slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

     Հարգելի այցելու, 
     Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության պաշտոնական կայք էջում: Հուսով եմ այստեղ Դուք կգտնեք Ձեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը, կծանոթանաք «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կառուցվածքին, հիմնական գործառույթներին և փորձագիտական հնարավորություններին՝ կատարվող փորձաքննությունների տեսակներին և ենթատեսակներին, փորձագիտական բնագավառի տարբեր ոլորտների հետազոտությունների նոր մեթոդների կիրառման վերաբերյալ տեղեկատվությանը և նորություններին: Կայք էջում զետեղված տեղեկատվությունը հնարավորություն կտա ճիշտ կողմնորոշվել ինչպես քրեական հետապնդում և արդարադատություն իրականացնող մարմիններին՝ իրենց գործառույթների իրականացման ընթացքում, այնպես էլ իրավաբանական և ֆիզիկական անձանց՝ իրենց իրավունքների պաշտպանության ընթացքում փորձագիտական ծառայության հնարավորություններից լիարժեք օգտվելու հարցերում:
     Ցանկանում եմ ընդգծել, որ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը, հանդիսանալով նաև դատափորձագիտական ինստիտուտների Եվրոպական ցանցի (ENFSI) լիիրավ անդամ, իր ողջ թիմով մշտապես նպատակամղված է կատարելագործել և զարգացնել դատափորձագիտական բնագավառի հնարավորությունները մեր երկրում՝ ապահովելու համար միջազգային մակարդակի փորձագիտական արդի հնարավորությունների ներդրումը Հայաստանի Հանրապետությունում:

director

Արգամ Նորայրի Հովսեփյան

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն, բ.գ.թ.

Լրահոս

news

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը հյուրընկալել է Մեսրոպ Մաշտոցի անվան Համալսարանի ուսանողներին}

Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողները դասախոսական կազմի ուղեկցությամբ «Կրիմինալիստիկա» առարկայի ուսուցման շրջանակներում մասնագիտական ճանաչողական այց կատարեցին ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ։ Ապագա իրավագետներին ընդունեց նաև Բյուրոյի տնօրեն Ա. Հովսեփյանը։ Հանդիպման ընթացքում ուսանողներին ներկայացվեց դատափորձագիտական գործունեության դերը հասարակական հարաբերությունների տարբեր ոլորտներում, վերջինիս նշանակությունը հատկապես քրեական, քաղաքացիական և վարչական դատավարությունների շրջանակներում արժեքավոր ապացույցների ձեռքբերման և արդարադատության իրականացման գործընթացներում։

Կազմակերպվեց նաև շրջայց, որի ընթացքում ապագա իրավագետները ծանոթացան փորձագիտական մի շարք ստորաբաժանումների հետազոտական հնարավորություններին և հիմնական գործառույթներին, նյութատեխնիկական հագեցվածությանը, հատկապես նորարարական մոտեցումներին, գիտամեթոդական ապահովմանն ու փորձագիտական լաբորատոր հետազոտությունների կիրառական տեսական և գործնական ասպեկտներին:

Բուհերի հետ համագործակցության շրջանակներում նման այցերը կրում են շարունակական բնույթ, քանի որ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը մշտապես կարևորում է բուհական և հետբուհական կրթության որակյալ իրականացման և բարձր մասնագիտական գիտելիքներով և գործնական հմտություններով օժտված մասնագետների պատրաստման գործընթացում արդյունավետ փոխգործակցության իրականացումը՝ պատրաստակամ լինելով աջակցել դատական փորձաքննությունների ոլորտով հետաքրքրված բուհերի ուսանողների որակյալ կրթության իրականացմանը։

news

Կայացավ Փորձաքննությունների ազգային բյուրոյի և արտերկրի դատափորձագիտական կառույցների հետ համատեղ կազմակերպված գիտաժողովը}

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները՝ տնօրեն Արգամ Հովսեփյանի գլխավորությամբ, ապրիլի 14-ին մասնակցել են Բյուրոյի և արտերկրի գործընկեր կառույցների հետ համատեղ կազմակերպված հերթական միջազգային գիտագործնական գիտաժողովին։ «Դեպքի վայրի որակյալ զննությունը կարևոր գործոն՝ հետագա դատական փորձաքննությունների համար» թեմայով տեսակոնֆերանսին մասնակցում էին դատափորձագիտական բնագավառի հեղինակավոր գիտնականներ և մասնագետներ Հայաստանից, Ռումինիայից, Մոլդովայից, Լեհաստանից, Ուկրաինայից։ Գիտաժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու Արգամ Հովսեփյանը։ Կառույցի ղեկավարը նախ շնորհավորեց միջոցառման նախաձեռնող Մոլդովայի դատափորձագիտական համայնքին՝ իրենց երկրում նշվող դատական փորձագետի մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ և մասնագիտական նվաճումներ։ Ա․ Հովսեփյանն ընդգծեց ավանդական դարձած համատեղ գիտաժողովների կազմակերպմամբ արտերկրի դատափորձագիտական կառույցների հետ սերտ կապերի հաստատման ու զարգացման կարևորությունը՝ դատական փորձաքննությունների ոլորտում առաջ եկող գործնական խնդիրների արդյունավետ լուծման և գիտամեթոդական ապահովման համատեքստում: «Փորձաքննությունների ազգային բյուրոյի ղեկավարությունը բարձր է գնահատում մեր կազմակերպությունների միջև ձևավորված ակտիվ համագործակցությունը։ Փոխգործակցության առկա ձևաչափը թույլ է տալիս ամրապնդել դատափորձագիտական և քրեագիտական տեսական և գործնական գիտելիքները, քննարկել բազմաթիվ արդիական հարցեր և խնդիրներ, առաջարկել դրանց լուծման արդյունավետ ուղիներ։ Անշուշտ, հարգանքի է արժանի աշխարհաքաղաքական և տարածաշրջանային բարդ իրադրության պայմաններում նման ընդգրկուն գիտագործնական միջոցառումների նախաձեռնումը, ինչը վկայում է մեր կառույցների աշխատակիցների նվիրվածության և բարձր պրոֆեսիոնալիզմի մասին»,-իր ելույթում նշեց Ա․ Հովսեփյանը։ Վերջինս, միաժամանակ երախտագիտություն հայտնեց Մոլդովայի դատափորձագիտական կենտրոնի ղեկավարությանն ու աշխատակազմին Հայաստանում Բյուրոյի կողմից հրատարակվող «Դատական փորձաքննության և քրեագիտության հայկական հանդես» գիտական պարբերականի խմբագրական խորհրդի հետ ակտիվ համագործակցության համար։ Դատական փորձագետների միջազգային համաժողովին զեկույցով հանդես եկավ նաև «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի պայթյունատեխնիկական և հրդեհատեխնիկական փորձաքննությունների բաժնի փորձագետ Վարդգես Ֆրանգյանը՝ ներկայացնելով հրդեհի վայրի զննության մարտավարական առանձնահատկությունները։ Խոսելով փորձաքննության բարդ տեսակներից մեկը համարվող հրդեհատեխնիկական փորձաքննությունների անցկացման ընթացքում առավել հաճախ ի հայտ եկող խնդիրների մասին, փորձագետն ընդգծեց հրդեհի վայրի պատշաճ և լիարժեք հետազոտության անհրաժեշտությունը, հետազոտությունների մեթոդների կիրառման առանձնահատկություններն ու այլ մասնագիտական նրբություններ։ Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է նմանօրինակ միջոցառումների կազմակերպումն ու ակտիվ մասնակցությունը, որը նպաստում է միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնմանը, մեր երկրում դատափորձագիտական հնարավորությունների արդիականացմանն ու ոլորտի կայուն զարգացման ապահովմանը։

news

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները մասնակցել են միջազգային գիտագործնական համաժողովների}

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում անցնող շաբաթը հագեցած էր դատական փորձաքննությունների ոլորտի արդիական հիմնախնդիրներին առնչվող միջազգային գիտագործնական համաժողովներով։

Փորձաքննությունների ազգային բյուրոյի ներկայացուցիչները՝ տնօրեն Արգամ Հովսեփյանի գլխավորությամբ,ապրիլի 7-ին մասնակցել են Կուտաֆինի անվան Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիայի և ՌԴ Կառավարությանն առընթեր օրենսդրության և համեմատական իրավագիտության ինստիտուտի կազմակերպած «Դատական փորձաքննությունները թվային տեխնոլոգիաների համատեքստում» խորագրով միջազգային համաժողովին։

Գիտաժողովի մասնակիցները տեսակապի միջոցով մտքեր են փոխանակել դատափորձագիտական ոլորտի արդիական հարցերի, թվային տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող հետազոտությունների, փորձագիտական գործունեության զարգացման հեռանկարների և այլ հարցերի շուրջ: Համաժողովի ընթացքում ներկայացվել է հունվարին կայացած «Դատական փորձաքննության տեսությունը և պրակտիկան ժամանակակից պայմաններում» խորագրով 9-րդ միջազգային գիտագործնական գիտաժողովի շրջանակներում հրատարակված հոդվածների ժողովածուն, որում ներառված է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանի՝ «Կատարված ռազմական հանցագործությունների փաստերի ապացուցման գործընթացում հատուկ գիտելիքների և հմտությունների կիրառման առանձնահատկությունները» թեմայով հոդվածը։

Ապրիլի 13-ին էլ Բյուրոյի անձնակազմը տնօրենի՝ գիտության գծով տեղակալ, քիմիական գիտությունների թեկնածու Պատվական Ոսկանյանի գլխավորությամբ մասնակցել է Ռուսաստանի արդարադատության պետական համալսարանի դատական փորձաքննությունների և քրեագիտության ամբիոնի կազմակերպած «Դատական փորձաքննության տեսական և գործնական վիճելի հարցերը» խորագրով 5-րդ գիտագործնական միջազգային համաժողովին, որը նվիրված էր հետքաբանական փորձաքննությունների ոլորտի ականավոր ռուս գիտնական, պրոֆեսոր Գրանովսկիի 100 ամյակին։

Գիտաժողովին մասնակցում էին փորձագիտական և գիտական հաստատությունների շուրջ 60 ականավոր գիտնականներ, դատափորձագիտական գործունեության տեսական և իրավական կարգավորումների բնագավառի առաջատար մասնագետներ Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից, Բելառուսից և այլ երկրներից:

Բանախոսներն անդրադարձել են դատական փորձաքննությունների մի շարք ոլորտների կարևոր հիմնահարցերի, այդ թվում՝ համակարգչային գործիքների և համակարգերի քրեագիտական հետազոտության օբյեկտներին, նախաքննության և դատաքննության գիտատեխնիակական աջակցությանը, փորձաքննություն նշանակելու մասին որոշման առանձին հարցերին, լրացուցիչ տեխնոլոգիաների կիրառմամբ հրազենի մասերի ձգաբանական հետազոտության հնարավորություններին և այլն:

Գիտաժողովին Փորձաքննությունների ազգային բյուրոյի հոգեբանական փորձաքննությունների բաժնի պետ, հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Ռուբեն Աղզումցյանը հանդես եկավ «դատահոգեբանական փորձաքննությունների արդյունավետության բարձրացման ուղիները» թեմայով զեկույցով՝ ներկայացնելով մեր երկրում իրականացվող հոգեբանական փորձաքննությունների առանձնահատկությունները, առկա հիմնախնդիրներն ու դրանց լուծման արդյունավետ ուղիները: Զեկույցներով հանդես եկան նաև «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հոգեբան-փորձագետներ Մանուկ Համբարձումյանը և Գայանե Շահվերդյանը:

Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է միջազգային համագործակցության շրջանակների ամրապնդման և ընդլայնման գործընթացների շարունակական ապահովումը՝ ի նպաստ մեր երկրի դատափորձագիտական հնարավորությունների արդիականացմանը, գիտագործնական ներուժի կատարելագործմանն ու փորձագիտական հավաստի արդյունքների ապահովմանը։

news

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը ձեռք է բերել նոր՝ «Regula 4307» մոդելի սարքավորումային համալիր}

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը ձեռք է բերել նոր՝ «Regula 4307» մոդելի տեսապատկերային համեմատական սարքավորումային համալիր` վերջին սերնդի ծրագրային ապահովումներով։ Այն նախատեսված է ցանկացած տեսակի փաստաթղթերի և այլ օբյեկտների հետազոտությունների համար։ Սարքավորումային համալիրի միջոցով հնարավոր է առավել արդյունավետ իրականացնել փաստաթղթաբանական փորձաքննություններ, այդ թվում՝ հետազոտելի օբյեկտները միաժամանակ համեմատել ստանդարտ թողարկման նմուշների հետ։

«Regula 4307»-ն ունի ինֆրակարմիր և ուլտրամանուշակագույն սպեկտրային տիրույթների, լույսի աղբյուրների պատկերային զտիչներ, որոնց միջոցով հնարավոր է հայտնաբերել թաքնված պատկերները (IPI), կարդալ շտրիխ կոդերը և կատարել այլ անհրաժեշտ գործողություններ։

Սարքավորման համալիրի միջոցով հնարավոր է իրականացնել նաև 3D մոդելավորում, ավտոմատ եղանակով կնիքների, դրոշմների համեմատական հետազոտություններ և նույնականացում։ Սարքավորումը համալրված է նաև աշխարհի ավելի քան 214 երկրներում թողարկված անձնագրերի, վարորդական վկայականների, արժույթների, մետաղադրամների, ինչպես նաև վիզաների, կացության քարտերի և այլ փաստաթղթերի տեղեկատվական բազայով: Սարքավորումային համալիրի կիրառման արդյունքում կտեղայնացվեն հետազոտությունների նոր մեթոդներ և մեթոդիկաներ` էականորեն բարձրացնելով հետազոտությունների կատարման արդյունավետությունը, կրճատելով փորձաքննությունների իրականացման ժամկետները, ապահովելով գիտականորեն հիմնավորված և հավաստի արդյունքներ։

Նշենք, որ Փորձաքննությունների բյուրոյի կողմից շարունակաբար իրականացվում են ժամանակակից գիտական պատկերացումներին համապատասխան նոր մեթոդների և մեթոդիկաների մշակման տեղայնացման և ներդրման աշխատանքներ, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ համատեղ` ի նպաստ մեր երկրում դատափորձագիտական ոլորտի կարողությունների արդիականացմանն ու շարունակական զարգացման ապահովմանը:

news

Հանրային հեռուստաընկերությունն անդրադարձել է «Փորձաքննությունների ազգային բյուրո»-ում ներդրված նորարարական ծրագրային ապահովման համակարգին}

Հանրային հեռուստաընկերությունն անդրադարձել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տեսաձայնագրային, ֆոտոտեխնիկական և դիմանկարային փորձաքննությունների բաժնում վերջերս ներդրված նորարարական ծրագրային ապահովման համակարգին։

Դատական փորձաքննությունների ոլորտում կիրառվող ժամանակակից տվյալ հետազոտական համակարգը եզակի հնարավորություն է ընձեռում առավել սեղմ ժամկետներում իրականացնել տվյալ տեսակի փորձաքննություններ և ապահովել արժեքավոր ապացույցների ձեռքբերմանն ուղղված անհրաժեշտ հետազոտությունների և վերլուծությունների կատարման արդյունավետությունն ու գիտականորեն հիմնավորված և հավաստի արդյունքների ստացումը։

Փորձաքննությունների ազգային բյուրոն պարբերաբար համալրվում է նոր՝ առաջադեմ սարքավորումներով և բարձր տեխնոլոգիական համակարգերով՝ նպատակ ունենալով որակյալ փորձաքննությունների իրականացման միջոցով օժանդակել մեր երկրում հանցավորության դեմ պայքարի և հանցագործությունների բացահայտման գործընթացների արդյունավետ իրականացմանը, ըստ այդմ նպաստելով դատաիրավական համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանն ու օրենքի գերակայության ապահովմանը։

Տեսանյութը դիտեք՝ այստեղ։

https://www.1lurer.am

news

Կնքվել է Համագործակցության պայմանագիր՝ Փորձաքննությունների ազգային բյուրոյի և Շվեյցարիայի ձեռագրաբանական գիտությունների ինստիտուտի միջև}

Ապրիլի 5–ին ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանի և Շվեյցարիայի ձեռագրաբանական գիտությունների ինստիտուտի(IHS) տնօրեն Մարի Աննա Նաուերի կողմից ստորագրվեց համագործակցության պայմանագիր՝ դատական փորձաքննությունների ոլորտում առկա կապերի ամրապնդման և փոխշահավետ համագործակցության ծավալման նպատակով։ Կողմերն ընդգծեցին հանցավորության դեմ պայքարի շրջանակներում դատական փորձաքննությունների ժամանակակից մեթոդների և միջոցների ակտիվ կիրառման, ոլորտի զարգացման ապահովմանը նպատակաուղղված համատեղ գիտագործնական աշխատանքների խթանման կարևորությունը՝ շեշտը դնելով հոգեբանաձեռագրաբանական և հոգեբանական փորձաքննությունների ոլորտում բարձր որակավորում ունեցող փորձագետների պատրաստման, համատեղ գիտագործնական կոնֆերանսների, սեմինարների, կլոր սեղան–քննարկումների անցկացման կարևորության վրա։  

Նախանշվեցին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Շվեյցարիայի ձեռագրաբանական գիտությունների ինստիտուտի (IHS) միջև փոխգործակցության շրջանակներում իրականացվելիք աշխատանքների ողջ շրջանակը, այդ թվում՝ հոգեբանաձեռագրաբանական և հոգեբանական փորձաքննությունների մեթոդների և մեթոդիկաների մշակմանն ուղղված համատեղ գիտական հետազոտությունների կատարում, գիտական աշխատանքների արդյունքների հրատարակման օժանդակություն, մշակված մեթոդների և մեթոդիկաների վերաբերյալ կարծիքի տրամադրում, դրանց հաստատման և փորձագիտական պրակտիկայում ներդրման իրականացում, արհեստական բանականության հնարավորությունների կիրառմամբ ախտորոշիչ նոր մեթոդների մշակում և գիտամեթոդական առաջընթացի ապահովում, գիտական և գործնական խնդիրների լուծմանն ուղղված փոխադարձ խորհրդատվությունների տրամադրում, փորձագետների վերապատրաստման և կատարելագործման փոխանակային ծրագրերի իրագործում, ձեռագրի վերլուծության միջոցով անձի հոգեբանական և անձնային առանձնահատկությունների կամ հուզական վիճակի գնահատման չափանիշների մշակում և նշված բնագավառների փորձագիտական հնարավորությունների կատարելագործման այլ արդիական ուղղություններով համատեղ աշխատանքների իրականացում: 

Երկկողմ համագործակցության շրջանակներում նույն օրը Շվեյցարիայի ձեռագրաբանական գիտությունների ինստիտուտի (IHS) տնօրեն Մարի Աննա Նաուերը և ինստիտուտի հետազոտական ծրագրերի ղեկավար Յուրի Չեռնովը տեսակապի միջոցով համատեղ սեմինար անցկացրեցին Փորձաքննությունների ազգային բյուրոյի համապատասխան ստորաբաժանումների փորձագետների հետ։

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից մշտապես կարևորվում է գիտագործնական միջազգային կապերի զարգացումն ու նոր հնարավությունների ձևավորումը՝ ի նպաստ մեր երկրի դատափորձագիտական բնագավառի գիտական ներուժի և առկա հնարավությունների շարունակական զարգացման և կատարելագործման ապահովմանը։

news

Կլոր սեղան–քննարկում՝ հայ, ռուս և բելառուս գործընկերների մասնակցությամբ}

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ–ում մարտի 30–ին տեղի ունեցավ գիտագործնական կլոր սեղան–քննարկում հայ, ռուս և բելառուս փորձագետների մասնակցությամբ։ Քննարկմանը մասնակցում էին ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենի գիտական գծով տեղակալ Պատվական Ոսկանյանը, Բյուրոյի հողագիտական և կենսաբանական փորձաքննությունների բաժի պետ Աննա Պետրոսյանը, Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի նյութերի և արտադրանքի փորձաքննությունների բաժնի ղեկավար Աննա Խոխը և Ռուսաստանի ներքին գործերի նախարարության փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետ Յուրի Ժավորնիկովը (տեսակապով)։ Քննարկումը վերաբերում էր դենդրոխրոնոլոգիական հետազոտությունների խնդիրներին, օգտագործվող մեթոդներին, ինչպես նաև նորագույն սարքավորումների կիրառմանն առնչվող հարցերին։ Քննարկվեցին համատեղ գիտական հոդվածների, մեթոդական ձեռնարկների պատրաստմանը և հրապարակմանը վերաբերող հարցեր։ Ներկայացվեց բուսաբանական փորձաքննություններին առնչվող համատեղ բառարանի, ինչպես նաև  բուսաբանական ոլորտին վերաբերող մեթոդական ձեռնարկի խմբագրական աշխատանքների ընթացքը։

Հայ և բելառուս փորձագետները կիսվեցին դենդրոխրոնոլոգիական հետազոտությունների բնագավառում իրականացվող փորձաքննությունների իրենց փորձով։ Անդրադարձ կատարվեց ոլորտում առկա նորմատիվ իրավական ակտերին, տեղեկատու և մեթոդական գրականությանը, փորձաքննությունների անցկացման կարգին, ինչպես նաև դեպքի վայրի զննության ընթացքում կիրառվող մեթոդներին և դենդրոխրոնոլոգիական նմուշների վերցման առանձնահատկություններին։ Պայմանավորվածություն ձեռքբերվեց  շարունակելու նման ձևաչափով քննարկումները և դիտարկել համատեղ աշխատանքների արդյունավետ իրականացման հեռանկարները՝ ի նպաստ մեր երկրներում  դենդրոխրոնոլոգիական հետազոտությունների հնարավորությունների զարգացմանն ու կատարելագործմանը։

news

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ–ում գիտագործնական պրակտիկա անցան բելառուս փորձագետները}

Հնգօրյա աշխատանքային այցով «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ–ում էին Բելառուսից ժամանած դատական փորձագետները՝ Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի նյութերի և արտադրանքի փորձաքննությունների բաժնի ղեկավար Աննա Խոխը և մշակույթային արժեքների փորձաքննությունների բաժնի փորձագետ Յուլյա Յարոցկայան։

Փորձի փոխանակման նպատակով Հայաստան ժամանած  բելառուս գործընկերներին ընդունեց «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա.Հովսեփյանը: Վերջինս հյուրերին ծանոթացրեց Բյուրոյում իրականացվող փորձաքննությունների կատարման դատավարական և կազմակերպչական հիմունքներին՝ մասնավորապես նյութերի և արժեքների, մշակութային արժեքների փորձաքննությունների կազմակերպման առանձնահատկություններին, առկա գիտամեթոդական և սարքավորումային ապահովվածությանը և դատափորձագիտական ոլորտին առնչվող նորմատիվ իրավական կարգավորումներին։ Վերահաստատվեց՝ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի միջև կնքված համագործակցության պայմանագրի արդյունավետ իրականացման ապահովման գործում Բյուրոյի պատրաստակամությունը։  

Այցի շրջանակներում Բելառուսի գործընկերներն ըստ իրենց մասնագիտական ուղղվածությունների՝ ակտիվ շփումներ ունեցան և մասնագիտական պրակտիկա անցան Բյուրոյի համանուն փորձագիտական ստորաբաժանումներում։

Բյուրոյի համապատասխան փորձագետները ներկայացրեցին իրենց բնագավառներում առկա փորձագիտական հնարավորություններն ու խնդիրները, հետազոտությունների ընթացքում կիրառվող մեթոդները, շարունակաբար կատարելագործվող ուղղությունները, գործնականում ի հայտ եկող խնդիրներն ու դրանց արդյունավետ լուծման հնարավորությունները։ Բելառուս գործընկերներն էլ կիսվեցին իրենց կողմից կիրառվող մեթոդաբանությամբ՝ ներկայացնելով Բելառուսի դատափորձագիտական պետական կոմիտեի՝ ոլորտում ունեցած փորձն ու ձեռքբերումները։

Բյուրոյում գտնվելու ընթացքում համանման մասնագիտական ուղղվածության փորձագետների մասնակցությամբ տեղի ունեցան արդյունավետ քննարկումներ, իրականացվեցին համատեղ հետազոտական աշխատանքներ։ Այցի շրջանակում կազմակերպվեցին նաև գիտագործնական սեմինար–քննարկումներ մշակութային արժեքների փորձաքննությունների և դենդրոխրոնոլոգիական հետազոտությունների վերաբերյալ։

Բյուրոյի նախաձեռնությամբ՝ մշակութաբանական փորձաքննությունների բնագավառին համահունչ մասնագիտական խնդիրների լուծմանն ուղղված գործնական բաղադրիչի առավել արդյունավետ դիտակման համատեքստում, Բելառուսի Հանրապետության փորձագետներն այցելեցին Հայաստանի ազգային պատկերասրահ, Սերգեյ Փարաջանովի թանգարան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան և այլ մշակութային հասատատություներ։ 

news

Տեղի է ունեցել ԱՊՀ անդամ երկրների դատափորձագիտական գործունեության ոլորտում համակարգող խորհրդի ձևավորմանն ուղղված հերթական նիստը}

Սույն թվականի փետրվարի 7-ին ԱՊՀ գործադիր կոմիտեում (ք.Մինսկ) տեսակոնֆերանսով և առկա ձևաչափով տեղի ունեցավ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների դատափորձագիտական գործունեության ոլորտում համակարգող խորհրդի ձևավորման մասին համաձայնագրի նախագծի համաձայնեցման նպատակով փորձագիտական խորհրդի հերթական նիստը:

Հայաստանի Հանրապետության կողմից ԱՊՀ անդամ պետությունների գործադիր մարմնին ներկայացված առաջարկության համաձայն նիստին որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ՝ դատական փորձաքննության մարմնի ղեկավար, տեսակապի միջոցով մասնակցեցին նաև ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները՝ տնօրեն Արգամ Հովսեփյանի գլխավորությամբ:

Օրակարգում ներառված և տեսակոնֆերանսի ընթացքում բարձրացված բոլոր հարցերի վերաբերյալ ծավալվեցին քննարկումների և կազմակերպված քվեարկության արդյունքում ըստ էության ընդունվեցին Բյուրոյի կողմից նախապես ներկայացված գրավոր դիրքորոշմամբ նշված դրույթները:

Ինչպես արդեն նշվել էր, տվյալ խորհրդի ձևավորումը կարևոր ևս մեկ հարթակ կհանդիսանա ԱՊՀ անդամ երկրների դատական փորձաքննության մարմինների համագործակցության մակարդակի բարձրացման, երկարաժամկետ, համակարգված և բազմակողմ փոխգործակցության ապահովման, միասնական մեթոդաբանության ձևավորման, համագործակության առաջնահերթ ուղղությունների որոշման, դատափորձագիտական ոլորտում տեղեկատվական-վերլուծական և գիտամեթոդական աշխատանքների իրականացման, ԱՊՀ անդամ երկրների դատական փորձաքննության մարմինների գործնական փոխգործակցության և տեխնիկական աջակցության ծրագրերի համակարգման, դատափորձագիտական գործունեության ոլորտին առնչվող ազգային օրենսդրությունների միմյանց համապատասխանեցման և ներդաշնակեցման հարցերում աջակցության, ինչպես նաև ոլորտի կայուն զարգացման ապահովման շրջանակներում ի հայտ եկող այլ խնդիրների համակարգված լուծման արդյունավետ ուղիների մշակման համար:

news

Տեղի ունեցավ միջազգային կլոր սեղան Ուկրաինայի գործընկերների հետ}

Սույն թվականի հունվարի 27-ին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի աշխատակիցները՝ փորձաքննությունների գծով տնօրենի տեղակալ Արամ Գահնապետյանի գլխավորությամբ և Ն.Ս.Բոկարիուսի անվան Խարկովի փորձագիտական գիտահետազոտական ինստիտուտի Կիևի մասնաճյուղի գործընկերները` Վլադիսլավ Ֆեդարյենկոյի գլխավորությամբ, համատեղ անցկացրեցին «Մտավոր սեփականության հարցերով դատական փորձաքննությունների արդի հիմնահարցերն ու խնդիրները» թեմայով միջազգային կլոր սեղանի, որի շրջանակներում քննարկվեցին տվյալ ոլորտի խնդիրներն ու զարգացման հեռանկարները, համատեղ հետազոտական ուղղությունները, լավագույն փորձի կիրառման, նոր մեթոդների մշակման և ներդրման, ինչպես նաև տվյալ փորձագիտական ուղղության հնարավորությունների զարգացման ապահովման ուղղությամբ:

Նախանշվեցին նաև 2023թ.-ին առաջնահերթ իրականացման ենթակա աշխատանքները:

Նմանատիպ կլոր սեղանների անցկացման նպատակն է իրականացնել  փորձագիտական հետազոտությունների համապատասխան բնագավառներում   տեսական և մեթոդական գիտելիքների ու փորձի փոխանակում և առկա խնդիրների լուծման արդյունավետ ուղիների համատեղ մշակում:

news

Փորձաքննությունների ազգային բյուրոն մասնակցել է միջազգային գիտագործնական գիտաժողովի**}

Սույն թվականի հունվարի 26-ին և 27-ին ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ղեկավար և փորձագիտական անձնակազմի ներկայացուցիչները տնօրեն Ա.Հովսեփյանի գլխավորությամբ տեսակոնֆերանսի ձևաչափով մասնակցեցին Օ.Է.Կութաֆինի անվան Մոսկվայի պետական իրավաբանական համալսարանի կողմից կազմակերպված «Դատական փորձաքննության տեսությունը և պրակտիկան ժամանակակից պայմաններում»  խորագրով 9-րդ միջազգային գիտագործնական գիտաժողովին:

Գիտաժողովին մասնակցում էին փորձագիտական և գիտականհաստատությունների առաջատար մասնագետներ  Ռուսաստանից, Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Բուլղարիայից և այլ երկրներից:

Միջոցառման նպատակն էր կարծիքների և փորձի փոխանակումը դատափորձագիտական ոլորտի արդիական հարցերի, փորձաքննությունների նոր տեսակների և փորձագիտական նոր մասնագիտությունների վերաբերյալ:

Գիտաժողովին բացման խոսքով և ելույթներով հանդես եկան Օ.Է.Կութաֆինի անվան Մոսկվայի պետական իրավաբանական համալսարանի դատական փորձաքննությունների ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ելենա Ռոսսինսկայան, Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարության դատական փորձաքննության Ռուսաստանի Դաշնային կենտրոնի տնօրեն,  պրոֆեսոր Ալեքսանդր Ուսովը, Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի Մոսկվայի ակադեմիայի ռեկտոր Ալեքսեյ Բեսսոնովը, ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը և այլք: 

Գիտաժողովի ընթացքում Բյուրոյի տնօրեն Ա.Հովսեփյանը ներկայացրեց զեկույց «Կատարված ռազմական հանցագործությունների փաստերի ապացուցման գործընթացում հատուկ գիտելիքների և հմտությունների կիրառման առանձնահատկությունները» թեմայով, որի ընթացքում համակարգված կերպով ներկայացվեցին Արցախի Հանրապետության տարածքի և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ 2016-ից 2020, ինչպես նաև 2022 թվականների ընթացում Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմական գործողությունների շրջանակներում  կատարված ռազմական հանցագործությունների և միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտումների բնույթին համապատասխան դրանց արձանագրման և ապացուցողական բազայի ձևավորմանն օժանդակելու հիմնական սկզբունքներն ու դրանց համակարգված իրականացման առանձնահատկությունները:

Միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածուում ներառված է նաև Բյուրոյի տնօրեն Ա.Հովսեփյանի կողմից հեղինակած «Կատարված ռազմական հանցագործությունների փաստերի ապացուցման գործընթացում հատուկ գիտելիքների և հմտությունների կիրառման առանձնահատկությունները» թեմայով գիտական հոդվածը:

Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է նմանօրինակ գիտաժողովների մասնակցությունը՝ միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնման, խնդիրների վեր հանման, դատափորձագիտական հնարավորությունների արդիականացման և ոլորտի կայուն զարգացման արդյունավետ ուղիների նախանշման համար: