slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Արխիվ 2018

Archive

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում իրականացվել են գիտահետազոտական աշխատանքների առանձնահատկությունների և մեթոդաբանության վերաբերյալ դասախոսություններ և սեմինարներ

2018 թվականի հունիս ամսին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում մեկնարկել է «Գիտահրատարակչական աշխատանքների մեթոդաբանական հիմունքները կենսաբժշկագիտության ոլորտում՝ ապացուցողական բժշկության տեսակետից» խորագրով դասախոսությունների և սեմինարների շարքը՝ կրթական դասընթացները: Դասընթացներն անցկացվել են հետևյալ նշանաբանով. «Կրթված մարդը տարբերվում է անկիրթից նրանով, որ իր կրթությունն անավարտ է համարում» (Կոնստանտին Սիմոնով):
Պետք է նշել, որ ապացուցողական բժշկությունը (ԱԲ) որպես բժշկական կրթության, բժշկագիտության և կլինիկական մտածելակերպի ժամանակակից ոճ ներառված է առաջատար երկրների առողջապահական համակարգերում: Կլինիկական որոշումներն ընդունելու ժամանակակից մոդելի համաձայն բժշկի իրավասությունը որոշվում է ոչ միայն հիմնարար գիտելիքների ու կլինիկական փորձի առկայությամբ, այլ նաև գիտաբժշկական տեղեկատվության գնահատման և կիրառման հմտությամբ և կարողություններով: Տեղեկատվական գրագիտության ցածր մակարդակը ստեղծում է նախադրյալներ բժշկական հանրության շրջանում անիրազեկության երևույթների ծաղկման, ինչպես նաև առողջապահության համակարգի բոլոր մակարդակներում շահերի բախման առաջացման համար: Այս և բազմաթիվ այլ հարցերին է նվիրված իրականացված կրթական դասընթացները, ոորնք անցկացվում են բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական Ռուբեն Հովհաննեսյանի կողմից:
Դասընթացներն իրականացվել են հետևյալ թեմաներով՝

1. Ապացուցողական բժշկության սկզբունքներն ու մեթոդաբանությունը,
2. Բժշկական բարոյագիտություն և կենսաբարոյագիտություն,
3. Կենսաբժշկագիտական հանդեսային հրապարակումների հեղինակության ինստիտուտ,
4. Կենսաբժշկագիտական գրականության ընթերցման սկզբունքները,
5. Տեղեկատվական գրագիտությունը,
6. Գիտական հետազոտությունների անցկացման սկզբունքներն ու մեթոդաբանությունը,
7. Կենսավիճակագրության սկզբունքները բժիշկների և կենսաբանների համար,
8. Առողջապահության և բժշկության չափորոշչավորումը:

Դասընթացներին մասնակցել են «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագիտական անձնակազմը և այլ ստորաբաժանումների աշխատակիցներ, որոնց ընթացքում տեղի են ունեցել արդյունավետ քննարկումներ, որոնք ունեն կարևոր նշանակություն հատկապես երիտասարդ կադրերի համար տարբեր գիտական աշխատանքների և հետազոտությունների արդյունավետ պլանավորման և իրագործման հարցում: Դասընթացների ընթացքում ներկայացվել են նաև առցանց ուսուցման երաշխավորված դասընթացների համապատասխան կայք էջերի, ինչպես նաև կենսաբժշկագիտական տեղեկատվության երաշխավորված էլեկտրոնային շտեմարանների հետևյալ հղումները. Առցանց ուսուցման երաշխավորված դասընթացներ՝

• Design and Interpretation of Clinical Trials: https://www.coursera.org/course/clintrials
• Data Management for Clinical Research: https://www.coursera.org/course/datamanagement
• Understanding Research: An Overview for Health Professionals: https://www.coursera.org/course/researchforhealth
• The Science of Safety in Healthcare: https://www.coursera.org/course/healthcaresafety
• Social Epidemiology: https://www.coursera.org/course/socialepi
• Global Health. An Interdisciplinary Epidemiology. The Basic Science of Public Health: https://www.coursera.org/course/epidemiology
• Drug Discovery, Development & Commercialization: https://www.coursera.org/course/drugdiscovery
• Clinical problem solving: https://www.coursera.org/course/clinprobsolv
• Evidence Based Practice & Policy Online Resource Training Center: http://www.columbia.edu/cu/musher/Website/Website/EBP_Resources_WebEBPP.htm
• Evidence-based Medicine Training and Learning: http://amcp.org/Tertiary.aspx?id=10365
• Evidence-based healthcare resources. Free Online Course: http://us.cochrane.org/evidence-based-healthcare-resources

Կենսաբժշկագիտական տեղեկատվության երաշխավորված էլեկտրոնային շտեմարաններ՝

• Армянская медицина: http://www.medlib.am
• Российская медицина: http://www.scsml.rssi.ru
• Общество специалистов доказательной медицины: http://osdm.org/
• Concilium Medicum http://con-med.ru/
• Cochrane library: http://www.thecochranelibrary.com
• Bandolier: http://www.medicine.ox.ac.uk/bandolier
• BioMed Central: http://www.biomedcentral.com
• Clinical Evidence: http://clinicalevidence.bmj.com
• DOAJ: http://www.doaj.org
• Ovid: http://www.ovid.com
• PubMed: http://www.ncbi.nlm.nih.gov/pubmed
• TRIP: http://www.tripdatabase.com
• HINARI: http://www.who.int/hinari/en
• UpToDate: http://www.uptodate.com

Նմանատիպ դասընթացների իրականացումը կրելու է շարունակական բնույթ՝ նպատակ ունենալով փորձագիտական անձնակազմի շրջանում զարգացնել ժամանակակից գիտական պատկերացումները, համապատասխան հմտություններն ու կարողությունները:

Archive

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները մասնակցել են ԱՄՆ դեսպանության կողմից կազմակերպված սեմինարների երկրորդ փուլին

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Պ.Ոսկանյանը, պայթյունատեխնիկական և հրդեհատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Դ.Մելքումյանը մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի դեսպանության աջակցությամբ Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ/INL) ծրագրի շրջանակներում իրականացված սեմինարին՝ «Փորձաքննական ապացույցները քրեական դատավարությունում» խորագրով, որը նախատեսված էր Հայաստանի Հանրապետության արդարադատության համակարգի աշխատակիցների, ինչպես նաև փաստաբանների համար: 
2018թ. մայիսի 15-ից 17-ը Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայում տեղի է ունեցել վերը նշված առաջին սեմինարը, որին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության դատական համակարգի տարբեր դատարանների դատավորներ, Հայաստանի Հանրապետության դատախազության դատախազներ, իսկ մայիսի 23-ից 25-ը ՀՀ փաստաբանների պալատում տեղի ունեցած սեմինարին մասնակցում էին փաստաբաններ: 
Սեմինարի իրականացման ընթացքում ելույթով հանդես է եկել Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ/INL) ծրագրի տնօրեն Շենոն Բեհայը: Սեմինարները վարել են ԱՄՆ Մերիլենդ նահանգի գլխավոր դատախազի օգնական Ռոբերտ Թեյլորը և Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազի օգնական Քրիստեն Բիտետոն, որի ընթացքում ներկայացվել են դատափորձագիտական ոլորտին վերաբերող թեմաները, որոնցից են «Փորձաքննական ապացույցի ստացումը արդի քրեական արդարադատության ժամանակաշրջանում», «Ինչպես են հավանություն չստացած փորձաքննական մեթոդները դառնում այդպիսին և ինչպես են դրանք մնում օգտակար», «Փորձաքննական ապացույցների փուլերը. հավաքում, վերլուծություն և ապացուցողական կիրառում», «Ապացույցի անվտանգություն, պահում, ախտահարման ռիսկեր և փոխանցման փաստաթղթավորում», «Ապացույցի հետ վարվելը և փոխանցման փաստաթղթավորումը», «Ապացույցի օգտագործումը դատարանում», «Սխալ դատավճիռներ և փորձաքննական ապացույցը»:
Նշենք, որ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը, նպատակաուղղված լինելով Հայաստանի Հանրապետությունում փորձագիտական բնագավառում նորագույն մեթոդների ներդրմանն ու նորարարական լուծումների կիրառմանը և հանդիսանալով այդ ոլորտի առաջատար խոշորագույն կառույցը, Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության հրավերով ընդգրկվել է «Փորձաքննական ապացույցները քրեական դատավարությունում» նշված սեմինարներին՝ որպես համազեկուցող և մասնակից: Սեմինարների ընթացքում պայթյունատեխնիկական և հրդեհատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ, որակի ապահովման համակարգի ներքին աուդիտի խմբի ղեկավար Դավիթ Մելքումյանը հանդես է եկել զեկույցով և ներկայացրել «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կառուցվածքը, հիմնական գործառույթները, նպատակները, տարբեր ուղղություններով իրականացվող աշխատանքները, փորձագիտական բաժինների և լաբորատորիաների հագեցվածությունը, կիրառվող արդի մեթոդները և մեթոդիկաները, ընթացակարգերը, իրականացվող փորձաքննությունների տեսակներն ու ենթատեսակները, շուրջ 15 տարվա գործունեության ընթացքում ձեռքբերված փորձը, հնարավորությունները և այլն: Ելույթների ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղել «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված թեմայի շուրջ քրեական հետապնդում և արդարադատություն իրականացնող մարմինների կողմից նշանակվող փորձաքննությունների կազմակերպման և իրականացման լիարժեքության, փորձաքննությունների ընթացքում իրականացվող նորագույն մեթոդների և սարքավորումների կիրառման հնարավորությունների, փորձագիտական լաբորատորիաների հավատարմագրման, կիրառվող ընթացակարգերի, փորձագիտական հետազոտությունների ընթացքում կիրառվող մեթոդների վալիդացման և վերիֆիկացման նոր մոտեցումների վերաբերյալ, որի ընթացքում ծավալվել է ակտիվ և արդյունավետ քննարկում։ Հարկ է նշել, որ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների հետ միասին անցկացված քննարկումների արդյունքում ակնհայտ է դարձել, որ անհրաժեշտ է մշակել և կազմել դասախոսությունների շարք դատափորձագիտական բոլոր բնագավառների գործունեության վերաբերյալ՝ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում արդեն իրականացվող ծրագրերի շրջանակներում, որը վերաբերում է փորձաքննությունների համար ելակետային տվյալներ ձեռք բերելու պարտականություններ և փորձաքննություններ նշանակելու լիազորություն ունեցող իրավասու մարմինների աշխատողների ուսուցմանը, վերապատրաստմանը և որակավորման բարձրացմանը, 2019թ. անցկացնելով դասախոսություններ՝ ներգրավելով դատավորներին, դատախազներին, փաստաբաններին և այլ իրավասու բնագավառների աշխատակիցների։ Նշված միջոցառումների իրականացման կարևորությունն ընդգծվել է նաև ԱՄՆ դեսպանատան համապատասխան ներկայացուցիչների կողմից։

Archive

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները մասնակցել են ՄԱԿ-ի կողմից հռչակված խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվան նվիրված միջոցառմանը

«Ընդդեմ իրավական կամայականության» և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունների հրավերով 2018թ-ի հունիսի 26-ին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա.Հովսեփյանը, Դատաբժշկական փորձաքննությունների բաժնի պետ Կ.Մխիթարյանը և Քրեաբանության կիրառական հիմնախնդիրների գիտահետազոտական կենտրոնի քրեաբան Ե.Ասատրյանը մասնակցել են՝ Երևանում կազմակերպված ՄԱԿ-ի կողմից հռչակված խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվան նվիրված միջոցառմանը՝ «Հայաստանն առանց խոշտանգումների» խորագրով համաժողովին:
Նշենք, որ «Ընդդեմ իրավական կամայականության» և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունները միավորել էին իրենց ուժերը հերթական անգամ հանրությանն իրազեկելու խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվա մասին, ինչպես նաև միջազգային նախաձեռնողները ցանկանում էին հիշեցնել, որ խոշտանգումներից զերծ լինելու իրավունքն անձի բացարձակ (սահմանափակման ոչ ենթակա) իրավունքներից է՝ երաշխավորված Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և միջազգային իրավական ակտերով:
Համաժողովին մասնակցում էին տարբեր պետական մարմինների, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների, նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության, ՀՀ դատախազության համակարգի, ՀՀ ոստիկանության իրավապահ տարբեր կառույցների ներկայացուցիչներ, փաստաբաններ, ոլորտով հետաքրքրված այլ մասնագետներ, միջազգային և տեղական կազմակերպությունների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Ներկա էին նաև Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ա.Թաթոյանը, Ազգային ժողովի պատգամավոր Գ.Պետրոսյանը և այլոք:
Համաժողովին բացման խոսքով և հետագա ելույթներով հանդես են եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն, Հայ Ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավագիտության և քաղաքագիտության ինստիտուտի տնօրեն Լարիսա Ալավերդյանը, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի տնօրեն Արտակ Կիրակոսյանը և այլոք:
Համաժողովի ընթացքում ներկայացվել են խոշտանգումների կանխարգելման ու անպատժելիության դեմ պայքարի շրջանակներում ձեռնարկված քայլերը, վերջին մեկ տարվա ընթացքում կազմակերպությունների կողմից արձանագրված խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեպքերը, ինչպես նաև խոշտանգումների կանխարգելման համար անհրաժեշտ աշխատանքների և միջոցառումների վերաբերյալ փորձագիտական կարծիքները: Համաժողովի ընթացքում ներկայացվել են նաև 2018թ-ի ապրիլ ամսվա խաղաղ հավաքների ժամանակ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ զեկույցը, ոչ կանոնադրական հարաբերությունները քրեակատարողական հիմնարկներում, ինքնավնասման և ինքնասպանության դեպքերը ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկներում և այլն: Այնուհետև ներկայացված զեկույցների և ելույթների համատեքստում ծավալվել են քննարկումներ:
Համաժողովի քննարկումների ընթացքում ելույթով հանդես է եկել նաև «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա.Հովսեփյանը` ընգծելով կազմակերպված միջոցառման կարևորությունը, ներկայացնելով փորձագիտական կազմակերպության կողմից իրականացվող փորձաքննությունների դերը խոշտանգումների դեպքերի բացահայտման, խոշտանգումների վերաբերյալ գործերով ապացույցների և ապացուցողական նշանակություն ունեցող տվյալների ձեռքբերման գործընթացում, ներկայացնելով նաև նման դեպքերում ապացուցողական նշանակություն ունեցող տվյալների ամրագրման գործընթացում առկա խնդիրները և այդ խնդիրներին համատեղ լուծումներ գտնելու նպատակաուղղված հետևողական քայլերի ձեռնարկման կարևորությունը՝ շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին հրավերի համար:

Archive

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են Եվրոպական Միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության փորձի փոխանակման ծրագրին (CEPOL)

Եվրոպական Միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության փորձի փոխանակման ծրագրի (CEPOL) երկրորդ փուլի գործարկման շրջանակներում 2018 թվականի հունիսի 24-ից 30-ը ներառյալ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի գիտական հետազոտությունների և տեխնիկական փորձարկումների համակարգման բաժնի պետ, տնտեսագիտական և հաշվապահական փորձաքննությունների բաժնի փորձագետ Կարեն Մամիկոնյանը և հետքաբանական փորձաքննությունների բաժնի փորձագետ Լուսինե Մեքինյանը գործուղվել են Լատվիայի Հանրապետություն՝ Լատվիայի պետական ոստիկանության դատական փորձաքննությունների ստորաբաժանում:
Գործուղման հիմնական նպատակն էր ծանոթանալ Լատվիայի պետական ոստիկանության դատական փորձաքննությունների ստորաբաժանման փորձագիտական բաժինների կողմից իրականացվող գործառույթներին, մասնավորապես՝ հաշվապահական փորձաքննությունների բաժնի, զենքի հետազոտման և հետքաբանական փորձաքննությունների բաժնի աշխատանքներին, գիտականորեն հիմնավորված և արդյունավետորեն կիրառվող նորագույն մեթոդներին, տեխնոլոգիաներին, փորձագիտական ընթացակարգերին, Լատվիայի Հանրապետության փորձագիտության բնագավառի գործունեության կանոնակարգման օրենսդրական դաշտին, գործող նորմատիվ իրավական կարգավորումներին, իրականացնել նաև քննարկումներ՝ դատական փորձաքննությունների միևնույն ոլորտի փորձագետների միջև աշխատանքային լավագույն փորձի փոխանակման նպատակով: 
Լատվիայի պետական ոստիկանության դատական փորձաքննությունների ստորաբաժանում կատարած այցի ընթացքում համապատասխան բաժինների ղեկավարների և փորձագետների կողմից ներկայացվել են իրականացվող փորձաքննությունների տեսակները, դրանց կատարման մեթոդական մոտեցումները և ընթացակարգերը, օգտագործվող սարքերը, ծրագրերի և փորձաքննությունների ընթացքում առկա խնդիրները և այլն, ինչպես նաև Եվրոպական Միության անդամ դառնալու ընթացքում և դրանից հետո փորձագիտական բնագավառում կազմակերպված միջոցառումները: 
Այցի ընթացքում, 2018թ. հունիսի 27-ից 28-ը հետքաբանական փորձաքննությունների բաժնի փորձագետների ուղեկցությամբ, ինչպես նաև Վրաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության դատաքրեագիտական հետազոտությունների վարչության հետքաբան փորձագետների հետ միասին ուղևորություն է կազմակերպվել Լատվիայի Լիեպայա քաղաքում գտնվող Լատվիայի պետական ոստիկանության դատական փորձաքննությունների Կուրզեմե շրջանի փորձագիտական բյուրո, որտեղ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները ծանոթացել են փորձագետների կողմից դեպքի վայրի սպասարկման գործընթացին և հնարավորություններին, տեղում օգտագործվող սարքերին, այցելել են նյութագիտական, հետքաբանական, մատնադրոշմային փորձաքննությունների բաժինների լաբորատորիաներ։ Այցելություն է կազմակերպվել նաև Լատվիայի արդարադատության նախարարության կից «Դատական փորձաքննությունների պետական բյուրոյի» Մատնադրոշմային փորձաքննությունների և ավտոտեխնիկական փորձաքննությունների բաժիններ, որտեղ ծանոթացել են ավտոտեխնիկական փորձաքննությունների ընթացքում օգտագործվող «PC Crash 11» ճանապարհատրանսպորտային պատահարների մոդելավորման ծրագրի աշխատանքին: Շրջայցի ընթացքում նաև տեղեկություններ են տրամադրվել Լատվիայի պետական ոստիկանության դատական փորձաքննությունների ստորաբաժանման մատնահետքերի հաշվառման բազայի, օգտագործվող սարքերի և այլ ծրագրերի վերաբերյալ։
Գործուղման ընթացքում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետներն այցելել են նաև Լատվիայի Հարապետության Կենտրոնական բանկ, որտեղ ծանոթացել են Եվրոպական Միության ֆինանսական շուկաների ներգրավվածության առանձնահատկություններին, հանրապետության ֆինանսական համակարգի ներկայիս գործառույթներին, արդի խնդիրներին, զարգացման հեռանկարներին և հնարավորություններին: 
2018թ. հունիսի 28-ին տեղի է ունեցել նաև Լատվիայի պետական ոստիկանության դատական փորձաքննությունների ստորաբաժանման հաշվապահական փորձաքննությունների բաժնի փորձագետների կողմից կազմակերպված «Հաշվապահական փորձաքննությունը և ստուգումը. արդիականությունը և հեռանկարները» համաժողով, որի ընթացքում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի գիտական հետազոտությունների և տեխնիկական փորձարկումների համակարգման բաժնի պետ, տնտեսագիտական և հաշվապահական փորձաքննությունների բաժնի փորձագետ, տ.գ.թ Կարեն Մամիկոնյանը հանդես է եկել զեկույցով՝ «Ֆինանսատնտեսագիտական փորձաքննությունների կատարման ընթացքում ընկերության շուկայական կապիտալացման արժեքի որշման մոտեցումները» թեմայով (ինտերնետային հասանելիությունը՝ http://www.ekspertize.vp.gov.lv/index.php?sadala=zinas%2F45&ln=lv, https://lvtax.lv/publication/pasakumi-un-aktivitates/aktualitates-gramatvedibas-ekspertize-un-revizija/ կայքերում):
Կարևոր է նշել, որ թեման լինելով արդիական մեծ հետաքրքրություն է առաջացրել համաժողովի մասնակիցների շրջանում, ինչի վերաբերյալ ծավալվել են հարց ու պատասխան և արդյունավետ քննարկումներ:
Համաժողովին զեկույցով հանդես են եկել նաև Լիտվայի դատական փորձաքննությունների կենտրոնի Տնտեսագիտական փորձաքննությունների բաժնի փորձագետները, Բելոռուսի դատական փորձաքննությունների կոմիտեի Տնտեսագիտական փորձաքննությունների բաժնի փորձագետները, Կիևի դատական փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտի գիտության գծով տնօրենի տեղակալը և Տնտեսագիտական հետազոտությունների լաբորատորիայի փորձագետները, Լատվիայի պետական ոստիկանության քրեական վարչության Հաշվապահական փորձաքննությունների բաժնի փորձագետը, Լատվիայի պետական եկամուտների ծառայության ներկայացուցիչները, Լատվիայի իրավախախտումների պետական վերահսկողության ներկայացուցիչը, Ռիգայում փաստաբանական ծառայություն մատուցող կազմակերպության ներկայացուցիչը, Ռիգայում հաշվապահների ասոցիացիայի խորհրդի նախագահը և այլոք։ 
Միջոցառմանը ներկա էին նաև տնտեսագիտության ոլորտում Լատվիայի Հանրապետությունում հայտնի գիտնականներ՝ Ռիգայի տեխնիկական համալսարանի տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Իրինա Վորոնովան և Ռիգայում հաշվապահների ասոցիացիայի խորհրդի նախագահ, «Nexia audit Advice» կազմակերպության հիմնադիր տնօրեն, տնտեսագիտության դոկտոր Անդրեյ Պոնոմարյովը։ 
Եվրոպական Միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության փորձի փոխանակման ծրագրի (CEPOL) շրջանակներում ձևավորվել են ամուր կապեր հետագա գիտական և գործնական ուղղություններով ակտիվ համագործակցություն ծավալելու համար:

Archive

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը մասնակցում է Եվրոպական Միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության փորձի փոխանակման ծրագրին (CEPOL)

Եվրոպական Միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության փոխանակման ծրագրի (CEPOL) շրջանակներում 2018թ-ի հունիսի 03-ից 08-ը ներառյալ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ էին գործուղվել Լատվիայի պետական ոստիկանության դատական փորձաքննությունների ստորաբաժանման աշխատակիցները՝ հաշվապահական փորձաքննությունների բաժնի ավագ փորձագետ Յուլիյա Լիոդորովան և զենքի հետազոտման և հետքաբանական փորձաքննությունների բաժնի ավագ փորձագետ Ժանետ Վեռևան:
Ծրագրի նպատակն է դատական փորձաքննությունների բնագավառում փոխանակվել տարիների ընթացքում ձեռքբերված լավագույն փորձով, հնարավորություններով, կիրառվող մեթոդներով և տեխնոլոգիաներով, ինչպես նաև ծանոթանալ իրականացվող ծրագրերին և այլ ձեռքբերումներին: Եվրոպական Միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության 2018 թվականի փորձի փոխանակման ծրագիրը (CEPOL) բաղկացած է երկու փուլից, որոնցից առաջինը տվյալ դեպքում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում, իսկ երկրորդ փուլը տեղի է ունենալու Լատվիայի Հանրապետության պետական ոստիկանության դատական փորձաքննությունների ստորաբաժանումում (քաղաք Ռիգա): 
Այցելության առաջին օրը պատվիրակության ներկայացուցիչները հանդիպել են «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ղեկավարության և մի շարք փորձագիտական ստորաբաժանումների անձնակազմի հետ, որի ընթացքում ծանոթացել են «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կառուցվածքին, հիմնական գործառույթներին, նպատակներին, իրականացվող աշխատանքներին, փորձագիտական բաժինների և լաբորատորիաների հագեցվածությանը, կիրառվող արդի մեթոդներին և մեթոդիկաներին, ընթացակարգերին, իրականացվող փորձաքննությունների տեսակներին, ենթատեսակներին և գիտահետազոտական աշխատանքներին և ոլորտին առնչվող ՀՀ-ում գործող նորմատիվային իրավական բազային: 
Այցելության ընթացքում պատվիրակության ներկայացուցիչներին, հաշվի առնելով նրանց նեղ մասնագիտական ուղղվածությունները, «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հետքաբանական, տնտեսագիտական և հաշվապահական փորձաքննությունների բաժինների փորձագետներն ավելի ընդլայնված ներկայացրել են իրենց կողմից իրականացվող փորձաքննությունների տեսակները, փորձագիտական ստորաբաժանումների հնարավորություններն ու ձեռքբերումները, օգտագործվող սարք-սարքավորումները, դրանց մեթոդական մոտեցումները և ընթացակարգերը, առկա տեխնիկական և մեթոդաբանական խնդիրները, ինչպես նաև կիսվել վերջին տասնամյակի ընթացքում կուտակված լավագույն փորձով և ձեռքբերումներով։ Մեծ հետաքրքրություն են ներկայացրել «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ձգաբանական, դատահետքաբանական, մատնահետքաբանական և մանրաթելերի փորձաքննությունների հետազոտությունների ընթացքում կիրառվող մշակված մեթոդների և տեխնոլոգիաների վերաբերյալ տվյալները, ինչպիսիք փորձի փոխանակման ծրագրի շրջանակներում տրամադրվել են գործընկեր կառույցի ներկայացուցիչներին: Պատվիրակության ներկայացուցիչների հետ քննարկվել են նաև նեղ մասնագիտական տարբեր ուղղություններով իրականացվող գիտահետազոտական աշխատանքները, որոնք ուղղված են բարձրացնելու և ընդլայնելու գիտական փորձաքննությունների հետազոտությունների հնարավորությունները, ստացվող արդյունքների արժանահավատությունը: 
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը լինելով դատափորձագիտական գիտամեթոդաբանական հետազոտությունների բնագավառում հանրապետությունում առաջատար կառույց և հանրապետության համանման կառույցների հետ սերտ համագործակցություն իրականացնելու կողմնակից՝ ծրագրի շրջանակներում կազմակերպության ղեկավարության նախաձեռնությամբ, հետքաբանական փորձաքննությունների բաժնի փորձագետ Լ.Մեքինյանի ուղեկցությամբ պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են նաև ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն և ծանոթացել գործընկեր կառույցում մատնահետքաբանական փորձաքննությունների իրականացման հնարավորությունների առանձնահատկություններին, ՀՀ ոստիկանության մատնադրոշմային քարտադարանի կառուցվածքին, կիրառվող մեթոդներին, մատնադրոշմային տվյալների բազայի համալրման գործընթացին, դեպքի վայրի հետազոտությունների կազմակերպման գործընթացին և ՀՀ ոստիկանության գնդակապարկուճային հաշվառման քարտադարանի կիրառման շրջանակներին: 
Դատահաշվապահական փորձաքննությունների կատարման ընդհանուր խնդրահարույց մեթոդաբանական հարցերի շուրջ համատեղ քննարկումների ընթացքում Յուլիյա Լիոդորովան պատրաստակամություն է հայտնել տնտեսագիտական և հաշվապահական փորձաքննությունների բաժնի փորձագետ Կարեն Մամիկոնյանի հետ իրականացնել համատեղ աշխատանք և հրապարակել գիտական հոդված՝ «Ընկերության անվճարունակության հատկանիշների դատահաշվապահական փորձաքննության իրականացման կիրառական մեթոդաբանության առանձնահատկությունները» թեմայով:
Արդյունքում, փորձի փոխանակման ծրագրի առաջին փուլի ավարտին քննարկվել են առաջիկայում համագործակցության շրջանակներում կատարվելիք մեթոդաբանական հետազոտությունների հետ կապված մի շարք հարցեր, որոնք թույլ կտան առավել խորը պատկերացում կազմել գործընկեր երկրների դատափորձագիտության բնագավառում իրականացվող փորձաքննությունների առանձնահատկությունների վերաբերյալ, ինչպես նաև հետագայում իրականացնել հետքաբանական, տնտեսագիտական և հաշվապահական փորձաքննությունների բնագավառներին առնչվող համատեղ գիտական աշխատանքներ և ծրագրեր: 
Այցի շրջանակներում ձևավորվել են ամուր կապեր հետագա գիտական և գործնական ուղղություններով ակտիվ համագործակցություն ծավալելու համար:

Archive

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի պատվիրակությունը մասնակցել է Կիևի դատական փորձագիտության գիտահետազոտական ինստիտուտի հիմնադրման 105-ամյակին նվիրված միջոցառումներին, միջազգային գիտատեխնիկական համաժողովին

Ուկրաինայի արդարադատության նախարարության Կիևի դատական փորձագիտության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, ի.գ.թ. Ալեքսանդր Ռուվինի հրավերով 2018 թվականի հուլիսի 04-ից 06-ը «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա.Հովսեփյանը և տնօրենի տեղակալ Պ.Ոսկանյանը երկօրյա այցով մեկնել են Ուկրաինա, քաղաք Կիև՝ մասնակցելու Ուկրաինայի արդարադատության նախարարության Կիևի դատական փորձագիտության գիտահետազոտական ինստիտուտի հիմնադրման 105-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը, «Ուկրաինայում արդարադատության դատափորձագիտական ապահովման ստանդարտիզացման արդի հիմնախնդիրները: Զարգացման հեռանկարները» խորագրով միջազգային գիտատեխնիկական համաժողովին, ինչպես նաև ժամանակակից անալիտիկ և կրիմինալիստիկական սարքավորումների ցուցահանդեսին: 
Նշված միջոցառումներին մասնակցում էին պատվիրակությունների ներկայացուցիչներ Իսպանիայից, Լեհաստանից, Էստոնիայից, Լատվիայից, Լիտվայից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից, Ռումինիայից և այլ երկրներից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունից, ի դեմս «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի պատվիրակության: 
Կիևի դատական փորձագիտության գիտահետազոտական ինստիտուտի 105-ամյակի հանդիսավոր արարողության ընթացքում բացման խոսքով և հետագա ելույթներով հանդես են եկել Ուկրաինայի արդարադատության նախարարության Կիևի դատական փորձագիտության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, ի.գ.թ Ալեքսանդր Ռուվինը, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Կոնդրատյուկը, Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն, Ուկրաինայի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն, Ուկրաինայի զինվորական դատախազ Անատոլի Մատիոսը, Վերին ռադայի պատգամավորներ և այլ պատվավոր հյուրեր, ինչպես նաև միջազգային դատափորձագիտական կառույցների ներկայացուցիչներ՝ հանդիսավոր ուղերձներով շնորհավորելով Կիևի դատական փորձագիտության կառույցի ներկայացուցիչներին, ընդգծելով և կարևորելով ինստիտուտի դերն ու նշանակությունը Ուկրաինայի դատաքննչական մարմինների գործունեության պատշաճ իրականացման համակարգում: 
Հայաստանյան գործընկերների կողմից համապատասխան ելույթով և շնորհավորական ուղերձով հանդես է եկել «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն, բ.գ.թ. Արգամ Հովսեփյանը։ 
 105-ամյակի հանդիսավոր միջոցառումների ավարտից հետո մեկնարկվել է միջազգային գիտատեխնիկական համաժողովը, որի ընթացքում ելույթներով հանդես են եկել Կիևի դատական փորձագիտության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, ի.գ.թ. Ալեքսանդր Ռուվինը, Ուկրաինայի ստանդարտիզացման և սերտիֆիկացման գիտահետազոտական կենտրոնի գլխավոր տնօրեն Գաննա Լիսինան, ինչպես նաև այլ մասնակիցներ: Համաժողովի ընթացքում քննարկվել են դատական փորձագիտության և քրեագիտության ոլորտների արդիական հիմնախնդիրները, դատափորձագիտական ոլորտում արդարադատության ապահովման ստանդարտիզացումը միջազգային պահանջներին համապատասխանեցման, մեթոդների և միջլաբորատոր փորձարկումների վալիդացման միջազգային փորձը, դատափորձագիտական նույնականացման մեթոդոլոգիայի ակտուալ հարցերը, ինչպես նաև ներկայացվել է դատափորձագիտության բնագավառում նշված հարցերի վերաբերյալ առկա միջազգային փորձը: 
Տեղի են ունեցել հանդիպումներ և քննարկումներ կազմակերպված ժամանակակից անալիտիկ և կրիմինալիստիկական սարքավորումների ցուցահանդեսի ընթացքում ուկրաինական ընկերություններից «UOSLAB»-ի, «Unity scientific»-ի, «Leica microsystems»-ի, «Regula»-ի, «All-Ukrainian polygraph association»-ի, Քիմ-ռեակտիվ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչների հետ և ձեռք են բերվել պայմանավորվածություններ նամակագրության միջոցով ավելի մանրամասն ծանոթանալու ընկերությունների առաջարկներին՝ հետագայում կազմակերպության նյութատեխնիկական բազայի համալրման համար համագործակցության շրջանակները քննարկելու նպատակով:
Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել հանդիպում նաև Ուկրաինայի Դատական փորձաքննությունների և փորձագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրենի տեղակալ Նատալիա Նեստոռի հետ, որի ընթացում քննարկվել են մի շարք հարցեր կապված ոչ նյութական ակտիվների գնահատման վերաբերյալ փորձաքննություններին, գործող մեթոդներին, ինչպես նաև ձեռք է բերվել պայմանավորվածություն հետագայում իրականացնելու նշված թեմայով համատեղ գիտահետազոտական աշխատանքներ:
Համաժողովի ներկայացուցիչների հետ տեղի են ունեցել քննարկումներ դատական փորձագիտության և քրեագիտության ոլորտներին վերաբերող մի շարք արդիական հիմնախնդիրների վերաբերյալ, այդ թվում ԻՍՕ 17025 միջազգային ստանդարտի՝ ILAC G19:2014 «Դատական փորձագիտական լաբորատորիաների ուղեցույց»-ով նշված պահանջները հաղթահարելու առումով:
Համաժողովի վերջին օրը ճանաչողական այց է կատարվել Կիևի դատական փորձագիտության գիտահետազոտական ինստիտուտ, որտեղ տնօրեն Ալեքսանդր Ռուվինը և փորձագիտական բաժինների ղեկավարները ներկայացրել են իրենց ձեռքբերումները և առաջիկա նորարարական նախաձեռնությունները, փորձագիտական հնարավորությունները, այդ թվում՝ դատահոգեֆիզիոլոգիական փորձաքննությունների բնագավառում պոլիգրաֆ սարքի կիրառմամբ իրենց մոտ առկա հնարավորությունները, ինչպես նաև ներկայացվել են փաստաթղթաբանական, համակարգչային, շինարարական և այլ փորձաքննությունների բնագավառներին առնչվող նորարարական աշխատանքները և հետազոտությունների հնարավորությունները, ինչպիսիք կդիտարկվեն Հայաստանի Հանրապետությունում ներդրման նպատակահարմարության և արդյունավետության առումով: 
Միջազգային համաժողովի ավարտին մասնակիցներին հանձնվել են համապատասխան հավաստագրեր, ինչպես նաև Ուկրաինայի արդարադատության նախարարության Կիևի դատական փորձագիտության գիտահետազոտական ինստիտուտի 2018 թվականի «Կրիմինալիստիկա և դատական փորձաքննություն» ժողովածուն բաղկացած երկու հատորից:

Archive

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ն ընդլայնում է դատափորձագիտության բնագավառում Եվրամիության առաջատար կառույցի` Էստոնիայի դատափորձագիտական ինստիտուտի հետ համագործակցության շրջանակները

2018 թվականի հունիսի 26-ին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում հյուրընկալվել էին Էստոնիայի դատափորձագիտական ինստիտուտի պատվիրակությունը` Էստոնիայի դատափորձագիտական ինստիտուտի տնօրեն, 2013-2015թթ. ընթացքում ENFSI-ի խորհրդի նախագահ Ուլլար Լանոյի գլխավորությամբ, պատվիրակության կազմում էին նաև ինստիտուտի տնօրենի տեղակալ Մարիկա Վալին և որակի ապահովման բաժնի պետ Մերիկա Ռամպին: 
Պաշտոնական այցի հիմքն էր հանդիսանում 2018 թվականի մայիսի 15-ից 19 –ը Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի (ENFSI) 30-րդ տարեկան համաժողովում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա.Հովսեփյանի կողմից Էստոնիայի դատափորձագիտական ինստիտուտի տնօրեն Ուլլար Լանոյին փոխանցված հրավերը` այցելելու «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ՝ երկկողմ հարաբերությունների խորացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման համար: 
Այցի ընթացքում պատվիրակության ներկայացուցիչները հանդիպել են «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ղեկավարության և փորձագիտական անձնակազմի հետ, որի ընթացքում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանի կողմից ներկայացվել է կազմակերպության կառուցվածքը, հիմնական գործառույթները, նպատակները, իրականացված աշխատանքները, փորձագիտական բաժինների և լաբորատորիաների հագեցվածությունը, կիրառվող արդի մեթոդները և մեթոդիկաները, ընթացակարգերը, որակի համակարգը, իրականացվող փորձաքննությունների տեսակներն ու ենթատեսակները և այլ կարևոր ձեռքբերումները: 
Կատարվել է շրջայց «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագիտական ստորաբաժանումներով և լաբորատորիաներով, որի ընթացքում պատվիրակությանը ներկայացվել են կազմակերպության հնարավորությունները, հատկապես՝ նոր սարքավորումների միջոցով փորձաքննությունների իրականացման առանձնահատկությունները: Կազմակերպության փորձագիտական և որակի ապահովման ստորաբաժանման անձնակազմի հետ քննարկվել են նաև նեղ մասնագիտական տարբեր ուղղություններով կատարվող գիտահետազոտական աշխատանքները, որոնք ուղղված են բարձրացնելու կատարվող փորձաքննությունների հավաստիությունը, ինչպես նաև միջազգային դրամաշնորհային ծրագրերում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ներգրավման հետ կապված մի շարք այլ հարցեր:
Ուլլար Լանոն իր հերթին շնորհակալություն է հայտնել «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Հովսեփյանին հրավերի և ջերմ ընդունելության համար` ներկայացնելով մի շարք միջազգային այնպիսի ծրագրերի վերաբերյալ արժեքավոր տեղեկատվություն, որոնցում կարող են մասնակցություն ունենալ կազմակերպության փորձագետները, մասնավորապես՝ TAIEX ծրագիրը, որն իրականացնում է տեխնիկական աջակցություն և տեղեկատվության փոխանակում, EUROPEAN FORENSIC SCIENCE AREA 2020 - ENFSI-ի կողմից ֆինանսավորվող ծրագիրը, CENTRAL ASIAN PARTNERSHIP նոր անկախացած հանրապետություններին աջակցության հնարավորություններով ծրագիրը և այլն: Մանրամասն քննարկվել են նաև կազմակերպության տարբեր փորձագիտական ստորաբաժանումների լաբորատորիաների միջազգային հավատարմագրման գործընթացների իրագործման հարցերում աջակցություն ստանալու հետ կապված մի շարք կարևոր հարցեր: Պատվիրակության ներկայացուցիչներն Ուլլար Լանոյի գլխավորությամբ իրենց պատրաստակամությունն են հայտնել աջակցելու «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին ԻՍՕ 17025 միջազգային ստանդարտների ներդրման օպտիմալ ուղիների մշակման և իրագործման ուղղությամբ, ինչպես նաև տրամադրել տեղեկություններ Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի «Որակի ու իրազեկության» (QCC) մշտական հանձնաժողովի կողմից իրականացվող ծրագրերի և այլ կարևոր հարցերի վերաբերյալ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվ համագործակցության շարունակման համար:
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Հովսեփյանը շնորհակալություն է հայտնել Էստոնիայի գործընկեր կառույցի ղեկավարին հրավերն ընդունելու համար և կարևորել Եվրամիության դատափորձագիտական առաջատար կառույցի ղեկավարի և մյուս գործընկերների աջակցության դերը Հայաստանի Հանրապետությունում միջազգային մակարդակի փորձագիտական հնարավորություններով և որակի կառավարման համակարգի ներդրմամբ փորձագիտական կազմակերպության, ի դեմս «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի, կայացման գործում:

Archive

ԹՊԻՀ-INL ծրագրի շրջանակներում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը համալրվել է համակարգչատեխնիկական փորձաքննությունների բնագավառի իրեղեն ապացույցների հետազոտման արդի ապարատածրագրային հնարավորություններով

2018 թվականի հունիսի 28-ին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի սարք-սարքավորումների ցանկը Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի դեսպանության աջակցությամբ Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ/INL) ծրագրի շրջանակներում համալրվել է «Guidance Software» («Opentext») ընկերության արտադրության «Tableau» ապարատային բլոկիրատորներով, ինչպես նաև «EnCase Forensic» և «Cellebrite» ընկերության արտադրության «UFED Cloud Analyzer» ծրագրային ապահովումներով:
Այդ նպատակով «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում հյուրընկալվել էին Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ/INL) ծրագրի տնօրեն Շենոն Բեհայը և ԹՊԻՀ ծրագրի առաջատար մասնագետ Կարինե Քեշաբյանը, որի շրջանակներում ծրագրի տնօրեն Շենոն Բեհայի և «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանի կողմից ստորագրվեցին նվիրատվության համապատասխան փաստաթղթերը և «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին նվիրաբերվեց համակարգչատեխնիկական փորձաքննությունների բաժնի ապարատածրագրային հնարավորություններն արդիականացնող և հզորացնող վերը նշված սարքավորումներն ու ծրագրային ապահովումները:
Կարևոր է ընդգծել, որ «Tableau» ապարատային բլոկիրատորների և «EnCase Forensic» ծրագրային ապահովման համատեղ կիրառումը հնարավորություն է տալիս կատարել համակարգչային հիշողության կրիչների բազմակողմանի, առավել արագ և ամբողջական հետազոտություններ՝ զգալիորեն մեծացնելով փորձաքննությունների արդյունավետությունը և կրճատելով համակարգչատեխնիկական փորձաքննությունների շրջանակում իրականացվող հետազոտությունների ժամանակահատվածը: Պետք է նշել, որ «UFED Cloud Analyzer» ծրագրային ապահովումը կիրառվելու է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության կողմից ԹՊԻՀ/INL ծրագրի շրջանակներում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին 2016թ-ին նվիրաբերված «Cellebrite UFED Touch Ultimate» փորձագիտական հետազոտական համակարգի արդիականացման և աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով: «UFED Cloud Analyzer» ծրագրային ապահովումը, այսուհետ հասանելի դարձնելով նաև ամպային տվյալները (օրինակ՝ «Facebook», «Twitter», «Instagram» և այլն), հնարավորություն է տալիս կատարել բջջային հեռախոսների և այլ սարքերի առավել բազմակողմանի և ամբողջական հետազոտություններ՝ արտածելով, վերծանելով և վերլուծելով բջջային հեռախոսների, պլանշետային համակարգիչների և GPS սարքավորումների լայն տեսականիների հիշողություններում պարունակվող ամբողջ տեղեկատվությունը, դրանով իսկ մեծացնելով տարբեր քրեական գործերով նշանակվող փորձաքննությունների իրականցման միջոցով թվային տեղեկատվության հայտնաբերման և ապացույցների շարքը համալրելու հնարավորությունները: «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում նշված բացառիկ ապարատածրագրային միջոցների կիրառմամբ փորձաքննությունների կատարման արդյունքում զգալիորեն կբարելավվեն Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական բնագավառում թվային տվյալների հետազոտման, հայտնաբերման և վերլուծության հնարավորությունները, արդյունքում՝ հզորացնելով թվային ապացույցների ձեռք բերման համապատասխան գործիքակազմը: 
 Այցի ընթացքում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը շնորհակալություն հայտնեց ԹՊԻՀ/INL ծրագրի տնօրեն Շենոն Բեհային, խնդրելով շնորհակալական խոսքեր փոխանցել նաև Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության գործընկերներին՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան պարոն Ռիչարդ Միլսի գլխավորությամբ, ինչպես նաև ԹՊԻՀ/INL գրասենյակի ողջ անձնակազմին՝ ինչպես նախորդ տարիների ընթացքում ծրագրի շրջանակներում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին կատարած բազմաթիվ արժեքավոր նվիրատվությունների և ցուցաբերած մեծածավալ աջակցության, այնպես էլ ներկայիս՝ շուրջ 17.000 ԱՄՆ դոլար արժողությամբ նվիրատվության համար, վստահություն հայտնելով, որ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հնարավորությունների հզորացմանն ու զարգացմանն ուղղված ԱՄՆ դեսպանության տարիների ընթացքում ցուցաբերած աջակցությունը ծառայում է Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական բնագավառի արդիական հնարավորությունների ապահովմանն ու արդյունավետ կիրառմանը քրեական հետապնդման և արդարադատության իրականացման ոլորտում՝ նպաստելով իրավապահ համակարգի արդյունավետության բարձրացմանը, հանցավորությանն ու կոռուպցիային համարժեք հակազդմանը:

Archive

«ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ» ՊՈԱԿ-ում ՎԵՐՍԿՍՎԵԼ Է 2018թ. ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԹԵՄԱՏԻԿ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐՆԵՐԻ ՇԱՐՔԸ

2018 թվականի առաջին եռամսյակում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել գիտագործնական սեմինար՝ «ՃՏՊ հետևանքով տրանսպորտային միջոցների վնասի չափի որոշման առանձնահատկությունները» թեմայով: Տվյալ սեմինարը կազմակերպվել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ապրանքագիտական փորձաքննությունների ու գիտական հետազոտությունների և տեխնիկական փորձարկումների համակարգման բաժինները: Սեմինարին բացման խոսքով հանդես է եկել կազմակերպության տնօրենի տեղակալ Պատվական Ոսկանյանը, որից հետո սեմինարին որպես զեկուցող հանդես է եկել կազմակերպության ապրանքագիտական փորձաքննությունների բաժնի փորձագետ Ռուբեն Աղայանը:
Կարևոր է ընդգծել, որ սեմինարին մասնակցել են «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի մի շարք ստորաբաժանումների առաջատար փորձագետներ, ինչպես նաև հրավիրված են եղել և մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի և Հայասատանի Հանրապետությունում ԱՊՊԱ ոլորտում աշխատող տարբեր ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներ:
Ռուբեն Աղայանի կողմից ներկայացվող զեկույցում ընդգծել է այն առանձնահատկությունները, որոնք հիմնականում վերաբերում են ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով կատարված ավտոտրանսպորտային միջոցների վնասի չափի որոշման առանձնահատկություններին, գնահատման մեթոդաբանությանը, որոնք կիրառվում են դատական ավտոտրանսպորտային փորձաքննության ընթացքում վնասի չափի որոշման համար: Ներկայացվել է ԱՊՊԱ RL1-001 կանոններում նշված մեթոդաբանությունների տարբերությունները, որոնք կիրառվում են ԱՊՊԱ ոլորտում տրանսպորտային միջոցների վնասի չափը որոշելու համար: Նշվել է նաև, որ առկա մեթոդաբանությունների տարբերությունների արդյունքում, առաջանում է խնդիրներ, քանի որ ավտոտրանսպորտային միջոցների նմանատիպ վնասվածքների դեպքում վնասի չափի որոշման արժեքները ստացվում են տարբեր մեծություններով: 
Սեմինարի ընթացքում Ռ.Աղայանը ներկայացրել է նաև տրանսպորտային միջոցի վնասի վերականգնման արժեքի և պատճառված վնասի արժեքի տարբերությունները, այնուհետև մեկնաբանվել է թե երբ են դրանք տարբերվում և երբ են համընկնում։ Մանրամասն ներկայացվել է ապրանքային արժեքի կորստի որոշման մեթոդաբանությունը, գրեթե նոր կամ ոչ էական մաշվածությամբ տրանսպորտային միջոցների վնասի չափը հիմնավորելու և դրա փոխհատուցման ինստիտուտի կայացման ու հետագա զարգացման անհրա¬ժեշտությունը։
Սեմինարի ընթացքում մասնակիցները քննարկել են ԱՊՊԱ պատահարների վնասի չափի որոշման Կանոններում նշված «Տրանսպորտային միջոցներին պատճառված վնասների հաշվարկում կիրառվող մաշվածության տոկոսները՝ ըստ տրանսպորտային միջոցի տարիքի և վազքի մեծության», որոնք նշված են ԱՊՊԱ RL1-001 կանոնների 2-րդ և 3-րդ աղյուսակներում: Մասնակիցների ուշադրությունը հրավիրվել է այն փաստին, որ տվյալ աղյուսակներում նշված չեն, թե ինչ տեսակի ավտոտրանսպորտային միջոցների համար է մաշվածության տոկոսային մեծությունները կիրառելի, ինչը հետևաբար երկակի մեկնաբանության խնդիր է առաջացնում: Մասնավորապես հարց է առաջ քաշվել, թե կարելի է արդյոք նույն մաշվածության տոկոսը կիրառել տարբեր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների համար: Ներկայացվել է նաև, որ ներկայումս այն կիրառվում է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների համար «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» ԻԱՄ-ի կողմից որակավորված և գրանցված պայմանագրի հիման վրա գործող փորձագետների կողմից գործնականում, այսինքն մաշվածության միևնույն տոկոսները կիրառվում են տարբեր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների նորոգման աշխատանքների արժեքները հաշվարկելիս: Ուստի ավտո¬տրանսպորտային միջոցների տեսակով պայմանավորված, մաշվածության տոկոսները տարբեր են: 
Ռուբեն Աղայանի զեկույցում անդրադարձ է կատարվել նաև ավտոտրանսպորտային միջոցների մնացորդային արժեքի /պիտանի մասերի/ որոշման խնդրին: Նշվել է, որ ավտոտրանսպորտային միջոցների պիտանի մնացած մասերի՝ հանգույցի, ագրեգատի արժեքի տեսակարար կշռի չափը, ԱՊՊԱ կանոնների 4-րդ աղյուսակում նշված արժեքների առավելագույն շեմի շրջանակներում, վնասվածության աստիճանից ելնելով՝ ինքնուրույնաբար որոշվում է «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո»-ի կողմից որակավորված և գրանցված պայմանագրի հիման վրա գործող այն փորձագետը, որն ունի ավտոտրանսպորտային միջոցներին պատճառված վնասի գնահատման իրավունք:            Ավելացնենք, որ սեմինարը տեղի է ունեցել գործնական մթնոլորտում, որի ընթացքում վերլուծվել են մի շարք փոխկապակցված հարցեր և տրվել պարզաբանումներ: Սեմինարի ավարտին մասնակիցների կողմից նշվել է, որ անհրաժեշտ է նախապատրաստել համապատասխան առաջարկներ և ներկայացնել պետական մարմիների՝ նշված խնդիրների համարժեք լուծումների տալու համար:

Archive

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ն ընդլայնում է միջազգային համագործակցության շրջանակները փորձագիտության բնագավառում

2018 թվականի մարտի 30-ից 31-ը «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել Ուկրաինայի արդարադատության նախարարության պրոֆեսոր Ն.Ս.Բոկարիուսի անվան Խարկովի դատական փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտի պատվիրակության պաշտոնական այցը: Պատվիրակությունը ղեկավարում էր ինստիտուտի տնօրեն, ի.գ.դ, պրոֆեսոր, Ուկրաինայի վաստակավոր իրավաբան Ալեքսանդր Նիկոլայի Կլյուևը, պատվիրակության կազմում էին տնօրենի գիտության գծով տեղակալ, ի.գ.դ, Էլլա Բորիսի Սիմակովա-Եփրեմյանը, տնօրենի փորձագիտության գծով տեղակալ, ի.գ.թ, Ալեքանդր Ալեքսանդրի Սվիդեռսկին և տնօրենի օգնական Սերաֆիմա Գասպարյանը: 
Պաշտոնական այցի հիմքն էր հանդիսանում 2017 թվականի ընթացքում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Խարկովի դատական փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտի միջև գիտագործնական ակտիվ համագործակցությունը, որի շրջանակներում կազմակերպության աշխատակիցները մասնակցել են երկու միջազգային համաժողովների և հրապարակվել են հոդվածներ Խարկովի դատական փորձաքննու¬թյունների գիտահետազոտական ինստիտուտի «Տեսական և գործնական դատական փորձաքննություններ և քրեագիտություն» 17-րդ ժողովածուում:
Այցի ընթացքում պատվիրակության ներկայացուցիչները հանդիպել են «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ղեկավարության և փորձագիտական անձնակազմի հետ, որի ընթացքում  Խարկովի դատական փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, ի.գ.դ, պրոֆեսոր Ա.Կլյուևի և «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն, բ.գ.թ. Ա.Հովսեփյանի կողմից ներկայացվել են գործընկեր կազմակերպությունների կառուցվածքները, հիմնական գործառույթները, նպատակները, իրականացված աշխատանքները, փորձագիտական բաժինների և լաբորատորիաների հագեցվածությունը, կիրառվող արդի մեթոդները և մեթոդիկաները, ընթացակարգերը, իրականացվող փորձաքննությունների տեսակները, ենթատեսակները և այլ առաջադեմ ձեռքբերումները: 
Այնուհետև, հանդիսավոր կերպով «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն, բ.գ.թ. Արգամ Նորայրի Հովսեփյանի և Խարկովի դատական փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, ի.գ.դ, պրոֆեսոր Ալեքսանդր Նիկոլայի Կլյուևի կողմից ստորագրվել է Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Խարկովի դատական փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտի միջև համագործակցության մասին պայմանագիր, որի նպատակն է զարգացնել փոխշահավետ համագործակցություն՝ գիտամեթոդաբանական և գիտահետազոտական ուղղություններով, մեծ կարևորություն տալով նաև համագործակցության խորացմանը՝ բարձր որակավորում ունեցող կադրերի վերապատրաստման, քրեագիտության և դատական փորձագիտության բնագավառում համատեղ գիտական հետազոտությունների իրականացման և ոլորտին առնչվող այլ ուղղություններով:
Համագործակցության պայմանագրի ստորագրումից հետո կատարվել է շրջայց «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագիտական ստորաբաժանումներով և լաբորատորիաներով, որի ընթացքում գործընկեր կառույցի պատվիրակությանը ներկայացվել են կազմակերպության հնարավորություններն ու ձեռբերումները հատկապես նոր սարքավորումների միջոցով իրականացվող փորձաքննությունների առկա հնարավորությունները: Փորձագետների հետ քննարկվել են նաև նեղ մասնագիտական տարբեր ուղղություններով կատարվող փորձաքննությունների առանձնահատկությունները և առկա խնդիրները, ինչպես նաև դրամաշնորհային ծրագրերի հետ կապված մի շարք այլ հարցեր: Կարևոր է նաև այն, որ ձևավորվել են ամուր կապեր երկու փորձագիտական գործընկեր կառույցների փորձագիտական համանուն ստորաբաժանումների միջև:
Երևան կատարած այցելության ընթացքում Ուկրաինայի պատվիրակության ներկայացուցիչները «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ղեկավարության ուղեկցությամբ այցելել են նաև Հայասատանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիա, որտեղ տեղի է ունեցել ընդունելություն Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ռ.Մարտիրոսյանի կողմից:
Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ռ.Մարտիրոսյանի և Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս-քարտուղար Գ.Մաթևոսյանի հետ հանդիպման ընթացքում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա.Հովսեփյանի կողմից ներկայացվել են Ուկրաինայի պատվիրակության գործընկեր կառույցի հետ կնքված համագործակցության պայմանագրի հիմնական դրույթները, համագործակցության ուղղությունները և հեռանկարները, որից հետո Խարկովի դատական փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, ի.գ.դ, պրոֆեսոր Ա.Կլյուևի կողմից ներկայացվել են Ուկրաինայում դատական փորձագիտության բնագավառում իր ղեկավարած կազմակերպության ձեռքբերումները, առկա գիտական հնարավորությունները և կատարված հիմնական ոլորտային գիտական աշխատանքները՝ պատրաստակամություն հայտնելով ակտիվ համագործակցել Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հետ: 
Հանդիպման ընթացքում Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ռ.Մարտիրոսյանի կողմից ողջունվել և կարևորվել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Խարկովի դատական փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտի միջև համագործակցության ամուր հիմքերի ներդրման հնարավորության ընձեռումը և պատվիրակության այցը Հայաստանի Հանրապետություն, ընդգծելով՝ համատեղ ջանքերի ներդրմամբ ոլորտում առկա խնդիրներին լուծումներ գտնելու, համատեղ գիտական նվաճումների ձգտման, ինչպես նաև գործնական հարցերում համագործակցության երկկողմ նախաձեռնողականություն ցուցաբերելու կարևորությունը, որոնք կնպաստեն երկու երկրներում փորձագիտական ուղղությունների զարգացմանը:
Այցի ընթացքում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ղեկավարության ուղեկցությամբ Ուկրաինայի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր Ծիծեռնակաբերդ՝ ծաղիկներ խոնարհելով և հարգելով ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Archive

Մոլդովայի Հանրապետության Ներքին գործերի նախարարության Ոստիկանության գլխավոր ինսպեկտորատի հետ համագործակցության կապերի խորացում

Մոլդովայի Հանրապետության Ներքին գործերի նախարարության Ոստիկանության գլխավոր ինսպեկտորատի պետ Ա.Պընզարի հրավերով 2018 թվականի ապրիլի 20-ից 22-ը «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը և ապրիլի 19-ից 22-ը պայթյունատեխնիկական և հրդեհատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Դավիթ Մելքումյանը գործուղվել են Մոլդովայի Հանրապետություն (Քիշնև)՝ մասնակցելու «Քրեագիտություն և դատական փորձաքննություն՝ ներկան և ապագան, արդյունավետ միջոց կոռուպցիայի դեմ պայքարում» միջազգային գիտագործնական համաժողովին:
Միջազգային գիտագործնական համաժողովի մասնակցության հիմնական նպատակն էր ծանոթանալ քրեագիտության և դատական փորձաքննության ոլորտներում մասնակից երկրների ունեցած փորձին և ձեռքբերումներին, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ միջոցների առումով, ինչպես նաև հաստատել նոր գիտագործնական կապեր մասնակից փորձագիտական կառույցների հետ, խորացնել նաև ձևավորած համագործակցության շրջանակները Մոլդովայի Հանրապետության Ներքին գործերի նախարարության Ոստիկանության գլխավոր ինսպեկտորատի փորձագիտական կառույցի հետ:
Միջազգային գիտագործնական համաժողովին մասնակցում էին պատվիրակություններ նաև Ռումինիայի ոստիկանության քրեագիտության ազգային ինստիտուտից, Ուկրաինայի ՆԳՆ գիտահետազոտական փորձաքրեագիտական կենտրոնից և նրա մասնաճյուղերից, Սլովակիայի ՆԳՆ քրեագիտական գիտությունների ինստիտուտից, Լեհաստանի ոստիկանության քրեագիտության կենտրոնական լաբորատորիայից և այլ կառույցներից:
Միջազգային գիտագործնական համաժողովին մասնակցում էին Մոլդովայի Ներքին գործերի նախարարության և Ոստիկանության գլխավոր ինսպեկտորատի, Մոլդովայի խորհրդարանի, ԵՄ և ԱՄՆ դեսպանատների, Միավորված Ազգերի Կազմակերպության, Մոլդովայի ՆԳՆ ներքին պաշտպանության և կոռուպցիայի դեմ պայքարի ծառայության, ՆԳՆ «Շտեֆանչել Մարե» ակադեմիայի, Ոստիկանության գլխավոր ինսպեկտորատի իրավաբանական և ներքին անվտանգության վարչությունների, Քրեական հետապնդման գլխավոր վարչության, Սահմանային ոստիկանության գլխավոր ինսպեկտորատի, Ազգային հակակոռուպցիոն կենտրոնի, Գլխավոր դատախազության, Հակակոռուպցիոն կառույցի, Անկաշառելիության ազգային մարմնի, Մաքսային ծառայության, Դատական փորձաքննությունների ազգային կենտրոնի, Ազգային հավատարմագրման կենտրոնի, Դատական բժշկության կենտրոնի և Պետական ծառայությունների գործակալությանների ներկայացուցիչներ։
Համաժողովին ելույթներով հանդես են եկել Մոլդովայի ՆԳՆ ոստիկանության գլխավոր ինսպեկտորատի պետ Ա.Պընզարը և այլ պատվավոր հյուրեր։ Այնուհետև պլենար նիստերի ընթացքում հնչել են ելույթներ նվիրված քրեագիտության դերին, կոռուպցիայի դեմ պայքարում համագործակցության կարևորության, հատուկ հետազոտություններին՝ որպես քրեագիտության հետագա զարգացման հիմք, հետազոտությունների արդյունքների որակի ապահովման, դատական փորձաքննության ոլորտը կարգավորող ազգային օրենսդրության, վերջինիս հետ կապված խնդիրներին և մարտահրավերներին, դատական փորձաքննությունների ոլորտում քաղաքականության մշակման և իրականացման գործընթացում սխալների կանխարգելման, դատական փորձագետի մասնագիտությունում առկա կոռուպցիոն ռիսկերի և փորձագիտական նեղ ոլորտների հիմնախնդիրներին, կանխարգելման ուղիներին։
Համաժողովի ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ և քննարկումներ Մոլդովայի Հանրապետության Ներքին գործերի նախարարության Ոստիկանության գլխավոր ինսպեկտորատի փորձագիտական կառույցի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ներկայացվել են տվյալ կառույցի վերջին երկու-երեք տարիների ընթացքում ձեռք բերված սարք-սարքավորումները, ինչպես նաև տեղի են ունեցել քննարկումներ և փորձի փոխանակում ԻՍՕ 17025 միջազգային ստանդարտների ներդրման օպտիմալ ուղիների մշակման ուղղությամբ:
Միջազգային գիտագործնական համաժողովի ընթացքում Մոլդովայի ՆԳՆ ոստիկանության գլխավոր ինսպեկտորատի դատական փորձաքննությունների տեխնիկաքրեագիտական կենտրոնի, Սլովակիայի ՆԳՆ քրեագիտական գիտությունների ինստիտուտի, Լեհաստանի ոստիկանության քրագիտության կենտրոնական լաբորատորիայի և Ուկրաինայի ՆԳՆ գիտահետազոտական փորձաքրեագիտական կենտրոնի ներկայացուցիչների հետ տեղի են ունեցել քննարկումներ, որոնք ուղղված են համագործակցության խորացմանը և փորձի փոխանակման հետագա առավել արդյունավետ մեխանիզմների իրականացմանը։
 «Քրեագիտություն և դատական փորձաքննություն՝ ներկան և ապագան, արդյունավետ միջոց կոռուպցիայի դեմ պայքարում» միջազգային գիտագործնական համաժողովին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը և պայթյունատեխնիկական և հրդեհատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Դավիթ Մելքումյանը հանդես են եկել զեկույցներով համապատասխանաբար՝ «Փորձագետը, որպես դեպքի վայրի զննության մասնակից» և «Փորձագիտական սխալները՝ բացահայտում և կանխարգելում» թեմաներով, ինչպես նաև միջազգային գիտագործնական համաժողովի ժողովածուում տպագրության համար կազմակերպության կողմից ներկայացվել են երկու գիտական հոդվածներ: 
Համաժողովի ընթացքում փորձագիտական կառույցների միջև ակտիվ համագործակցության ձևավորման և փորձի փոխանակման համար, համաձայն Մոլդովայի ՆԳՆ ոստիկանության գլխավոր ինսպեկտորատի պետ Ա.Պընզարի 17.04.2018թ. թիվ 207 հրամանի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանին և պայթյունատեխնիկական և հրդեհատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Դավիթ Մելքումյանին շնորհվել է Մոլդովայի Հանրապետության «Պատվավոր փորձագետ» շքանշան և տրվել են համաժողովի մասնակցության հավաստագրեր։
Համաժողովի ընթացքում Սլովակիայի Հանրապետության Բրատիսլավայի դատափորձագիտական ինստիտուտի տնօրենի տեղակալ Ժոզեֆ Մլկվիկը «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանին հրավիրել է Սլովակիայի Հանրապետություն ք.Բրատիսլավիա՝ ծանոթանալու իրենց ինստիտուտի հնարավորություններին և փորձին՝ արդյունավետ համագործակցության դիտարկման նպատակով։

Archive

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի մասնակցությունը «Դատական բժշկության և փորձագիտական պրակտիկայի արդի հարցերը - 2018» Միջազգային կոնգրեսին

Ռուսաստանի Դաշնության դատաբժշկական փորձագետների ասոցիացիայի հրավերով 2018 թվականի ապրիլի 17-ից 19-ը «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը, դատաբժշկական փորձաքննությունների բաժնի պետ Կարեն Մխիթարյանը և դատաբժշկական փորձագետ Սուրեն Օլենյանը գործուղվել էին Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ մասնակցելու «Դատական բժշկության և փորձագիտական պրակտիկայի արդի հարցերը - 2018» միջազգային կոնգրեսին: 
«Դատական բժշկության և փորձագիտական պրակտիկայի արդի հարցերը - 2018» միջազգային կոնգրեսի և դատաբժշկական փորձագետների ասոցիացիայի V համագումարի մասնակցության հիմնական նպատակն էր ծանոթանալ դատական բժշկության և համալիր քրեագիտական փորձաքննության ոլորտներին վերաբերող մի շարք արդիական հիմնախնդիրներին և փորձաքննությունների բնագավառում միջազգային առաջավոր փորձին՝ հնարավորություն ընձեռելով բարելավել փորձաքննությունների որակը, ինչպես նաև ընդլայնել գիտագործնական կապերը:
Միջազգային կոնգրեսին մասնակցում էին նաև տարբեր երկրների պատվիրակություններ, այդ թվում՝ Գերմանիայի, Պորտուգալիայի, Ղազախստանի դատաբժշկական փորձագիտական կազմակերպություններից: Միջազգային կոնգրեսին մասնակցում էին նաև ներկայացուցիչներ Ռուսաստանի Դաշնության Դատախազությունից, Քննչական կոմիտեից, ինչպես նաև այլ կառույցներից:
Կոնգրեսին ելույթներով հանդես են եկել Ռուսաստանի Դաշնության դատաբժշկական փորձագետների ասոցիացիայի նախագահ, բ.գ.դ. պրոֆեսոր Վ.Ա.Կլևնոն և այլ պատվավոր հյուրեր։ Առանձնացված սեկցիաների նիստերի ընթացքում հնչել են զեկույցներ դատական բժշկության և փորձագիտական պրակտիկայի տեսական, դատավարական, կազմակերպչական և մեթոդական հիմքերի, բուժաշխատողների մասնագիտական իրավախախտումների փորձաքննությունների և այլ նեղ մասնագիտական ուղղվածությունների վերաբերյալ թեմաներով: Միջազգային կոնգրեսում բարձրացվել են հարցեր, որոնք վերաբերում են դատաքիմիական, մոլեկուլյար-գենետիկական, անձի նույնականացման, բժշկաքրեագիտական, հյուսվածքաբանական, բիոքիմիական և որոշ այլ ուղղություններով հետազոտություններին:
«Դատական բժշկության և փորձագիտական պրակտիկայի արդի հարցերը - 2018» միջազգային կոնգրեսին 2018թ. ապրիլի 19-ին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը հանդես է եկել զեկույցով «Հուզական այրման համախտանիշի զարգացման ազդեցությունը բժշկական օգնության ցուցաբերման դեֆեկտների հաճախականության վրա» թեմայով:
Կարևոր է նշել, որ թեման լինելով արդիական մեծ հետաքրքրություն է առաջացրել կոնգրեսի մասնակիցների շրջանում, որի վերաբերյալ ծավալվել են հարց ու պատասխան և արդյունավետ քննարկումներ, այնուհետև «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի պատվիրակությունը մասնակցել է մասնագիտական մի շարք քննարկումներին:
Կոնգրեսի ընթացքում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ Ռուսաստանի Դաշնության դատաբժշկական փորձագետների ասոցիացիայի նախագահ, Մոսկվայի շրջանի դատաբժշկական փորձաքննությունների բյուրոյի տնօրեն, բ.գ.դ. պրոֆեսոր Վ.Ա.Կլևնոյի, Ռուսաստանի դատաբժշկական փորձաքննությունների կենտրոնի տնօրեն, գլխավոր դատաբժշկական փորձագետ, բ.գ.դ. Ա.ՎԿովալյովի, Ռուսաստանի դատաբժշկական փորձաքննությունների կենտրոնի տնօրենի գիտական գծով տեղակալ, բ.գ.դ. Ի.Յու.Մակարովի, Ռուսաստանի Դաշնության Իվանովոյի շրջանի դատաբժշկական փորձաքննությունների բյուրոյի պետ, բ.գ.դ. պրոֆեսոր Ս.Վ.Երաֆեևի, Մոսկվայի 2-րդ բժշկական համալսարանի դատական բժշկության ամբիոնի վարիչ, բ.գ.դ. պրոֆեսոր Ե.Մ.Կիլդյուշովի, ինչպես նաև բնագավառի այլ առաջատար մասնագետների հետ: Տեղի են ունեցել նաև առանձնազրույցներ, որոնց ընթացքում բարձրացվել են դատաբժշկական փորձաքննության բնագավառին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև քննարկվել են ոլորտում առկա խնդիրները: Ռուսաստանի Դաշնության համապատասխան կառույցների և «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի միջև շոշափվել են հարցեր գիտական մի շարք ուղղությունների վերաբերյալ, ինչպես նաև ձեռք է բերվել պայմանավորվածություն հետագա ակտիվ համագործակցության նպատակով իրականացնել համատեղ գիտական աշխատանքներ:
Հանդիպումներ և արդյունավետ քննարկումներ են տեղի ունեցել կոնգրեսին մասնակցող նաև մյուս երկրների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում նույնպես ձեռք են բերվել պայմանավորվածություններ հետագա համագործակցության և փորձի փոխանակման վերաբերյալ։
2018թ. ապրիլի 20-ին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի աշխատակիցներ Կարեն Մխիթարյանի և Սուրեն Օլենյանի մասնակցությամբ ճանաչողական այց են կատարվել Մոսկվայի շրջանի դատաբժշկական փորձաքննությունների բյուրո, որտեղ մանրամասն ներկայացվել են դատաբժշկական փորձաքննությունների լաբորատոր հետազոտությունների՝ դատաքիմիական, կենսաբանական, բժշկաքրեագիտական և հյուսվածքաբանական հնարավորությունները:
Նշենք նաև, որ «Դատական բժշկության և փորձագիտական պրակտիկայի արդի հարցերը - 2018» միջազգային կոնգրեսի ժողովածուում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանի և դատաբժշկական փորձաքննությունների բաժնի պետ Կարեն Մխիթարյանի համահեղինակությամբ տպագրվել է թեզիս՝ «Բժշկական օգնության ցուցաբերման դեֆեկտների կառուցվածքը» վերնագրով:
Միջազգային կոնգրեսին մասնակցության համար մասնակիցները սատացել են համապատասխան վկայականներ՝ 12 ՇՄԶ (շարունակական մասնագիտական զարգացման) միավոր:

Archive

ՏՀՏ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐՆ ԱՅՍՈՒՀԵՏ «ՌՈՍՏԵԼԵԿՈՄ»-Ի ՇՆՈՐՀԻՎ ԿԿԻՐԱՌՎԵՆ ՆԱԵՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ

Մայիսի 11-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» և «Ռոստելեկոմ» Հայաստանի միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր, որը նպատակ ուներ բարձրացնելու փորձաքննությունների ճշգրտության ու օբյեկտիվության մակարդակը տեխնոլոգիական ու ծրագրային նորագույն լուծումներով համալրելու միջոցով։
Հուշագրով կողմերը նախատեսում են համագործակցել, «PC Crash» համակարգչային ծրագրի և «VZM 300» դեսելեռոմետր սարքի ձեռքբերման և ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում տվյալ տեսակի հետազոտություններ իրականացնելու հնարավորությունների ներդրման հարցում, ինչը հնարավարություն կտա Հայաստանում իրականացնելու անկախ փորձաքննություններ ողջ աշխարհում լայնորեն կիրառվող և ժամանակակից լուծումների միջոցով։ ՀՀ-ում որևէ պետական փորձագիտական կազմակերպությունում ներդրված չեն և չեն իրականացվում նման ծրագրի և սարքի կիրառմամբ հետազոտություններ։
«Նորագույն տեխնոլոգիաների կիրառումն ամենատարբեր բնագավառներում արդեն իսկ ապացուցել է իր արդյունավետությունը, աշխատանքի օբյեկտիվության ու ճշգրտության բարձրացումը։ Զարգացած երկրներում բազմաթիվ ծրագրեր են մշակվում, որոնք նպաստում են քննիչների ու մասնագետների աշխատանքի որակի բարձրացմանը, օժանդակում են բնակչությանը տրամադրվող բարձրակարգ ծառայությունների մատուցմանը։ Ուրախ ենք մասը կազմելու և մեր ներդրումն ունենալու Հայաստանում հանրության համար մեծ կարևորություն ունեցող այս նախագծի իրականցման գործում։ «Ռոստելեկոմ»-ի և «Փորձաքննությունների ազգային բյուրո»-ի համագործակցությունն այսօր մեկ նպատակ ունի՝ նպաստելու ճանապարհատրանսպորտային պատահարների իրական ու օբյեկտիվ պատկերի ստացմանը, ինչը ոչ միայն վարորդների, այլ նաև հասարակության յուրաքանչյուր անդամի անվտանգության ու վստահության երաշխիքն է»,- հանդիպման ընթացքում նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը, հանդիսանալով Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի /ENFSI/ լիիրավ անդամ, ուսումնասիրել է Եվրոպական երկրների փորձը ճանապարհատրանսպորտային պատահարների հանգամանքների, տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և դատաավտոտեխնիկական փորձաքննությունների իրականացման ընթացքում կիրառվող արդի տեխնոլոգիաները և նորագույն գիտագործնական մեթոդները։ Արդյունքում պարզ է դարձել, որ «PC Crash» համակարգչային ծրագրի և «VZM 300» դեսելեռոմետր սարքի կիրառումը տվյալ բնագավառի արդի լավագույն լուծումներից են: 
«ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից նորագույն մեթոդների ներդրումը և նորարարական լուծումների կիրառումը, աշխատանքների արդիականացումը կարևոր խնդիրներից է կազմակերպության և առհասարակ մեր հանրապետությունում փորձագիտական հնարավորությունների ընդլայնման և զարգացման հարցումև այդ առումով խիստ կարևորվում է նման համագործակցության հնարավորությունը, մասնավորապես բարձր գնահատելով «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի կողմից ի դեմս պարոն Ֆահրամազյանի, համագործակցության շրջանակներում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում հետազոտությունների արդի հնարավորությունների ներդրման հարցում աջակցությունը։ Միջազգային պրակտիկայում ընդունված փորձագիտական մեթոդների և մեթոդիկաների ձեռքբերման և դրանց ներդրման ուղղությամբ կատարվող աշխատանքները, մեծապես նպաստում են իրականացվող փորձաքննությունների որակի շարունակական բարելավմանը և արդյունքների հավաստիության բարձրացմանը»,-նշեց ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը։
«PC Crash» համակարգչային ծրագիրը օբյեկտիվ և անկախ հետազոտություն իրականացնելու հնարավորություն է տալիս, ինչը մաթեմատիկական մոդելավորման և 3D պատկերների միջոցով թույլ է տալիս ստանալ օբյեկտիվ տեղեկատվություն ճանապարհատրանսպորտային պատահարին նախորդող և բուն ընթացքում իրադրության զարգացման՝ վթարի մեխանիզմի վերաբերյալ, իսկ «VZM 300» դեսելեռոմետր սարքը՝ ճանապարհատրանսպորտային պատահարների վայրում դատական փորձաքննություններ իրականացնելիս հետազոտելու և պարզելու տրանսպորտային միջոցի արգելակման ուղու երկարությունը՝ հնարավորություն տալով ստանալու օբյեկտիվ տեղեկություն անցած տարածության վերաբերյալ, ինչպես նաև իրականացնելու տրանսպորտային միջոցի արգելակման փորձարկում, մասնավորապես՝ նաև դանդաղեցման գրանցում և արգելակման հետքի չափում: Այն հնարավորություն կտա նաև գիտական ուղղություններով նոր հետազոտությունների իրականացման համար, առաջնորդվելով ոչ թե անցյալ դարի 80-ական թվականների մեթոդներով, այլ արգելակման տարածության չափսի վերաբերյալ հնարավորություն կտա հնարավորինս ստույգ պատկերացում կազմել ժամանակակից հետազոտության մեթոդի կիրառմամբ:
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը հանդիսանում է առաջատար և խոշորագույն փորձագիտական կառույց, որտեղ իրականացվում են փորձագիտական բնագավառի գիտական հետազոտություններ, ինչպես նաև տարաբնույթ փորձաքննություններ շուրջ 28 ուղղություններով և շուրջ 122 ենթատեսակներով։
Հուշագրի ստորագրումից հետո հյուրերը շրջայց կատարեցին կառույցի մասնաշենքերում, այցելեցին ֆիզիկատեխնիկական հետազոտությունների, քիմիական, ֆոտոտեխնիկական, դիմանկարային, տեսա- և աուդիոձայնագրական, համակարգչատեխնիկական, ձեռագրաբանական, հեղինակային և փաստաթղթաբանական, ձգաբանական, էկոլոգիական, դատաբժշկական, մշակութային, հողագիտական և կենսաբանական, տոքսիկոլոգիական (թունաբանական) փորձագիտական բաժիններ, ծանոթացան իրականացվող հիմնական աշխատանքներին։

Archive

ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է «ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ» ՊՈԱԿ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՈՒՆԵՑԵԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԵՏ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի այցի նպատակն էր ծանոթանալ հանրապետության խոշորագույն փորձագիտական կենտրոնում քրեական հետապնդում և արդարադատություն իրականացնող մարմինների կողմից նշանակվող փորձաքննությունների կազմակերպման և իրականացման լիարժեքության և ամբողջականության ապահովմանը միտված տեխնոլոգիական և մեթոդոլոգիական զարգացման ներկայիս վիճակին և հեռանկարներին, կազմակերպության տեխնիկական հագեցվածությանն ու առկա խնդիրներին: Հանդիպման ընթացքում կազմակերպության ղեկավարության և փորձագիտական անձնակազմի հետ քննարկվել են փորձաքննությունների առավել շոշափելի արդյունքների ապահովմանը խոչընդոտող գործոնների վերացման հիմնախնդիրներն ու անելիքները:
Այցելության ընթացքում ՀՀ գլխավոր դատախազը շրջել է Փորձաքննությունների ազգային բյուրոյի փորձագիտական ստորաբաժանումներով և լաբորատորիաներով, տեղում ծանոթանալով հատկապես ձեռքբերված նոր սարքավորումների միջոցով իրականացվող փորձաքննությունների ընթացքին, առկա փորձագիտական հնարավորություններին, փորձագետների հետ զրուցելով նաև առանձին նեղ մասնագիտական ոլորտային ուղղություններով փորձաքննությունների առանձնահատկությունների մասին: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հետաքրքրել է մասնավորապես՝ ՀՀ դատախազության անմիջական նախաձեռնությամբ ձեռքբերված ծառի հատման վաղեմության որոշման և կոճղի հետ փայտանյութի նույնականացման ապահովման դենդրոխրոնոլոգիական փորձաքննության իրականացման արդի սարքի շահագործման արդյունավետությունը՝ տվյալ սարքի կիրառմամբ փորձագիտական հետազոտությունների հնարավորությունները:
Փորձաքննությունների ազգային բյուրոյի փորձագիտական անձնակազմի հետ հանդիպման ժամանակ ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ դժվար է գերագնահատել փորձագետների դերակատարումը քրեական գործերով ամբողջական և բազմակողմանի քննության ապահովման, հանցագործությունների բացահայտման վերջնարդյունքում արդարադատության իրականացման տեսանկյունից: Դրան զուգահեռ, սակայն, Գլխավոր դատախազը շեշտել է նաև ինչպես առանձին գործերով, այնպես էլ իրենց ունեցած քրեադատավարական դերակատարության առաքելության նկատմամբ խորը պատասխանատվության զգացմունքի կարևորությունը՝ նկատի ունենալով, որ շատ դեպքերում փորձագետի եզրակացությունը բեկումնային նշանակություն է ունենում քրեական գործերի արդյունքների համար՝ ինչպես դրական, այնպես էլ բացասական իմաստով: 
Գլխավոր դատախազն ընդգծել է նաև փորձաքննությունների իրականացման ընթացքում փորձագետների անաչառ և զուտ մասնագիտական գնահատականների սահմաններում գտնվելու կարևորությունը, հատուկ ընդգծելով նաև առհասարակ փորձագետների կողմից նեղ անձնական ինչ-ինչ այլ սկզբունքներով առաջնորդվելու հնարավորության բացառման կարևորությունը, ի նկատի ունենալով նաև կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ գլխավոր դատախազության որդեգրված մոտեցումները՝ հորդորելով փորձաքննություններ իրականացնելիս մնալ բացառապես փորձաքննության օբյեկտի հետազոտման շրջանակներում և հնարավոր կողմնակի ճնշումների գործադրման անգամ փորձերի դեպքում դրսևորել հաստատակամություն փորձաքննությունների օբյեկտիվ ընթացքն ապահովելու համար՝ այդ մասին անմիջապես տեղյակ պահելով պատկան մարմիններին։ 
 Պրն.Դավթյանը կարևորել է նաև փորձագետների մասնագիտական կարողություններին ու որակական հատկանիշները շարունակական, համաշխարհային տեխնոլոգիական և մեթոդաբանական տենդենցներին համահունչ զարգացնելու, ինչպես նաև փորձագիտական հետազոտությունների լիարժեքությունն ու ճշգրտությունն ապահովելուն միտված սարքավորումների ձեռքբերման ուղղությամբ առանձնահատուկ նախաձեռնողականություն ցուցաբերելու անհրաժեշտությունը, նշել է. «Բյուրոյի կողմից ցանկացած այնպիսի նախաձեռնությանը, որն ուղղված կլինի փորձաքննությունների որակի և որոշակիության բարձրացմանը, որոնք չափազանց կարևոր նշանակություն ունեն քննության անաչառության համար, նույնիսկ եթե դրանք վերաբերում են տեխնիկապես զինմանը, պատրաստ ենք աջակցելու մեր իրավասության սահմաններում»: 
Բացի այդ, Գլխավոր դատախազն ընդգծել է նաև կազմակերպության կազմում գործող Քրեաբանության կիրառական հիմնախնդիրների գիտահետազոտական կենտրոնի կողմից կատարվող քրեաբանական հետազոտությունների կարևորությունը, որն էական նշանակություն ունի Հայաստանի Հանրապետությունում հանցավորության և դրա առանձին տեսակների պատճառների և նպաստող պայմանների, դրանց կրիմինոլոգիական գործոնների բացահայտման հարցում՝ էական նշանակություն ունենալով քրեական քաղաքականության ճիշտ և նպատակային ուղղությամբ զարգացնելու առումով:
Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արգամ Հովսեփյանն իր պատասխան խոսքում շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին ինչպես իրենց աշխատանքի և խնդիրների լուծման նկատմամբ դրսևորած ուշադրության, այնպես էլ որդեգրած ուղղություններով կենտրոնի կողմից իրականացվող փորձաքննությունների արդյունավետության, ճշգրտության մակարդակը բարձրացնելու հարցում դատախազության դրսևորած շահագրգռության համար:
Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենը նաև նշել է, որ իրականացվելու են բոլոր անհրաժեշտ աշխատանքները համաշխարհային փորձագիտական հեղինակավոր կենտրոնների և կառույցների հետ կազմակերպության համագործակցությունն ընդլայնելու, նրանց ներուժը և լավագույն փորձը Հայաստանում ներդնելու, կիրառելու, արտերկրում Կազմակերպության փորձագետների մասնագիտական կարողությունները զարգացնելու, նշանակվող փորձաքննությունների իրականացման համար ժամանակակից գիտափորձնական մեթոդների, գիտատեխնիկական միջոցների մշակման, փորձարկման և ներդրման ուղղությամբ:

Archive

ԱՆՏԱՌԱՅԻՆ ԷԿՈ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ ՆՈՐ ԴԵՆԴՐՈԽՐՈՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «LINTAB» LTM06-E ՄՈԴԵԼԻ ՍԱՐՔԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ

2018 թվականին առաջին անգամ Հայաստանում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում սկսվել է դատափորձագիտական բնագավառում նոր դենդրոխրոնոլոգիական գործիքային մեթոդի ներդրման և հետազոտության իրականացման գործընթացը, որը թույլ է տալիս պարզել այնպիսի հարցեր, ինչպիսիք են ծառահատման վաղեմությունը, ապօրինի անտառահատումների հետ կապված դրանց իդենտիֆիկացման հարցերը, ծառատեսակների ընտանիքը, ծառի հստակ տարեթիվը, թե որ տարում և ամսին է հատվել ծառը /ծառախումբը/, հատված ծառերի ժամանակային տարբերությունը, հատված ծառի ծագման  իդենտիֆիկացումը, փորձաքննության ներկայացված փորձանմուշները հանդիսանում են արդյոք միևնույն ծառատեսակի կտորներ, ծառի կենսական վիճակը, հատման ժամանակը, կլիմայական պայմանները տվյալ տարածաշրջանում և այլն: 
Այդ առումով կազմակերպության հողագիտական փորձաքննությունների  բաժանմունքը համալրվել է  ՀՀ դատախազության անմիջական նախաձեռնությամբ ձեռքբերված ծառի հատման վաղեմության որոշման և կոճղի հետ փայտանյութի նույնականացման ապահովման դենդրոխրոնոլոգիական փորձաքննության իրականացման արդի RINNTECH ֆիրմայի գերմանական արտադրության  «LINTAB» LTM06-E մոդելի սարքով և TSAP-Win համակարգչային ծրագրով: 
Կիրառելով նշված սարքը և կից ծրագրային ապահովումը  դատական փորձաքննության մեջ՝ հնարավորություն կընձեռվի առաջին անգամ Հայաստանում էապես մեծացնել փորձաքննության ապացուցողական նշանակությունը այս բնագավառում և հնարավորինս նվազեցնել մարդկային գործոնի  ազդեցությունը՝ ստեղծելով փորձագիտական նոր և կարևոր հնարավորություններ։ «LINTAB» սարքը ընդգրկում է 80 անգամ խոշորացմամբ Leica տեսակի մանրադիտակ, որին ամրացված է բարձր կետայնությամբ տեսախցիկ, որը թույլ է տալիս համակարգչի էկրանին տեսնել փորձանմուշը համապատախան խոշորացմամբ, իրականացնել տեսա և ֆոտոնկարահանում, ինչպես նաև իրականացնել համեմատական հետազոտություններ։  Սարքը թույլ է տալիս չափել ինչպես ամբողջական տարեկան օղակը, այնպես էլ վաղ և ուշ բնափայտերը (տարեկան օղակները)։ Ընդ որում, կարելի է նախօրոք ընտրել օղակների հաշվման ուղղությունը՝ միջուկից կեղև կամ կեղևից միջուկ։
Հաշվի առնելով սարքի կանոնավոր աշխատանքի ապահովման անհրաժեշտությունը «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի Էկոլոգիական, հողագիտական և կենսաբանական փորձաքննությունների բաժնի, Էկոլոգիական փորձաքննությունների բաժանմունքի փորձագետի պաշտոնակատար Տիգրան Հայրապետյանը մասնակցել է Գերմանիայի Դաշնության Հեյդելբերգ քաղաքում գործող RINNTECH ընկերության կողմից կազմակերպված դասընթացին։ Դասընթացի նպատակն էր առավել մանրակրկիտ ծանոթանալ RINNTECH կազմակերպության կողմից արտադրված «LINTAB» LTM06-E մոդելի սարքավորման աշխատանքային գործառույթներին և TSAP-Win ծրագրային ապահովման հնարավորություններին։ Դասընթանն անցկացվել է 2 փուլով՝ դաշտային և լաբորատոր աշխատանքներ տվյալ ընկերությունում արդեն գործող «LINTAB» LTM06-E մոդելի սարքի կիրառմամբ։ Դասընթացներն անցկացվել է RINNTECH կազմակերպության անմիջական հիմնադիր Ֆրանկ Ռինի կողմից։ Ընդհանուր առմամբ մասնակցությունը տվյալ դասընթացին հնարավորություն է  ընձեռել այս սարքի և տեխնոլոգիայի հիմնադրի՝ Ֆրանկ Ռինից ստանալ մանրամասն գործողությունների պլան՝ հետազոտական աշխատանքներն առավել արդյունավետ և ճշգրիտ իրականացնել համար: Դասընթացների ավարտին Տիգրան Հայրապետյանը ստացել է համապատասխան վկայագիր:
Ներկայումս Էկոլոգիական, հողագիտական և կենսաբանական փորձաքննությունների բաժնում սկսվել է գործընթացը դատափորձագիտական բնագավառում դենդրոխրոնոլոգիական բազաների ստեղծման (համալրման) աշխատանքների իրականացման ուղղությամբ, որը հնարավորություն  կընձեռի վերլուծել Հայաստանի անտառատնտեսությունում տեղի ունեցող գործընթացները: