով։

Այս հեռուստակամուրջով ավարտվեց առցանց սեմինարների առաջին շարքը՝ Հայաստանի Հանրապետության Փորձաքննությունների ազգային բյուրոյի և ԱՄՆ-ի փորձագիտության ոլորտի առաջատար կազմակերպության՝ Ամերիկյան քրեագիտական կենտրոնների տնօրենների միության (ASCLD) համագործակցության շրջանակներում։

Հիշեցնենք, որ առաջին անգամ նման առցանց սեմինարը՝ Փորձաքննությունների ազգային բյուրոյի երկու տասնյակից ավելի առաջատար մասնագետների մասնակցությամբ, տեղի ունեցավ ս.թ. հունվարի 22-ին։

Տվյալ ծրագրի շրջանակներում կայացան թվով 4 հեռուստակամուրջներ։ Վերջին սեմինարի ընթացքում զեկուցողը՝ Նյու-Յորք նահանգի Քրեական արդարադատության ծառայության բաժնի Դատափորձագիտական ծառայությունների գրասենյակի տնօրեն Բրայան Գաստինգը, Նյու-Յորք նահանգի օրինակի վրա մանրամասն տեղեկություններ ներկայացրեց նահանգում գործող քրեագիտական լաբորատորիաների մասին։

Նշվեց, որ այնտեղ գործում են տարբեր մակարդակների՝ պետական, նահանգային և քաղաքային (մունիցիպալ) լաբորատորիաներ, մինչև 200 և ավելի աշխատակիցներով։

Զեկուցողը պատմեց, թե ինչպես են Նյու-Յորք նահանգում լուծում լաբորատորիաներում գործերի կուտակման խնդիրը։ Մասնավորապես՝ ներկայումս ստեղծվել է աշխատանքային խումբ, որը վերլուծում է ընթացիկ իրավիճակը, համակարգում է տարբեր լաբորատորիաների փորձը նշված խնդրի լուծման միացյալ մոտեցման մշակման նպատակով։

Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արտաշես Ջավադյանը ասաց, որ կայացած հեռուստակամուրջների օգուտն ակնհայտ է։

Հաշվի առնելով ամերիկյան փորձը, Փորձաքննությունների ազգային բյուրոն մտադիր է մշակել իր մոտեցումները վերը նշված հարցերի վերաբերյալ, որոնք, ի դեպ, շատ նման են մեր առջև ծառացած խնդիրներին։ Համագործակցության ծրագիրը կշարունակվի մոտակա ապագայում։