slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

     Հարգելի այցելու, 
     Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության պաշտոնական կայք էջում: Հուսով եմ այստեղ Դուք կգտնեք Ձեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը, կծանոթանաք «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կառուցվածքին, հիմնական գործառույթներին և փորձագիտական հնարավորություններին՝ կատարվող փորձաքննությունների տեսակներին և ենթատեսակներին, փորձագիտական բնագավառի տարբեր ոլորտների հետազոտությունների նոր մեթոդների կիրառման վերաբերյալ տեղեկատվությանը և նորություններին: Կայք էջում զետեղված տեղեկատվությունը հնարավորություն կտա ճիշտ կողմնորոշվել ինչպես քրեական հետապնդում և արդարադատություն իրականացնող մարմիններին՝ իրենց գործառույթների իրականացման ընթացքում, այնպես էլ իրավաբանական և ֆիզիկական անձանց՝ իրենց իրավունքների պաշտպանության ընթացքում փորձագիտական ծառայության հնարավորություններից լիարժեք օգտվելու հարցերում:
     Ցանկանում եմ ընդգծել, որ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը, հանդիսանալով նաև դատափորձագիտական ինստիտուտների Եվրոպական ցանցի (ENFSI) լիիրավ անդամ, իր ողջ թիմով մշտապես նպատակամղված է կատարելագործել և զարգացնել դատափորձագիտական բնագավառի հնարավորությունները մեր երկրում՝ ապահովելու համար միջազգային մակարդակի փորձագիտական արդի հնարավորությունների ներդրումը Հայաստանի Հանրապետությունում:

director

Արգամ Նորայրի Հովսեփյան

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն, բ.գ.թ.

Լրահոս

news

«Հանցանքի հետքով»-ի անդրադարձը թմրաշրջանառության դեմ պայքարում Փորձաքննությունների ազգային բյուրոյի առանցքային դերին}

«Կենտրոն» հեռուստաընկերության «Հանցանքի հետքով» հաղորդաշարի հերթական թողարկմանն անդրադարձ է կատարվել թմրաշրջանառության դեմ պայքարում Փորձաքննությունների ազգային բյուրոյի ունեցած առանցքային դերին, Բյուրոյում իրականացվող նյութագիտական, թունաբանական, հետքաբանական, դատագենետիկական համալիր, ինչպես նաև համակարգչատեխնիկական փորձաքննություններին։
Բյուրոյի գործունեության մասին պատմող հատվածը դիտեք 24:10 րոպեից։

news

Փորձաքննությունների ազգային բյուրոն եվրոպական երկրների գործընկեր կառույցների հետ համատեղ միջազգային գիտաժողով է կազմակերպել}

ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները՝ Բյուրոյի տնօրենի գիտության գծով տեղակալ Պատվական Ոսկանյանի գլխավորությամբ հոկտեմբերի 3-ին (տեսակոնֆերանսի ձևաչափով) մասնակցել են Մոլդովայի ազգային դատափորձագիտական կենտրոնի նախաձեռնած և եվրոպական երկրների գործընկեր կառույցների հետ համատեղ կազմակերպված միջազգային համաժողովին:
«Դատական փորձագետը արդարադատության նկատմամբ վստահության ապահովման հիմնական տարր» խորագրով համաժողովին մասնակցում էին դատափորձագիտական և գիտական հաստատությունների ղեկավարներ, ոլորտի հեղինակավոր գիտնականներ և առաջատար մասնագետներ Հայաստանից, Իտալիայից, Ռումինիայից, Ուկրաինայից, Մոլդովայից և այլ երկրներից։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենի գիտության գծով տեղակալ Պատվական Ոսկանյանը՝ կարևորելով նմանօրինակ գիտաժողովների անցկացումը՝ դատական փորձաքննությունների ոլորտում առաջ եկող տեսական և գործնական խնդիրների արդյունավետ լուծման, արտերկրի գործընկեր կառույցների հետ արդյունավետ համագործակցության համատեքստում: 
Միջոցառման ընթացքում ներկայացվել են արժեքավոր գիտական զեկույցներ ոլորտի արդիական հիմնախնդիրների, այդ թվում՝ փորձաքննությունների իրականացման ընթացքում մարդկային գործոնի նվազեցման, արհեստական բանականության կիրառման, ապրանքագիտական, հետքաբանական, հոգեբանական, ձեռագրաբանական, շինարարատեխնիկական փորձաքննությունների ոլորտներում առկա մարտահրավերների և դրանց լուծման արդյունավետ ուղիների վերաբերյալ, քննարկվել են արդարադատության իրականացման գործում փորձագետի դերին, դեպքի վայրից մինչև դատարան փորձագետի օբյեկտիվությանն ու անկախությանն առնչվող հարցեր:
Համաժողովի շրջանակներում «Մաշվածությամբ և թերությունների առկայությամբ ոչ պարենային ապրանքների արժեքի պարզումը. կիրառման առանձնահատկությունները ՀՀ-ում իրականացվող դատաապրանքագիտական փորձաքննություններում» թեմայով համատեղ զեկույցով հանդես եկան նաև Փորձաքննությունների ազգային բյուրոյի ապրանքագիտական փորձաքննությունների բաժնի փորձագետներ Աննա Հարությունյանը և Շուշանիկ Մովսիսյանը: Զեկույցում ներկայացվել են մաշվածությամբ և վնասվածքներով ոչ պարենային ապրանքների արժեքի պարզման ընթացքում ի հայտ եկող խոչընդոտները, դատաապրանքագիտական փորձաքննությունների նկատմամբ աճող պահանջարկի պայմաններում գիտելիքահենք մեթոդաբանության կատարելագործման, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ համատեղ նոր մեթոդների, մեթոդիկաների մշակման, Փորձաքննությունների ազգային բյուրոյում դրանց արդյունավետ տեղայնացման հետ կապված հարցեր:
Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է նմանօրինակ միջոցառումների կազմակերպումն ու ակտիվ մասնակցությունը՝ ի նպաստ միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնմանը, մեր երկրում դատափորձագիտական հնարավորությունների արդիականացմանն ու ոլորտի կայուն զարգացման ապահովմանը։

news

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի (ENFSI) 2025թ. ընդլայնված համատեղ նիստը. Արգամ Հովսեփյանի գլխավորությամբ աշխատանքային խումբ է ձևավորվել}

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ–ի տնօրեն Արգամ Հովսեփյանը հոկտեմբերի 2-ին Բյուրոյում անցկացրել է ընդլայնված խորհրդակցություն՝ կատարված աշխատանքներն ամփոփելու, փորձագիտական ստորաբաժանումներին համապատասխան հանձնարարականներ տալու, Հայաստանում նոյեմբերին կայանալիք դատափորձագիտական կարևորագույն միջազգային իրադարձությանը՝ Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի (ENFSI) 2025թ. ընդլայնված համատեղ նիստին նախապատրաստվելու նպատակով: 
Խորհրդակցության շրջանակներում ամփոփվել են նախորդ ինն ամիսների ընթացքում կատարված աշխատանքների ծավալները՝ այդ թվում ընթացիկ փորձաքննությունների քանակական ծավալային ցուցանիշները, դրանց կատարման տեմպերը, առկա խոչընդոտներն ու փորձաքննությունները հնարավորինս սեղմ ժամկետներում իրականցնելուն ուղղված այլ կարևոր հարցեր։ 
Հանձնարարականներ են տրվել կազմակերպության տնօրենի փորձաքննությունների գծով տեղակալին և փորձագիտական ստորաբաժանումների ղեկավարներին՝ նոր թափով շարունակելու նախորդ եռամսյակների ընթացքում ստացված, հատկապես՝ 2025 թվական փոխանցված փորձաքննությունների իրականացման գործընթացը։ 
Խորհրդակցության արդյունքում որոշվել է նաև Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արգամ Հովսեփյանի գլխավորությամբ ձևավորել աշխատանքային խումբ՝ Երևանում նոյեմբերի 12-ից 14-ը կայանալիք Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի (ENFSI) 2025 թվականի ընդլայնված համատեղ նիստի աշխատանքների պատշաճ նախապատրաստման և կազմակերպման նպատակով:
«Փորձաքննությունների ազգային բյուրոն հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունից Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի միակ և լիիրավ անդամը և Կազմակերպության համար մեծ պատիվ է Հայաստանում նման մասշտաբի միջոցառման կազմակերպումն ու իրականացումը: Նիստի անցկացման վայրի ընտրությունը պատահական չէ. այս որոշումը պայմանավորված է ENFSI-ում Փորձաքննությունների ազգային բյուրոյի ունեցած բարձր հեղինակությամբ, ENFSI-ի աշխատանքային խմբերում Բյուրոյի փորձագետների ակտիվ ներգրավվածությամբ՝ այդ թվում հետազոտական աշխատանքներում և տվյալների բազաների ձևավորման գործընթացում ցուցաբերած արհեստավարժ և ջանասեր գործունեությամբ»,-իր խոսքում նշել է Բյուրոյի տնօրենը:
🇪🇺 Հայաստանում առաջին անգամ անցկացվելիք համատեղ նիստի աշխատանքներին մասնակցելու են Եվրոպական միության տարբեր երկրներից ներկայացուցիչներ և ոլորտի բարձր պրոֆեսիոնալներ, այդ թվում՝ ENFSI խորհրդի և քարտուղարության անդամները, մշտական հանձնաժողովների նախագահները, ENFSI փորձագիտական աշխատանքային խմբերի (EWG) ղեկավարներն ու այլ ներկայացուցիչներ։ 
Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է ENFSI-ի կազմում ակտիվ փոխգործակցության շարունակականության ապահովումը՝ ի նպաստ եվրոպական ինտեգրմամբ Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական գործունեության շարունակական զարգացմանը, փորձագիտական հավաստի արդյունքների ապահովմանն ու օրենքի գերակայությամբ արդարադատության արդյունավետ իրականացմանը։

news

Կայացել է Փորձաքննությունների ազգային բյուրոյի գիտական խորհրդի հերթական նիստը}

Սեպտեմբերի 25-ին Փորձաքննությունների ազգային բյուրոյում կայացել է կազմակերպության գիտական խորհրդի հերթական նիստը, որի շրջանակներում քննարկվել և հավանության են արժանացել օրակարգով նախատեսված մի շարք հարցեր:
Ամփոփվել են ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող անձնակազմի կողմից 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները՝ այդ թվում ելակետային տվյալներ ձեռք բերելու պարտականություններ և փորձաքննություն նշանակելու լիազորություն ունեցող իրավասու մարմինների աշխատողների վերապատրաստման և կատարելագործման 2025թ.-ին իրականացված դասընթացների արդյունքները: 
Նիստի ավարտին Բյուրոյի գիտական խորհուրդը որոշել է նաև՝
Երաշխավորել և հաստատել ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից թողարկվող «Դատական փորձաքննության և քրեագիտության հայկական հանդես» գիտական պարբերականի 14-րդ համարի հրատարակումը:
Երաշխավորել և հաստատել «Համակարգչային հափշտակությունները և դրանց կանխարգելման արդի խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» անվանումով Գ.Իսրայելյանի մենագրության հրատարակումը:
Երաշխավորել և հաստատել «Ոչ նյութական ակտիվների գնահատումը ֆինանսատնտեսագիտական փորձաքննությունների շրջանակներում» անվանումով Կ.Մամիկոնյանի մեթոդական ձեռնարկի հրատարակումը։

news

Բյուրոյի ներկայացուցիչները կատարելագործել են «բաց աղբյուրների հետախուզության» (OSINT) կիրառման հմտությունները}

Փորձաքննությունների ազգային բյուրոյի համակարգչատեխնիակական բաժնի փորձագետներ Նազիկ Ջանջիկյանը և Ռաիսա Խաչատրյանը սեպտեմբերի 15-17-ը Երևանում մասնակցել են Եվրոպայի Խորհրդի կողմից իրականացվող «CyberEast+» ծրագրի և Միջազգային իրավական համագործակցության կենտրոնի (CILC) հետ համատեղ կազմակերպված դասընթացին, որը նվիրված էր երեխաների նկատմամբ առցանց սեռական շահագործման և բռնության (OCSEA) դեպքերի կանխարգելման, հետաքննության, քրեական հետապնդման և դատական քննության համար նախատեսված իրավական դրույթների և առկա գործիքների կիրառմանը:
Դասընթացի շրջանակներում Փորձաքննությունների ազգային բյուրոյի փորձագետները, իրավապահ մարմինների, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության ոլորտների ներկայացուցիչներն անցել են հատուկ ուսուցում՝ երեխաների նկատմամբ առցանց սեռական շահագործման և բռնության (OCSEA) դեպքերի բացահայտման, հետաքննության և կանխարգելման նպատակով։
Մասնակիցները գործնական վարժությունների միջոցով վերլուծել են «բաց աղբյուրների հետախուզության» (OSINT) միջոցով իրականացվող կանխարգելիչ և հակազդող OCSEA միջոցառումների առանձնահատկությունները։ 
Քննարկվել են Հայաստանում նշված դեպքերի նախականխման, կանխման, խափանման, ինչպես նաև բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքները, այս ուղղությամբ միջազգային համագործակցության կարևորությունը, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրներն ու դրանց լուծման արդյունավետ ուղիները:
 Դասընթացի ավարտին մասնակիցներին տրվել են համապատասխան վկայականներ:

news

ԱՄՆ խաղաղության կորպուսի (Peace Corps) ներկայացուցիչներն այցելել են Փորձաքննությունների ազգային բյուրո}

ԱՄՆ կառավարությանն առընթեր խաղաղության կորպուսի (Peace Corps) անվտանգության և պաշտպանության հարցերով պատասխանատու Ջեսիկա Ուիլթը և Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի անվտանգության ղեկավար Վահագն Տոնոյանը սեպտեմբերի 18-ին այցելել են ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ՝ հայ-ամերիկյան միջկառավարական համաձայնագրի շրջանակներում ստեղծված Հայաստանի դատափորձագիտական ամենախոշոր կառույցի գործունեությանը ծանոթանալու, համագործակցության հեռանկարային ուղղությունները քննարկելու նպատակով:
Հանդիպման ընթացքում Բյուրոյի տնօրենի գիտության գծով տեղակալ Պատվական Ոսկանյանը և տնօրենի անվտանգության ապահովման գծով տեղակալ Արա Գրիգորյանը հյուրերին ներկայացրել են կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները, հանցավորության դեմ պայքարում իրավապահ մարմիններին օժանդակելու Բյուրոյի առաքելությունը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության, ինչպես նաև ԱՄՆ առաջատար կազմակերպությունների հետ կազմակերպության արդյունավետ համագործակցության արդյունքում իրականացվող ծրագրերը և այլն:
Խաղաղության կորպուսի անվտանգության և պաշտպանության հարցերով պատասխանատու Ջեսիկա Ուիլթն իր հերթին ներկայացրել է Հայաստանում Խաղաղության կորպուսի առաքելությունը, բարձրացրել իրենց հուզող հարցերը և պատրաստակամություն հայտնել Բյուրոյի հետ հետագա փոխգործակցության համար: 
Երկկողմ համագործակցության ուղղությունները հստակեցնելու նպատակով հյուրերի համար կազմակերպվել է շրջայց, որի շրջանակներում ներկայացվել են կառույցի վերջին տարիների ձեռքբերումները ինչպես մեթոդական ապահովման, այնպես էլ նյութատեխնիկական բազայի հագեցվածության առումով:
Նշենք, որ ԱՄՆ Խաղաղության կորպուսը գործունեություն է ծավալում աշխարհի շուրջ 60 երկրներում, իսկ երեք տասնամյակից ավելի՝ նաև Հայաստանում։ Մինչ օրս ավելի քան 1100 ամերիկացի կամավոր է ապրել և ծառայել Հայաստանի տարբեր մարզերում և գյուղերում՝ համագործակցելով կրթական, երիտասարդական, մշակութային և այլ կազմակերպությունների հետ:

news

Լատվիայից ժամանած փորձագետները փոխանակման ծրագրի շրջանակներում Փորձաքննությունների ազգային բյուրոյում են}

Եվրոպական Միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության (CEPOL) փոխանակման ծրագրի շրջանակներում Լատվիայի արդարադատության նախարարության դատափորձագիտական բյուրոյի կենսաբանական և քիմիական հետազոտությունների վարչության փորձագետներ Իրենա Վլասենկոն և Ելենա Կոնոխովան հնգօրյա այցով «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում են՝ փորձի փոխանակման և վերապատրաստման նպատակով:
Այցի շրջանակներում լատվիացի փորձագետները ծանոթացել են Բյուրոյի նյութագիտական, ինչպես նաև  հետքաբանական փորձաքննությունների բաժինների գործունեությանը, իրականացվող փորձաքննությունների տեսակներին, հետազոտությունների ընթացակարգերին, համապատասխան լաբորատորիաների հնարավորություններին, այդ թվում՝ նորագույն սարքավորումային համալիրների գործարկման և արդյունավետ կիրառման հետ կապված ընթացակարգերին:
Փորձի փոխանակման շրջանակներում իրականացվել են համատեղ գործնական աշխատանքներ նյութագիտական և հետքաբանական  փորձաքննությունների լաբորատորիաներում: Լատվիայի գործընկերների հետ ակտիվ քննարկումներ են ծավալվել իրականացվող հետազոտությունների մեթոդների կիրառման առանձնահատկությունների, ստացվող արդյունքների վերլուծության, գիտագործնական խնդիրների լուծման և այլ կարևոր հարցերի վերաբերյալ:
Մասնագիտական քննարկումների արդյունքում նախանշվել են փորձի փոխանակման շրջանակներում համատեղ իրականացվելիք աշխատանքների հեռանկարները՝ տեսական և գործնական գիտելիքների փոխանակման, նյութագիտական, ինչպես նաև հետքաբանական փորձաքննությունների բնագավառների արդիական հարցերի վերհանման և ոլորտում առկա հիմնախնդիրների արդյունավետ լուծման համատեքստում։
Հիշեցնենք, որ նախորդ ամիս «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի նյութագիտական փորձաքննությունների բաժնի պետ Աննա Թովմասյանը և Բյուրոյի հետքաբանական փորձաքննությունների բաժնի փորձագետ Ազնուր Մկրտչյանն էին փորձի փոխանակման նպատակով այցելել Լատվիայի դատափորձագիտական բյուրո:
Երկկողմ այցերի և փորձի փոխանակման արդյունքում գործընկեր կառույցների փորձագետների միջև ձևավորվել են համագործակցության ամուր կապեր, ինչը հնարավորություն կտա ակտիվ փոխգործակցություն ծավալել ոչ միայն գործնական խնդիրների լուծման, այլ նաև համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացման շրջանակներում՝ ի նպաստ փորձագիտական ներուժի զարգացմանը, գիտամեթոդական բազայի կատարելագործմանը:

news

Բյուրոյի փորձագետները Բուդապեշտում մասնակցել են «Կիբեր դարք վեբի և վիրտուալ արժույթի հետաքննություն» թեմայով միջազգային դասընթացին}

ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տեսաձայնագրային, ֆոտոտեխնիկական և դիմանկարային բաժնի պետ Վաղարշակ Քոչարյանը և համակարգչատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Աշոտ Ադամյանը օգոստոսի 25–29-ը Բուդապեշտում (Հունգարիա) մասնակցել են Միջազգային իրավապահ ակադեմիայի (ILEA) կազմակերպած «Կիբեր դարք վեբի և վիրտուալ արժույթի հետաքննություն» (Cyber Dark Web and Virtual Currency Investigative) թեմայով միջազգային վերապատրաստման դասընթացին:
Կիբերհանցագործությունների, ստվերային ցանցի և կրիպտոարժույթի վերաբերյալ մասնագիտացած դասընթացին մասնակցում էին իրավապահ համակարգի ծառայողներ և փորձագետներ Հայաստանից, Սլովակիայից, Մոլդովայից, Ուզբեկստանից, Ղազախստանից և այլ երկրներից:
Դասընթացի շրջանակներում  ներկայացվել են ստվերային ցանցի (DarkNet) հետաքննությունների լավագույն փորձը և տեխնիկան, կրիպտոարժույթով իրականացվող հանցագործությունների հետաքննական նորագույն գործիքները, բացահայտման մեխանիզմները, ապօրինի ֆինանսական հոսքերի բացահայտման, ցանցային հետքերի, պորտերի/սերվերների ուսումնասիրության, ապացույցների հավաքագրման, պահպանման, ինչպես նաև աշխատանքային միջավայրերի (Tails, PGP, աշխատակայանների պաշտպանություն) անվտանգության ամրապնդմանն ուղղված գործողությունները՝ DarkNet-ում և դրան կից կրիպտոարժութային վճարային ցանցերում հանցագործությունների դեմ արդյունավետ պայքարի համար։ 
Տեսական գիտելիքների ամրապնդմանը և փորձի փոխանակմանը զուգահեռ մասնակիցներին հանձնարարվել են նաև գործնական առաջադրանքներ, որոնք հաջողությամբ կատարած մասնագետները՝ այդ թվում Բյուրոյի փորձագետները, խրախուսվել են կազմակերպիչների կողմից:
Մասնավորապես տեխնիկական խնդիրների բացահայտման (լաբորատոր միջավայր, սարքավորումների կարգավորում, կապ/մուտքեր), արագ նույնականացման և լուծման, ինչպես նաև գործընկերներին օպերատիվ աջակցություն ցուցաբերելու համար Փորձաքննությունների ազգային բյուրոյի համակարգչատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Աշոտ Ադամյանն արժանացել է մեդալի: Բյուրոյի փորձագետներին մեդալներ են շնորհվել նաև դասերին, քննարկումներին և գործնական առաջադրանքներին ակտիվ ներգրավվածության, նախաձեռնողականության, թիմային աջակցության համար:
Դասընթացի ավարտին Միջազգային իրավապահ ակադեմիայի (ILEA)  տնօրեն Սքոթ Դոնովանի կողմից մասնակիցները ստացել են վկայականներ: 
Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է մասնակցությունը նմանօրինակ դասընթացներին՝ ի նպաստ միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնմանը, առաջավոր փորձի փոխանակմանը, մեր երկրում դատափորձագիտական հնարավորությունների արդիականացմանն ու ոլորտի կայուն զարգացման ապահովմանը:

news

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հոգեբանական փորձաքննությունների բաժնի պետ, հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանն այսօր նշում է ծննդյան 80 ամյակը:}

Անգնահատելի է Ռուբեն Աղուզումցյանի դերը Հայաստանի հոգեբանության ոլորտի զարգացման՝ հոգեբանության դպրոցի հիմնաքարերի ձևավորման, հոգեբանների համայնքի կայացման, ինչպես նաև Փորձաքննությունների ազգային բյուրոյի հոգեբանական բաժնի ձևավորման և հոգեբան-փորձագետների պատրաստման գործում:
Տասնյակ տարիներ Ռուբեն Աղուզումցյանը դասավանդել, իր փորձն ու գիտելիքներն է փոխանցել ոչ միայն հայաստանյան, այլև արտերկրի բուհերում և գիտական հաստատություններում՝ Ռուսաստանի Դաշնությունից մինչև Եվրոպա, Միացյալ Նահանգներից մինչև Հարավային Աֆրիկա: 
Իր գործունեության ընթացքում գիտության և կրթության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Աղուզումցյանն արժանացել է մի շարք կոչումների և պարգևների, այդ թվում պետական բարձր՝ «Մովսես Խորենացու» մեդալի:
Երկար տարիների անմնացորդ նվիրումով բարեխիղճ ու արդյունավետ աշխատանքային գործունեության և 80-ամյա հոբելյանի կապակցությամբ Փորձաքնությունների ազգային բյուրոյի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Գահնապետյանի հրամանով այսօր Ռուբեն Աղուզումցյանն արժանացավ պատվոգրի:
Փորձաքննությունների ազգային բյուրոյի ողջ անձնակազմը ջերմորեն շնորհավորում է ականավոր գիտնականին հոբելյանի առթիվ՝ մաղթում ամուր առողջություն, անսպառ եռանդ և հաջողություններ՝ իր արգասաբեր աշխատանքը շարունակելու, տասնամյակների հարուստ փորձն ու կարողություններն օգտագործելու` ի շահ մեր պետության, ի նպաստ մեր երկրի հոգեբանական բնագավառի զարգացման:

news

Բյուրոյի ներկայացուցիչները մասնակցել են ԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիային կից աշխատանքային խմբի խորհրդակցությանը}

ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները Բյուրոյի տնօրենի՝ գիտության գծով տեղակալ Պատվական Ոսկանյանի գլխավորությամբ, օգոստոսի 21-ին մասնակցել են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիային կից ապրանքների դասակարգման հարցերով աշխատանքային խմբի հերթական խորհրդակցությանը:
Տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացված խորհրդակցությանը մասնակցում էին մաքսային ծառայողներ և դատական փորձագետներ ԵԱՏՄ անդամ երկրներից՝ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից և Ղրղզստանից:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ֆիզիկաքիմիական վերլուծության հիմնական մեթոդներով քիմիական և հարակից ոլորտների ապրանքների քիմիական բաղադրության նույնականացման մեթոդների գործնական կիրառության, դրանց հիման վրա տպագրական ներկերում թաղանթ առաջացնող նյութի առկայության, այդ նյութի՝ սպիրտներում, բարդ եթերներում, գլիկոլի եթերներում, ջրային միջավայրում, հեպտանում կամ հեքսանում դեսպերգացման կամ լուծման փաստի նույնականացման, գազքրոմատոգրաֆիկ սարքերի միջոցով դրանց քանակական և որակական բաղադրության որոշման նպատակով փորձաքննություն անցկացնելու հնարավորության վերաբերյալ հարցեր:
Քննարկման ընթացքում Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենի՝ գիտության գծով տեղակալ Պատվական Ոսկանյանը նշել է, որ կազմակերպության նյութագիտական փորձաքննությունների լաբորատորիան հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով՝ այդ թվում գազային քրոմատոգրաֆով և ժամանակակից գերզգայուն անալիտիկ սարքով՝ եռակի քառաբևեռ մասսպեկտրաչափի հետ համակցված հեղուկային քրոմատոգրաֆով, որոնց միջոցով գիտականորեն հիմնավորված մեթոդների հիման վրա կազմակերպությունում հնարավոր կլինի իրականացնել նաև տպագրական ներկերում կիրառված լուծույթի որակական որոշում:
Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է փորձագիտական բնագավառում ԵԱՏՄ երկրների գործընկեր կառույցների հետ գիտագործնական կապերի զարգացումն ու համագործակցությունը՝ ի նպաստ մեր երկրի դատափորձագիտական բնագավառի շարունակական զարգացմանն ու կատարելագործմանը։

news

Բյուրոյի փորձագետները Լատվիայում մասնակցել են CEPOL-ի փորձի փոխանակման ծրագրին}

Եվրոպական Միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության (CEPOL) փոխանակման ծրագրի շրջանակներում ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի նյութագիտական փորձաքննությունների բաժնի պետ Աննա Թովմասյանը և Բյուրոյի հետքաբանական փորձաքննությունների բաժնի փորձագետ Ազնուր Մկրտչյանը հուլիսի 27-ից օգոստոսի 1-ը գործուղվել էին Լատվիայի Հանրապետություն (Ռիգա)՝ վերապատրաստման և փորձի փոխանակման նպատակով: 
Ծրագրի շրջանակներում հայ փորձագետները ծանոթացել են Լատվիայի դատափորձագիտական բյուրոյի դատական փորձաքննությունների ստորաբաժանումների՝ մասնավորապես կենսաբանական և քիմիական հետազոտությունների բաժնի գործունեությանը, նյութատեխնիկական հագեցվածությանը, փորձագիտական հնարավորություններին, տեղում ծանոթացել իրականացվող փորձաքննությունների տեսակներին, կիրառվող մեթոդներին և մեթոդիկաներին, տվյալ կազմակերպությունում գործող որակի ապահովման միջազգային չափանիշներին, ուսումնասիրել նորագույն սարքավորումային հնարավորություններն ու ընթացակարգերը։ 
Փորձի փոխանակման շրջանակներում իրականացվել են համատեղ գործնական աշխատանքներ, այդ թվում՝ բուսական ծագման թմրամիջոցների, ծխախոտային արտադրանքների դատանյութագիտական, մատնահետքերի հետքաբանական հետազոտությունների և դրանց արդյունքների վերլուծություն՝ տվյալ կազմակերպությունում կիրառվող ժամանակակից սարքավորումներով և մեթոդներով: 
Փորձագիտական ստորաբաժանումների համապատասխան մասնագետների հետ քննարկումների արդյունքում նախանշվել են փորձի փոխանակման շրջանակներում իրականացվելիք աշխատանքների հեռանկարները՝ տեսական և գործնական գիտելիքների փոխանակման, նյութագիտական և հետքաբանական փորձաքննությունների բնագավառների արդիական հարցերի վերհանման և ոլորտում առկա հիմնախնդիրների արդյունավետ լուծման համատեքստում։
Լատվիացի գործընկերների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նյութագիտական և հետքաբանական փորձաքննությունների ոլորտում շարունակական ակտիվ փոխգործակցության ծավալման՝ ի նպաստ երկու երկրների դատափորձագիտական հնարավորությունների զարգացման:

news

Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենի՝ գիտության գծով տեղակալ, քիմիական գիտությունների թեկնածու Պատվական Ոսկանյանն այսօր նշում է ծննդյան 75 ամյակը:}

Շնորհիվ արհեստավարժ աշխատանքի, բարձր պատասխանատվության, նվիրումի և համեստության, Պատվական Ոսկանյանն իրավամբ, վայելում է մեծ հարգանք ոչ միայն Փորձաքննությունների ազգային բյուրոյում, այլև գիտական շրջանակում։
Երկար տարիների անմնացորդ նվիրումով բարեխիղճ ու արդյունավետ աշխատանքային գործունեության և 75-ամյա հոբելյանի կապակցությամբ Փորձաքնությունների ազգային բյուրոյի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Գահնապետյանի հրամանով Պատվական Ստեփանի Ոսկանյանն արժանացավ պատվոգրի:
Փորձաքննությունների ազգային բյուրոյի ողջ անձնակազմը ջերմորեն շնորհավորում է վաստակաշատ գիտնականին հոբելյանի առթիվ՝ մաղթում քաջառողջություն, անսպառ եռանդ, արևշատություն և հաջողություններ՝ իր արգասաբեր աշխատանքը շարունակելու, փորձն ու կարողություններն օգտագործելու` ի շահ մեր պետության, ի նպաստ դատափորձագիտական բնագավառի գիտահեն զարգացման:

news

Փորձաքննությունների ազգային բյուրոյում անցկացվել են քննիչների և դատախազների մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացներ}

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում նախորդ ամիս իրականացվել են փորձաքննություններ նշանակելու և ելակետային տվյալների ձեռքբերման իրավասություն ունեցող աշխատակիցների դատափորձագիտական բնագավառում մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացներ, որին ներգրավվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի (հեռավար եղանակով) և ՀՀ դատախազության (առկա և հեռավար եղանակներով) աշխատակիցներ: 
Դասընթացներն իրականացվել են Կազմակերպության գիտական խորհրդի կողմից հաստատված ծրագիր-սեղմագրերի և ուսումնական ծրագրերի համաձայն՝ ընդգրկելով փորձաքննությունների առնվազն 23 տեսակներին, ինչպես նաև քրեաբանության արդի հիմնախնդիրներին և կիրառական նշանակությանն առնչվող ընդհանուր 7 տասնյակից ավելի թեմաներ։
Հեռավար և առկա դասընթացները վարել են փորձագիտական բնագավառի գիտական տարբեր ուղղություններով առաջատար նեղ մասնագետներ (փորձագետներ)՝ կիրառելով ժամանակակից տեղեկատվական և թվային տեխնոլոգիաներ, այդ թվում՝ ինտերակտիվ բովանդակությամբ գիտահետազոտական նյութեր:
Դասընթացների քննական թեստավորման փուլը հաջողությամբ հաղթահարած ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ դատախազության ինքնավար պաշտոն զբաղեցնող շուրջ յոթ տասնյակ աշխատակիցներ ստացել են համապատասխան վկայագրեր:
Նշված դասընթացների շարունակական իրականացումը նպատակ ունի նպաստել Հայաստանի Հանրապետությունում քրեական արդարադատություն իրականացնող մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը:

news

Վրոցլավի համալսարանի գիտական պարբերականում լույս է տեսել Բյուրոյի փորձագետների և Շվեյցարիայի գործընկերոջ հետ համատեղ գիտական հոդվածը}

Վրոցլավի համալսարանի (Լեհաստան) գիտական պարբերականում լույս է տեսել Փորձաքննությունների ազգային բյուրոյի հոգեբանական փորձաքննությունների բաժնի պետ, հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանի, Բյուրոյի հոգեբանական փորձաքննությունների բաժնի հոգեբան-փորձագետ Մանուկ Համբարձումյանի և Շվեյցարիայի ձեռագրաբանական գիտությունների ինստիտուտի (IHS) հետազոտական ծրագրերի ղեկավար, տեխ.գ.թ. Յուրի Չեռնովի հեղինակած՝ «Համալիր փորձաքննության իրականացումը դատահոգեբանական փորձաքննության ոլորտում՝ ձեռագիր փաստաթղթերի վերլուծության կիրառմամբ» թեմայով համատեղ գիտական հոդվածը:
Գիտական աշխատանքում նկարագրված են ձեռագրի վրա հիմնված մեթոդների ինտեգրման մեթոդաբանական ասպեկտները և խնդիրները, այդ թվում՝ համակարգչային HSDetect համակարգի ինտեգրումը հոգեմետրիկ գործիքների հետ, ինչպիսիք են Հ. Այզենկի՝ «Անձնային հարցարան (EPI 1963)», Գ.Շմիշեկի՝ «Անձնավորության շեշտվածության հարցարան», Բասս-Պերիի՝ «Անձի ագրեսիվության ախտորոշման հարցաշար (BPAQ)» մեթոդիկաները:
Հիշյալ հոդվածն ունի փորձագիտական տվյալ բնագավառի համար գիտագործնական արժեքավոր նշանակություն և կարող է օգտակար լինել դատահոգեբանական փորձաքննութունների բնագավառի մասնագետների, գիտահետազոտական աշխատանքներ իրականացնողների, ինչպես նաև դատափորձագիտական ոլորտում ժամանակակից մեթոդների կիրառմամբ հետաքրքրվողների համար:
Հիշեցնենք, որ 2023 թվականի ապրիլին ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Շվեյցարիայի ձեռագրաբանական գիտությունների ինստիտուտի (IHS) միջև կնքվել էր համագործակցության պայմանագիր, որի հիման վրա շարունակաբար իրականացվում են հոգեբանական և հոգեբանաձեռագրաբանական փորձաքննությունների մեթոդների և մեթոդիկաների մշակմանն ուղղված համատեղ գիտական հետազոտություններ:

news

Փորձաքննությունների ազգային բյուրոն համագործակցում է Վիեննայի բժշկական համալսարանի հետ}

Փորձաքննությունների ազգային բյուրոն Վիեննայի բժշկական համալսարանի հետ քննարկում է համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացումը, որը վերաբերվում է մարդու մարմնում կենսաբանական հեղուկների քայքայման ուսումնասիրության մեթոդների մշակմանը:
Նախագծի իրականացման նպատակով մայիսի 20-ին Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենի՝ գիտության գծով տեղակալ, քիմիական գիտությունների թեկնածու Պատվական Ոսկանյանը և Բյուրոյի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի կենսաբանական հետքերի փորձաքննությունների բաժանմունքի պետ Լիլիթ Ավագյանը հեռավար ձևաչափով աշխատանքային քննարկում են ունեցել Ավստրիայի «Վինդբերգերի լաբորատորիայի» հիմնադիր, Ավստրիայի Ռեոլոգիայի ընկերության նախագահ, Վիեննայի բժշկական համալսարանի անատոմիայի և բջջային կենսաբանության կենտրոնի ավագ գիտաշխատող, բժշկական գիտությունների դոկտոր Ուրսուլա Վինդբերգերի հետ:
Հանդիպման ընթացքում Բյուրոյի ներկայացուցիչները ներկայացրել են Կազմակերպությունում իրականացվող կենսաբանական հետքերի փորձաքննությունների իրենց փորձը, կիրառվող ժամանակակից մեթոդներն ու մեթոդիկաները:
 🇱🇻 Ավստրիացի գործընկերն իր հերթին շնորհակալություն է հայտնել հետազոտական աշխատանքների նկատմամբ ցուցաբերված հետաքրքրության, փորձի փոխանակման և համագործակցության համար:
Հետազոտության նպատակն է ուսումնասիրել մահվանից հետո և տարբեր ջերմաստիճանների պայմաններում արյան և մարմնի այլ հեղուկների ֆիզիկաքիմիական կառուցվածքային հատկությունների փոփոխությունը, Ռեոմետրիայի, ինչպես նաև Բրիլյուենի լույսի ցրման մեթոդների միջոցով  պարզել մահվան ժամանակը, մահվան պատճառը, մահացածի տարիքը, սեռը, նախկին հիվանդությունները և այլն, ինչը էական ազդեցություն կարող է ունենալ փորձագիտական տվյալների արժանահավատությունը բարձրացնելու և հանցագործությունների բացահայտմանն օժանդակելու հարցում: 
Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է արտերկրի հեղինականվոր գիտակրթական հաստատությունների հետ համագործակցությունը և համատեղ գիտահետազոտական աշխատանքնենրի իրականացումը՝ ի նպաստ մեր երկրում դատափորձագիտական բնագավառի գիտահենք զարգացման: