Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Արխիվ 2023
Բյուրոյի պատվիրակությունը Մինսկում մասնակցել է «Դատափորձագիտության և դատափորձագիտական գործունեության դերն ու նշանակությունն ազգային անվտանգության ապահովման գործում» խորագրով միջազգային գիտագործնական համաժողովին
Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի ղեկավար Վադիմ Պոզնյակի հրավերով «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի պատվիրակությունը՝ տնօրեն Արգամ Հովսեփյանի գլխավորությամբ հոկտեմբերի 19-ից 20-ը
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մասնակցել է «Դատափորձագիտության և դատափորձագիտական գործունեության դերն ու նշանակությունն ազգային անվտանգության ապահովման գործում» խորագրով միջազգային գիտագործնական համաժողովին, որը նվիրված էր Բելառուսի Հանրապետության դատական փորձաքննությունների պետական կոմիտեի կադրերի որակավորման բարձրացման և վերապատրաստման ինստիտուտի կազմավորման 20 ամյակին:
Բելառուսի դատափորձագիտական պետական կոմիտեի կազմակերպած միջազգային համաժողովին մասնակցում էին Բելառուսի դատական փորձաքննությունների պետական կոմիտեի, Անվտանգության խորհրդի պետական քարտուղարության, Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի, քննչական կոմիտեի, արդարադատության նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև Բելառուսի, Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի փորձագիտական և գիտական հաստատությունների ղեկավարներ, դատափորձագիտական ոլորտի առաջատար մասնագետներ:
Համաժողովին բացման խոսքով է հանդես եկել և Բելառուսի դատափորձագիտական պետական կոմիտեի նախագահ Ալեքսեյ Վոլկովի անունից ներկաներին ողջունել Կոմիտեի նախագահի տեղակալ Ալեքսանդր Լաշինը։ Վերջինս իր խոսքում անդրադարձել է Բելառուսում դատափորձագիտական գործունեության կատարելագործման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, գիտական և տեխնոլոգիական առաջընթացի զարգացման հետ մեկտեղ ի հայտ եկող փորձաքննությունների նոր տեսակներին, ժամանակակից մեթոդներին և տեխնոլոգիաներին, դատական փորձագետների որակավորման պահանջների մեծացման և ոլորտի արդի հիմնախնդիրներին՝ ընդգծելով այդ առումով միջազգային գործընկերների հետ ջանքերի համատեղման, գիտական ներուժի, փորձի փոխանակման, ինչպես նաև շարունակական շփումների կարևորությունը։
Երկօրյա համաժողովի ընթացքում Բյուրոյի պատվիրակները մասնակցել են պլենար նիստի, որի շրջանակներում ողջույնի խոսքով է հանդես եկել Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արգամ Հովսեփյանը: Կազմակերպության ղեկավարը շնորհավորել է Բելառուսի Հանրապետության դատական փորձաքննությունների պետական կոմիտեի նախագահին՝ կոմիտեի կադրերի որակավորման բարձրացման և վերապատրաստման ինստիտուտի կազմավորման 20 ամյակի առթիվ՝ մաղթելով նոր ձեռքբերումներ և մասնագիտական նվաճումներ:
Արգամ Հովսեփյանն ընդգծել է նմանօրինակ գիտաժողովների կազմակերպմամբ արտերկրի դատափորձագիտական կառույցների հետ սերտ կապերի հաստատման ու զարգացման կարևորությունը՝ դատական փորձաքննությունների ոլորտում առաջ եկող գործնական խնդիրների արդյունավետ լուծման, ինչպես նաև դատափորձագիտական ոլորտում կադրային ապահովման որակի բարձրացման համատեքստում:
«Մենք բարձր ենք գնահատում ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի միջև 2019-ից ձևավորված գործընկերային սերտ հարաբերությունները, ինչի օրինակը երկու երկրների կառույցների կազմակերպած միջոցառումներին ավանդական դարձած փոխադարձ մասնակցություններն են:
Փոխգործակցության առկա ձևաչափը թույլ է տալիս ամրապնդել դատափորձագիտական և քրեագիտական տեսական և գործնական գիտելիքները, քննարկել բազմաթիվ արդիական հարցեր և խնդիրներ, առաջարկել դրանց լուծման արդյունավետ ուղիներ: Երկրների դատափորձագիտական կառույցների միջև գործընկերային հարաբերությունները շարունակում են առավել ընդլայնվել և խորանալ` ընդգրկելով համագործակցության նորանոր ուղղություններ և ձևաչափեր»,-իր խոսքում նշեց Արգամ Հովսեփյանը:
Նիստի շրջանակներում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենի՝ գիտական գծով տեղակալ Պատվական Ոսկանյանը հանդես է եկել «Դատափորձագիտական գործունեության բարձր որակավորմամբ կադրային ապահովման առանձնահատկությունները. գիտամեթոդական և կազմակերպական մոտեցումներ» թեմայով զեկույցով՝ անդրադառնալով Բյուրոյի որդեգրած կադրային քաղաքականությանը և դատափորձագիտական բնագավառում մասնագիտական որակավորման բարձրացման ուղղությամբ իրականացվող շարունակական քայլերին:
Համաժողովի ընթացքում մասնակիցները արդյունավետ քննարկումներ են ծավալել անվտանգային նոր մարտահրավերների ու սպառնալիքների դիմակայման, ազգային անվտանգության ապահովման գործում դատափորձագիտական բնագավառի դերի և նշանակության, ինչպես նաև դատափորձագիտական ոլորտի արդի հիմնախնդիրների շուրջ՝ միմյանց հետ կիսվելով իրենց լավագույն փորձով և գործնականում ի հայտ եկող խնդիրներով։
Համաժողովի ավարտին Բյուրոյի պատվիրակությունը ներկա է գտնվել դատական փորձաքննությունների պետական կոմիտեի կազմակերպած՝ Կոմիտեի կադրերի որակավորման բարձրացման և վերապատրաստման ինստիտուտի կազմավորման 20 ամյակին նվիրված տոնական միջոցառմանը։
«Փորձաքննությունների ազգային բյուրոն» կարևորում է մասնակցությունը նմանօրինակ համաժողովներին՝ համագործակցության շրջանակներն ընդլայնելու, դատափորձագիտական հնարավորություններն ու արդի լավագույն փորձը փոխանակելու և գիտագործնական հարթությունում համագործակցության նոր ուղիներ նախանշելու նպատակով։
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանի շնորհավորական ուղերձը Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվա և կազմավորման առաջին տարեդարձի առթիվ
Հարգելի՛ պարոն Խաչատրյան,
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ձեր ղեկավարած կառույցի բոլոր գործընկերներին Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման երկրորդ տարեդարձի առիթով:
Հայաստանի Հանրապետությում Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումը կարևոր ինստիտուցիոնալ բարեփոխում է և ունի առանցքային դեր մեր երկրում հանցավորության ու կոռուպցիայի դեմ տարվող պայքարում:
Ակնհայտ է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի բոլոր գործընկերները գիտակցելով ստանձնած պարտականությունների կարևորությունը, իրենց համար ամենօրյա աշխատանքի ուղենիշ են սահմանել օրենքին անմնացորդ ծառայելն ու գործին նվիրվածությունը: Վստահ եմ, որ Ձեր ղեկավարած կառույցն իր հետևողական աշխատանքով կշարունակի նպաստել մեր երկրում իրավապահ մարմինների հանդեպ վստահության բարձրացմանը՝ գործունեության ընթացքում առաջնորդվելով բարդ ու պատասխանատու աշխատանքի համար անհրաժեշտ անկոտրում կամքով, անաչառությամբ և բարձր պրոֆեսիոնալիզմով:
Շնորհավորելով Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվա առթիվ՝ Ձեզ և Կոմիտեի բոլոր գործընկերներին մաղթում եմ քաջառողջություն, անսպառ էներգիա և վճռականություն՝ լիազորությունների անշեղ իրականացման և Կոմիտեի կայացման գործընթացի շարունակականության ապահովման համար, քանի որ Կոմիտեի յուրաքանաչյուր աշխատողի դրսևորած ջանասեր և անխոնջ աշխատանքում է պարփակված առաջադեմ արդյունքների ապահովման գրավականը:
Խաղաղություն, առողջություն և ամենայն բարիք ձեզ և ձեր ընտանիքներին:
Հարգանքով՝
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա.Հովսեփյան
Մաշտոցի անվան համալսարանի ուսանողները Փորձաքննությունների ազգային բյուրոյում մասնակցել են գիտագործնական սեմինարների
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Մեսրոպ Մաշտոցի անվան Համալսարանի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում Մաշտոցի անվան համալսարանի տնտեսագիտական և հոգեբանական ֆակուլտետների ուսանողները հոկտեմբերի 9-ին և 12-ին Բյուրոյում մասնակցել են գիտագործնական սեմինարների:
Սեմինար-քննարկումները վարել են Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնտեսագիտական և հաշվապահական փորձաքննությունների բաժնի պետ Լուսինե Ստեփանյանը և հոգեբանական փորձաքննությունների բաժնի հոգեբան-փորձագետ Գայանե Շահվերդյանը: Վերջիններս ըստ մասնագիտական ուղղությունների՝ ուսանողներին են ներկայացրել համապատասխան ստորաբաժանումներում կատարվող փորձաքննությունների տեսակները, փորձագիտական հետազոտությունների ուղղվածությունները, հետազոտման օբյեկտները, խնդիրները, քրեական վարույթի ընթացքում փորձագետի դերն ու անդրադարձել ոլորտին առնչվող արդիական հարցերի:
Սեմինարի մասնակիցների միջև ծավալվել են ակտիվ և արդյունավետ քննարկումներ:
Սեմինարների ավարտից հետո ուսանողների համար Բյուրոյում կազմակերպվել է նաև շրջայց, որի ընթացքում ապագա հոգեբաններն ու տնտեսագետները ծանոթացել են փորձագիտական մի շարք ստորաբաժանումների հետազոտական հնարավորություններին և հիմնական գործառույթներին, ինչպես նաև նյութատեխնիկական հագեցվածությանը:
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը հավատարիմ մնալով իր որդեգրած սկզբունքներին՝ նպատակաուղղված է ակտիվ փոխգործակցություն ծավալել բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ՝ բուհական և հետբուհական կրթության որակյալ իրականացման և բարձր մասնագիտական գիտելիքներով և գործնական հմտություններով օժտված մասնագետների պատրատման գործում իր նպաստն ունենալու համար:
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը փոխանակման ծրագրի շրջանակներում հյուրընկալել էր Լատվիայի փորձագետներին
Եվրոպական Միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության CEPOL փորձի փոխանակման ծրագրի շրջանակներում hոկտեմբրի 9-ից 13-ը Լատվիայի Հանրապետության ոստիկանության կենսաբանական և ԴՆԹ փորձաքննությունների բաժանմունքի փորձագետներ Վիկտորիա Յեմելիյանովան և Ինգա Մետլիչկան փորձի փոխանակման նպատակով հյուրընկալվել էին ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում։
Այցի շրջանակներում լատվիացի փորձագետները ծանոթացել են Բյուրոյի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի դատագենետիկական փորձաքննությունների բաժանմունքի գործունեությանը, իրականացվող փորձաքննությունների տեսակներին, հետազոտությունների ընթացակարգերին, ԴՆԹ լաբորատորիայի հնարավորություններին, այդ թվում՝ նորագույն սարքավորումային համալիրների գործարկման և արդյունավետ կիրառման հետ կապված ընթացակարգերին:
Բյուրոյի դատագենետիկական փորձաքննությունների բաժանմունքի փորձագետները Լատվիայի գործընկերների հետ ակտիվ քննարկումներ են ծավալել դատագենետիկական փորձաքննությունների բնագավառի մի շարք արդիական խնդիրների, որակի կառավարման համակարգերի, լաբորատորիայում իրականացվող հետազոտությունների մեթոդների կիրառման առանձնահատկությունների, ստացվող արդյունքների վերլուծության, գիտագործնական խնդիրների լուծման և այլ կարևոր հարցերի վերաբերյալ:
Մասնագիտական քննարկումների արդյունքում նախանշվել են փորձի փոխանակման շրջանակներում համատեղ իրականացվելիք աշխատանքների հեռանկարները՝ տեսական և գործնական գիտելիքների փոխանակման, դատագենետիկական փորձաքննությունների բնագավառի արդիական հարցերի վերհանման և ոլորտում առկա հիմնախնդիրների արդյունավետ լուծման համատեքստում։
Հիշեցնենք, որ նախորդ ամիս «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի դատագենետիկական փորձաքննությունների բաժանմունքի փորձագետներն էին փորձի փոխանակման նպատակով գտնվում Լատվիայի գործընկեր կառույցում:
Երկկողմ այցերի և փորձի փոխանակման արդյունքում գործընկեր կառույցների փորձագետների միջև ձևավորվել են համագործակցության ամուր կապեր, ինչը հնարավորություն կտա ակտիվ փոխգործակցություն ծավալել ոչ միայն գործնական խնդիրների լուծման, այլ նաև համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացման շրջանակներում՝ ի նպաստ փորձագիտական ներուժի զարգացմանը, գիտամեթոդական բազայի կատարելագործմանը:
Չափազանց կարևոր է պատերազմից տուժած անձանց վերստին տրավմատիզացիայի չենթարկելը․ հարցազրույց հոգեբան-փորձագետ Տաթևիկ Մամյանի հետ
Պատերազմի հետևանքով առաջ եկող հոգեբանական տրավմաների, դրանց հաղթահարման ուղիների, պատերազմից տուժած և բռնի տեղահանված անձանց հոգեբանական աջակցության, նրանց հետ շփման մոտեցումների և հետպատերազմյան ժամանակահատվածում ի հայտ եկող հոգեբանական այլ խնդիրների շուրջ NEWS.am-ը զրուցել է ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հոգեբանական փորձաքննությունների բաժնի փորձագետ, հոգեթերապևտ Տաթևիկ Մամյանի հետ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կարդացեք հետևյալ հղմամբ։ news.am
*Փորձաքննությունների ազգային բյուրոյում տեղի ունեցավ հերթական ընդլայնված խորհրդակցություն*
Այսօր «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ–ում տնօրեն Ա.Հովսեփյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցում էին Բյուրոյի փորձագիտական անձնակազմը:
Խորհրդակցության շրջանակներում ամփոփվեցին նախորդ ժամանակահատվածի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները և փորձագիտական անձնակազմի հետ վերլուծվեցին ընթացիկ փորձաքննությունների քանակական ծավալային ցուցանիշները, դրանց կատարման տեմպերը, առկա խոչընդոտներն ու փորձաքննությունները հնարավորինս սեղմ և ողջամիտ ժամկետներում իրականցնելուն ուղղված այլ կարևոր հարցեր։
Խորհրդակցության ընթացքում Ա. Հովսեփյանի կողմից առանձնակի ուշադրություն դարձվեց փորձաքննությունների իրականացման ժամկետներին՝ ընդգծելով ամենօրյա ռեժիմով փորձագիտական ստորաբաժանումների ղեկավարների և փորձագետների կողմից գործընթացի նկատմամբ հսկողության իրականացման կարևորությունն ու համարժեք միջոցառումների իրականացումը՝ բացառելով սուբյեկտիվ պատճառներով փորձաքննությունների ավարտման ժամկետների ձգձգումները:
Մատնանշվեցին բազմաթիվ, նաև մեծածավալ փորձաքննությունների կատարմամբ պայմանավորված փորձագիտական ստորաբաժանումների հիմնականում բարձր աշխատանքային ծանրաբեռնվածության պայմաններում անհրաժեշտ կազմակերպչական քայլերի ամբողջությունը՝ աշխատանքների ընթացքի, փորձագետների կողմից ՀՀ քրեական, քաղաքացիական և վարչական դատավարության օրենսգրքերով սահմանված իրենց իրավունքների և պարտականությունների շրջանակներում բազմակողմանի և լրիվ հետազոտությունների միջոցով օբյեկտիվ արդյունքների ապահովմանն ուղղված համապատասխան միջնորդությունների ժամանակին ներկայացման և արդյունքների ստացումից հետո հնարավորինս սեղմ ժամկետներում փորձաքննությունների ավարտման խիստ կարևորությունը:
Քննարկվեցին նաև նախորդ ժամանակահատվածներից 2023 թվական փոխանցված անավարտ փորձաքննությունների կատարման առանձնահատկություններն ու դրանց ընթացքի լուծման խոչընդոտները՝ շեշտադրելով առաջնահերթության կարգով դրանց ավարտման կարևորությունը:
Կազմակերպության տնօրեն Ա.Հովսեփյանի կողմից տրվեցին հանձնարարականներ բոլոր փորձագիտական ստորաբաժանումների (բաժինների և բաժանմունքների) պետերին և փորձագետներին՝ բոլոր ուղղություններով աշխատանքներին լրացուցիչ թափ հաղորդելու, իրենց իրավասությունների շրջանակներում անհրաժեշտ ակտիվ նախաձեռնողականություն ցուցաբերելու և առավել լավ արդյունքներին հասնելու նպատակով աշխատանքների ներդաշնակ և արդյունավետ կազմակերպումն ապահովելու համար։
Նմանատիպ խորհրդակացությունների պարբերական անցկացումը հնարավորություն է տալիս առավել բարձրացնել Բյուրոյի փորձագիտական անձնակազմի կողմից իրականացվող աշխատանքների արդյունավետությունը, վեր հանել և համակարգել առկա խոչըդոտներն ու դժվարությունները, առավել կառավարելի դարձնել հնարավոր ռիսկերը և ապահովել հնարավորինս սեղմ ժամկետներում գիտականորեն հիմնավորված արդյունքների ստացման գործընթացը:
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում հյուրընկալված ENFSI-ի պատվիրակներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին*
Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի (ENFSI-ի) «Խոսքի և աուդիո ձայնագրությունների փորձաքննությունների» աշխատանքային խմբի (FSAAWG) 24-րդ տարեկան աշխատաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ENFSI-ի անդամ երկրների պատվիրակները «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ղեկավարության ուղեկցությամբ հոկտեմբերի 6-ին այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր Ծիծեռնակաբերդ։
ENFSI-ի անդամ երկրների փորձագետները Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ծանոթացել են ցեղասպանության մասին հավաստող փաստաթղթերին ու նյութերին, մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, տեղի ունեցած իրողություններին, ինչպես նաև հուշահամալիրի ստեղծման պատմությանը։
Եվրոպացի պատվիրակներն այցի ավարտին գրառումներ են կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Պատվավոր հյուրերի հուշամատյանում, ինչպես նաև ծաղիկներ խոնարհել Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը:
Հայաստանում առաջին անգամ անց է կացվել Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի աշխատանքային խմբի տարեկան աշխատաժողովը*
Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի (ENFSI-ի) անդամ երկրների երկու տասնյակից ավելի պատվիրակներ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանի հրավերով ժամանել են Երևան՝ հոկտեմբերի 4-ից 6-ը մասնակցելու ENFSI-ի «Խոսքի և աուդիո ձայնագրությունների փորձաքննությունների» աշխատանքային խմբի (FSAAWG) 24-րդ տարեկան աշխատաժողովին, որն առաջին անգամ անց է կացվում Հայաստանում։
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի հետ համատեղ կազմակերպված աշխատաժողովին մասնակցում էին Ֆոտոտեխնիկական, դիմանկարային, աուդիո և տեսաձայնագրային փորձաքննությունների բնագավառի առաջատար փորձագետներ Գերմանիայից, Շվեյցարիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իսպանիայից, Նիդերլանդներից, Նորվեգիայից, Ֆինլանդիայից, Լատվիայից, Լիտվիայից, Պորտուգալիայից, Հունաստանից և եվրոպական այլ երկրներից։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն, Հայաստանի Հանրապետությունից ENFSI-ի մշտական ներկայացուցիչ Արգամ Հովսեփյանը։ Վերջինս երախտագիտություն հայտնեց «Խոսքի և աուդիո ձայնագրությունների փորձաքննությունների» աշխատանքային խմբի նախագահ Իզոլդա Վագներին և փոխնախագահ Դագմար Բոսսին համատեղ ջանքերով աշխատանքային խմբի 24-րդ հանդիպումը Երևանում իրականացնելու համար՝ շեշտելով ENFSI-ի կազմում նմանատիպ միջոցառումների կազմակերպման և ակտիվ մասնակցության միջոցով մասնագիտական լայն շրջանակների համախմբման, գիտելիքների և գիտամեթոդական մոտեցումների փոխանակման արժանի հարթակի ստեղծման կարևորությունը, որը միտված է դատափորձագիտական ոլորտի առաջանցիկ զարգացման ապահովմանը։
«ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը, հանդիսանալով Հայաստանի Հանրապետությունից ENFSI-ի միակ լիիրավ անդամը, մշտապես ձգտում է կատարելագործել իր փորձագիտական անձնակազմի հմտությունները, ապահովել նրանց լիարժեք ինտեգրումը միջազգային մասնագիտական աշխատախմբերում, արդյունավետ կիրառել նորագույն գիտական նվաճումներն ու միջազգային առաջադեմ փորձը՝ ի նպաստ մեր երկրում դատափորձագիտական բնագավառի զարգացմանը, իրականացվող փորձաքննությունների գիտականորեն հիմնավորված և հավաստի արդյունքների ստացմանը։ Դատափորձագիտական ոլորտում մեր կազմակերպությանն արդեն իսկ հաջողվել է հասնել շոշափելի արդյունքների՝ շնորհիվ միջազգային լավագույն փորձի տեղայնացման, ժամանակակից նորագույն սարքավորումների և ծրագրային ապահովումների ներդրման, ինչպես նաև նոր մեթոդների և մեթոդիկաների մշակման և արդյունավետ կիրառման։ ENFSI-ի կազմում գործող կազմակերպությունների փորձառու մասնագետների հետ մասնագիտական սերտ շփումները մեզ համար չափազանց կարևոր են հետագա համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացման համար»,-իր խոսքում նշեց կառույցի ղեկավարը։
Արգամ Հովսեփյանի խոսքով՝ դատափորձագիտական գործունեության արդիական ուղղություններից մեկը համարվող խոսքի և աուդիո և տեսաձայնագրային փորձաքննությունների ոլորտը պետք է համարժեք զարգացնի իր հնարավորությունները՝ անհերքելի փաստերի արձանագրման միջոցով աջակցելով իրավական գործընթացներին։
«Այս ոլորտի գործունեությունը հատկապես կարևոր է պատերազմական հանցագործություններին վերաբերող ապացուցողական նշանակություն ունեցող տվյալների ձեռքբերման՝ այդ թվում ռազմագերիների և հակառակորդի վերահսկողության տակ անցած տարածքներում մնացած քաղաքացիական անձանց նույնականացման, նրանց իրավունքների և շահերի պաշտպանության, ինչպես նաև միջազգային նորմերի խախտումների փաստերի հարցերով, ինչպես նաև կյանքի իրավունքի պահպանման խնդրով Մարդու իրավունքների եվրոպական դատարան հրատապ գանգատների նախապատրաստման համար»,-ասաց Բյուրոյի տնօրենը։
Արգամ Հովսեփյանը հույս հայտնեց, որ արդյունավետ քննարկումների արդյունքում հնարավոր կլինի նախանշել գործնականում ի հայտ եկող կարևոր խնդիրների լուծման արդյունավետ հնարավորությունները։
Աշխատաժողովի ընթացքում զեկույցով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տեսաձայնագրային, ֆոտոտեխնիկական և դիմանկարային բաժնի պետ Վաղարշակ Քոչարյանը՝ եվրոպացի գործընկերներին ծանոթացնելով համանուն ստորաբաժանման գործունեության հիմնական ուղղությունները, առկա խնդիրներն ու ձեռքբերումները։
«Ստորաբաժանման հիմնադրումից մինչ օրս մեր փորձագետների կողմից իրականացվել են 1500-ից ավելի փորձաքննություններ, որոնց շրջանակներում ուսումնասիրվել են մոտ 10000 օբյեկտներ: Փորձագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով ուսումնասիրվում, ինչպես նաև կիրառվում են ժամանակակից փորձագիտական պրակտիկայում օգտագործվող թվային տեխնոլոգիաները և ծրագրային ապահովումները: Ձայնագրությունների որակի լավացման համար ևս կիրառվում են նորագույն ավտոմատացված համակարգեր և դրանց հիման վրա մշակված մեթոդներ: Համալիր փորձաքննությունների շրջանակներում, կախված խնդիրների լուծման նպատակներից, կատարվում է նաև ձայնային ազդանշանների և միջավայրի սպեկտրալ վերլուծություն»,-նշեց Բյուրոյի ներկայացուցիչը։
Աշխատաժողովի երկու օրերի ընթացքում` համաձայն օրակարգի, զեկույցներով հանդես եկան նաև եվրոպական մի շարք երկրների փորձագետներ՝ ներկայացնելով իրենց երկրների դատափորձագիտական կառույցներում խոսքի և աուդիո և տեսաձայնագրությունների փորձաքննությունների իրականացման առանձնահատկությունները, համանուն ստորաբաժանումների փորձագիտական հնարավորություններն ու կատարված գիտահետազոտական աշխատանքների արդյունքները։ Աշխատանքային խմբի անդամներն արդյունավետ քննարկումներ ծավալեցին ոլորտի արդի հիմնախնդիրների շուրջ՝ անդրադառնալով ոչ ստանդարտ աուդիո և տեսաձայնագրային փորձաքննություններին, միջամտության ենթարկված աուդիո և վիդեո ֆայլերի հետազոտմանն ու արդյունքների վերլուծությանը, խոսքից կտրված (սինթեզված) բովանդակության հայտնաբերման համար վստահելի մեթոդաբանության մշակման մեխանիզմներին և ոլորտի այլ կարևոր հարցերի։
Աշխատաժողովի շրջանակներում ENFSI-ի աշխատանքային խմբի անդամները շրջայց կատարեցին Փորձաքննությունների ազգային բյուրոյում` տեղում ծանոթանալով առկա փորձագիտական հնարավորություններին և ձեռքբերումներին` իրականացնելով նաև փորձի փոխանակում։ Կլոր սեղան-քննարկման ձևաչափով հանդիպում տեղի ունեցավ նաև բյուրոյի անձնակազմի և եվրոպացի փորձագետների միջև։
Պայմանավորվածություններ ձեռք բերվեց հետագա համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացման ուղղությամբ։
Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է ENFSI-ի կազմում ակտիվ փոխգործակցության շարունակականության ապահովումը՝ ի նպաստ եվրոպական ինտեգրմամբ Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական գործունեության շարունակական զարգացմանը, փորձագիտական հավաստի արդյունքների ապահովմանն ու օրենքի գերակայությամբ արդարադատության արդյունավետ իրականացմանը։
Բյուրոյի դատագենետիկական փորձաքննությունների բաժանմունքի փորձագետները վերապատրաստվել և փորձի փոխանակում են կատարել Լատվիայում
Եվրոպական Միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության (CEPOL) փոխանակման ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի դատագենետիկական փորձաքննությունների բաժանմունքի փորձագետներ Լուսինե Չփլախյանը և Անահիտ Մամիկոնյանը սեպտեմբերի 10-ից 15-ը գործուղվել էին Լատվիայի Հանրապետություն՝ վերապատրաստման և փորձի փոխանակման նպատակով:
Այցի շրջանակներում Բյուրոյի ներկայացուցիչները ծանոթացել են Լատվիայի ոստիկանության դատական փորձաքննությունների ստորաբաժանումների փորձագիտական հնարավորություններին, կենսաբանական և ԴՆԹ նույնականացման, ինչպես նաև oդորոլոգիական փորձաքննությունների բաժանմունքների գործունեությանը, փորձագիտական հնարավորություններին, տեղում ծանոթացել իրականացվող փորձաքննությունների տեսակներին, կիրառվող մեթոդներին և մեթոդիկաներին, ուսումնասիրել նորագույն սարքավորումային հնարավորություններն ու ընթացակարգերը։
Փորձի փոխանակման շրջանակներում Բյուրոյի փորձագետները ծանոթացել են նաև ԴՆԹ լաբորատորիայի միջազգային ԻՍՕ 17025 ստանդարտի պահանջներին համապատասխան հավատարմագրման կարգին, մասնագիտական քննարկումներ ծավալել լաբորատորիայում իրականացվող հետազոտությունների համար կիրառվող մեթոդների, առաջադրվող խնդիրների, փորձագիտական ընթացակարգերի, գիտագործնական խնդիրների լուծման և այլ կարևոր հարցերի շուրջ:
Մեր փորձագետները դատագենետիկական փորձաքննությունների բնագավառում փոխանակվել են ձեռք բերված լավագույն փորձով, ինչը թույլ կտա Հայաստանի Հանրապետությունում բարձրացնել կատարվող փորձաքննությունների արդյունավետությունը և ստացվող արդյունքների արժանահավատությունը՝ տեղայնացնելով, ներդնելով, ինչպես նաև կատարելագործելով կիրառվող դատափորձագիտական հետազոտությունների ժամանակակից մեթոդներն ու հնարավորությունները:
Փորձագիտական ստորաբաժանումների համապատասխան մասնագետների հետ քննարկումների արդյունքում նախանշվել են փորձի փոխանակման շրջանակներում իրականացվելիք աշխատանքների հեռանկարները՝ տեսական և գործնական գիտելիքների փոխանակման, դատագենետիկական փորձաքննությունների բնագավառի արդիական հարցերի վերհանման և ոլորտում առկա հիմնախնդիրների արդյունավետ լուծման համատեքստում։
Լատվիացի գործընկերների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ԴՆԹ փորձաքննությունների ոլորտում շարունակական ակտիվ փոխգործակցության ծավալման՝ ի նպաստ երկու երկրների դատափորձագիտական հնարավորությունների զարգացման:
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը հյուրընկալել էր Բելառուսի դատական փորձաքննությունների պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի պատվիրակությանը
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ–ի տնօրեն Արգամ Հովսեփյանի հրավերով Բելառուսի Հանրապետության դատական փորձաքննությունների պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի ղեկավար Վադիմ Պոզնյակի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 26-ից 29-ն աշխատանքային այցով ժամանել էր Հայաստան՝ Բյուրոյի կազմակերպած գիտական միջոցառումներին մասնակցելու, դատափորձագիտական ոլորտի գիտամեթոդական ապահովման, մշակութաբանական, դատագենետիկական և կենսաբանական բնագավառներում փորձի փոխանակման, ինչպես նաև համագործակցության խորացման նպատակով: Այցի շրջանակներում հանդիպում-քննարկումներ են տեղի ունեցել Բյուրոյի ղեկավար կազմի հետ, կազմակերպվել են կլոր սեղան-քննարկումներ, ինչպես նաև մշակութաբանական, դատագենետիկական և կենսաբանական բնագավառների առաջատար փորձագետների ներգրավմամբ առանձին սենկցիաներ, որոնց շրջանակներում ամփոփվել են մինչ օրս կատարված համատեղ աշխատանքները, քննարկվել ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերները, դրանց լուծման արդյունավետ ուղիներն ու զարգացման հեռանկարները։
Տեղի ունեցած գիտագործնական կլոր սեղան–քննարկման ընթացքում Բյուրոյի տնօրեն Արգամ Հովսեփյանը շնորհակալություն է հայտնել բելառուս գործընկերներին մեր երկրի և ժողովրդի համար այս դժվարին օրերին Հայաստան այցելելու, երկու երկրների դատափորձագիտական կառույցների միջև համագործակցության շրջանակներն ընդլայնելու պատրաստակամության համար։
Բյուրոյի ղեկավարն ընգծել է, որ չնայած առկա դժվարություններին և մարտահրավերներին, որոնց հետ իրավական գործընթացներին օժանդակության համատեքստում առնչվում է նաև դատափորձագիտական ոլորտը, Փորձաքննությունների ազգային բյուրոն շարունակական քայլեր է ձեռնարկում ոլորտի շարունակական դինամիկ զարգացումն ապահովելու ուղղությամբ։
«2020 թվականից ի վեր Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծած պատերազմական գործողությունների հետևանքով դատափորձագիտական ոլորտը ևս բախվել է նոր մարտահրավերների։ Մասնավորապես Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումների դեպքերով հարուցված քրեական վարույթների շրջանակներում Փորձաքննությունների ազգային բյուրոյում վերջին տարիներին իրականացվել են մեծածավալ փորձաքննություններ՝ այդ թվում ռազմամթերքների, պայթուցիկ սարքավորումների և դրանց պայթյունի հետքերի, սահմանամերձ բնակավայրերին հասցված գույքային վնասների պարզման, արգելված զենք և ռազմամթերքի կիրառման, ինչպես նաև գերիների և անհետ կորած անձանց նույնականացման և այլ կարևոր ուղղություններով։ Մեր փորձագետներն իրականացրել են բազմաթիվ բարդ և ծավալուն փորձագիտական աշխատանքներ՝ պատերազմական հանցագործություններին վերաբերող ապացուցողական նշանակություն ունեցող տվյալների ձեռքբերման, միջազգային նորմերի խախտումների փաստերի արձանագրմանն օժանդակելու հարցում։ Իսկ առկա մարտահրավերներին դիմակայելու համար չափազանց կարևոր է փորձագիտական հնարավորությունների կատարելագործմանն ուղղված շարունակական ջանքերի ներդրումը»,-իր խոսքում նշել է կազմակերպության ղեկավարն՝ ընդգծելով, որ նմանօրինակ այցերն ու հանդիպումները մեծապես նպաստում են նշված նպատակի իրագործմանը։
Արգամ Հովսեփյանը վերահաստատել է ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի միջև կնքված համագործակցության պայմանագրի արդյունավետ իրականացման ապահովման գործում Բյուրոյի պատրաստակամությունը։
Գիտագործնական կենտրոնի ղեկավար Վադիմ Պոզնյակն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել Արգամ Հովսեփյանին բարձր մակարդակով ընդունելության, տարածաշրջանային բարդ իրադրության պայմաններում նման ձևաչափով գիտագործնական միջոցառումների կազմակերպման համար՝ շեշտելով միմյանց աջակցելու, համատեղ ջանքերով առկա դժվարությունները հաղթահարելու առաջնահերթության մասին։
Վադիմ Պոզնյակի խոսքով՝ դատափորձագիտական բնագավառի զարգացումն անհնար է առանց միջազգային համագործակցության և փորձի փոխանակման։ «Փորձի փոխանակման և համագործակցության զարգացման առումով ավելի արդյունավետ է այստեղ գտնվելը՝ տեղում ծանոթանալն իրականացվող փորձաքննություններին, կազմակերպության փորձագիտական հնարավորություններին։ Այսօր վստահ կարելի է փաստել, որ Փորձաքննությունների ազգային բյուրոն ունի փորձագիտական մեծ ներուժ և իր գործունեությամբ նպաստում է Հայաստանում դատափորձագիտական ոլորտի կայուն զարգացմանը։ Մեր կառույցների միջև առկա համագործակցությունը՝ այդ թվում համատեղ գիտական հոդվածների հրապարակման առումով, տվել է իր արդյունքը՝ նպատելով երկու երկրների դատափորձագիտական կառույցների հնարավորությունների զարգացմանը»,-նշել է Վադիմ Պոզնյակը՝ կարևորելով դատափորձագիտական արդի ուղղությունների հետագա զարգացումը։
Այցի շրջանակներում Բելառուսի գործընկերներն ըստ իրենց մասնագիտական ուղղվածությունների՝ ակտիվ շփումներ են ունեցել և մասնագիտական պրակտիկա անցել Բյուրոյի փորձագիտական ստորաբաժանումներում։ Բյուրոյի համապատասխան փորձագետները ներկայացրել են իրենց բնագավառներում առկա փորձագիտական հնարավորություններն ու խնդիրները, հետազոտությունների ընթացքում կիրառվող մեթոդները, շարունակաբար կատարելագործվող ուղղությունները, գործնականում ի հայտ եկող խնդիրներն ու դրանց արդյունավետ լուծման հնարավորությունները։
Բելառուս գործընկերներն էլ կիսվել են իրենց կողմից կիրառվող մեթոդաբանությամբ և փորձով՝ ներկայացնելով Բելառուսի դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի փորձն ու ձեռքբերումները։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու փորձի փոխանակման նպատակով կազմակերպվող փոխադարձ այցերն ու դիտարկել համատեղ աշխատանքների արդյունավետ իրականացման հեռանկարները՝ ի նպաստ փոխգործակցության շրջանակների ընդլայնմանը, գիտականորեն հիմնավորված հավաստի արդյունքների ստացմանը, երկու երկրների դատափորձագիտական հնարավորությունների զարգացմանն ու կատարելագործմանը։
Ռազմական հանցագործությունների փաստերի արձանագրման, պետության և քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցում չափազանց կարևոր է դատական փորձաքննությունների դերը. Ա. Հովսեփյան
ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ղեկավար անձնակազմը՝ տնօրեն Ա․ Հովսեփյանի գլխավորությամբ այսօր՝ սեպտեմբերի 22-ին տեսակապի միջոցով մասնակցեց Ուզբեկստանի Հանրապետության արդարադատության նախարարության Խ. Սուլեյմանովայի անվան դատափորձագիտական հանրապետական կենտրոնի կազմակերպած «Դատափորձագիտական բնագավառի զարգացման ժամանակակից մեթոդներն ու գերակայությունները» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովին: Միջոցառմանը մասնակցում էին ԱՄՆ-ի, Ուզբեկստանի, Սլովենիայի, Ղազախստանի, Չինաստանի և այլ երկրների դատափորձագիտական կառույցների ղեկավարներ, առաջատար փորձագետներ, գիտնականներ և այլ կառույցների ներկայացուցիչներ։
Գիտաժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու Արգամ Հովսեփյանը։ Վերջինս ընդգծեց դատափորձագիտական ոլորտում միջազգային փոխգործակցության զարգացման կարևորությունը՝ առկա խնդիրների արդյունավետ լուծման, ոլորտի գիտամեթոդական ապահովման, բարձր որակավորում ունեցող փորձագետների պատրաստման և ի հայտ եկող այլ խնդիրների հաղթահարման համատեքստում։
«Հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական բարդ իրավիճակը, այդ թվում մեր տարածաշրջանում առկա զարգացումները, ցանկանում եմ ընդգծել գիտաժողովի կարևորությունն այն համատեքստում, որ դատական փորձաքննությունների ոլորտը՝ որպես կատարված ռազմական հանցագործությունների և միջազգային նորմերի խախտումների փաստերի արձանագրման, պետության և քաղաքացիների շահերի պաշտպանության համար կարևոր օղակ, պետք է համարժեք զարգացնի իր հնարավորությունները՝ անհերքելի փաստերի արձանագրման միջոցով աջակցելով իրավական գործընթացներին»,-իր ելույթում նշեց կառույցի ղեկավարը՝ խաղաղություն և կայունություն մաղթելով մասնակիցներին։
Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է մասնակցությունը նմանօրինակ միջոցառումներին՝ ի նպաստ միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնմանը, մեր երկրում դատափորձագիտական հնարավորությունների արդիականացմանն ու ոլորտի կայուն զարգացման ապահովմանը։
Դատական փորձագետը պետք է ունենա գիտական հետազոտություն կատարելու փորձառություն․ Կարեն Մամիկոնյան
Օրերս լույս տեսավ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի «Դատական փորձաքննության և քրեագիտության հայկական հանդես» գիտական պարբերականի հերթական համարը։ Եռալեզու պարբերականում ներկայացված են դատական փորձաքննության զարգացման արդիական ուղղություններին, ինչպես նաև հետազոտությունների կիրառական նշանակությանը վերաբերող հոդվածներ։ ՀՀ-ում թողարկվող դատափորձագիտական ոլորտի միակ գիտական պարբերականի, փորձագետին ներկայացվող պահանջների, գիտականորեն հիմնավորված փորձագիտական արդյունքների ստացման և այլ հարցերի շուրջ NEWS.am-ը զրուցել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի գիտական հետազոտությունների և տեխնիկական փորձարկումների համակարգման բաժնի պետ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Կարեն Մամիկոնյանի հետ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կարդացեք հետևյալ հղմամբ։
Բյուրոյում շարունակվում են իրավապահ ոլորտի ունկնդիրների դատափորձագիտական բնագավառում մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացները
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում ընթանում են փորձաքննություններ նշանակելու և ելակետային տվյալների ձեռքբերման իրավասություն ունեցող աշխատակիցների դատափորձագիտական բնագավառում մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացները։ Իրականացվող դասընթացներին ներգրավվել են ՀՀ քննչական կոմիտեի, ներքին գործերի նախարարության, ազգային անվտանգության ծառայության և այլ իրավասու մարմինների աշխատողներ: Դասընթացների ուսումնական ծրագրերն ընդգրկում են փորձաքննությունների առնվազն 23 տեսակներին, ինչպես նաև քրեաբանության արդի հիմնախնդիրներին և կիրառական նշանակությանն առնչվող 7 տասնյակից ավելի թեմաներ։
Դասընթացների արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ քրեական դատավարության շրջանակներում փորձաքնությունների նշանակման, կատարման և արդյունքների գնահատման առանձնահատկությունների վերաբերյալ, կծանոթանան առավել մեծ ճշգրտության ելակետային տվյալներ ներկայացնելու, առավել թիրախային և մեծ որոշակիության էլեմենտներ պարունակող պատասխանների ստացում ենթադրող հարցադրումների առաջադրման նրբություններին՝ շեշտը դնելով ապացույցների հավաքման ու գնահատման ընթացքում հատուկ գիտելիքների կիրառման վրա։
Մինչև տարեվերջ նախատեսվում է վերապատրաստել դասընթացներին ներգրավված շուրջ 180 ունկնդրի։
Նշված դասընթացների շարունակական իրականացումը նպատակ ունի նպաստել Հայաստանի Հանրապետությունում քրեական հետապնդում և արդարադատություն իրականացնող մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը, ինչն ունի կարևոր նշանակություն հանցագործությունների քննության բարձր որակի ապահովման, մեր երկրում իրավակարգի ամրապնդման և օրինականության հաստատման գործում:
Լույս է տեսել «Դատական փորձաքննության և քրեագիտության հայկական հանդես» գիտական պարբերականի հերթական համարը
Լույս է տեսել ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից թողարկվող «Դատական փորձաքննության և քրեագիտության հայկական հանդես» գիտական պարբերականի հերթական՝ իններորդ համարը։ Արդեն չորս տարի հրատարակվող պարբերականը 2021 թվականից ընդգրկված է ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից հաստատված գիտական հրապարակումների ցանկում և վերջին մեկուկես տարվա ընթացքում պարբերականում հրատարակված բոլոր գիտական հոդվածները ստացել են DOI միջազգային թվային նույնականացուցիչ, որն այսօր հանդիսանում է գիտական ոլորտում վիրտուալ տարածքում տվյալների փոխանակման գործուն համակարգ: Պարբերականում ընգրկված հոդվածները վերաբերվում են դատական փորձաքննության զարգացման արդիական ուղղություններին, ինչպես նաև հետազոտությունների արդյունքների կիրառական նշանակությանը։ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն, պարբերականի գլխավոր խմբագիր Արգամ Հովսեփյանի խոսքով՝ անցած չորս տարիների ընթացքում դատափորձագիտական ոլորտի տարբեր բնագավառներում իրականացված նշանակալի քայլերի և ներդրված ջանքերի շնորհիվ պարբերականն իր ուրույն տեղն է զբաղեցրել ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան գիտական համայնքում՝ արժանանալով բարձր գնահատականի: Անդրադառնալով մեր երկրում դատափորձագիտական գործունեության ոլորտի նոր միտումներին և ժամանակակից պահանջներին, Հովսեփյանն ընդգծել է, որ դատական փորձաքննության զարգացման արդիական ուղղությունների նախանշումը անմիջականորեն կախված է դատաիրավական պրակտիկայում ի հայտ եկող և լուծման ենթակա առաջադրվող խնդիրների բնույթից և շրջանակներից, որով պայմանավորված սահմանվում են գիտական հետազոտությունների արդիական ուղղությունները, որոնց արդյունքները կարող են ունենալ կիրառական կարևոր նշանակություն և անհրաժեշտ են դատափորձագիտական ոլորտի գիտականահեն գործունեության ապահովման համար:
«Համոզված եմ, որ գիտատեխնիկական առաջընթացի ժամանակակից ձեռքբերումների ներդաշնակ կիրառումն ու ոլորտի գիտամեթոդական ապահովումը հնարավորություն կտա բարելավել փորձաքննությունների որակը և ապահովել գիտականորեն հիմնավորված և հավաստի արդյունքները։ Ներկայումս, նորարարական թվային տեխնոլոգիաների կիրառումն էականորեն ընդլայնել է փորձագիտական հետազոտությունների հնարավորությունները, բարձրացրել հետազոտությունների արդյունքների արժանահավատությունն ու գիտական մակարդակը, կրճատել փորձաքննությունների ժամկետները և կարևոր դեր ստանձնել փորձագիտական մի շարք բարդ խնդիրների լուծման գործում՝ նպաստելով օրենքի գերակայությանն ու իրավակարգի ամրապնդմանը մեր երկրում»,-ընթերցողին ուղղված իր խոսքում նշել է Բյուրոյի ղեկավարը։
Նշենք, որ տարեվերջին լույս կտեսնի պարբերականի հոբելյանական 10-րդ համարը: Պարբերականի առավել լայն ճանաչելիությունն ու արտասահմանյան ընթերցողների համար հասանելիությունն ապահովելու նպատակով պարբերականի խմբագրական խորհուրդը շարունակ քայլեր է ձեռնարկում ռուսերեն և անգլերեն լեզուներով հրատարակվող հոդվածների քանակն ավելացնելու ուղղությամբ:
Բյուրոյի փորձագետները Շվեյցարիայի ձեռագրաբանների հետ համատեղ գիտական հետազոտություն են իրականացնում
ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը և Շվեյցարիայի ձեռագրաբանական գիտությունների ինստիտուտը (IHS) հոգեբանական և հոգեբանաձեռագրաբանական փորձաքննությունների մեթոդների և մեթոդիկաների մշակմանն ուղղված համատեղ գիտական հետազոտություններ են իրականացնում։
Փորձաքննությունների ազգային բյուրոյի հոգեբանական փորձաքննությունների բաժնի պետ, հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը NEWS.am լրատվական գործակալությանը տված հարցազրույցում պատմել է Շվեյցարիայի ձեռագրաբանական գիտությունների ինստիտուտի հետ համագործակցության պայմանագրի շրջանակներում իրականացված համատեղ աշխատանքների, այդ թվում՝ ձեռագրի վերլուծության միջոցով անձի հոգեբանական և անձնային առանձնահատկությունների կամ հուզական վիճակի գնահատման չափանիշների մշակման, փորձագիտական հնարավորությունների կատարելագործման և հոգեբանական փորձաքննություններին վերաբերող այլ կարևորագույն հարցերի մասին։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ դիտեք այստեղ։