Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Արխիվ 2020
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի մասնակցությունը սեռական բռնության դեպքերին միջգերատեսչական արձագանքի ներդրմանն ուղղված աշխատանքային խմբի առաջին քննարկմանը
«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ ծրագրերի ղեկավարի հրավերով 2020 թվականի մարտի 10-ին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի պետ Կ.Մխիթարյանը և հոգեբանական փորձաքննությունների բաժնի պետ Ա.Վարդանյանը մասնակցել են սեռական բռնության դեպքերին միջգերատեսչական արձագանքի ներդրմանն ուղղված աշխատանքային խմբի առաջին քննարկմանը:
Աշխատանքային քննարկմանը մասնակցել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ներկայացուցիչներ՝ ՀՀ առողջապահության նախարարությունից, ՀՀ արդարադատության նախարարությունից, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ՀՀ ազգային ժողովից, ԱՄՆ դեսպանատնից, ՀՀ ոստիկանությունից, ՀՀ քննչական կոմիտեից, ՀՀ դատախազությունից և այլ կազմակերպություններից ։
Աշխատանքային խմբի ստեղծման նպատակն է վեր հանել սեռական բռնության հիմնախնդիրներին առնչվող սոցիալական աջակցության, քրեական գործերի քննության ընթացակարգային հարցերը և գտնել դրանց համակողմանի լուծումները, որոնք ուղղված են բռնության ենթարկված անձանց աջակցության տրամադրմանն ու պաշտպանությանը:
Աշխատաժողովի ընթացքում «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ ծրագրերի ղեկավար Տաթևիկ Աղաբեկյանը ներկայացրել է կենտրոնի բազմամյա փորձը, առկա խնդիրներն ու օրենսդրական բացերը, ինչպես նաև 2016-2020 թվականների ընթացքում կատարված ուսումնասիրությունների արդյունքները և դրանց արդյունավետ լուծման ուղղությունները:
Քննարկման ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զ.Բաթոյանը շնորհակալություն է հայտնել «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի» ներկայացուցիչներին՝ տասնամյա գործունեության համար՝ կարևորելով նրանց ունեցած բազմամյա փորձն աջակցության պետական մեխանիզմներ ստեղծելու և պետական քաղաքականություն մշակելու գործում։ Նախարարը նշել է, որ 2020 թվականից առաջին անգամ բռնության ենթարկված անձանց պետական աջակցությամբ նոր ծառայություններ են տրամադրվելու՝ բոլոր մարզերում աջակցության կենտրոններ և ապաստարաններ են գործելու։
Քննարկման ընթացքում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի պետ Կ.Մխիթարյանը, կարևորելով «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի»-ի կողմից սեռական բռնության վերաբերյալ իրավական կարգավորումներ և օրենսդրական փոփոխություններ իրականացնելու նախաձեռնությունը, ընդգծել է սեռական բռնության կամ դրանց առերևույթ դեպքերում դատաբժշկական փորձաքննության ժամանակին և պատշաճ իրականացման կարևորությունը, ինչպես նաև կազմակերպչական, ընթացակարգային և այլ հարցերում միասնական մոտեցումների կիրառման անհրաժեշտությունը:
Հոգեբանական փորձաքննությունների բաժնի պետ Ա.Վարդանյանը խիստ արդիական և ողջունելի համարելով բռնության ենթարկված անձանց՝ հատկապես անչափահասների պաշտպանության հիմնախնդիրը, շեշտադրել է նրանց հետ տարվող աշխատանքների ընթացքում համապատասխան մասնագետների (ոստիկաններ, քննիչներ, փորձագետներ) մասնագիտական պատրաստվածությունը ոչ միայն իրենց գործառույթների ոլորտներում, այլև բռնության ենթարկված անձանց հոգեբանական առանձնահատկությունների իմացության և դրանց շրջանակներում էթիկապես գրագետ և գործուն աշխատելաոճ ստեղծելու կարողության շրջանակներում՝ ներկայացնելով, որ դա կարող է ստեղծել լայն հարթակ ոչ միայն բռնության ենթարկված անձանց հետ իրականացվող աշխատանքների շրջանակներում «ինչ անել» հարցի պատասխաններ ունենալու, այլև այդ աշխատանքներն «ինչպես» իրականացնելու բոլոր հնարավոր տարբերակների ու մոտեցումների մշակման առումով:
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն իրենց պատրաստակամությունն են հայտնել ձևավորված աշխատանքային խմբի հետագա քննարկումներին մասնակցելու և մասնագիտական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ՝ ի նպաստ ստեղծված խնդիրների լուծմանը մեր երկրում:
Փորձաքննությունների ազգային բյուրոն հյուրընկալել էր Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալին
2020թ.-ի մարտի 10-ին ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում հյուրընկալվել էին Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը, ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի տեխնիկական առաջադրանքի ղեկավար Հովիկ Սայադյանը և Շրջակա միջավայրի նախարարության այլ ներկայացուցիչներ: Այցի նպատակն էր՝ ծանոթանալ Փորձաքննությունների ազգային բյուրոյի հետազոտական հնարավորություններին և նյութատեխնիկական բազային, նաև «Հողերի և անտառների կայուն կառավարման ներդրումը հյուսիս-արևելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտներում» ծրագրի շրջանակներում ձեռք բերված LINTAB LTM06-E լաբորատոր սարքավորման և դրան կից TSAP-Win բազմաֆունկցիոնալ ծրագրային ապահովման կիրառմամբ հետազոտական հնարավորություններին և քննարկել շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում Փորձաքննությունների ազգային բյուրոյի հնարավորությունների կիրառման և վերաբերելի ուղղություններով փոխգործակցության ծավալման հետ կապված հարցերը:
Ինչպես հայտնի է, սկսած 1990-ականների սկզբից ՀՀ-ում կարևոր խնդիրներից է հանդիսանում անտառային տարածքների պահպանությունը: Երկրի տնտեսական վիճակից ելնելով վերջին տարիներին կտրուկ աճել են ծառահատումները, որոնք բերում են անտառածածկ տարածքների նվազման և վերականգման դանդաղեցման: Միայն վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ապօրինի հատվել են շուրջ 28.000 ծառ, պետությանը պատճառելով 2.5 մլրդ. դրամի նյութական վնաս:
Հաշվի առնելով այս հանգամանքները, սկսած 2018 թվականի երկրորդ եռամսյակից Փորձաքննությունների ազգային բյուրոում նեդրվել են մեր երկրում եզակի վերը նշված հետազոտական հնարավորությունները, որոնց կիրառմամբ ակտիվորեն սկսվել են ապօրինի ծառահատումների, անտառահատումների դեպքերով ժամանակակից գիտական պատկերացումներին համապատասխան հետազոտական մեթոդների կիրառմամբ գիտականորեն հիմնավորված փորձագիտական արդյունքների ապահովումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարբեր տարածքներից տարբեր տեսակի հետազոտված ծառերի տվյալների բազայի ձևավորումը, որն ունի կարևոր նշանակություն մի շարք ուղղություններով հարցերի լուծման համար:
Հանդիպման ընթացքում Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Ա. Հովսեփյանը ներկայացրել է Կազմակերպության գործունեության փորձագիտական և գիտական հիմնական կարևորագույն ուղղությունները, կատարվող փորձաքննությունների տեսակները, ենթատեսակներն ու մինչ օրս ունեցած ձեռքբերումները:
Նշվել է, որ ձևավորվող տվյալների բազան իր մեջ ներառում է հետազոտված տարածքներում ծառերի տեսակի, նրանց տեղակայության, տարիքի, աճի ինտեսիվության, դրա փոփոխության և այլ առանձնահատկությունների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն, որը հնարավորություն է տալիս կառուցել մոդելներ՝ ըստ տարբեր բնակլիմայական պայմանների, որոնք կարող են օգտագործվել ոչ միայն քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից նշանակվող փորձաքննությունների կատարման շրջանակներում, այլ նաև անտառվերականգման աշխատանքների առավել արդյունավետ իրականացման համար: Ստեղծված բազաներում ծառերի աճի ինտենսիվության և ժամանակի ընթացքում դրանց փոփոխության մասին տեղեկատվությունը կարող է նաև օգտագործվել կլիմայի գլոբալ փոփոխության մասին ստացված գիտականորեն հիմնավորված տվյալների պայմաններում ծառերի աճի ինտենսիվության փոփոխության կանխատեսման և մոդելավորման համար, որն էլ իր հերթին կարող է օգտագործվել որպես լրացուցիչ գործիք բնապահպանական աշխատանքների պլանավորման և իրականացման ժամանակ:
Տնօրեն Ա.Հովսեփյանը Բյուրոյի պատրաստակամությունն է հայտնել հատկապես թիրախային և հատուկ պահպանվող տարածքների ծառերի վերաբերյալ տվյալների ներառումով նշված բազայի առավել ընդգրկուն ձևավորմանն ուղղված ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ արդյունավետ փոխգործակցության ծավալման հարցում, ի նպաստ առկա խնդիրների լուծմանն ուղղված ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ նպատակային ծրագրերի արդյունավետ իրականացմանը:
Տեղի է ունեցել նաև շրջայց Կազմակերպության փորձագիտական համապատասխան ստորաբաժանումների լաբորատորիաներով, տեղում ներկայացվել են առկա փորձագիտական հնարավորությունները, Հայ-ամերիկյան փոխգործակցության ԹՊԻՀ ծրագրի շրջանակներում Կազմակերպությանը նվիրաբերված մի շարք արժեքավոր սարք-սարքավորումները, ինչպես նաև Կազմակերպության միջոցներով վերջին 2 տարիների ընթացքում ձեռք բերված ժամանակակից հետազոտական սարք-սարքավորումային և ապարատածրագրային բազան:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վ.Մելիքյանը և Բյուրոյի տնօրեն Ա.Հովսեփյանը մանրամասն քննարկել են համակողմանի փոխգործակցության բոլոր հնարավոր ուղղությունները, որի արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա հետևողական և նպատակային քայլերի իրագործման ուղղությամբ:
Վ.Մելիքյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, բարձր գնահատելով ՀՀ-ում նորարարական հնարավորություններով օժտված փորձագիտական կառույցի գործունեությունը, ընդգծելով մեր երկրում դենդրոխրոնոլոգիական մեթոդի ներդրման և զարգացման գործում Փորձաքննությունների ազգային բյուրոյի կողմից մինչ օրս կատարված աշխատանքների կարևորությունը, ի նպաստ ինչպես ապօրինի անտառահատումների դեմ ուղղված արդյունավետ պայքարի իրականացմանը, այնպես էլ գիտագործնական այլ կարևոր խնդիրների լուծմանը՝ ունենալով նաև կանխարգելիչ նշանակություն: Նախարարի տեղակալը, ծանոթանալով Փորձաքննությունների ազգային բյուրոյի հնարավորություններին և առկա ներուժին, ևս պատրաստակամություն է հայտնել բոլոր վերաբերելի ուղղություններով ակտիվ և արդյունավետ փոխգործակցության ծավալման հարցում:
Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Ա.Հովսեփյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վ.Մելիքյանին Կազմակերպություն այցելության համար` հույս հայտնելով, որ ամբողջական տեղեկատվության փոխանակումը և գիտագործնական հնարավորությունների ներդաշնակ համատեղումն անխոս կնպաստի արդյունավետ փոխգործակցության ծավալմանը՝ լայն հնարավորություններ ընձեռելով Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված էկոլոգիական և բնապահպանական մի շարք խնդիրներին համատեղ լուծումներ տալու համար:
<Эксперт-криминалист> դաշնային գիտագործնական ամսագրի անդրադարձը Փորձաքննությունների ազգային բյուրոյի հիմնադրման 15-ամյակին նվիրված գիտաժողովին
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հիմնադրման 15-ամյակին նվիրված «Դատափորձագիտական գործունեության արդի հարցերը, դատական փորձագիտության և քրեագիտության ժամանակակից խնդիրները, զարգացման միտումներն ու հեռանկարները» խորագրով միջազգային գիտագործնական գիտաժողովին է անդրադարձել Ռուսաստանի Դաշնությունում հրատարկվող «Эксперт-криминалист» դաշնային գիտագործնական ամսագիրը:
Նշենք, որ գիտաժողովը նոր խթան է հանդիսացել դատափորձագիտական ոլորտում հայ-ռուսական կապերի ակտիվացման և ընդլայնման ուղղությամբ:
Համագործակցության շրջանակներում Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղի ուսանողների այցը «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ
2020 թվականի փետրվարի 19-ին Մ.Վ.Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողները ճնաչողական այցով հյուրընկալվել էին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում համալսարանի իրավաբանական ֆակուլտետի քրեագիտության ամբիոնի դոցենտ Ա.Ի. Սոտովի և արտաքին կապերի վարչության պետ Ա.Ռ.Մարտիրոսյանի ուղեկցությամբ:
Այցելության ընթացքում հանդիպում է տեղի ունեցել ինչպես «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ղեկավարության, այնպես էլ մի շարք փորձագիտական ստորաբաժանումների անձնակազմների հետ, որից հետո տեղի է ունեցել շրջայց փորձագիտական լաբորատորիաններում, որի ընթացքում ուսանողները ծանոթացել են առկա փորձագիտական հատկապես քրագիտական հետազոտական հնարավորություններին և հիմնական գործառույթներին, կազմակերպության փորձագիտական ստորաբաժանումների լաբորատորիաների հագեցվածությանը, հետազոտությունների ընթացքում կիրառվող արդի մեթոդներին ու մեթոդիկաներին, ընթացակարգերին, իրականացվող փորձաքննությունների տեսակներին և ենթատեսակներին, առկա հնարավորություններին, խնդիրներին ու զարգացման հեռանկարներին: Ուսանողներին ներկայացվել են նաև տարբեր ուղղություններով կատարվող փորձաքննությունների առանձնահատկությունները և գործնական հմտությունները, առկա խնդիրներ զարգացման հեռանկարները:
Հետագա համագործակցության համար ձեռք են բերվել պայմանավորվածություններ կնքելու համագործակցության պայմանագիր «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Մ.Վ.Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի միջև:
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը պատրաստակամ է որակյալ մասնագետների կրթման գործընթացի արդյունվետ իրականացմանը նպաստելու հարցում:
Մասնակցություն ապօրինի սինթետիկ թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային մասնագիտացված վերապատրաստման դասընթացին
Հունգարիայում գտնվող Միջազգային իրավապահ ակադեմիայի (ILEA) տնօրեն Անգելա Բրուեքմանի պաշտոնական նամակ-հրավերի համաձայն «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ֆիզիկատեխնիկական հետազոտությունների և քիմիական փորձաքննությունների բաժնի թմրանյութերի, հոգեմետ և թունավոր նյութերի փորձաքննությունների բաժանմունքի պետ Ա.Թովմասյանը 2020թ. հունվարի 27-ից մինչև 31-ը ներառյալ մասնակցել է Հունգարիայի Հանրապետության Բուդապեշտ քաղաքում գտնվող Միջազգային իրավապահ ակադեմիայում (ILEA) ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության (DEA) կողմից կազմակերպված ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող «Ապօրինի սինթետիկ թմրամիջոցները և դրանց արտադրման միտումները» խորագրով միջազգային մասնագիտացված վերապատրաստման դասընթացին:
Դասընթացին մասնակցում էին ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից, Ռումինիայից և Կոսովոյից, որոնց կազմում ընդգրկվել էին փորձառու քննիչներ, դատախազներ, ոստիկաններ, փորձաքրեագետներ, քիմիկոսներ, որոնք առնչվում են մասնագիտական գործունեության ընթացքում ի հայտ եկող նորագույն և սինթետիկ թմրանյութերի անդրազգային հանցագործությունների գործերի քննության, փորձաքննությունների նշանակման և իրականացման հետ, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի համար դրանց ստեղծած վտանգի հետ: Դասընթացն ընդգրկում էր նաև քիմիական պրեկուրսորների քննության մեթոդները, ակնարկ վերահսկման, օրենքների և կանոնակարգերի, վերահսկվող նյութերի ցանկի, հաշվառման պահանջների, 1988թ. ՄԱԿ-ի կոնվենցիայի (I և II ցանկերում ներառված քիմիական նյութերի), քիմիական նյութեր արտադրող ընկերությունների ստուգումների և աուդիտի, վերահսկման մեթոդների, խնդրահարույց դեղերի և քիմիական նյութերի վերաբերյալ: Մասնակիցները ներգրավվել են նաև վարժանքներին, բացահայտելով՝ անօրինական թմրամիջոցների արտադրական պրոցեսները, պրեկուրսոր հանդիսացող քիմիական նյութերի ծագումը՝ լուծելու համար քիմիական նյութերի ապօրինի մատակարարներին, թմրամիջոցներ արտադրողներին և դրանց վաճառքով զբաղվողներին` քրեական մեղադրանք առաջադրելու և պատասխանատվության ենթարկելու հարցերը:
Դասընթացն անցկացվել են DEA-ի Միջազգային ուսումնական ծրագրերի բաժնի ղեկավար Ջերրոմե Պոդորսկիի (դատական քիմիկոս) և DEA-ի Միջազգային ուսումնական ծրագրերի բաժնի ներկայացուցիչներ Սթիվեն Կուսկոյի (ավագ դատական քիմիկոս, թմրամիջոցների դեմ պայքարի վարչություն հարավ-կենտրոնական լաբորատորիա, Դալաս, Տեխաս), Լիլիթա Ինֆանտեի (հատուկ գործակալ), Քլիֆորդ Սթիվենսի (հատուկ գործակալ), Քրիս Հալի (հատուկ գործակալ), Ջոն Ռասմուսենի (հատուկ գործակալ), Քրիստինե Հերդմանի (Թմրամիջոցների դեմ պայքարի վարչություն օրինական շրջանառությունից շեղումների բաժնի թմրամիջոցների և քիմիկատների գնահատման բաժանմունքի քիմիկոս) և Թերեզա Կարբոնարոյի (Թմրամիջոցների դեմ պայքարի վարչություն օրինական շրջանառությունից շեղումների բաժնի թմրամիջոցների և քիմիկատների գնահատման բաժանմունքի դեղագետ) կողմից:
Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցներին Միջազգային իրավապահ ակադեմիայի (ILEA) տնօրեն Անգելա Բրուեքմանի կողմից տրվել են ավարտական վկայականներ:
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի մասնակցությունը «Ամպային հաշվարկների միջավայրի ստեղծում գիտական և կիրառական խնդիրների լուծման համար» աշխատանքային գիտաժողովին
2020 թվականի հունվարի 25-ին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի առաջատար մասնագետները՝ տնօրենի տեղակալ գիտության գծով Պ.Ոսկանյանի գլխավորությամբ մասնակցել են Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կողմից կազմակերպված «Ամպային հաշվարկների միջավայրի ստեղծում գիտական և կիրառական խնդիրների լուծման համար» խորագրով գիտաժողովին: Գիտաժողովում քննարկվել են պետական նպատակային ծրագրի շրջանակներում իրականացվող օդերևութաբանական, սեյսմաբանական, բնապահպանական և այլ մշտադիտարկման տվյալների հիման վրա ամպային միջավայրի ռեսուրսներով համակարգչային մոդելների միջոցով ստացված գիտական և կիրառական արդյունքների` պետական ծառայությունների գործունեության մեջ ներդրման վերաբերյալ հարցեր:
Գիտաժողովի ընթացքում գիտնականների և մասնագետների կողմից հնչել են զեկույցներ պետական նպատակային ծրագրային խնդիրների, Հայաստանում կլիմայական փոփոխությունների, տնտեսության խոցելիության գնահատման կլիմայական ռիսկերի, մթնոլորտային օդի աղտոտվածության մոնիթորինգի, գնահատման և կանխատեսման հիմնախնդիրնների, CM-SAF արբանյակային տվյալների կիրառմամբ կլիմայական ծառայություններում գիտական և կիրառական խնդիրների լուծման համար օգտագործվող ապարատածրագրային հնարավորությունների, ASNET-AM ցանցում ամպային ծառայությունների, սեյսմիկ անվտանգության համակարգերի վերաբերյալ և այլ նաև փորձագիտական նշանակության հարցեր:
Գիտաժողովի ավարտին տեղի է ունեցել նաև կլոր սեղան, որի ընթացքում քննարկվել են նպատակային ծրագրի կիրառական արդյունքները և լուծվող խնդիրները, ինչպես նաև քննարկվել և նախանշվել են 2020 թվականի ընթացքում լուծման ենթակա հարցերը:
Ելույթ ունենալով գիտաժողովի ամփոփիչ կլոր սեղանի ժամանակ` «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ գիտության գծով Պ.Ոսկանյանը բարձր է գնահատել նպատակային ծրագրի շրջանակներում ձևավորված համագործակցությունը, կարևորելով ստացված գիտական ու կիրառական արդյունքները, առաջարկելով գործուն քայլեր ձեռնարկել ստացված արդյունքները դատափորձագիտական վերաբերելի բնագավառներում իրականացվող հետազոտություններում կիրառման համար ներդրման նպատակով: Մասնակիցներին առաջարկվել է նաև համագործակցել «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հետ՝ նպատակ ունենալով համատեղ մշակել նոր տեխնոլոգիաներ և մեթոդներ, որոնք կարող են կիրառվել փորձաքննությունների իրականացման ընթացքում՝ նպատակաուղղված լինելով ընդլայնելու փորձագիտական հետազոտությունների հնարավորությունները գործնականում: