slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Արխիվ 2023

Archive

Բյուրոյի պատվիրակությունը Թբիլիսիում մասնակցել է ԴՆԹ տվյալների բազաների ձևավորմանը և քաղաքականության մշակմանը նվիրված սիմպոզիումին

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի պատվիրակությունը՝ տնօրեն Արգամ Հովսեփյանի գլխավորությամբ, հունիսի 19-21-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մասնակցել է ԴՆԹ տվյալների բազաների ձևավորմանը և քաղաքականության մշակմանը նվիրված տարածաշրջանային սիմպոզիումին։ Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (Ինտերպոլի),  ամերիկյան և եվրոպական խորհրդատվական ընկերությունների կազմակերպած սիմպոզիումին մասնակցում էին դատագենետիկական փորձաքննությունների ոլորտի առաջատար մասնագետներ ԱՄՆ-ից, Միացյալ Թագավորությունից, Ֆրանսիայից, Իսրայելից, Հայաստանից, Ղազախստանից, Վրաստանից և այլ երկրներից։  

Միջոցառման շրջանակներում զեկույցներով են հանդես եկել Ռեդֆորդի անվան համալսարանի քրեագիտական ինստիտուտի, Հելսինկիի համալսարանի դատաբժշկական ֆակուլտետի պրոֆեսոր Բրյուս Բուդուլը, Իսրայելի դատաբժշկության ինստիտուտի դատափորձագիտական գծով ԴՆԹ լաբորատորիայի ղեկավար, դոկտոր Նուրիդ Բուբլիրը, Վրաստանի դատական փորձաքննությունների ազգային բյուրոյի դատեկենսաբանական փորձաքննությունների բաժնի ղեկավար, դոկտոր Նինո Քոչիաշվիլին, ինչպես նաև ներկայացուցիչներ «Ինտերպոլ»-ից, «Thermo Fisher Scientific» ընկերությունից և այլ կառույցներից։

Բանախոսներն անդրադարձել են ԴՆԹ ոլորտում հայտնի CODIS և NDNAD բազաների օգնությամբ իրականացված փորձաքննությունների արդյունավետությանը, ԴՆԹ տվյալների բազայի ստեղծման գործընթացին, դրա նշանակությանը, ձևավորման և կիրառման առանձնահատկություններին և այդ առումով տարբեր երկրների փորձին՝ ներկայացնելով նաև ԴՆԹ քրեագիտական լաբորատորիաներում ձևավորված որակի ապահովման և հավատարմագրման  անհրաժեշտ սկզբունքները։

Համաժողովի շրջանակներում Բյուրոյի ներկայացուցիչները մասնակցել են դատագենետիկական ոլորտի նորամուծություններին վերաբերող դասընթացին, որի ընթացքում ներկայացվել են միտոքոնդրիալ ԴՆԹ վերլուծությանը, խառը հետքերի վերլուծությանը, զոհերի նույնականացմանը (DVI), ԴՆԹ վերլուծության համար ոսկրերի մշակմանն, ինչպես նաև ռապիդ թեստերի միջոցով նույնականացման իրականացմանն առնչվող հարցեր։ Մասնակիցներն արդյունավետ քննարկումներ են ծավալել դատական փորձաքննությունների և հետազոտությունների տեսական և գործնական հարցերի շուրջ:

Սիմպոզիումի շրջանակներում Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արգամ Հովսեփյանը «GTH DNA» խորհրդատվական ընկերության ղեկավար Թիմ Շելբերգի հետ առանձին քննարկում է ունեցել և պայմանավորվածություն ձեռք բերել Հայաստանում դատագենետիկական փորձաքննություններին և ԴՆԹ տվյալների բազայի ձևավորմանն առնչվող խնդիրների շուրջ համատեղ միջազգային  միջոցառում կազմակերպելու և ակտիվ փոխգործակցության ծավալման վերաբերյալ։

Պայմանավերվածություն է ձեռք բերվել նաև Իսրայելի, Ղազախստանի և Վրաստանի գործընկերների հետ ԴՆԹ փորձաքնննությունների ոլորտում  ակտիվ փոխգործակցության ծավալման և փորձի փոխանակման շուրջ։

Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է դատագենետիկական փորձաքննությունների ոլորտում միջազգային առաջատար ընկերությունների և կառույցների հետ ակտիվ համագործակցության ծավալումը՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական գործունեության տվյալ ուղղության  շարունակական զարգացմանը, փորձագիտական հավաստի արդյունքների ապահովմանը, ինչպես նաև տվյալների բազաների ձևավորմանն ու արդյունավետ կիրառմանը։

Archive

Բյուրոյի ներկայացուցիչները մասնակցել են «ChemEX 2023» ֆորումին

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները` տնօրենի գիտության գծով տեղակալ, քիմիական գիտությունների թեկնածու Պատվական Ոսկանյանի գլխավորությամբ մասնակցել են հուլիսի 4-6-ը Երևանում կայացած «Քիմիա. ֆարմա. բիոտեխ. նոր մարտահրավերներ» թեմայով «ChemEX 2023» ֆորումին։ Արդեն երկրորդ տարին անընդմեջ անցկացվող ֆորումը համախմբել էր քիմիայի, դեղագործության, կենսատեխնոլոգիական արդյունաբերության բնագավառների առաջատար մասնագետների, գիտնականների Հայաստանից և Ռուսաստանից։ Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, Մոսկվայի պետական համալսարանի ներկայացուցիչներ,  արդյունաբերական ձեռնակությունների, քիմիական և դեղագործական ընկերությունների ղեկավարներ և այլ գերատեսչություններից հրավիրված մասնագետներ։ Ֆորումի շրջանակներում քննարկվել են քիմիական, դեղագործական, կենսատեխնոլոգիական արդյունաբերության ոլորտներում առկա մարտահրավերները, նոր տեխնոլոգիական մոտեցումներով միջին և փոքր քիմիայի ուղղության զարգացման, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի, ԵԱՏՄ երկրների ընկերությունների արդյունավետ, կառուցողական համագործակցության հեռանկարները: Մասնակիցներն ընդգծել են Հայաստանի և Ռուսաստանի միջոլորտային և գիտական շարունակական փոխգործակցության անհրաժեշտությունը։

Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է նմանօրինակ միջոցառումների մասնակցությունը՝ ի նպաստ մեր երկրի գիտագործնական ներուժի կատարելագործմանն ու փորձագիտական հավաստի արդյունքների ապահովմանը։

Archive

«Լուրեր»-ի անդրադարձը Բյուրոյի ապրանքագիտական փորձաքննությունների բաժնի գործունեությանը

Հանրային հեռուստաընկերության գլխավոր լրատվական ծրագիրն անդրադարձել է ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ապրանքագիտական փորձաքննությունների բաժնի գործունեությանը։

«Լուրեր» լրատվականի ռեպորտաժը դիտեք այստեղ։

Archive

Բյուրոյի ներկայացուցիչները ՆԳՆ կրթահամալիրում մասնակցել են միջազգային գիտագործնական համաժողովի

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենի՝ գիտության գծով տեղակալ, ք․գ․թ Պատվական Ոսկանյանը և Բյուրոյի քրեաբանության կիրառական հիմնախնդիրների գիտահետազոտական կենտրոնի պետ, ի․գ․թ․, դոցենտ Գևորգ Իսրայելյանը հունիսի 15-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում մասնակցել են «Կիբերհանցավորության դեմ պայքարի քրեաիրավական, քրեադատավարական և քրեաբանության հիմնախնդիրները» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովին։
Կրթահամալիրի նախաձեռնությամբ իրականացված համաժողովին մասնակցում էին ՆԳՆ կրթահամալիրի պետ, ի․գ․թ․, դոցենտ, ոստիկանության գնդապետ Մանուկ Մուրադյանը, տեսակապի միջոցով՝ ՌԴ ՆԳՆ Ռոստովի իրավաբանական ինստիտուտի պետ, ի․գ․թ․, դոցենտ, ոստիկանության գնդապետ Դմիտրի Տիշինը, ՌԴ ՆԳՆ համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի, Ռոստովի իրավաբանական ինստիտուտի, Վ․ Յա․ Կիկոտի անվան Մոսկվայի համալսարանի, Օրյոլի իրավաբանական ինստիտուտի, Սիբիրի իրավաբանական ինստիտուտի, Կրասնոդարի համալսարանի, ինչպես նաև Ուզբեկստանի Հանրապետության ՆԳՆ ակադեմիայի ներկայացուցիչները։
Գիտաժողովի մասնակիցներն իրենց ելույթներում անդրադարձան ԱՊՀ երկրներում կիբերհանցավորության դեմ պայքարի իրավական հիմքերին, քրեական դատավարությունում կիրառվող թվային տեխնոլոգիաներին, թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը վիրտուալ աշխարհում և դրա դեմ պայքարի միջազգային փորձին, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող խարդախությանը, կիբերհանցագործությունների քննության ընթացքում իրականացվող քննչական գործողություններին և այլ հիմնահարցերի։
Համաժողովին «Կիբերվիկտիմոլոգիա. հասկացությունը և տարրերը» թեմայով գիտական զեկույցով հանդես եկավ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի քրեաբանության կիրառական հիմնախնդիրների գիտահետազոտական կենտրոնի պետ, ի․գ․թ․, դոցենտ Գևորգ Իսրայելյանը։ Վերջինս ներկայացրեց քրեական վիկտիմոլոգիայի նոր գիտական ուղղության՝ կիբերվիկտիմոլոգիայի բնութագիրը, ձևավորման հիմնավորումները, նախադրյալները, ինչպես նաև կառուցվածքային տարրերը։
«Երկար ժամանակ քրեական վիկտիմոլոգիայի հիմնական հայեցակարգերը, որպես կանոն հիմնվում էին հանցավորի և տուժողի անմիջական կապի վրա, սակայն ժամանակակից պայմաններում հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում կիբերտեխնոլոգիաների կիրառման, ինչպես նաև կիբերհանցագործությունների ակնհայտ աճի պայմաններում անհրաժեշտություն է առաջացել ձևավորել կիբերհանցագործությունների վերաբերելիությամբ քրեական վիկտիմոլոգիայի նոր ուղղություն»,-իր խոսքում նշեց Իսրայելյանը՝ ընդգծելով մեր երկրում կիբեհանցագործությունների վիկիտիմոլոգիական կանխարգելման կարևորությունը։  
Համաժողովի մասնակիցները արդյունավետ քննարկումներ ծավալեցին բարձրացված հիմնախնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ։
ՆԳՆ կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ի.․գ․թ․, դոցենտ, ոստիկանության գնդապետ Միսակ Մարկոսյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին արդյունավետ և ընդգրկուն զեկույցների համար՝ նշելով, որ դրանք տեղ կգտնեն Կրթահամալիրի գիտական հանդեսում։
Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է համագործակցությունը կրթական հաստատությունների հետ, ինչպես նաև մասնակցությունը նմանօրինակ համաժողովներին՝ ի նպաստ միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնմանը, մեր երկրում դատափորձագիտական հնարավորությունների արդիականացմանն ու ոլորտի կայուն զարգացման ապահովմանը։

Archive

«Sputnik Արմենիա» լրատվական գործակալությունն անդրադարձել է Բյուրոյի Քիմիական փորձաքննությունների բաժանմունքի աշխատանքին

Հեղինակավոր «Sputnik Արմենիա» լրատվական գործակալության լրագրողն այս անգամ զրուցել է ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի Քիմիական փորձաքննությունների բաժանմունքի պետ Նելլի Կիրակոսյանի հետ` պարզելու համար ոչ միայն ինչպես են ստուգում` անձը թմրամիջոց օգտագործել է, թե ոչ, այլև ալկոհոլի օգտագործման թույլատրելի ու մահացու քանակների, ինչպես նաև աշխատանքի որոշ հետաքրքիր մանրամասներ։

Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք այստեղ։ armeniasputnik.am

Archive

Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենը Հաագայում մասնակցել է Դատափորձագիտական Ինստիտուտների Եվրոպական ցանցի (ENFSI-ի) մշտական ներկայացուցիչների տարեկան համաժողովին

Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի (ENFSI-ի) 2023 թվականի տարեկան համաժողովի կազմակերպիչ Նիդերլանդների դատափորձագիտական ինստիտուտի հրավերով «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն, Հայաստանի Հանրապետությունից ENFSI-ի մշտական ներկայացուցիչ Արգամ Հովսեփյանը մայիսի 22-ից 26-ը Հաագայում մասնակցել է Դատափորձագիտական Ինստիտուտների Եվրոպական ցանցի (ENFSI-ի) տարեկան համաժողովին:

Համաժողովի ընթացքում ամփոփվել են 2022-2023թթ. իրականացված աշխատանքների արդյունքներն ու ձեռքբերումները, առանձին աշխատաժողովների և նիստերի մակարդակով քննարկվել են ENFSI-ի ռազմավարական ծրագրերի իրականացմանը, դատափորձագիտական բնագավառում առկա տեսական և փորձնական հնարավորություններին, ինչպես նաև դատափորձագիտության ոլորտի արդի հիմնախնդիրներին, այդ թվում՝ թվայնացմանը վերաբերող մի շարք հարցեր։

Արգամ Հովսեփյանը որպես ENFSI-ի լիիրավ անդամ կառույցի մշտական ներկայացուցիչ մասնակցել է թեմատիկ աշխատանքներին, ինչպես նաև ENFSI-ի Խորհրդի նոր անդամների ընտրությանը։Համաժողովի շրջանակներում ներակայացվել են զեկույցներ և քննարկումներ ծավալվել ENFSI-ի 2022-2023թթ․ Խորհրդի, փաստաթղթերի փոփոխությունների, Սահմանադրության առաջարկվող փոփոխությունների և մի շարք այլ հարցերի վերաբերյալ։ Համաժողովի շրջանակներում Բյուրոյի տնօրենն առանձին հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի, Պորտուգալիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Նիդերլանդների, Լեհաստանի և այլ երկրների դատափորձագիտական ինստիտուտների ղեկավարների և ներկայացուցիչների հետ, նախնական պայմանավորվածություններ ձեռքբերել մի շարք ուղղություններով հետագա համագործակցության վերաբերյալ։

Նշենք, որ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը դեռևս 2011 թվականից հանդիսանում է Դատափորձագիտական Ինստիտուտների Եվրոպական ցանցի (ENFSI-ի) լիիրավ անդամ: Նշված Եվրոպական հեղինակավոր մարմինը դատափորձագիտության և քրեագիտության բնագավառներում հանդիսանում է Եվրոպայի տարածաշրջանում գիտագործնական աշխատանքները համակարգող, միասնական մեթոդաբանությունը և ռազմավարությունը մշակող առաջատար կառույց։
Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է ENFSI-ի կազմում փոխգործակցության շարունակականության ապահովումը՝ ի նպաստ եվրոպական ինտեգրմամբ Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական գործունեության շարունակական զարգացմանը, փորձագիտական հավաստի արդյունքների ապահովմանն ու օրենքի գերակայությամբ արդարադատության արդյունավետ իրականացմանը։

Archive

Միջազգային կլոր սեղան–քննարկում՝ արտերկրի գործընկերների մասնակցությամբ

Մայիսի 31-ին ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ–ի տնօրեն Արգամ Հովսեփյանի նախաձեռնությամբ կայացավ գիտագործնական կլոր սեղան–քննարկում կենսաբանական, նյութագիտական և թունաբանական հետազոտությունների ոլորտների արդի հիմնախնդիրների և զարգացման հեռանկարների վերաբերյալ։ Տեսակապի ձևաչափով կազմակերպված կլոր սեղանին մասնակցում էին Ռուսաստանի քիմիական-թունաբանական և դատաքիմիական հետազոտությունների մասնագետների ասոցացիայի համահիմնադիր, ասոցացիայի նախագահի մեթոդաբանական և փորձագիտական աշխատանքների գծով տեղակալ Սերգեյ Սավչուկը, Բելառուսի Հանրապետության ազգային հակադոպինգային կազմակերպության տնօրեն Յուրի Պոխոդնյան, «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ–ի ղեկավար անձնակազմը, ինչպես նաև արտերկրի և Բյուրոյի համապատասխան փորձագիտական ստորաբաժանումների ղեկավարներ և առաջատար փորձագետներ։ Կլոր սեղանի շրջանակներում արդյունավետ քննարկումներ ծավալվեցին կենսաբանական, նյութագիտական և թունաբանական հետազոտությունների առկա հիմնախնդիրների, կիրառվող հետազոտությունների մեթոդների և մեթոդիկաների, նյութատեխնիկական ապահովման, այդ թվում՝ նորագույն սարքավորումների ձեռքբերման և կիրառման արդյունավետ իրականացման հետ կապված մի շարք հարցերի վերաբերյալ, որի շրջանակներում մասնակիցները ներկայացրեցին իրենց փորձն ու գործնականում հաճախ հանդիպող դժվարությունները։ Միաժամանակ մտքեր փոխանակվեցին բարձրացված խնդիրների վերաբերյալ, քննարկվեցին համատեղ աշխատանքների արդյունավետ իրականացման հեռանկարները։

Համագործակցության կապերի ամրապնդման, ակտիվ փոխգործակցության ծավալման և ոլորտի զարգացման ապահովման նպատակով նախատեսվել է ընթացիկ տարվա երկրորդ կեսին Հայաստանի Հանրապետությունում իրականացնել նշված ուղղություններով միջազգային գիտաժողով հայ և արտասահմանի մի շարք երկրների գործընկերների մասնակցությամբ։

Archive

Փորձաքննությունների ազգային բյուրոյի և Ուզբեկստանի դատափորձագիտական կենտրոնի միջև կնքվել է համագործակցության հուշագիր*

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայացած «Tashkent Law Spring» 3-րդ միջազգային իրավաբանական ֆորումի շրջանակներում մայիսի 18-ին ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա․ Հովսեփյանը և Ուզբեկստանի Հանրապետության արդարադատության նախարարության Խ.Սուլեյմանովայի անվան դատափորձագիտական հանրապետական կենտրոնի տնօրեն Ա. Խալիլովը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ դատական փորձաքննությունների ոլորտում առկա կապերի ամրապնդման և փոխշահավետ համագործակցության ծավալման նպատակով։ Կողմերն ընդգծել են հանցավորության դեմ պայքարի շրջանակներում դատական փորձաքննությունների ժամանակակից մեթոդների և միջոցների արդյունավետ կիրառման, ոլորտի զարգացման ապահովմանն ուղղված համատեղ գիտագործնական աշխատանքների իրականացման, բարձր որակավորում ունեցող փորձագետների պատրաստման, համատեղ գիտագործնական մոջոցառումների անցկացման կարևորությունը։ Նախանշվել են «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Ուզբեկստանի հանրապետական դատափորձագիտական կենտրոնի միջև փոխգործակցության շրջանակներում իրականացվելիք աշխատանքների հեռանկարները՝ տեսական և գործնական գիտելիքների փոխանակման, դատափորձագիտական ոլորտի արդիական հարցերի վերհանման և ոլորտում առկա հիմնախնդիրների արդյունավետ լուծման համատեքստում։ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը կարևորում է գիտագործնական միջազգային կապերի զարգացումն ու նոր հնարավությունների ձևավորումը՝ ի նպաստ մեր երկրի դատափորձագիտական բնագավառի գիտական ներուժի և առկա հնարավությունների շարունակական զարգացմանն ու կատարելագործմանը։

Archive

Փորձաքննությունների ազգային բյուրոյի պատվիրակությունը Տաշքենդում մասնակցել է միջազգային խոշորագույն իրավաբանական ֆորումին

Ուզբեկստանի Հանրապետության արդարադատության նախարարության Խ.Սուլեյմանովայի անվան դատափորձագիտական հանրապետական կենտրոնի տնօրեն Ա. Խալիլովի հրավերով ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի պատվիրակությունը՝ տնօրեն Ա․ Հովսեփյանի գլխավորությամբ մայիսի 17-ից 18-ը աշխատանքային այցով Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում էր՝ միջազգային խոշորագույն գիտագործնական ֆորումին մասնակցելու, միջազգային կապերի ամրապնդման և փորձի փոխանակման նպատակով։ Այցի առաջին օրը Բյուրոյի տնօրեն Ա․ Հովսեփյանը և տնօրենի՝ գիտության գծով տեղակալ Պ․ Ոսկանյանը մասնակցել են Ուզբեկստանի Հանրապետության արդարադատության նախարարության կազմակերպած՝ «Tashkent Law Spring» 3-րդ միջազգային իրավաբանական ֆորումին։ Կենտրոնական Ասիայի խոշորագույն իրավական իրադարձությունը համարվող միջոցառմանը մասնակցում էին փորձագիտական և գիտական հաստատությունների ղեկավարներ, դատափորձագիտական ոլորտի առաջատար մասնագետներ աշխարհի ավելի քան երկու տասնյակ երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, Բելառուսից, Միացյալ Թագավորությունից, Գերմանիայից, Վրաստանից, Ռուսաստանից, Ռումինիայից, Սաուդյան Արաբիայից, Սինգապուրից, Թուրքիայից, Սլովենիայից, Ճապոնիայից և այլ երկրներից: Ֆորումի շրջանակներում կազմակերպված՝ «Դատական փորձաքննության զարգացման ժամանակակից միտումները» թեմայով սեկցիայում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու Ա․ Հովսեփյանը հանդես է եկել «Ժամանակակից պայմաններում հատուկ գիտելիքների կիրառման կազմակերպչական և դատավարական ասպեկտներն ու առանձնահատկությունները Փորձաքննությունների ազգային բյուրոյում» թեմայով զեկույցով, որում անդրադարձ է կատարել կառույցի գործունեության ուղղություններին, Բյուրոյում իրականացվող փորձաքննությունների տեսակներին և կարողություներին, նորարարական հնարավորություններին, ուսումնակրթական աշխատանքներին, միջազգային համագործակցությանը, խոսել ոլորտի հիմնախնդիրներից ու զարգացման միտումներից։ Ա.Հովսեփյանը սեկցիայի մասնակիցներին է ներկայացրել 2022թ․ հուլիսի 1-ից Հայաստանում ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքով նախատեսված՝ դատափորձագիտական ոլորտին, մասնավորապես՝ փորձագետի իրավունքներին և պարտականություններին, փորձագետի եզրակացությանն ու կարծիքին, փորձաքննության իրականացման առանձնահատկություններին և ժամկետներին առնչվող կարգավորումներին, դրանց ազդեցությանը քրեական վարույթի ընթացքում դատական փորձաքննություն իրականացնելու գործընթացի վրա։ Այս համատեքստում Բյուրոյի տնօրենը շեշտել է քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան՝ փորձաքննությունների իրականացման ժամկետների կրճատման և հնարավորինս սեղմ ժամկետներում փորձագիտական հավաստի արդյունքների ապահովման կարևորությունը։ «Փորձաքննությունների իրականացման ժամկետների կրճատմանը նպաստել է Բյուրոյում հետազոտական նոր տեխնոլոգիաների շարունակական ներդրումն ու կիրառվող մեթոդների և մեթոդիկաների կատարելագործումը, ինչը հանդիսանում է կարևոր գործոն ժամանակակից պայմաններում դատական փորձաքննությունների կազմակերպման համար»,-իր ելույթում նշել է Ա․ Հովսեփյանը։ Խոսելով աշխարհում հանցագործությունների տարածման ժամանակակից միտումների, հանցավորության արդյունավետ դիմակայման անհրաժեշտության մասին, կառույցի ղեկավարն ընդգծել է այդ առումով դատափորձագիտական գործունեության դերն ու նշանակությունը, միջազգային գործընկերների հետ ջանքերի համատեղման, գիտական ներուժի, փորձի փոխանակման, ինչպես նաև շարունակական շփումների կարևորությունը։ Ա․ Հովսեփյանը պատասխանել է նաև սեկցիայի մասնակիցների հարցերին և արդյունավետ քննարկում ծավալել օտարերկրյա պատվիրակների հետ։ Նույն օրը Ուզբեկստանի Հանրապետության արդարադատության նախարարության Խ. Սուլեյմանովայի անվան հանրապետական դատափորձագիտական կենտրոնում Բյուրոյի ղեկավար անձնակազմի ներկայացուցիչները Ուզբեկստանի, Ղազախստանի, Բելառուսի, Թուրքմենստանի և այլ երկրների դատափորձագիտական կառույցների ղեկավարների և ոլորտի առաջատար մասնագետների հետ մասնակցել են «Դատական փորձաքննության արդի հիմնախնդիրները և բարեփոխումները» թեմայով կլոր սեղան-քննարկմանը։ Քննարկվել են դատական փորձաքննությունների ոլորտում օրենսդրական բարեփոխումներին, գիտամեթոդական գործունեությանը, ժամանակակից նյութատեխնիկական աջակցությանը, փորձագետների վերապատրաստման և հմտությունների կատարելագործմանը և դատափորձագիտական ոլորտին առնչվող հարցեր։ Ուզբեկստանի դատափորձագիտական հանրապետական կենտրոնում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենի՝ գիտության գծով տեղակալ Պ․ Ոսկանյանը «Դատական փորձաքննությունների կազմակերպման և անցկացման Ժամանակակից խնդիրները» թեմայով վարպետության դաս է անցկացրել մի շարք երկրների դատական փորձագետների համար։ Աշխատանքային այցի շրջանակներում՝ մայիսի 18-ին, Բյուրոյի ներկայացուցիչները եղել են նաև Ուզբեկստանի դատափորձագիտական հանրապետական կենտրոնում, տեղում ծանոթացել Կենտրոնի թանգարանի և լաբորատորիաների գործունեությանը, ինչպես նաև աշխատանքային քննարկումներ ծավալել Կենտրոնի փորձագիտական մի շարք ստորաբաժանումների ղեկավար կազմի և առաջատար մասնագետների հետ։ Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է արտասահմանյան գործընկերների հետ համագործակցության շրջանակների ընդլայնմանն ուղղված նմանօրինակ այցերն ու մասնակցությունները միջազգային համաժողովներին՝ ի նպաստ մեր երկրում դատափորձագիտական ոլորտի գործունեության շարունակական զարգացման ապահովմանը:

Archive

Sputnik Արմենիա լրատվական գործակալությունն անդրադարձել է Բյուրոյի նյութագիտական փորձաքննությունների բաժնի գործունեությանը

Sputnik Արմենիան այցելել է Փորձաքննությունների ազգային բյուրո, որտեղ իրականացվում է իրավասու պետական մարմինների կողմից քրեական վարույթի շրջանակներում առգրավված թմրամիջոցների փորձաքննությունների մի մասը։ Այստեղ տարեկան կատարվում է շուրջ 2200 օբյեկտի նյութագիտական հետազոտություն, որից 1600 օբյեկտը թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի հետազոտությունն է։ Բյուրոյում 2012 թվականից իրականացվում են թմրամիջոցների, այդ թվում՝ փորձագիտական տեսանկյունից բարդ փորձաքննություն համարվող LSD տեսակի թմրամիջոցի որակական և քանակական հետազոտություններ, իսկ 2016 թվականից՝ համապատասխան տվյալների բազայի ձեռքբերման և պարբերաբար իրականացվող թարմացումների շնորհիվ նաև՝  նորագույն սերնդի սինթետիկ ծագման թմրամիջոցների բարձր ճշգրտությամբ նույնականացումներ: Հոդվածն ամբողջությամբ կարդացեք այստեղ։

https://armeniasputnik.am/20230521/tmrabiznesi-mardik-khvoramank-en-vovqer-ev-inchpes-en-pvordzaqnnum-argravvats-tmramijvocnery-59862570.html

Archive

Բյուրոյի ներկայացուցիչները մասնակցել են Ուկրաինայի գործընկերների կազմակերպած միջազգային գիտաժողովին

ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները տնօրենի՝ փորձաքննությունների գծով տեղակալ Արամ Գահնապետյանի գլխավորությամբ, մայիսի 19-ին տեսակապի միջոցով մասնակցեցին Ուկրաինայի արդարադատության նախարարության Ն.Ս.Բոկարիուսի անվան Խարկովի դատական փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտի կազմակերպած «Դատափորձագիտության և քրեագիտության համապատասխան հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտագործնական գիտաժողովին։

Տեսակոնֆերանսին մասնակցում էին փորձագիտական և գիտական հաստատությունների ղեկավարներ, դատափորձագիտական ոլորտի առաջատար մասնագետներ Ուկրաինայից, Հայաստանից, Լեհաստանից, Մոլդովայից, Լատվիայից, Լիտվայից և այլ երկրներից։

Միջոցառմանը ելույթով և ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենի՝ փորձաքննությունների գծով տեղակալ Արամ Գահնապետյանը։ Վերջինս անդրադարձավ հայ և ուկրաինացի գործընկերների միջև հաստատված կայուն և սերտ գործընկերային հարաբերություններին՝ կարևորելով նմանօրինակ գիտաժողովների կազմակերպումն ու անցկացումը՝ դատական փորձաքննությունների ոլորտում առաջ եկող գործնական խնդիրների արդյունավետ լուծման համատեքստում:

«Հաշվի առնելով դատափորձագիտական մեթոդների և տեխնոլոգիաների զարգացման վերջին միտումները, չափազանց կարևոր է փորձագիտական հանրության ջանքերի համատեղումը պետության շահերի, քաղաքացիների իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանության, ժամանակակից պահանջներին համապատասխան փրձաքննությունների իրականացման, գիտականորեն հիմնավորված արդյունքների ստացման տեսանկյունից»,-իր խոսքում նշեց Արամ Գահնապետյանը։

Միջոցառման ընթացքում քննարկվեցին ոլորտի հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարները, համատեղ հետազոտական ուղղությունները, լավագույն փորձի կիրառման, նոր մեթոդների մշակման և ներդրման, ինչպես նաև տվյալ փորձագիտական ուղղության հնարավորությունների զարգացման ապահովման ուղղությամբ:

Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է նմանօրինակ միջոցառումների կազմակերպումն ու ակտիվ մասնակցությունը, որը նպաստում է միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնմանը, մեր երկրում դատափորձագիտական հնարավորությունների արդիականացմանն ու ոլորտի կայուն զարգացման ապահովմանը։

Archive

Փորձաքննությունների ազգային բյուրոյի և Մաշտոցի անվան համալսարանի միջև կնքվեց համագործակցության հուշագիր

Մայիսի 12-ին ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ»-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը Բյուրոյում ընդունեց Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի ռեկտոր Հովհաննես Սարգսյանին և համալսարանի ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում հյուրերին ներկայացվեցին Բյուրոյի գործունեության ուղղությունները, փորձագիտական և գիտագործնական հնարավորությունները:

Հանդիպման շրջանակներում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որը հնարավորություն կտա համակողմանի փոխգործակցություն ծավալել գործունեության ոլորտին առնչվող բոլոր ուղղություններով:

Հուշագրի շրջանակում կիրականացվի համատեղ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով փորձի փոխանակում, համապատասխան խորհրդատվությունների տրամադրում, գիտական տարբեր միջոցառումների կազմակերպում, բարձր մասնագիտական գիտելիքներով և գործնական հմտություններով օժտված մասնագետների պատրաստման հարցում աջակցություն և այլն:

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը հավատարիմ մնալով իր որդեգրած սկզբունքներին՝ նպատակաուղղված է ակտիվ փոխգործակցություն ծավալել բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ՝ բուհական և հետբուհական կրթության որակյալ իրականացման և բարձր մասնագիտական գիտելիքներով և գործնական հմտություններով օժտված մասնագետների պատրատման գործում իր նպաստն ունենալու համար:

Archive

«Ժամը» լրատվականն անդրադարձել է Փորձաքննությունների ազգային բյուրոյում ներդրված եզակի փորձագիտական հնարավորությանը

«Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականն անդրադարձել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից Հայաստանի Հանրապետությունում ներդրված և արդյունավետ գործարկվող դենդրոխրոնոլոգիական հետազոտության մեթոդի կիրառմամբ եզակի փորձագիտական հնարավորությանը։ Խոսքը 2018թ․ ներդրված գերմանական LINTAB լաբորատոր սարքավորման և դրան կից բազմաֆունկցիոնալ ծրագրային ապահովման մասին է, որը հիմք է դրել մեր երկրում դենդրոխրոնոլոգիական փորձաքննության ուղղության զարգացմանը և հանդիսանում է ապօրինի ծառահատումների դեմ պայքարի արդյունավետ գործիք։ Ներդրվել է դենդրոխրոնոլոգիական հետազոտությունների՝ գիտականորեն հիմնավորված նորարարական մեթոդաբանություն, որի կիրառմամբ Բյուրոյում տարեկան իրականացվում են ծառահատումների դեպքերով 2000-ից ավելի նմուշների փորձաքննություններ, ինչպես նաև ձևավորվում է հետազոտված պահաբաժինների տարբեր տեսակի ծառերից վերցված նմուշների տվյալների բազա, որն ունի կարևոր նշանակություն հայտնաբերված անհայտ ծագման փայտանյութի ստացման համար կտրված ծառերի գտնվելու տեղանքի պարզման առումով: Բյուրոյի տվյալ բնագավառի փորձագետները վերապատրաստվել են Գերմանիայում, Ռուսաստանում, Բելառուսում։

Փորձաքննությունների ազգային բյուրոն պարբերաբար համալրվում է նոր, առաջադեմ սարքավորումներով և բարձր տեխնոլոգիական համակարգերով՝ նպատակ ունենալով որակյալ փորձաքննությունների իրականացման միջոցով օժանդակել մեր երկրում հանցավորության դեմ պայքարի, հանցագործությունների բացահայտման և արդարադատության արդյունավետ իրականացմանը։  

Տեսանյութը դիտեք՝ այստեղ

Archive

Փորձաքննությունների ազգային բյուրոն մասնակցել է միջազգային գիտագործնական գիտաժողովի**

Սույն թվականի հունվարի 26-ին և 27-ին ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ղեկավար և փորձագիտական անձնակազմի ներկայացուցիչները տնօրեն Ա.Հովսեփյանի գլխավորությամբ տեսակոնֆերանսի ձևաչափով մասնակցեցին Օ.Է.Կութաֆինի անվան Մոսկվայի պետական իրավաբանական համալսարանի կողմից կազմակերպված «Դատական փորձաքննության տեսությունը և պրակտիկան ժամանակակից պայմաններում»  խորագրով 9-րդ միջազգային գիտագործնական գիտաժողովին:

Գիտաժողովին մասնակցում էին փորձագիտական և գիտականհաստատությունների առաջատար մասնագետներ  Ռուսաստանից, Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Բուլղարիայից և այլ երկրներից:

Միջոցառման նպատակն էր կարծիքների և փորձի փոխանակումը դատափորձագիտական ոլորտի արդիական հարցերի, փորձաքննությունների նոր տեսակների և փորձագիտական նոր մասնագիտությունների վերաբերյալ:

Գիտաժողովին բացման խոսքով և ելույթներով հանդես եկան Օ.Է.Կութաֆինի անվան Մոսկվայի պետական իրավաբանական համալսարանի դատական փորձաքննությունների ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ելենա Ռոսսինսկայան, Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարության դատական փորձաքննության Ռուսաստանի Դաշնային կենտրոնի տնօրեն,  պրոֆեսոր Ալեքսանդր Ուսովը, Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի Մոսկվայի ակադեմիայի ռեկտոր Ալեքսեյ Բեսսոնովը, ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը և այլք: 

Գիտաժողովի ընթացքում Բյուրոյի տնօրեն Ա.Հովսեփյանը ներկայացրեց զեկույց «Կատարված ռազմական հանցագործությունների փաստերի ապացուցման գործընթացում հատուկ գիտելիքների և հմտությունների կիրառման առանձնահատկությունները» թեմայով, որի ընթացքում համակարգված կերպով ներկայացվեցին Արցախի Հանրապետության տարածքի և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ 2016-ից 2020, ինչպես նաև 2022 թվականների ընթացում Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմական գործողությունների շրջանակներում  կատարված ռազմական հանցագործությունների և միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտումների բնույթին համապատասխան դրանց արձանագրման և ապացուցողական բազայի ձևավորմանն օժանդակելու հիմնական սկզբունքներն ու դրանց համակարգված իրականացման առանձնահատկությունները:

Միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածուում ներառված է նաև Բյուրոյի տնօրեն Ա.Հովսեփյանի կողմից հեղինակած «Կատարված ռազմական հանցագործությունների փաստերի ապացուցման գործընթացում հատուկ գիտելիքների և հմտությունների կիրառման առանձնահատկությունները» թեմայով գիտական հոդվածը:

Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է նմանօրինակ գիտաժողովների մասնակցությունը՝ միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնման, խնդիրների վեր հանման, դատափորձագիտական հնարավորությունների արդիականացման և ոլորտի կայուն զարգացման արդյունավետ ուղիների նախանշման համար:

Archive

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Եվրասիա միջազգային համալսարանի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Եվրասիա միջազգային համալսարանի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում համալսարանի իրավագիտության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողներն օրերս մասնագիտական ճանաչողական հերթական այցը կատարեցին ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ։ Ապագա իրավագետներին ուղեկցում էր Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնի դասախոս, «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կրիմինալիստ փորձագետ Վարդգես Ֆրանգյանը։ Այցի շրջանակներում ուսանողները հանդիպեցին նաև Բյուրոյի տնօրենի գիտության գծով տեղակալ, քիմիական գիտությունների թեկնածու Պատվական Ոսկանյանի և Ուսուցման և որակավորման կենտրոնի պետ Մարինա Սերոբյանի հետ։ Հանդիպման ընթացքում ուսանողներին ներկայացվեց փորձագետի դերը քրեական վարույթի ընթացքում, դատափորձագիտական ոլորտի նշանակությունը քրեական, քաղաքացիական և վարչական դատավարությունների շրջանակներում կարևոր, անհերքելի ապացույցների ձեռքբերման և արդարադատության իրականացման գործընթացներում։ Կազմակերպվեց նաև շրջայց, որի ընթացքում ապագա իրավագետները ծանոթացան փորձագիտական մի շարք ստորաբաժանումների հետազոտական հնարավորություններին և հիմնական գործառույթներին, նյութատեխնիկական հագեցվածությանը` հատկապես նորարարական մոտեցումներին, գիտամեթոդական ապահովմանն ու փորձագիտական լաբորատոր հետազոտությունների կիրառական, տեսական և գործնական ասպեկտներին: Բուհերի հետ համագործակցության շրջանակներում նման այցերը կրում են շարունակական բնույթ, քանի որ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը մշտապես կարևորում է բուհական և հետբուհական որակյալ կրթության ապահովումն, ինչպես նաև բարձր մասնագիտական գիտելիքներով և գործնական հմտություններով օժտված մասնագետների պատրաստման գործընթացում արդյունավետ փոխգործակցության իրականացումը՝ պատրաստակամ լինելով աջակցել դատական փորձաքննությունների ոլորտով հետաքրքրված բուհերի ուսանողների որակյալ կրթության իրականացմանը։