Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Արխիվ 2018
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ն ընդլայնում է համագործակցության շրջանակները Չեխիայի դատափորձագիտական գործընկեր կառույցի հետ
Չեխիայի Հանրապետության Պրահայի Կրիմինալիստիկայի ինստիտուտի տնօրենի հրավերով 2018թ. մայիսի 21-ից 24-ը «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի պատվիրակությունը՝ տնօրեն Ա.Հովսեփյանի գլխավորությամբ այցելել է Չեխիայի Հանրապետության Պրահայի Կրիմինալիստիկայի ինստիտուտ:
Այցի ընթացքում տեղի է ունեցել հանդիպում Պրահայի Կրիմինալիստիկայի ինստիտուտի տնօրեն Լուբոս Կոթհայի, տնօրենի տեղակալ՝ 2018թ. ENFSI-ի Խորհրդի անդամ ընտրված Պավել Կոլարի և փորձագիտական ստորաբաժանումների ղեկավարների և փորձագետների հետ: Այցի ընթացքում անցկացվել են կլոր սեղան քննարկումներ, երկու կողմերը ներկայացրել են կազմակերպությունների կառուցվածքը, հիմնական գործառույթները, նպատակները, իրականացված աշխատանքները, փորձագիտական բաժինների և լաբորատորիաների հագեցվածությունը, գործող մեթոդները, մեթոդիկաները, ընթացակարգերը, իրականացվող փորձաքննությունների տեսակներն ու ենթատեսակները, քննարկվել են դրամաշնորհային ծրագրերի հետ կապված մի շարք հարցեր և այլն։ Հանդիպումների ընթացքում Պրահայի Կրիմինալիստիկայի ինստիտուտի տնօրեն Լուբոս Կոթհայի և տնօրենի տեղակալ Պավել Կոլարի ուղեկցությամբ շրջայցեր են կատարվել ինստիտուտի փորձագիտական տարբեր ստորաբաժանումների լաբորատորիաներով, որտեղ փորձագիտական ստորաբաժանումների ղեկավարների և առաջատար փորձագետների կողմից մանրակրկիտ ներկայացվել են առկա արդի նյութատեխնիկական բազան, կիրառվող արդի սարք-սարքավորումները, դրանց ձեռքբերման ուղիները, կիրառման հնարավորությունները, մասնավորապես՝ մատնահետքերի և փաստաթղթաբանական, թաքնված հետքերի նույնականացման, ձգաբանական, քիմիական, նյութագիտական, ձեռագրաբանական, էլեկտրոնային միկրոսկոպիկ և այլ հետազոտությունների իրականացման հնարավորությունները՝ հատկապես չեխական արտադրության սարքերի կիրառմամբ: Շրջայցերի ընթացքում համապատասխան մասնագետների կողմից ներկայացվել են փորձագիտական տարբեր ստորաբաժանումներում կատարվող աշխատանքները, կիրառվող սարք-սարքավորումներով հետազոտությունների իրականացման հնարավորությունների ողջ սպեկտրը և համապատասխան ընթացակարգերը, ինչպես նաև իրականացրել են ցուցադրական հետազոտություններ։ Ձեռք է բերվել տեղեկատվություն արդի սարքավորումների արտադրող կազմակերպությունների և դրանց ձեռքբերման ուղիների վերաբերյալ, ինչպես նաև պայմանավորվածություններ՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համատեղ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ:
Այցի ավարտին Հայաստանի և Չեխիայի դատափորձագիտական կառույցների միջև փորձի փոխանակման և գիտագործնական ակտիվ համագործակցության ձևավորման համար Պրահայի Կրիմինալիստիկայի ինստիտուտի տնօրինության կողմից «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա.Հովսեփյանին շնորհվել է Պրահայի Կրիմինալիստիկայի ինստիտուտի շքանշան:
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը ձևավորում է գիտագործնական կապեր Սլովակիայի ՆԳՆ քրեագիտական գիտությունների ինստիտուտի հետ
Սլովակիայի ներքին գործերի նախարարության քրեագիտական գիտությունների ինստիտուտի ղեկավարության հրավերով 2018թ. մայիսի 20-ին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի պատվիրակությունը՝ տնօրեն Ա.Հովսեփյանի գլխավորությամբ ճանաչողական այց է կատարել Սլովակիայի Հանրապետության Բրատիսլավա քաղաք՝ Սլովակիայի ՆԳՆ քրեագիտական գիտությունների ինստիտուտ, որտեղ տեղում ծանոթացել են ինստիտուտի հնարավորություններին, հանդիպել և քննարկումներ ունեցել ինստիտուտի անձնակազմի հետ: Այցի շրջանակներում ինստիտուտի տնօրենի տեղակալ Ժոզեֆ Մլկվիկի ուղեկցությամբ կատարվել է շրջայց ինստիտուտի փորձագիտական ստորաբաժանումներով և լաբորատորիաներով, ներկայացվել են ինտիտուտի տարբեր փորձագիտական ստորաբաժանումների հնարավորություններն ու ձեռքբերումները, սարք-սարքավորումներով հագեցվածությունը, իրականացվող փորձաքննությունների տեսակները, փորձագիտական ընթացակարգերը և այլ մանրամասներ: Այցի ընթացքում քննարկվել են «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հետ հնարավոր համագործակցության շրջանակները, փորձի փոխանակման և մասնագիտական վերապատրաստման հետ կապված հարցերը: Մեծ հետաքրքրություն են ներկայացրել Սլովակիայի գործընկեր ինստիտուտի պայթյունատեխնիկական, ձգաբանական, փաստաթղթաբանական, դատահետքաբանական և մատնահետքաբանական փորձաքննությունների լաբորատորիաների հնարավորություններն ու ձեռքբերումները, ինչպես նաև դատահոգեֆիզիոլոգիական փորձաքննությունների ստորաբաժանումների հնարավորությունները, պոլիգրաֆի կիրառմամբ հոգեֆիզիոլոգիական հետազոտությունների շուրջ 20 տարվա ունեցած փորձը: Այցի ընթացքում տեղի է ունեցել արդյունավետ քննարկում կիրառական հոգեֆիզիոլոգիական բաժանմունքի մասնագետների հետ, որի շրջանակներում գիտությունների թեկնածու Միլան Կորմոշի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում տվյալ հետազոտության մեթոդի ներդրման հարցում աջակցություն ստանալու նպատակով:
Այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումների արդյունքում ամփոփվել և ձեռք են բերվել պայմանավորվածություններ տարբեր փորձագիտական ուղղություններով ակտիվ համագործակցություն ծավալելու համար:
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցությունը «Արտահանման վերահսկման համակարգերի գիտական և տեխնոլոգիական զարգացման մարտահրավերներ» միջազգային գիտագործնական համաժողովին
Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի ղեկավարության հրավերով և ֆինանսավորմամբ 2018թ. մայիսի 24-ից 25-ը ներառյալ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Պատվական Ոսկանյանը և իրավաբանական բաժնի պետ Էմիլյա Տիտանյանը մեկնել են Ղազախստանի Հանրապետություն քաղաք Աստանա՝ մասնակցելու տեղի ունեցած «Արտահանման վերահսկման համակարգերի գիտական և տեխնոլոգիական զարգացման մարտահրավերներ» միջազգային գիտագործնական համաժողովին։ Համաժողովին մասնակցում էին պատվիրակություններ Եվրոմիության, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կենտրոնական Ասիայի (Ղազախստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Ղրղզստանի), Հարավային Կովկասի (Հայաստանի և Վրաստանի) և Կենտրոնական Ասիայի հարևան տարածաշրջանի (Աֆղանստանի, Մոնղոլիայի և Պակիստանի) անդամ պետությունների ռազմական և երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների (արտադրանքի) ներկրման կամ արտահանման սերտիֆիկացման, թույլտվության տրամադրման, հսկողություն կամ վերահսկողություն իրականացնող մարմիններից:
Համաժողովին բացման խոսքով հանդես են եկել Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի գործադիր տնօրեն Դ.Կլիվը և Եվրոմիության հանձնաժողովի ներկայացուցիչ Է.Մայեռը: Միջազգային գիտագործնական համաժողովի աշխատանքների առաջին օրը իրականացվել են նաև պլենար քննարկումներ կապված ռազմական և երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների մարտահրավերների, առկա խնդիրների, ներպետական և միջպետական վերահսկման մեխանիզմների և ոլորտը կանոնակարգող մի շարք այլ հարցերի վերաբերյալ: Ելույթ են ունեցել Եվրոմիության Հետազոտությունների միավորված կենտրոնի ներկայացուցիչներ Կ.Իլչմանը և Ժ.Պ.Պասկալը՝ «ICP համակարգերի ներդրում, ուղեցույցների և տերմինների միասնական բառարանների մշակում» թեմայով, ԱՄՆ-ի պատվիրակության առաջատար փորձագետ Է.Հարինգտոնը ներկայացրել է արտահանման հսկողության միջոցառումների իրականացման ուղեցույցի նախագիծը և առաջարկել մասնակիցներին հետագայում առցանց կապի միջոցով աջակցություն ցուցաբերել վերջինիս մշակման աշխատանքների իրականացմանը:
Միջազգային գիտագործնական համաժողովի ընթացքում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի պատվիրակության ներկայացուցիչները ներառվել են նաև գիտական հետազոտությունների ոլորտի աշխատանքային խմբում, որտեղ ակտիվ մասնակցություն են ունեցել գիտական և արտադրական ոլորտներում ռազմական և երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման և ներկրման գործընթացում շահերի բախման վերաբերյալ քննարկմանը, հատուկ ուշադրություն է դարձվել նաև կազմակերպությունների ներքին վերահսկման համակարգերի կատարելագործման հիմնախնդիրներին և աշխատանքների արդյունավետ կազմակերպման հարցերին: Աշխատանքներն ավարտվել են համատեղ պլենար քննարկմամբ:
Միջազգային գիտագործնական համաժողովի ընթացքում տեղի են ունեցել երկկողմանի հանդիպումներ և քննարկումներ, մասնավորապես՝ Ղազախստանի միջուկային տեխնոլոգիաների անվտանգության կենտրոնի ծրագրերի մենեջեր Տ.Պրախուցովայի հետ, ձեռք է բերվել պայմանավորվածություն մշակելու համատեղ ծրագիր քիմիական արդյունաբերության ձեռնարկությունների ներքին վերահսկման համակարգի ուղղությամբ:
Համաժողովի ընթացքում պատվիրակությունների ներկայացուցիչները մասնակցել են «KADEX-2018» V միջազգային ցուցահանդեսին, որը նվիրված էր ռազմական համակարգերին և սարքավորումներին:
Միջազգային համաժողովի ավարտին մասնակիցներին հանձնվել են մասնակցության հավաստագրեր։
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետների մասնակցությունը «Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը և դրա կանխարգելումը» թեմայով կլոր սեղան-քննարկմանը
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ղեկավարության հրավերով 2018 թվականի մայիսի 15-ին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, ք.գ.թ. Պ.Ոսկանյանի գլխավորությամբ ֆիզիկատեխնիկական հետազոտությունների և քիմիական փորձաքննությունների բաժնի պետի պաշտոնակատար, կ.գ.թ. Ա.Նավասարդյանը, փորձագետներ՝ տ.գ.թ. Մ.Խաչատրյանը, Ա.Գալստյանը և Ա.Թովմասյանը մասնակցել են ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կողմից կազմակերպվող «Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը և դրա կանխարգելումը» թեմայով կլոր սեղան-քննարկմանը:
Միջոցառմանը ՀՀ ոստիկանությունից մասնակցում էին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, փորձաքրեագիտական վարչության, շտաբի կազմավերլուծական վարչության, ինչպես նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի անձնակազմի ներկայացուցիչներ և այլ հյուրեր:
Միջոցառումը վարել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ, ի.գ.թ. Տ.Եսայանը:
Միջոցառման ընթացքում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի Ֆիզիկատեխնիկական հետազոտությունների և քիմիական փորձաքննությունների բաժնի պետի պաշտոնակատար, կ.գ.թ. Ա.Նավասարդյանը հանդես է եկել զեկույցով, որը վերաբերում էր թմրամիջոցների և հոգեմետ նյութերի փորձաքննության առանձնահատկություններին ժամանակակից սարքավորումների և մեթոդների օգտագործմամբ, ինչպես նաև ներկայացվել է կազմակերպության Ֆիզիկատեխնիկական հետազոտությունների և քիմիական փորձաքննությունների բաժնի հնարավորությունները` նյութատեխնիկական հագեցվածությունը և տվյալների ընդլայնված բազան, իսկ թմրանյութերի, հոգեմետ և թունավոր նյութերի փորձաքննությունների բաժանմունքի փորձագետ, տ.գ.թ. Մ.Խաչատրյանն իր զեկույցով ներկայացրել է մարիխուանայի (կամ հաշիշի) և ծխախոտի խառնուրդի փորձաքննության իրականացման եղանակների վերլուծությունը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության, ԱՊՀ և Եվրոպական մի շարք երկրների դատափորձագիտական կենտրոնների ունեցած փորձը:
Միջոցառման ընթացքում զեկույցով հանդես են եկել նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական աշխատանքների բաժնի պետ, ոստիկանության մայոր, ի.գ.թ. Ա.Մնացականյանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի պետ, ոստիկանության մայոր, ի.գ.թ., դոցենտ, Մ.Մարկոսյանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի ՕՀԳ և կրիմինալիստիկայի ամբիոնի ավագ դասախոս, ոստիկանության փոխգնդապետ Բ.Ալեքսանյանը, ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Ա.Ոսկանյանը, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչության 2-րդ բաժնի ՀԿԳ ավագ օ/լ, ոստիկանության փոխգնդապետ Ա.Թադևոսյանը, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության շտաբի հետաքննության բաժանմունքի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Ս.Սիմոնյանը:
Միջոցառման ընթացքում ներկայացվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ մի շարք տեսական և գիտական ուսումնասիրությունների արդյունքներ, որոնց արդիականությունից ելնելով ակտիվ քննարկում է ծավալվել առկա խնդիրներին և մարտահրավերներին համատեղ օպերատիվ լուծումներ գտնելու ուղղությամբ:
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի պատվիրակությունը մասնակցել է ENFSI 30-րդ տարեկան համաժողովին՝ զարգացնելով համագործակցության կապերը Եվրոպական դատափորձագիտական կառույցների հետ
Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի (ENFSI-ի) Խորհրդի նախագահ, պարոն Էրկկի Սիպոլայի հրավերով 2018 թվականի մայիսի 15-ից 19-ը «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի պատվիրակությունը՝ տնօրեն Ա.Հովսեփյանի գլխավորությամբ մեկնել է Հունգարիայի Հանրապետություն, քաղաք Բուդապեշտ՝ մասնակցելու Դատափորձագիտական Ինստիտուտների Եվրոպական ցանցի (ENFSI-ի) 30-րդ տարեկան համաժողովին:
ENFSI 30-րդ տարեկան համաժողովին մասնակցում էին 36 երկրներից պատվիրակությունների ավելի քան 150 ներկայացուցիչներ:
Համաժողովին բացման խոսքով և հետագա ելույթներով հանդես են եկել Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի (ENFSI-ի) Խորհրդի նախագահ պարոն Էրկկի Սիպոլան, ինչպես նաև այլ պատվավոր հյուրեր և ENFSI-ի անդամներ։
Համաժողովի հաստատված օրակարգի համաձայն, ENFSI-ի Խորհրդի անդամները և «Աշխատանքային խմբեր»-ի ղեկավարները հանդես են եկել զեկույցներով 2017-2018թթ. իրականացված աշխատանքների արդյունքների և ձեռքբերումների, 2018-2019թթ. ակնկալվող ծրագրերի նախնական տարբերակների և դրանց իրականացման հեռանկարների վերաբերյալ: Տեղի են ունեցել քննարկումներ՝ «Դատափորձագիտության ոլորտում համաեվրոպական տվյալների բազաների ստեղծման ուղղությամբ» ծրագրի, 2017-2018թթ. գործողությունների ծրագրի (Action plan) արդեն իսկ իրականացված արդյունքների և ձեռքբերումների, ENFSI-ի Սահմանադրության որոշ կետերի փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունների, ENFSI-ի 2017-2018թթ. ֆինանսական տարվա ամփոփման, վերջինիս հետ կապված աուդիտի արդյունքների, ENFSI-ի «Հետազոտություն և զարգացում» (R&D) մշտական հանձնաժողովի և «Որակի և կոմպիտենտություն» (QCC) կոմիտեի իրականացրած աշխատանքների արդյունքների, STEFA-ի (Եվրամիության ուղիղ դրամաշնորհ (EU-Direct Grant 2016)) նոր նախագծի և այլ հարցերի վերաբերյալ:
Համաժողովի ընթացքում տեղի է ունեցել նոր ընդգրկվող ինստիտուտների անդամների և նոր անդամ ներկայացուցիչներին սերտիֆիկատների հանձման արարողությունը ENFSI-ի Խորհրդի նախագահ պարոն Էրկկի Սիպոլայի կողմից, որի ընթացքում, որպես ENFSI-ի լիիրավ անդամ կազմակերպության ներկայացուցչի, հանդիսավոր կերպով սերտիֆիկատ է հանձնվել «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանին:
Համաժողովի օրերին տեղի ունեցող հանդիպումների ընթացքում ձեռք են բերվել նոր կապեր, ինչպես նաև խորացվել են համագործակցության շրջանակներն Եվրոպական մի շարք երկրների դատափորձագիտական կառույցների, մասնավորապես՝ Հունաստանի, Էստոնիայի, Լիտվայի, Լատվիայի, Ռումինիայի, Պորտուգալիայի, Իսպանիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի ներկայացուցիչների հետ՝ նպատակ ունենալով հետագա ակտիվ համագործակցություն ծավալելու, ծանոթանալու միջազգային գործընկեր կառույցներում կիրառվող նորագույն տեխնոլոգիաներին, առկա փորձագիտական ընթացակարգերին, տեղեկատվական բազաներին, միջազգային հավատարմագրման գործընթացներում ունեցած փորձին և այլն: Միաժամանակ քննարկվել են նաև միջազգային տարբեր դրամաշնորհային ծրագրերին համատեղ՝ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ներգրավմամբ մասնակցության հնարավորություններն ու հեռանկարները՝ ընդգծելով համապատասխան տեղեկատվության փոխանակման և գիտագործնական համագործակցության շրջանակներում կապերի ամրապնդման և խորացման կարևորությունը: Հանդիպումների ընթացքում նշված բոլոր գործընկերները պատրաստակամություն են հայտնել ակտիվ փոխգործակցության ծավալման, տարբեր փորձագիտական ուղղություններով գործընկերային հարաբերությունների խորացման և ամրապնդման առումով:
Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում գործուղման ընթացքում համաժողովի մասնակից պատվիրակությունների, այդ թվում՝ Հայաստանյան պատվիրակության համար ճանաչողական այց է կազմակերպվել և կատարվել Հունգարիայի Հանրապետության ազգային ժողով, որի ընթացքում ծանոթացվել է Հունգարիայի օրենսդիր մարմնի գործունեության պատմությանը, զարգացման և կայացման ընթացքին, ներկայիս ձեռքբերումներին, Հունգարիայի օրենսդրության հիմնական կառուցվածքին, այդ թվում և դատափորձագիտական բնագավառին առնչվող օրենսդրությանը և այլն: Այցի ընթացքում մասնակցություն է եղել նաև Ազգային ժողովում կազմակերպված պաշտոնական արարողությանը:
Համաժողովի ավարտին մասնակիցներին տրվել են նաև Դատափորձագիտական Ինստիտուտների Եվրոպական ցանցի (ENFSI-ի) 30-րդ տարեկան համաժողովին մասնակցության վկայակագրեր:
Եռակողմ հանդիպում ՀՀ գլխավոր դատախազությունում
2018 թվականի մարտի 30-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության II դասի պետական խորհրդական Ա.Հարությունյանն ընդունել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ղեկավարությանը` տնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու Ա.Հովսեփյանի գլխավորությամբ և Ուկրաինայի արդարադատության նախարարության պրոֆեսոր Ն.Ս.Բոկարիուսի անվան Խարկովի դատական փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտի պատվիրակությանը` տնօրեն, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ա.Կլյուևի գլխավորությամբ:
Եռակողմ հանդիպման ընթացքում ներկայացվել են դատափորձագիտական բնագավառում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Խարկովի դատական փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտի ունեցած հնարավորությունները և ձեռքբերումները, դատափորձագիտական բնագավառում առկա խնդիրները և իրավական կարգավորումների կատարելագործման կարևորությունը:
Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանն իր և ՀՀ գլխավոր դատախազ, պարոն Ա.Դավթյանի անունից ողջունել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Խարկովի դատական փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտի միջև համագործակցության պայմանագրի կնքումը` կարևորելով քրեական հետապնդում և արդարադատություն իրականացնող մարմինների կողմից նշանակվող փորձաքննությունների կազմակերպման և իրականացման լիարժեքության և ամբողջականության ապահովման նպատակով ջանքերի համադրման, տեխնոլոգիական և մեթոդոլոգիական զարգացման ապահովմանն ուղղված երկու երկրների դատափորձագիտական կառույցների ներուժի համատեղ կիրառման հարցում ակտիվ քայլերի իրականացումը:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը կարևորել է նաև տարբեր քրեական գործերով նախաքննության իրականացման ընթացքում ի հայտ եկող տարրաբնույթ հարցերի պարզման նպատակով նշանակվող փորձաքննությունների իրականացման ընթացքում առաջացող խնդիրների լուծման` բազմակողմանի և լիարժեք հետազոտությունների իրականացման ապահովման հարցերում մեթոդոլոգիական և գիտագործնական փոխադարձ աջակցության ցուցաբերման անհրաժեշտությունը:
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա.Հովսեփյանը և Խարկովի դատական փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Ա.Կլյուևը, ներկայացնելով դատափորձագիտական կառույցների ձեռքբերումներն ու նվաճումները, վստահեցրել են, որ դատափորձագիտական գործընկեր կառույցների միջև կնքված համագործակցության մասին պայմանագրի շրջանակներում ներդվելու են բոլոր հնարավոր ջանքերը ոլորտում առկա խնդիրներին համատեղ լուծումներ գտնելու նպատակով, որպես արդյունք՝ ապահելու քրեական հետապնդում և արդարադատություն իրականացնող մարմինների կողմից նշանակվող փորձաքննությունների պատշաճ կազմակերպումն ու իրականացումը` գիտականորեն հիմնավորված և արժանահավատ եզրակացությունների տրամադրմամբ:
Հանդիպման ընթացքում ընդգծվել է նաև փորձագիտական ծառայության զարգացմանը նպատակաուղղված համապատասխան օրենսդրական բարեփոխումների իրականացման, ինչպես նաև նյութատեխնիկական բազայի արդիականացման հարցերում դատախազության ակտիվ աջակցության կարևորությունը: