slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

     Հարգելի այցելու, 
     Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության պաշտոնական կայք էջում: Հուսով եմ այստեղ Դուք կգտնեք Ձեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը, կծանոթանաք «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կառուցվածքին, հիմնական գործառույթներին և փորձագիտական հնարավորություններին՝ կատարվող փորձաքննությունների տեսակներին և ենթատեսակներին, փորձագիտական բնագավառի տարբեր ոլորտների հետազոտությունների նոր մեթոդների կիրառման վերաբերյալ տեղեկատվությանը և նորություններին: Կայք էջում զետեղված տեղեկատվությունը հնարավորություն կտա ճիշտ կողմնորոշվել ինչպես քրեական հետապնդում և արդարադատություն իրականացնող մարմիններին՝ իրենց գործառույթների իրականացման ընթացքում, այնպես էլ իրավաբանական և ֆիզիկական անձանց՝ իրենց իրավունքների պաշտպանության ընթացքում փորձագիտական ծառայության հնարավորություններից լիարժեք օգտվելու հարցերում:
     Ցանկանում եմ ընդգծել, որ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը, հանդիսանալով նաև դատափորձագիտական ինստիտուտների Եվրոպական ցանցի (ENFSI) լիիրավ անդամ, իր ողջ թիմով մշտապես նպատակամղված է կատարելագործել և զարգացնել դատափորձագիտական բնագավառի հնարավորությունները մեր երկրում՝ ապահովելու համար միջազգային մակարդակի փորձագիտական արդի հնարավորությունների ներդրումը Հայաստանի Հանրապետությունում:

director

Արգամ Նորայրի Հովսեփյան

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն, բ.գ.թ.

Լրահոս

news

Բաց դաս «դատաապրանքագիտական փորձաքննության էությունը, տեսակները, քրեա-իրավական ոլորտում փորձաքննության լուծման ենթակա հարցերը և առկա խնդիրները» թեմայով}

2018 թվականի հոկտեմբերի 19-ին ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի ուսանողների և դասախոսների առաջարկով շարունակական կրթության և կարիերայի բաժնի նախաձեռնությամբ կազմակերպվել էր բաց դաս՝ «Դատաապրանքագիտական փորձաքննության էությունը, տեսակները, քրեա-իրավական ոլորտում փորձաքննության լուծման ենթակա հարցերը և առկա խնդիրները» թեմայով, որի համար հրավիրվել էին ՀՊՏՀ շրջանավարտներ, ինչպես նաև դասախոսական կազմի ներկայացուցիչներ: Բաց դասն անցկացվել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ապրանքագիտական փորձաքննությունների բաժնի պետ Հովհաննես Գաբրիելյանի, փորձագետներ Շուշանիկ Մովսիսյանի և Հարություն Թովմասյանի կողմից: Բաց դասին մասնակցում էին նաև մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի կոմերցիայի և բիզնեսի կազմակերպման ամբիոնի ապրանքագիտություն և ապրանքների որակի փորձաքննություն մասնագիտության ուսանողները, ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը, ի դեմս դասախոսներ` Ս.Սարատիկյանի, Ս.Սահրադյանի, Վ.Մելիքյանի, շարունակական կրթության և կարիերայի բաժնի պետ Աիդա Առուստամյանի:  Բաց դասի ընթացքում ապրանքագիտական փորձաքննությունների բաժնի պետ Հովհաննես Գաբրիելյանը մանրամասն ներկայացրել է   «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի գործունեությունը, իրավասությունների շրջանակը, կառուցվածքը, գիտական գործունեությանն ու միջազգային համագործակցությանը՝ կարևորելով Հայաստանի Հանրապետությունում բյուրոյի կարևորագույն նշանակությունը՝ քրեա-իրավական ոլորտում: Ներկայացվել է նաև ապրանքագիտական փորձաքննությունների բաժնում կատարվող փորձաքննությունների տեսակները և ենթատեսակները, փորձագիտական հետազոտությունների օբյեկտները, խնդիրներն ու ուղղվածությունները՝ նշելով, որ յուրաքանչյուր տարի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում իրականացվում են քրեական, քաղաքացիական, վարչական գործերով և պայմանագրային հիմունքներով ավելի քան 1100՝ տարբեր ենթատեսակների ապրանքագիտական փորձաքննություններ: 
Բաժնի փորձագետներ՝ Շ.Մովսիսյանը և Հ.Թովմասյանը, իրենց հերթին հանգամանորեն ներկայացրել են իրենց կողմից կատարվող փորձաքննությունների իրականացման առանձնահատկությունները՝ նշելով, որ, առհասարակ փորձագետը պետք է գործի օբյեկտիվ, հետազոտությունները կատարի բազմակողմանի և լրիվ, պատրաստ լինի տարբեր իրավիճակների, տրված եզրակացությունների շրջանակներում դատարաններում կարողանա անկաշկանդ լինել պարզաբանումներ տալիս:
Խոսվել է նաև հմտորեն կեղծված ապրանքների, մասնավորապես` ոսկերչական իրերի, բջջային հեռախոսների, բրենդային ապրանքների վերաբերյալ կատարվող փորձաքննությունների, նաև համալիր փորձաքննությունների առանձնահատկություների մասին: 
Բաց դասի վերջում ուսանողների, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական կազմի կողմից հնչել են տարբեր հարցադրումներ, որոնց փորձագետներն՝ իրենց փորձագիտական գիտելիքների շրջանակներում տվել են սպառիչ պատասխաններ:
Շնորհակալական խոսքով հանդես են եկել դասախոսները՝ նշելով, որ նմանատիպ բաց դասերը կարևոր և նշանակալից են ԲՈՒՀ-ում ձեռք բերված և աշխատավայրում ավելի խորացված գիտելիքները պրակտիկայում կիրառելու համար:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում կազմակերպելու ճանաչողական այց, ծանոթանալու սարք-սարքավորումներով հագեցվածությանը, ինչպես նաև լաբորատոր միջամտությամբ կատարվող փորձաքննությունների առանձնահատկություններին: 
ՀՊՏՀ-ի կողմից ստացվել է շնորհակալական նամակ՝ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետների կողմից բովանդակալից բաց դասի անցկացման համար՝ ակնկալելով ակտիվ շարունակական համագործակցություն:

news

ՓԱԲ-ի պատվիրակությունը մասնակցել է Ուկրաինայի ԱՆ պրոֆեսոր Ն.Ս.Բոկարիուսի անվան Խարկովի դատական փորձաքննությունների ԳՀԻ հիմնադրման 95-ամյակին նվիրված միջազգային գիտագործնական համաժողովին}

Ուկրաինայի արդարադատության նախարարության պրոֆեսոր Ն.Ս.Բոկարիուսի անվան Խարկովի դատական փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, ի.գ.դ, պրոֆեսոր Ալեքսանդր Կլյուևի հրավերով 2018 թվականի հոկտեմբերի 09-ից 12-ը «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա.Հովսեփյանը և տնօրենի տեղակալ Պ.Ոսկանյանը երկօրյա այցով մեկնել են Ուկրաինա, քաղաք Խարկով՝ մասնակցելու «Դատական փորձագիտության և քրեագիտության արդի հարցերը» միջազգային գիտագործնական համաժողովին՝ նվիրված Ուկրաինայի արդարադատության նախարարության պրոֆեսոր Ն.Ս.Բոկարիուսի անվան Խարկովի դատական փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտի հիմնադրման 95-ամյակին:
Միջազգային գիտագործնական համաժողովին մասնակցում էին պատվիրակությունների ներկայացուցիչներ Մոլդովայից, Ռումինիայից, Բելառուսից, Լեհաստանից, Լիտվայից, Ղազախստանից և այլ երկրներից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունից, ի դեմս «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի պատվիրակության։ 
Միջազգային գիտագործնական համաժողովի առաջին օրը «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա.Հովսեփյանը հարցազրույց է տրվել Խարկովի «Օբյեկտիվ» հեռուստատեսությանը՝ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Ուկրաինայի արդարադատության նախարարության պրոֆեսոր Ն.Ս.Բոկարիուսի անվան Խարկովի դատական փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտի միջև կնքված պայմանագրի շրջանակներում համագործակցության հնարավորությունների և զարգացման հեռանկարների վերաբերյալ: 
Միջազգային գիտագործնական համաժողովի ընթացքում բացման խոսքով և հետագա ելույթներով հանդես են եկել Ուկրաինայի արդարադատության նախարարության պրոֆեսոր Ն.Ս.Բոկարիուսի անվան Խարկովի դատական փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, ի.գ.դ, պրոֆեսոր Ալեքսանդր Կլյուևը, Ուկրաինայի արդարադատության փոխնախարար, ի.գ.դ, Սվետլանա Գլուշենկոն, Ուկրաինայի Հանրապետության Խարկով շրջանի դատախազ Դանիլչենկո Յուրին, Յարոսլավ Մուդրիի անվան Ազգային իրավաբանական համալսարանի ռեկտոր, Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Վասիլի Տացին, Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսներ, բուհերի ռեկտորներ, պետական մարմինների ղեկավարներ և այլ պատվավոր հյուրեր, ինչպես նաև միջազգային դատափորձագիտական կառույցների ներկայացուցիչներ՝ հանդիսավոր ուղերձներով շնորհավորելով Խարկովի դատական փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտի ներկայացուցիչներին, ընդգծելով և կարևորելով ինստիտուտի դերն ու նշանակությունը Ուկրաինայի դատաքննչական մարմինների գործունեության պատշաճ իրականացման համակարգում: 
Հայաստանյան գործընկեր կառույցի անունից համապատասխան ելույթով և շնորհավորական ուղերձով հանդես է եկել «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն, բ.գ.թ. Արգամ Հովսեփյանը։ 
Միջազգային գիտագործնական համաժողովի ընթացքում շնորհավորական ուղերձներից հետո մեկնարկել են պլենար նիստեր, որոնց ընթացքում հնչեցվել են մի շարք ելույթներ՝ նվիրված դատական փորձագիտության և քրեագիտության ոլորտների արդիական հիմնախնդիրներին, դատափորձագիտական ոլորտում միջազգային պահանջներին արդարադատության ապահովման ստանդարտիզացման համապատասխանեցմանը, մեթոդների և միջլաբորատոր փորձարկումների վալիդացման միջազգային փորձին, քրեագիտության դերին, կոռուպցիայի դեմ պայքարում համագործակցության կարևորությանը, դատական փորձաքննության ոլորտը կարգավորող ազգային օրենսդրությանը, վերջինիս հետ կապված խնդիրներին և մարտահրավերներին, դատական փորձաքննությունների ոլորտում քաղաքականության մշակման և իրականացման գործընթացում սխալների կանխարգելմանը, դատական փորձագետի մասնագիտությունում առկա կոռուպցիոն ռիսկերի և փորձագիտական նեղ ոլորտների հիմնախնդիրներին, դատափորձագիտական նույնականացման մեթոդոլոգիայի ակտուալ հարցերին և այլն: 
Համաժողովի ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ Լեհաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատահետազոտական ինստիտուտի տնօրեն Լիսցիկ Վիսցոռիկի հետ, որի ընթացքում քննարկվել են հնարավոր միջոցները Եվրոպական Միության դրամաշնորհային ծրագրերում Կազմակերպության ներգրավվման ուղղությամբ: Լեհաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական քրեագիտական լաբորատորայի ղեկավարության հետ քննարկվել են փորձագիտության բնագավառում ավտոտրանսպորտային փորձաքննության հետազոտության, մասնավորապես՝ տրանսպորտային միջոցի իրական վազքի ցուցանիշի հայտնաբերման, տրանսպորտային միջոցի VIN–CODE կառուցվածքով նախատեսված գործարանային VIN–CODE-ի հետ համեմատական հետազոտության մեթոդների և մեթոդիկաների վերաբերյալ մի շարք արդիական հարցեր:
Մոլդովայի Հանրապետության ազգային դատափորձագիտական ինստիտուտի տնօրեն Օլգա Կատառագայի և Ղազախստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատափորձագիտական կենտրոնի դատական փորձաքննությունների վերահսկման և համակարգման վարչության ղեկավար ժյումաբայևա Բակիտգուլի հետ քննարկման ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ փորձագիտության բնագավառին առնչվող տեղեկատվական նյութերով հետագայում փոխանակվելու, ինչպես նաև փորձագետների միջև գործնական կապեր ձևավորելու և համագործակցության վերաբերյալ: Ուկրաինայի Հանրապետության արդարադատության նախարարությանը կից մտավոր սեփականության դատական փորձաքննությունների գիտական և գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Վլադիսլավ Ֆեդորռենկոյի հետ քննարկվել են մի շարք հարցեր փորձաքննությունների տվյալ բնագավառին վերաբերող ոչ նյութական ակտիվների գնահատման մեթոդների և այլ հարցերի հետ կապված՝ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում տվյալ տեսակի փորձաքննությունների իրականացման շրջանակների ընդլայնման, ինչպես նաև խորացված համագործակցության ծավալման համար: 
Միջազգային գիտագործնական համաժողովի ընթացքում ճանաչողական այց է կատարվել նաև պրոֆեսոր Ն.Ս.Բոկարիուսի անվան Խարկովի դատական փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտ, որտեղ փորձագիտական բաժինների ղեկավարները ներկայացրել են իրենց ձեռքբերումները և առաջիկա նորարարական նախաձեռնությունները, ավտոտեխնիկական, ձգաբանական, ձեռագրաբանական, կենսաբանական, հոգեբանական և այլ փորձագիտական հնարավորությունները, այդ թվում՝ դատահոգեֆիզիոլոգիական փորձաքննությունների բնագավառում պոլիգրաֆ սարքի կիրառմամբ առկա հնարավորությունները, ինչպես նաև ծանոթացվել են շինարարական փորձաքննությունների բնագավառում նաև ճանապարհաշինարարական փորձաքննությունների ընթացքում կիրառվող սարքերի հագեցվածությանը, փորձագիտական հնարավորություններին և տվյալ տեսակի փորձաքննությունների առանձնահատկությունների վերաբերյալ ունեցած փորձին՝ այդպիսիք Հայաստանի Հանրապետությունում ներդրման հնարավորությունների դիտարկման և իրականացման համար: 
Հայաստանի Հանրապետություն վերադառնալուց հետո Ուկրաինայի արդարադատության նախարարության պրոֆեսոր Ն.Ս.Բոկարիուսի անվան Խարկովի դատական փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Ա.Ն.Կլյուևի կողմից ստացվել է շնորհակալական նամակ՝ միջազգային գիտաժողովի աշխատանքներին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի պատվիրակության ակտիվ մասնակցության համար:

news

ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի (ԹՊԻՀ-INL) նորանշանակ ղեկավարի այցը «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ}

2018 թվականի հոկտեմբերի 9-ին ճանաչողական այցով «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ էր այցելել Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ԹՊԻՀ (INL) ծրագրի նորանշանակ ղեկավար, առաջին քարտուղար Մայքլ Շուլմանը՝ ԹՊԻՀ ծրագրի առաջատար մասնագետ Կարինե Քեշաբյանի ուղեկցությամբ։
Այցի նպատակն էր ԹՊԻՀ ծրագրի ղեկավար Մ.Շուլմանին ծանոթացնել կազմակերպության կողմից ԹՊԻՀ ծրագրի շրջանակներում մինչ օրս իրականացված աշխատանքներին, ներկայիս գործունեությանը և հնարավորություններին, ինչպես նաև քննարկել ներկայիս գերակա ուղղություններն ու հեռանկարները հետագա համագործակցության և զարգացման ապահովման համար։ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանի կողմից ներկայացվել են կազմակերպության հիմնադրման նպատակները, կառուցվածքը, ձեռքբերումներն ու և անցած ուղին, հիմնական գործառույթները, որակի կառավարման համակարգը և նպատակները, տարբեր ուղղություններով իրականացվող փորձագիտական և գիտական աշխատանքները, փորձագիտական ստորաբաժանումների լաբորատորիաների հագեցվածությունը, կիրառվող արդի մեթոդները և մեթոդիկաները, ընթացակարգերը, իրականացվող փորձաքննությունների տեսակներն ու ենթատեսակները, շուրջ 15 տարվա գործունեության ընթացքում ձեռքբերված փորձը, հնարավորություններն ու զարգացման հեռանկարները։
Ա. Հովսեփյանի կողմից կարևորվել է Հայաստանի Հանրապետության կառավարության, ԱՄՆ կառավարության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության դերն ու նշանակությունը Կազմակերպության ստեղծման, զարգացման և կայացման հարցում: Նա նաև նշել է, որ կազմակերպությունը, Հայաստանի Հանրապետությունում հանդիսանալով առաջատար դատափորձագիտական կառույց և լինելով ENFSI լիիրավ անդամ, հաշվի առնելով դատափորձագիտական բնագավառի ներկայիս զարգացման միտումները, չսահմանափակվելով ունեցած բավարար գիտագործնական պոտենցիալով և նյութատեխնիկական հագեցվածությամբ, նպատակաուղղված է ձեռնարկել շարունակական բոլոր հնարավոր միջոցները՝ ՀՀ-ում դատափորձագիտական ոլորտի զարգացման և գործունեության պատշաճ մակարդակի ապահովման նպատակով, նպաստելու համար ՀՀ-ում քրեական հետապնդում և արդարադատություն իրականացնող մարմինների կողմից նշանակվող դատական փորձաքննությունների իրականացման պատշաճ որակի և արժանահավատ արդյունքների ապահովմանը: 
Այնուհետև, Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Ա.Հովսեփյանի ուղեկցությամբ ԹՊԻՀ (INL) ծրագրի ղեկավար, առաջին քարտուղար Մայքլ Շուլմանն այցելել են կազմակերպության փորձագիտական բաժիններ և լաբորատորիաներ` հատուկ ուշադրություն դարձնելով բաժիններում գործող փորձագիտական սարք-սարքավորումներով հագեցվածությանը, ծանոթացվել է փորձագիտական հետազոտություններ կատարելու ընթացքում կիրառվող մեթոդներին և տեխնոլոգիաներին: 
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագիտական ստորաբաժանումների լաբորատորիաներ այցելելու ընթացքում մանրամասն ներկայացվել են այն բոլոր սարք-սարքավորումներն ու դրանց ընձեռած հնարավորությունները, որոնք նվիրաբերվել են Կազմակերպությանը Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության օժանդակությամբ ԹՊԻՀ (INL) ծրագրի շրջանակներում։
Այցի ընթացքում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը շնորհակալություն է հայտնել ԹՊԻՀ/INL ծրագրի ղեկավար Մայքլ Շուլմանին, ինչպես նաև ԹՊԻՀ/INL գրասենյակի ողջ անձնակազմին ծրագրի շրջանակներում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին կատարած բազմաթիվ արժեքավոր նվիրատվությունների և ցուցաբերած մեծածավալ աջակցության համար, վստահություն հայտնելով, որ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հնարավորությունների հզորացմանն ու զարգացմանն ուղղված ԱՄՆ դեսպանության տարիների ընթացքում ցուցաբերած աջակցությունը ծառայում է Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական բնագավառի արդիական հնարավորությունների ապահովմանն ու արդյունավետ կիրառմանը քրեական հետապնդման և արդարադատության իրականացման ոլորտում՝ նպաստելով իրավապահ համակարգի արդյունավետության բարձրացմանը, հանցավորությանն ու կոռուպցիային համարժեք հակազդմանը:
Հանդիպման ընթացքում նաև քննարկվել են ներկայումս Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական ոլորտին առնչվող արդիական մի շարք հարցեր և ԹՊԻՀ ծրագրի շրջանակներում համագործակցության շարունակականության ապահովման կարևոր թեմաներ։
Այցի ավարտին Մայքլ Շուլմանը շնորհակալություն է հայտնել «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա.Հովսեփյանին ջերմ ընդունելության և առկա հնարավորություններին ու զարգացման հեռանկարներին հանգամանալից ծանոթության համար՝ պատրաստակամություն հայտնելով հետագա ակտիվ համագործակցության ապահովման հարցում։

news

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի մասնակցությունը «Վերապատրաստողների վերապատրաստում դասավանդման մեթոդիկայի վերաբերյալ» խորագրով դասընթացներին}

2018 թվականի սեպտեմբերի 22-ից 23-ը Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի հրավերով «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի պայթյունատեխնիկական և հրդեհատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Դավիթ Մելքումյանը մասնակցել է Ծաղկաձորում տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի դասախոսների համար կազմակերպված «Վերապատրաստողների վերապատրաստում դասավանդման մեթոդիկայի վերաբերյալ» խորագրով դասընթացներին: Դասընթացներն իրականացվել են Արդարադատության ակադեմիայի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համագործակցության շրջանակներում՝ Գերմանիայի արդարադատության և սպառողների պաշտպանության դաշնային նախարարության ֆինանսավորմամբ: Նշենք, որ միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամը (IRZ) իրականացնում է փորձագետների հետ հանդիպումներ, վերապատրաստման և որակավորման դասընթացներ, սեմինարներ և համաժողովներ:
Տվյալ վերապատրաստման դասընթացների նպատակն էր դասախոսներին ուսուցանել լսարանի հետ ստեղծելու հաղորդակցման օպտիմալ կապ՝ դասընթացը դարձնելով ավելի տեսողական, ինչն էլ հնարավորություն կընձեռի լսարանին ավելի հեշտ ընկալել նյութը, ընդլայնել մասնագիտական գիտելիքները, կատարելագործել գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողականությունը և այլն:
Միջոցառմանը բացման խոսքով և հետագա ելույթներով հանդես են եկել Արդարադատության Ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր, դասընթացավար Անահիտ Մանասյանը և Մարդու իրավունքների գծով Եվրոպայի Խորհրդի փորձագետ Արա Ղազարյանը։ Միջոցառումն իրականացվել են Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամում (IRZ) անմիջական գործընկերներ՝ Հարավային Կովկասի բաժնի ղեկավար Թերեզա Թալհամերի և IRZ-ի հայաստանյան ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանի կողմից: Դասընթացը վարել է գերմանացի փորձագետ, Թեթնանգի առաջին ատյանի դատարանի նախագահի մշտական ներկայացուցիչ, մամուլի խոսնակ, Կոնստանցի և Լուցեռնի համալսարանների դասախոս, դատավոր Մարտին Հուսսելսը: 
Երկօրյա դասընթացի ընթացքում Մարտին Հուսսելսը ներկայացրել է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ մեծահասակների համար նախատեսված վերապատրաստումների ծրագրերը, կոնկրետ վերապատրաստման ծրագրերի կազմման առանձնահատկությունները, լսարանի հետ հաղորդակցման միջոցները, վերապատրաստման տեխնիկաները և միջոցները, դասընթացավարների համար բովանդակային հիմնախնդիրները և այլն:
Դասընթացի ավարտին մասնակիցներն իրենց շնորհակալական խոսքն են ուղղել միջոցառման կազմակերպիչներին և ստացել համապատասխան հավաստագրեր:

news

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ն ընդլայնում է համագործակցության կապերի շրջանակը դատահոգեբանական փորձաքննությունների ոլորտում}

2018 թվականի սեպտեմբերի 20-ին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Պատվական Ոսկանյանը և հոգեբանական փորձաքննությունների բաժնի պետ Անի Վարդանյանը մասնակցել են Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգեբանության ամբիոնի ստեղծման 10-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին՝ «Դատահոգեբանական փորձաքննության և հոգեբանի մասնակցությամբ համալիր փորձաքննության զարգացման արդի հիմնախնդիրները և հեռանկարները» թեմայով, որը կազմակերպվել էր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Կալուգայի Կ.Է. Ցիալկովսկու անվան պետական համալսարանի հետ համատեղ: Միջազգային գիտաժողովին մասնակցում էին 10 երկրի պատվիրակություններից 117 ներկայացուցիչ:
 Տվյալ միջազգային գիտաժողովի շրջանակներում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ղեկավարության հրավերով կազմակերպություն էին այցելել Ռուսաստանի Դաշնության դատական փորձաքննության և կրիմինալիստիկայի գիտահետազոտական կենտրոնի ղեկավար, Կալուգայի Կ.Է. Ցիալկովսկու անվան պետական համալսարանի ընդհանուր և իրավաբանական հոգեբանության ամբիոնի հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վալի Ենգալիչևը և Ռուսաստանի Դաշնության «Փորձագետ-կրիմինալիստ» դաշնային գիտագործնական ամսագրի գլխավոր խմբագիր, Օ.Ե. Կուտաֆինի անվան Մոսկվայի պետական իրավաբանական համալսարանի կրիմինալիստիկայի ամբիոնի դոցենտ, իրավաբանական գիտությունների դոկտոր Յարասլավա Կոմիսարովան:
Այցի ընթացքում հյուրերը հանդիպել են «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ղեկավարության և հոգեբանական փորձաքննությունների ստորաբաժանման անձնակազմի հետ, որի ընթացքում ծանոթացել են «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հիմնական գործառույթներին, իրականացվող փորձագիտական և գիտական աշխատանքներին, դրանց ուղղվածություններին, հատկապես հոգեբանական, լինգվիստիկական և դատաբժշկական ինչպես առանձին ուղղություններով իրականացվող փորձաքննություններին, այնպես էլ համալիր իրականացվող փորձագիտական հնարավորություններին և առկա ձեռքբերումներին, իրականացվող փորձաքննությունների մեթոդոլոգիային, փորձագիտական բաժիններին, լաբորատորիաներին և այլն:
Հանդիպման ընթացում հյուրերը ներկայացրել են տվյալ բնագավառի իրենց ունեցած փորձը և ձեռքբերումները՝ պատրաստակամություն հայտնելով ակտիվ համագործակցելու գիտական և գործնական հարցերի լուծման ուղղություններով:
Այնուհետև հոգեբանական փորձաքննությունների ստորաբաժանման փորձագետների հետ քննարկվել են դատահոգեֆիզիոլոգիական փորձաքննությունների իրականացման առանձնահատկությունները, ինչպես նաև Յ. Կոմիսարովայի կողմից փորձագետներին ներկայացվել են ներկայումս Ռուսատանի Դաշնությունում դատահոգեֆիզիոլոգիական պոլիգրաֆիկ մեթոդի կիրառման փորձն ու առանձնահատկությունները դատահոգեբանական փորձաքննությունների իրականացման ընթացքում: Պատվիրակության ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն է ձեռքբերվել առաջիկայում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի գրադարանը համալրելու և ակտիվ փոխգործունեություն ծավալելու ուղղությամբ, ինչը հնարավորություն կընձեռի բարձրացնել իրականացվող հոգեբանական փորձաքննությունների հավաստիությունը և արժանահավատությունը: 
Այցելության ավարտին պրոֆեսոր Վալի Ենգալիչևը և դոկտոր Յարասլավա Կոմիսարովան շնորհակալություն հայտնեցին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Հովսեփյանին հրավերի և ջերմ ընդունելության համար` կազմակերպությանը նվիրելով իրենց հեղինակությամբ և համահեղինակությամբ չորս մենագրություն, որոնք վերաբերում են դատահոգեբանական փորձաքննությունների հավաստիության և ոչ հավաստիության հայտնաբերմանը, պոլիգրաֆ մեթոդների կիրառմամբ իրականացվող հետազոտություններին և այլն: Դոկտոր Յ.Կոմիսարովայի կողմից նաև առաջարկվել է 2019 թվականի «Փորձագետ-կրիմինալիստ» դաշնային գիտագործնական ամսագրի երրորդ համարը նվիրել «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի գործունեությանը` դրանում ընդգրկելով նաև «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետների հեղինակած մի շարք գիտական հոդվածներ:

news

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի մասնակցությունը «Ինքնասպանության և ինքնասպանության հասցնելու երևույթի պատճառները, նպաստող պայմանները, ինչպես նաև կանխարգելման ուղիները» թեմայով գիտաժողովին}

Զինված ուժերում ինքնասպանությունների և ինքնախեղումների կանխարգելման միջոցառումների շրջանակներում ս.թ. սեպտեմբերի 9-ին և 10-ին Ծաղկաձորի «Գրողների ստեղծագործական տուն» հյուրանոցային համալիրում անցկացվեց ՀՀ ԶՈՒ ԱՀՏԱ վարչության և «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի կողմից կազմակերպված «Ինքնասպանության և ինքնասպանության հասցնելու երևույթի պատճառները, նպաստող պայմանները, ինչպես նաև կանխարգելման ուղիները» թեմայով գիտաժողով, որին մասնակցում էին զորամիավորումների, զորամասերի հրամանատարների ԱՀՏԱ գծով տեղակալներ, սպա-հոգեբաններ, զինվորական հոսպիտալների բժիշկ-մասնագետներ, ՀՀ զինվորական դատախազության, ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչներ, հոգեբանական օգնության կենտրոնների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հոգեբաններ, բժիշկներ, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ից հոգեբանական փորձաքննությունների բաժնի պետ Ա. Վարդանյանը։
 Գիտաժողովի ընթացքում ներկայացվել են 2015-2018թթ. Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում տեղի ունեցած ինքնասպանության դեպքերի վիճակագրությունը, 2015-2018թթ. զինված ուժերում տեղի ունեցած ինքնասպանության և ինքնասպանության հասցնելու դեպքերի վերլուծությունը, 2017-2018թթ. Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում տեղի ունեցած ինքնասպանության դեպքերի վերլուծությունը, ինչպես նաև քննարկվել են ինքնասպանության և ինքնասպանության հասցնելու երևույթի պատճառները, նպաստող պայմանները, կանխարգելման ուղիները, զինված ուժերում ինքնասպանության կանխարգելմանն ուղղված համապարփակ միջոցառումների համակարգի մշակման և ներդնման ուղիները, հետմահու դատահոգեբանական փորձաքննությունների իրականացման առանձնահատկությունները և այլ թեմաներ։ Հաշվի առնելով ոլորտում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հոգեբանական փորձաքննությունների բաժնի ունեցած փորձը` գիտաժողովին բաժնի պետ Ա. Վարդանյանը հանդես է եկել «ՀՀ ԶՈՒ-ում կատարված ինքնասպանությունների և ինքնասպանության փորձերի պատճառները և կանխարգելման ուղիներն ըստ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հոգեբանական փորձաքննությունների բաժնում իրականացված դատահոգեբանական փորձաքննությունների արդյունքների» թեմայով զեկույցով` ակտիվ մասնակցություն ունենալով գիտաժողովի շրջանակներում իրականացված զորամիավորումների, զորամասերի հրամանատարների ԱՀՏԱ գծով տեղակալների, սպա-հոգեբանների մասնագիտական վերապատրաստմանն ուղղված մեթոդական և գործնական պարապմունքներին:

news

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի սննդամթերքի փորձարկման լաբորատորիային 30.08.2018թ.-ին շնորհվել է հավատարմագրման վկայագիր}

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի սննդամթերքի փորձարկման լաբորատորիան, հետագա հավատարմագրում ստանալու նպատակով 2017 թվականին դիմելով «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ, ՀՀ կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 06-ի թիվ 1201-Ն որոշման 1-ին կետով սահմանված համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման կարգի համաձայն՝ բարեհաջող անցել է հավատարմագրման ընթացակարգը, որի արդյունքում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի կողմից Կազմակերպության սննդամթերքի փորձարկման լաբորատորիային շնորհվել է հավատարմագրման վկայագիր՝ 4 տարի ժամկետով: 
Վերջինս փաստում է, որ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի սննդամթերքի փորձարկման լաբորատորիան համապատասխանում է ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025-2005 ստանդարտով սահմանված պահանջներին, և իրավասու է իրականացնել աշխատանքներ պարենային ապրանքների ոլորտում՝ hավատարմագրման վկայագրի անբաժանելի մաս հանդիսացող հավատարմագրման վկայագրի հավելվածում ամրագրված հավատարմագրման ոլորտի շրջանակներում:
Հաշվի առնելով սննդամթերքի ոլորտում փորձարկումների իրականացման կարևորությունը՝ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը նպատակաուղղված է զարգացնել իր ունեցած կարողություններն ու հմտությունները և ընդլայնել հավատարմագրման ոլորտը՝ տվյալ բնագավառում փորձարկումների պատշաճ որակի ապահովման նպատակով:

news

ԹՊԻՀ ծրագրի շրջանակներում Փորձաքննությունների ազգային բյուրոն համալրվել է սարքավորումների հերթական խմբաքանակով}

2018 թվականի օգոստոսի 9-ին և 21-ին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի սարք սարքավորումների ցանկը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ/INL) ծրագրի շրջանակներում համալրվել է սարքավորումների նոր խմբաքանակով՝ գերարագ «SSD» տեսակի հիշողության կրիչներով և «SATA» տեսակի կոշտ սկավառակներով: Նվիրաբերած հիշողության կրիչների և կոշտ սկավառակների համատեղ կիրառումը ապարատածրագրային փորձագիտական համակարգերի հետ կմեծացնի Փորձաքննությունների ազգային բյուրոյի համակարգչատեխնիկական բաժնի փորձագիտական աշխատանքների հնարավորությունները և զգալիորեն կկրճատի համակարգչատեխնիկական փորձաքննությունների շրջանակում իրականացվող հետազոտությունների ժամանակահատվածը:
Փորձաքննությունների ազգային բյուրոն շնորհակալություն է հայտնում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությանը և INL գրասենյակին աջակցության շարունակականության ապահովման և Փորձաքննությունների ազգային բյուրոյի փորձագիտական հնարավորությունների ընդլայնման համար:

news

Փորձաքննությունների ազգային բյուրոն հյուրընկալել էր Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին}

2018 թվականի օգոստոսի 17-ին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի (ՓԱԲ) տնօրեն Ա. Հովսեփյանի հրավերով «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ էր այցելել Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ջուն Յամադան` երկրորդ քարտուղար Մեգումի Մաեկավայի ուղեկցությամբ։
Այցի գլխավոր նպատակն էր դեսպան պարոն Ջուն Յամադային ծանոթացնել ՓԱԲ-ի գործունեության ուղղություններին և հնարավորություններին, ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան միջոցով Ճապոնիայի գործընկերների հետ ՓԱԲ-ի ձևավորված համագործակցության շրջանակներին, ինչպես նաև քննարկել հետագա համագործակցության ուղղությունները՝ տարբեր ծրագրերում ՓԱԲ-ի ներգրավման, փորձագիտական բնագավառի նյութատեխնիկական բազայի համալրման և մասնագիտական որակավորման բարձրացմանն ուղղված քայլերի ձեռնարկման նպատակով:
ՓԱԲ-ի տնօրեն Ա. Հովսեփյանը, շնորհավորելով պարոն Ջուն Յամադային Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպան նշանակվելու կապակցությամբ, հույս է հայտնել, որ որպես Ճապոնիայի դեսպան նրա պաշտոնավարման ընթացքում էլ ավելի կամրապնդվեն հայ-ճապոնական գործընկերային բարեկամական հարաբերությունները` նպաստելով մեր ազգերի միջև առավել սերտ և ամուր համագործակցության կառուցմանը, մաղթելով նրան արդյունավետ և բեղուն աշխատանք, նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ դիվանագիտական աշխատանքներն իրականացնելիս: 
Այցի ընթացքում ՓԱԲ-ի տնօրեն Ա. Հովսեփյանի կողմից ներկայացվել է կազմակերպության հիմնադրման նպատակները, «2001թ. հունիսի 11-ի ՀՀ կառավարության և ԱՄՆ-ի կ առավարության միջև թմրամիջոցների հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության մասին» միջկառավարական համաձայնագրի շրջանակներում հիմնադրման օրվանից՝ 2004թ. հուլիսի 22-ից մինչ օրս ունեցած ձեռքբերումները և անցած ուղին, հակիրճ ներկայացնելով կազմակերպության կառուցվածքը, հիմնական գործառույթները, որակի կառավարման համակարգը և նպատակները, տարբեր ուղղություններով իրականացվող փորձագիտական և գիտական աշխատանքները, փորձագիտական ստորաբաժանումների լաբորատորիաների հագեցվածությունը, կիրառվող արդի մեթոդները և մեթոդիկաները, ընթացակարգերը, իրականացվող փորձաքննությունների տեսակներն ու ենթատեսակները, շուրջ 15 տարվա գործունեության ընթացքում ձեռքբերված փորձը, հնարավորություններն ու զարգացման հեռանկարները։
Տնօրեն Ա. Հովսեփյանի կողմից կարևորվել է ՀՀ կառավարության, ԱՄՆ կառավարության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության դերն ու նշանակությունը ՓԱԲ-ի ստեղծման, զարգացման և, որպես առաջատար դատափորձագիտական կառույցի, կայացման հարցում: Նա նաև նշել է, որ կազմակերպությունը, ՀՀ-ում հանդիսանալով առաջատար դատափորձագիտական կառույց և լինելով ENFSI լիիրավ անդամ, հաշվի առնելով դատափորձագիտական բնագավառի ներկայիս զարգացման միտումները, չսահմանափակվելով ունեցած բավարար գիտագործնական պոտենցիալով և նյութատեխնիկական հագեցվածությամբ, նպատակաուղղված է ձեռնարկել շարունակական բոլոր հնարավոր միջոցները՝ ՀՀ-ում դատափորձագիտական ոլորտի զարգացման և գործունեության պատշաճ մակարդակի ապահովման նպատակով, նպաստելու համար ՀՀ-ում քրեական հետապնդում և արդարադատություն իրականացնող մարմինների կողմից նշանակվող դատական փորձաքննությունների իրականացման պատշաճ որակի և արժանահավատ արդյունքների ապահովմանը: Հանդիպման ընթացքում ներկայացվել է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ISTC) աջակցությամբ 2015թ-ի ընթացքում ՓԱԲ-ի պատվիրակության Ճապոնիա կատարած այցելության և կազմակերպությանը հետաքրքրող ոլորտներում Ճապոնիայի առաջավոր փորձին ծանոթացման արդյունքները՝ ընդգծելով իրականացվող առցանց կոնֆերանսների կարևորությունը: 
ՓԱԲ-ի տնօրենը հատուկ կարևորել է նաև արտասահմանյան այցելությունների ընթացքում եվրոպական տարբեր առաջատար գործընկեր դատափորձագիտական կենտրոններում կիրառվող ճապոնական արտադրության սարք-սարքավորումների, հատկապես Shimadzu ֆիրմայի GCMS և այլ տեսակի սարքավորումների կիրառման կարևորությունը փորձագիտական բնագավառում՝ առաջադրվող խնդիրների լուծման և հավաստի արդյունքների ստացման հարցում, ինչպիսիք դեռևս չեն կիրառվում Հայաստանի Հանրապետության դատափորձագիտական ոլորտում, այդ առումով ընդգծելով նմանատիպ սարք-սարքավորումներով ՓԱԲ-ի համալրման նպատակաուղղվածությունը և այդ նպատակով ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության աջակցության կարևորությունը: Այցի ընթացքում ՓԱԲ-ի տնօրեն Ա.Հովսեփյանի ուղեկցությամբ դեսպանն այցելել է կազմակերպության փորձագիտական տարբեր ստորաբաժանումներ և լաբորատորիաներ, տեղում ծանոթանալով փորձագիտական հնարավորություններին, մինչ օրս ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության միջոցով INL ծրագրի շրջանակներում արժեքավոր նվիրատվությունների և ցուցաբերած մեծածավալ աջակցության առկա արդյունքներին, ՀՀ կառավարության աջակցությամբ ունեցած ձեռքբերումներին, զարգացման և համալրման արդիական հեռանկարներին: 
Շրջայցի ընթացքում նաև ներկայացվել է RINNTECH ֆիրմայի գերմանական արտադրության «LINTAB» LTM06-E սարքը, որը միակն է Հայաստանի Հանրապետությունում և ձեռք է բերվել ՀՀ կառավարության հատկացրած միջոցներով ՀՀ դատախազության անմիջական նախաձեռնությամբ և նվիրաբերվել ՓԱԲ-ին, որի 2018 թվականի մարտ ամսից կիրառման արդյունքում լուծումներ են ստանում ծառի հատման վաղեմության որոշմանը, կոճղի հետ փայտանյութի նույնականացման ապահովմանն ուղղված դենդրոխրոնոլոգիական մեթոդի կիրառմամբ բնապահպանական բնագավառի տարաբնույթ փորձագիտական հարցեր:
Այցելության ժամանակ դեսպանի հետ քննարկվել են մի շարք արդիական, այդ թվում մեր տարածաշրջանի համար կարևոր ծրագրեր, որոնք վերաբերում են մշակույթի, շինարարատեխնիկական, արտակարգ իրավիճակների, պայթյունատեխնիկական և հրդեհատեխնիկական, ֆոտոտեխնիկական, դիմանկարային, տեսա և աուդիոձայնագրական արդի հիմնախնդիրներին։ 
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար` բարձր գնահատականի արժանացնելով Փորձաքննությունների ազգային բյուրոյի վերջին 15 տարիների ընթացքում գրանցած էական ձեռքբերումները, միաժամանակ կարևորելով դատափորձագիտական բնագավառի բարդ և պատասխանատու աշխատանքի պատշաճ իրականացման անհրաժեշտությունը, պատրաստակամություն հայտնելով ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները Ճապոնիայի դատափորձագիտական համապատասխան ոլորտներում ունեցած փորձն ու բարձր տեխնոլոգիական հնարավորությունները ՀՀ-ում ներդնելու, որպես դատափորձագիտական բնագավառում առաջատար կառույց Փորձաքննությունների ազգային բյուրոյի փորձագիտական հնարավորություններն ընդլայնելու և զարգացնելու նպատակով:
Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Ա. Հովսեփյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ջուն Յամադային հրավերն ընդունելու և կազմակերպություն այցելելու համար` հույս հայտնելով, որ այցն անխոս կնպաստի ակտիվ փոխգործակցության ծավալմանն ու Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական բնագավառում Ճապոնիայի զարգացած նորագույն տեխնոլոգիաների ներդրման ապահովմանը:

news

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ձգաբանական փորձարկման լաբորատորիային ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից շնորհվել է համապատասխանության գնահատման մարմնի նշանակման վկայական}

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ձգաբանական փորձարկման լաբորատորիան, հանդիսանալով միակ հավատարմագրված ձգաբանական փորձարկման լաբորատորիան Հայաստանի Հանրապետությունում, համապատասխանելով ՀՀ-ում գործող իրավական կարգավորումներին և գործելով ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025-2005 ստանդարտի պահանջներին համապատասխան, 2018 թվականին համապատասխանության գնահատման մարմին նշանակվելու նպատակով հայտ էր ներկայացրել պետական լիազոր մարմնին՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը: 
Ի ուրախություն Փորձաքննությունների ազգային բյուրոյի և ի գիտություն Հայաստանի Հանրապետությունում ձգաբանական փորձարկումների կատարման պատվիրատուներ հանդիսացող ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի 2018 թվականի օգոստոսի 16-ի հրամանով Փորձաքննությունների ազգային բյուրոյի ձգաբանական փորձարկման լաբորատորիային շնորհվել է համապատասխանության գնահատման մարմնի նշանակման վկայական՝ ճանաչվելով համապատասխանության գնահատման նշանակված մարմին, որի հիման վրա Փորձաքննությունների ազգային բյուրոյի ձգաբանական փորձարկման լաբորատորիայում սկսվել են հավատարմագրման ոլորտում ներառված տեխնիկական կանոնակարգով սահմանված փորձարկումները՝ համաձայն ՀՀ կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի «Քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրա փամփուշտների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 605-Ն որոշման:
Նշված գործընթացի բարեհաջող իրականացումը ևս մեկ անգամ փաստում է, որ Փորձաքննությունների ազգային բյուրոն շարունակում է հավատարիմ մնալ Կազմակերպության որդեգրած սկզբունքներին՝ առաջնորդվելով ՀՀ օրենսդրությամբ, նպատակ ունենալով ընդլայնել հավատարմագրման ոլորտը և մշտապես բարելավել մատուցվող փորձագիտական և փորձարկման ծառայությունների որակը՝ ապահովելով վերջիններիս համապատասխանությունը միջազգային չափանիշներին:

news

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հոգեբանական փորձաքննությունների բաժնի պետի համահեղինակությամբ տպագրվել է ուսումնամեթոդական ձեռնարկ` համապատասխան դասընթացի անցկացմամբ}

2018 թվականի հունիսի 18-ին և 19-ին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հոգեբանական փորձաքննությունների բաժնի պետ Անի Վարդանյանը մասնակցել է «Փի-Էյչ Ինթերնեշնլ» ամերիկյան կազմակերպության, ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՀՀ քննչական կոմիտեի հետ համատեղ կազմակերպված վերապատրաստման երկօրյա դասընթացին, որին մասնակցել են հոգեբաններ ինչպես Երևանից, այնպես էլ Կոտայքի, Արմավիրի և Արարատի մարզերից։ Դասընթացն անցկացվել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հոգեբանական փորձաքննությունների բաժնի պետ Անի Վարդանյանի և ՀՀ քննչական կոմիտեի իրավական ապահովման և վիճակագրաման վարչության պետ, ՀՀ պետական ծառայության 1-ին դասի խորհրդական, ի.գ.թ., դոցենտ Դավիթ Թումասյանի կողմից։ Դասընթացի ընթացքում ներկայացվել են տվյալ բնագավառին առնչվող քրեական գործերով նախաքննության ընթացքի առանձնահատկությունները, կիրառվող տերմինները, երեխաների լավագույն շահը և դրանով առաջնորդվելու պարտավորությունները, անչափահաս զոհի կամ վկայի իրավունքները, իրավական կարգավիճակն ու հոգեբանական ասպեկտները, անչափահասի հոգեբանական առանձնահատկությունների բազմակողմանի ուսումնասիրման կարևորությունը և այլ խնդիրներ, ինչպես նաև քննարկվել են քննչական գործողություններում ներգրավված հոգեբանի էթիկական նորմերը, մասնագիտական կոմպետենտության և մի շարք այլ ասպեկտներին առնչվող տարաբնույթ հարցեր: 
Ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ի պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի ֆինանսավորմամբ տպագրվել է «Անչափահաս տուժողների կամ վկաների մասնակցությամբ գործերով քրեական վարույթին ներգրավված հոգեբանների համար» ձեռնարկը, որի համահեղինակներ են հանդիսանում Ա.Վարդանյանը և Դ.Թումասյանը: 
Հաշվի առնելով ոլորտում առկա խնդիրները՝ հրատարակված ձեռնարկում ներկայացվել են անչափահաս տուժողների կամ վկաների մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների աշխատանքի արդյունավետ կազմակերպման առանձնահատկությունները, փուլերը, ընթացքը, էթիկական սկզբունքները՝ ներառելով գործնականում հանդիպող հավանական խնդիրներն ու դրանց լուծման կառուցողական ուղիները:

news

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի պատվիրակությունը մասնակցել է Կիևի դատական փորձագիտության գիտահետազոտական ինստիտուտի հիմնադրման 105-ամյակին նվիրված միջոցառումներին, միջազգային գիտատեխնիկական համաժողովին}

Ուկրաինայի արդարադատության նախարարության Կիևի դատական փորձագիտության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, ի.գ.թ. Ալեքսանդր Ռուվինի հրավերով 2018 թվականի հուլիսի 04-ից 06-ը «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա.Հովսեփյանը և տնօրենի տեղակալ Պ.Ոսկանյանը երկօրյա այցով մեկնել են Ուկրաինա, քաղաք Կիև՝ մասնակցելու Ուկրաինայի արդարադատության նախարարության Կիևի դատական փորձագիտության գիտահետազոտական ինստիտուտի հիմնադրման 105-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը, «Ուկրաինայում արդարադատության դատափորձագիտական ապահովման ստանդարտիզացման արդի հիմնախնդիրները: Զարգացման հեռանկարները» խորագրով միջազգային գիտատեխնիկական համաժողովին, ինչպես նաև ժամանակակից անալիտիկ և կրիմինալիստիկական սարքավորումների ցուցահանդեսին: 
Նշված միջոցառումներին մասնակցում էին պատվիրակությունների ներկայացուցիչներ Իսպանիայից, Լեհաստանից, Էստոնիայից, Լատվիայից, Լիտվայից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից, Ռումինիայից և այլ երկրներից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունից, ի դեմս «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի պատվիրակության: 
Կիևի դատական փորձագիտության գիտահետազոտական ինստիտուտի 105-ամյակի հանդիսավոր արարողության ընթացքում բացման խոսքով և հետագա ելույթներով հանդես են եկել Ուկրաինայի արդարադատության նախարարության Կիևի դատական փորձագիտության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, ի.գ.թ Ալեքսանդր Ռուվինը, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Կոնդրատյուկը, Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն, Ուկրաինայի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն, Ուկրաինայի զինվորական դատախազ Անատոլի Մատիոսը, Վերին ռադայի պատգամավորներ և այլ պատվավոր հյուրեր, ինչպես նաև միջազգային դատափորձագիտական կառույցների ներկայացուցիչներ՝ հանդիսավոր ուղերձներով շնորհավորելով Կիևի դատական փորձագիտության կառույցի ներկայացուցիչներին, ընդգծելով և կարևորելով ինստիտուտի դերն ու նշանակությունը Ուկրաինայի դատաքննչական մարմինների գործունեության պատշաճ իրականացման համակարգում: 
Հայաստանյան գործընկերների կողմից համապատասխան ելույթով և շնորհավորական ուղերձով հանդես է եկել «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն, բ.գ.թ. Արգամ Հովսեփյանը։ 
 105-ամյակի հանդիսավոր միջոցառումների ավարտից հետո մեկնարկվել է միջազգային գիտատեխնիկական համաժողովը, որի ընթացքում ելույթներով հանդես են եկել Կիևի դատական փորձագիտության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, ի.գ.թ. Ալեքսանդր Ռուվինը, Ուկրաինայի ստանդարտիզացման և սերտիֆիկացման գիտահետազոտական կենտրոնի գլխավոր տնօրեն Գաննա Լիսինան, ինչպես նաև այլ մասնակիցներ: Համաժողովի ընթացքում քննարկվել են դատական փորձագիտության և քրեագիտության ոլորտների արդիական հիմնախնդիրները, դատափորձագիտական ոլորտում արդարադատության ապահովման ստանդարտիզացումը միջազգային պահանջներին համապատասխանեցման, մեթոդների և միջլաբորատոր փորձարկումների վալիդացման միջազգային փորձը, դատափորձագիտական նույնականացման մեթոդոլոգիայի ակտուալ հարցերը, ինչպես նաև ներկայացվել է դատափորձագիտության բնագավառում նշված հարցերի վերաբերյալ առկա միջազգային փորձը: 
Տեղի են ունեցել հանդիպումներ և քննարկումներ կազմակերպված ժամանակակից անալիտիկ և կրիմինալիստիկական սարքավորումների ցուցահանդեսի ընթացքում ուկրաինական ընկերություններից «UOSLAB»-ի, «Unity scientific»-ի, «Leica microsystems»-ի, «Regula»-ի, «All-Ukrainian polygraph association»-ի, Քիմ-ռեակտիվ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչների հետ և ձեռք են բերվել պայմանավորվածություններ նամակագրության միջոցով ավելի մանրամասն ծանոթանալու ընկերությունների առաջարկներին՝ հետագայում կազմակերպության նյութատեխնիկական բազայի համալրման համար համագործակցության շրջանակները քննարկելու նպատակով:
Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել հանդիպում նաև Ուկրաինայի Դատական փորձաքննությունների և փորձագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրենի տեղակալ Նատալիա Նեստոռի հետ, որի ընթացում քննարկվել են մի շարք հարցեր կապված ոչ նյութական ակտիվների գնահատման վերաբերյալ փորձաքննություններին, գործող մեթոդներին, ինչպես նաև ձեռք է բերվել պայմանավորվածություն հետագայում իրականացնելու նշված թեմայով համատեղ գիտահետազոտական աշխատանքներ:
Համաժողովի ներկայացուցիչների հետ տեղի են ունեցել քննարկումներ դատական փորձագիտության և քրեագիտության ոլորտներին վերաբերող մի շարք արդիական հիմնախնդիրների վերաբերյալ, այդ թվում ԻՍՕ 17025 միջազգային ստանդարտի՝ ILAC G19:2014 «Դատական փորձագիտական լաբորատորիաների ուղեցույց»-ով նշված պահանջները հաղթահարելու առումով:
Համաժողովի վերջին օրը ճանաչողական այց է կատարվել Կիևի դատական փորձագիտության գիտահետազոտական ինստիտուտ, որտեղ տնօրեն Ալեքսանդր Ռուվինը և փորձագիտական բաժինների ղեկավարները ներկայացրել են իրենց ձեռքբերումները և առաջիկա նորարարական նախաձեռնությունները, փորձագիտական հնարավորությունները, այդ թվում՝ դատահոգեֆիզիոլոգիական փորձաքննությունների բնագավառում պոլիգրաֆ սարքի կիրառմամբ իրենց մոտ առկա հնարավորությունները, ինչպես նաև ներկայացվել են փաստաթղթաբանական, համակարգչային, շինարարական և այլ փորձաքննությունների բնագավառներին առնչվող նորարարական աշխատանքները և հետազոտությունների հնարավորությունները, ինչպիսիք կդիտարկվեն Հայաստանի Հանրապետությունում ներդրման նպատակահարմարության և արդյունավետության առումով: 
Միջազգային համաժողովի ավարտին մասնակիցներին հանձնվել են համապատասխան հավաստագրեր, ինչպես նաև Ուկրաինայի արդարադատության նախարարության Կիևի դատական փորձագիտության գիտահետազոտական ինստիտուտի 2018 թվականի «Կրիմինալիստիկա և դատական փորձաքննություն» ժողովածուն բաղկացած երկու հատորից:

news

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում իրականացվել են գիտահետազոտական աշխատանքների առանձնահատկությունների և մեթոդաբանության վերաբերյալ դասախոսություններ և սեմինարներ}

2018 թվականի հունիս ամսին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում մեկնարկել է «Գիտահրատարակչական աշխատանքների մեթոդաբանական հիմունքները կենսաբժշկագիտության ոլորտում՝ ապացուցողական բժշկության տեսակետից» խորագրով դասախոսությունների և սեմինարների շարքը՝ կրթական դասընթացները: Դասընթացներն անցկացվել են հետևյալ նշանաբանով. «Կրթված մարդը տարբերվում է անկիրթից նրանով, որ իր կրթությունն անավարտ է համարում» (Կոնստանտին Սիմոնով):
Պետք է նշել, որ ապացուցողական բժշկությունը (ԱԲ) որպես բժշկական կրթության, բժշկագիտության և կլինիկական մտածելակերպի ժամանակակից ոճ ներառված է առաջատար երկրների առողջապահական համակարգերում: Կլինիկական որոշումներն ընդունելու ժամանակակից մոդելի համաձայն բժշկի իրավասությունը որոշվում է ոչ միայն հիմնարար գիտելիքների ու կլինիկական փորձի առկայությամբ, այլ նաև գիտաբժշկական տեղեկատվության գնահատման և կիրառման հմտությամբ և կարողություններով: Տեղեկատվական գրագիտության ցածր մակարդակը ստեղծում է նախադրյալներ բժշկական հանրության շրջանում անիրազեկության երևույթների ծաղկման, ինչպես նաև առողջապահության համակարգի բոլոր մակարդակներում շահերի բախման առաջացման համար: Այս և բազմաթիվ այլ հարցերին է նվիրված իրականացված կրթական դասընթացները, ոորնք անցկացվում են բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական Ռուբեն Հովհաննեսյանի կողմից:
Դասընթացներն իրականացվել են հետևյալ թեմաներով՝

1. Ապացուցողական բժշկության սկզբունքներն ու մեթոդաբանությունը,
2. Բժշկական բարոյագիտություն և կենսաբարոյագիտություն,
3. Կենսաբժշկագիտական հանդեսային հրապարակումների հեղինակության ինստիտուտ,
4. Կենսաբժշկագիտական գրականության ընթերցման սկզբունքները,
5. Տեղեկատվական գրագիտությունը,
6. Գիտական հետազոտությունների անցկացման սկզբունքներն ու մեթոդաբանությունը,
7. Կենսավիճակագրության սկզբունքները բժիշկների և կենսաբանների համար,
8. Առողջապահության և բժշկության չափորոշչավորումը:

Դասընթացներին մասնակցել են «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագիտական անձնակազմը և այլ ստորաբաժանումների աշխատակիցներ, որոնց ընթացքում տեղի են ունեցել արդյունավետ քննարկումներ, որոնք ունեն կարևոր նշանակություն հատկապես երիտասարդ կադրերի համար տարբեր գիտական աշխատանքների և հետազոտությունների արդյունավետ պլանավորման և իրագործման հարցում: Դասընթացների ընթացքում ներկայացվել են նաև առցանց ուսուցման երաշխավորված դասընթացների համապատասխան կայք էջերի, ինչպես նաև կենսաբժշկագիտական տեղեկատվության երաշխավորված էլեկտրոնային շտեմարանների հետևյալ հղումները. Առցանց ուսուցման երաշխավորված դասընթացներ՝

• Design and Interpretation of Clinical Trials: https://www.coursera.org/course/clintrials
• Data Management for Clinical Research: https://www.coursera.org/course/datamanagement
• Understanding Research: An Overview for Health Professionals: https://www.coursera.org/course/researchforhealth
• The Science of Safety in Healthcare: https://www.coursera.org/course/healthcaresafety
• Social Epidemiology: https://www.coursera.org/course/socialepi
• Global Health. An Interdisciplinary Epidemiology. The Basic Science of Public Health: https://www.coursera.org/course/epidemiology
• Drug Discovery, Development & Commercialization: https://www.coursera.org/course/drugdiscovery
• Clinical problem solving: https://www.coursera.org/course/clinprobsolv
• Evidence Based Practice & Policy Online Resource Training Center: http://www.columbia.edu/cu/musher/Website/Website/EBP_Resources_WebEBPP.htm
• Evidence-based Medicine Training and Learning: http://amcp.org/Tertiary.aspx?id=10365
• Evidence-based healthcare resources. Free Online Course: http://us.cochrane.org/evidence-based-healthcare-resources

Կենսաբժշկագիտական տեղեկատվության երաշխավորված էլեկտրոնային շտեմարաններ՝

• Армянская медицина: http://www.medlib.am
• Российская медицина: http://www.scsml.rssi.ru
• Общество специалистов доказательной медицины: http://osdm.org/
• Concilium Medicum http://con-med.ru/
• Cochrane library: http://www.thecochranelibrary.com
• Bandolier: http://www.medicine.ox.ac.uk/bandolier
• BioMed Central: http://www.biomedcentral.com
• Clinical Evidence: http://clinicalevidence.bmj.com
• DOAJ: http://www.doaj.org
• Ovid: http://www.ovid.com
• PubMed: http://www.ncbi.nlm.nih.gov/pubmed
• TRIP: http://www.tripdatabase.com
• HINARI: http://www.who.int/hinari/en
• UpToDate: http://www.uptodate.com

Նմանատիպ դասընթացների իրականացումը կրելու է շարունակական բնույթ՝ նպատակ ունենալով փորձագիտական անձնակազմի շրջանում զարգացնել ժամանակակից գիտական պատկերացումները, համապատասխան հմտություններն ու կարողությունները:

news

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են Եվրոպական Միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության փորձի փոխանակման ծրագրին (CEPOL)}

Եվրոպական Միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության փորձի փոխանակման ծրագրի (CEPOL) երկրորդ փուլի գործարկման շրջանակներում 2018 թվականի հունիսի 24-ից 30-ը ներառյալ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի գիտական հետազոտությունների և տեխնիկական փորձարկումների համակարգման բաժնի պետ, տնտեսագիտական և հաշվապահական փորձաքննությունների բաժնի փորձագետ Կարեն Մամիկոնյանը և հետքաբանական փորձաքննությունների բաժնի փորձագետ Լուսինե Մեքինյանը գործուղվել են Լատվիայի Հանրապետություն՝ Լատվիայի պետական ոստիկանության դատական փորձաքննությունների ստորաբաժանում:
Գործուղման հիմնական նպատակն էր ծանոթանալ Լատվիայի պետական ոստիկանության դատական փորձաքննությունների ստորաբաժանման փորձագիտական բաժինների կողմից իրականացվող գործառույթներին, մասնավորապես՝ հաշվապահական փորձաքննությունների բաժնի, զենքի հետազոտման և հետքաբանական փորձաքննությունների բաժնի աշխատանքներին, գիտականորեն հիմնավորված և արդյունավետորեն կիրառվող նորագույն մեթոդներին, տեխնոլոգիաներին, փորձագիտական ընթացակարգերին, Լատվիայի Հանրապետության փորձագիտության բնագավառի գործունեության կանոնակարգման օրենսդրական դաշտին, գործող նորմատիվ իրավական կարգավորումներին, իրականացնել նաև քննարկումներ՝ դատական փորձաքննությունների միևնույն ոլորտի փորձագետների միջև աշխատանքային լավագույն փորձի փոխանակման նպատակով: 
Լատվիայի պետական ոստիկանության դատական փորձաքննությունների ստորաբաժանում կատարած այցի ընթացքում համապատասխան բաժինների ղեկավարների և փորձագետների կողմից ներկայացվել են իրականացվող փորձաքննությունների տեսակները, դրանց կատարման մեթոդական մոտեցումները և ընթացակարգերը, օգտագործվող սարքերը, ծրագրերի և փորձաքննությունների ընթացքում առկա խնդիրները և այլն, ինչպես նաև Եվրոպական Միության անդամ դառնալու ընթացքում և դրանից հետո փորձագիտական բնագավառում կազմակերպված միջոցառումները: 
Այցի ընթացքում, 2018թ. հունիսի 27-ից 28-ը հետքաբանական փորձաքննությունների բաժնի փորձագետների ուղեկցությամբ, ինչպես նաև Վրաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության դատաքրեագիտական հետազոտությունների վարչության հետքաբան փորձագետների հետ միասին ուղևորություն է կազմակերպվել Լատվիայի Լիեպայա քաղաքում գտնվող Լատվիայի պետական ոստիկանության դատական փորձաքննությունների Կուրզեմե շրջանի փորձագիտական բյուրո, որտեղ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները ծանոթացել են փորձագետների կողմից դեպքի վայրի սպասարկման գործընթացին և հնարավորություններին, տեղում օգտագործվող սարքերին, այցելել են նյութագիտական, հետքաբանական, մատնադրոշմային փորձաքննությունների բաժինների լաբորատորիաներ։ Այցելություն է կազմակերպվել նաև Լատվիայի արդարադատության նախարարության կից «Դատական փորձաքննությունների պետական բյուրոյի» Մատնադրոշմային փորձաքննությունների և ավտոտեխնիկական փորձաքննությունների բաժիններ, որտեղ ծանոթացել են ավտոտեխնիկական փորձաքննությունների ընթացքում օգտագործվող «PC Crash 11» ճանապարհատրանսպորտային պատահարների մոդելավորման ծրագրի աշխատանքին: Շրջայցի ընթացքում նաև տեղեկություններ են տրամադրվել Լատվիայի պետական ոստիկանության դատական փորձաքննությունների ստորաբաժանման մատնահետքերի հաշվառման բազայի, օգտագործվող սարքերի և այլ ծրագրերի վերաբերյալ։
Գործուղման ընթացքում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետներն այցելել են նաև Լատվիայի Հարապետության Կենտրոնական բանկ, որտեղ ծանոթացել են Եվրոպական Միության ֆինանսական շուկաների ներգրավվածության առանձնահատկություններին, հանրապետության ֆինանսական համակարգի ներկայիս գործառույթներին, արդի խնդիրներին, զարգացման հեռանկարներին և հնարավորություններին: 
2018թ. հունիսի 28-ին տեղի է ունեցել նաև Լատվիայի պետական ոստիկանության դատական փորձաքննությունների ստորաբաժանման հաշվապահական փորձաքննությունների բաժնի փորձագետների կողմից կազմակերպված «Հաշվապահական փորձաքննությունը և ստուգումը. արդիականությունը և հեռանկարները» համաժողով, որի ընթացքում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի գիտական հետազոտությունների և տեխնիկական փորձարկումների համակարգման բաժնի պետ, տնտեսագիտական և հաշվապահական փորձաքննությունների բաժնի փորձագետ, տ.գ.թ Կարեն Մամիկոնյանը հանդես է եկել զեկույցով՝ «Ֆինանսատնտեսագիտական փորձաքննությունների կատարման ընթացքում ընկերության շուկայական կապիտալացման արժեքի որշման մոտեցումները» թեմայով (ինտերնետային հասանելիությունը՝ http://www.ekspertize.vp.gov.lv/index.php?sadala=zinas%2F45&ln=lv, https://lvtax.lv/publication/pasakumi-un-aktivitates/aktualitates-gramatvedibas-ekspertize-un-revizija/ կայքերում):
Կարևոր է նշել, որ թեման լինելով արդիական մեծ հետաքրքրություն է առաջացրել համաժողովի մասնակիցների շրջանում, ինչի վերաբերյալ ծավալվել են հարց ու պատասխան և արդյունավետ քննարկումներ:
Համաժողովին զեկույցով հանդես են եկել նաև Լիտվայի դատական փորձաքննությունների կենտրոնի Տնտեսագիտական փորձաքննությունների բաժնի փորձագետները, Բելոռուսի դատական փորձաքննությունների կոմիտեի Տնտեսագիտական փորձաքննությունների բաժնի փորձագետները, Կիևի դատական փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտի գիտության գծով տնօրենի տեղակալը և Տնտեսագիտական հետազոտությունների լաբորատորիայի փորձագետները, Լատվիայի պետական ոստիկանության քրեական վարչության Հաշվապահական փորձաքննությունների բաժնի փորձագետը, Լատվիայի պետական եկամուտների ծառայության ներկայացուցիչները, Լատվիայի իրավախախտումների պետական վերահսկողության ներկայացուցիչը, Ռիգայում փաստաբանական ծառայություն մատուցող կազմակերպության ներկայացուցիչը, Ռիգայում հաշվապահների ասոցիացիայի խորհրդի նախագահը և այլոք։ 
Միջոցառմանը ներկա էին նաև տնտեսագիտության ոլորտում Լատվիայի Հանրապետությունում հայտնի գիտնականներ՝ Ռիգայի տեխնիկական համալսարանի տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Իրինա Վորոնովան և Ռիգայում հաշվապահների ասոցիացիայի խորհրդի նախագահ, «Nexia audit Advice» կազմակերպության հիմնադիր տնօրեն, տնտեսագիտության դոկտոր Անդրեյ Պոնոմարյովը։ 
Եվրոպական Միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության փորձի փոխանակման ծրագրի (CEPOL) շրջանակներում ձևավորվել են ամուր կապեր հետագա գիտական և գործնական ուղղություններով ակտիվ համագործակցություն ծավալելու համար:

news

ԹՊԻՀ-INL ծրագրի շրջանակներում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը համալրվել է համակարգչատեխնիկական փորձաքննությունների բնագավառի իրեղեն ապացույցների հետազոտման արդի ապարատածրագրային հնարավորություններով}

2018 թվականի հունիսի 28-ին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի սարք-սարքավորումների ցանկը Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի դեսպանության աջակցությամբ Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ/INL) ծրագրի շրջանակներում համալրվել է «Guidance Software» («Opentext») ընկերության արտադրության «Tableau» ապարատային բլոկիրատորներով, ինչպես նաև «EnCase Forensic» և «Cellebrite» ընկերության արտադրության «UFED Cloud Analyzer» ծրագրային ապահովումներով:
Այդ նպատակով «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում հյուրընկալվել էին Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ/INL) ծրագրի տնօրեն Շենոն Բեհայը և ԹՊԻՀ ծրագրի առաջատար մասնագետ Կարինե Քեշաբյանը, որի շրջանակներում ծրագրի տնօրեն Շենոն Բեհայի և «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանի կողմից ստորագրվեցին նվիրատվության համապատասխան փաստաթղթերը և «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին նվիրաբերվեց համակարգչատեխնիկական փորձաքննությունների բաժնի ապարատածրագրային հնարավորություններն արդիականացնող և հզորացնող վերը նշված սարքավորումներն ու ծրագրային ապահովումները:
Կարևոր է ընդգծել, որ «Tableau» ապարատային բլոկիրատորների և «EnCase Forensic» ծրագրային ապահովման համատեղ կիրառումը հնարավորություն է տալիս կատարել համակարգչային հիշողության կրիչների բազմակողմանի, առավել արագ և ամբողջական հետազոտություններ՝ զգալիորեն մեծացնելով փորձաքննությունների արդյունավետությունը և կրճատելով համակարգչատեխնիկական փորձաքննությունների շրջանակում իրականացվող հետազոտությունների ժամանակահատվածը: Պետք է նշել, որ «UFED Cloud Analyzer» ծրագրային ապահովումը կիրառվելու է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության կողմից ԹՊԻՀ/INL ծրագրի շրջանակներում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին 2016թ-ին նվիրաբերված «Cellebrite UFED Touch Ultimate» փորձագիտական հետազոտական համակարգի արդիականացման և աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով: «UFED Cloud Analyzer» ծրագրային ապահովումը, այսուհետ հասանելի դարձնելով նաև ամպային տվյալները (օրինակ՝ «Facebook», «Twitter», «Instagram» և այլն), հնարավորություն է տալիս կատարել բջջային հեռախոսների և այլ սարքերի առավել բազմակողմանի և ամբողջական հետազոտություններ՝ արտածելով, վերծանելով և վերլուծելով բջջային հեռախոսների, պլանշետային համակարգիչների և GPS սարքավորումների լայն տեսականիների հիշողություններում պարունակվող ամբողջ տեղեկատվությունը, դրանով իսկ մեծացնելով տարբեր քրեական գործերով նշանակվող փորձաքննությունների իրականցման միջոցով թվային տեղեկատվության հայտնաբերման և ապացույցների շարքը համալրելու հնարավորությունները: «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում նշված բացառիկ ապարատածրագրային միջոցների կիրառմամբ փորձաքննությունների կատարման արդյունքում զգալիորեն կբարելավվեն Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական բնագավառում թվային տվյալների հետազոտման, հայտնաբերման և վերլուծության հնարավորությունները, արդյունքում՝ հզորացնելով թվային ապացույցների ձեռք բերման համապատասխան գործիքակազմը: 
 Այցի ընթացքում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը շնորհակալություն հայտնեց ԹՊԻՀ/INL ծրագրի տնօրեն Շենոն Բեհային, խնդրելով շնորհակալական խոսքեր փոխանցել նաև Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության գործընկերներին՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան պարոն Ռիչարդ Միլսի գլխավորությամբ, ինչպես նաև ԹՊԻՀ/INL գրասենյակի ողջ անձնակազմին՝ ինչպես նախորդ տարիների ընթացքում ծրագրի շրջանակներում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին կատարած բազմաթիվ արժեքավոր նվիրատվությունների և ցուցաբերած մեծածավալ աջակցության, այնպես էլ ներկայիս՝ շուրջ 17.000 ԱՄՆ դոլար արժողությամբ նվիրատվության համար, վստահություն հայտնելով, որ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հնարավորությունների հզորացմանն ու զարգացմանն ուղղված ԱՄՆ դեսպանության տարիների ընթացքում ցուցաբերած աջակցությունը ծառայում է Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական բնագավառի արդիական հնարավորությունների ապահովմանն ու արդյունավետ կիրառմանը քրեական հետապնդման և արդարադատության իրականացման ոլորտում՝ նպաստելով իրավապահ համակարգի արդյունավետության բարձրացմանը, հանցավորությանն ու կոռուպցիային համարժեք հակազդմանը: