slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Արխիվ 2021

Archive

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը Եվրոպական Միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության CEPOL ծրագրի շրջանակներում հյուրընկալեց Ուկրաինայի գործընկերներին

Եվրոպական Միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության  փորձի փոխանակման (CEPOL) ծրագրի շրջանակներում սույն թվականի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 01-ը ներառյալ Հայաստանի Հանրապետությունում՝ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում հյուրընկալվեցին Ուկրաինայի Կիևի դատական փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտի ֆոնոսկոպիկ, համակարգչային և հեռահաղորդակցության հետազոտությունների բաժնի պետ Յեվգենի Տիմկոն, ձգաբանական փորձաքննությունների բաժնի փորձագետ Իգոր Սամոիլենկոն և  նյութերի, արտադրանքի ու սննդի փորձաքննությունների բաժնի փորձագետ Նելլի Պոպլովսկայան, ինչպես նաև Ուկրաինայի «Վաստակավոր պրոֆ. Ն.Ս. Բոկարիուսի անվ. դատական փորձաքննության ինստիտուտ»  ազգային գիտական կենտրոնի կենսաբանական, անասնաբուժական, հողագիտական փորձաքննությունների բաժնի պետ Վիկտորիա Բուլիավինան և քրեագիտական հետազոտությունների լաբորատորիայի ֆիզիկաքիմիական հետազոտությունների բաժնի փորձագետ Անաստասիա Սինիցինան:

Ինչպես ավելի վաղ նշվել էր, ծրագրի նպատակն է դատական փորձաքննությունների բնագավառում փոխանակվել լավագույն փորձով,  գիտագործնական հնարավորություններով, կիրառվող նոր կատարելագործված մեթոդներով և տեխնոլոգիաներով, նպաստել մասնագիտական ներուժի զարգացմանն ու ոլորտի առաջընթացի ապահովմանը:

Այցելության առաջին օրը Ուկրաինայի Կիևի և Խարկովի  պատվիրակությունների ներկայացուցիչները հանդիպեցին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ղեկավարության և մի շարք փորձագիտական ստորաբաժանումների անձնակազմի հետ, գործընկերներին ընդունեց նաև «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի դատական բժշկության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Ա.Հովսեփյանը:

Ուկրաինայի գործընկերները ծանոթացան «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հիմնական գործառույթներին, փորձագիտական ստորաբաժանումների և լաբորատորիաների հագեցվածությանը, կիրառվող արդիական մեթոդներին և մեթոդիկաներին, ընթացակարգերին, իրականացվող փորձագիտական հետազոտությունների և գիտահետազոտական աշխատանքների արդյունքներին, ոլորտի գործունեությանն առնչվող իրավակարգավորումներին:

Բյուրոյում գտնվելու ողջ ընթացքում Ուկրաինայի գործընկերներն ըստ իրենց մասնագիտական ուղղվածությունների ակտիվ շփումներ և մասնագիտական քննարկումներ ունեցան, ինչպես նաև իրականացրեցին համատեղ գործնական աշխատանքներ Բյուրոյի համանման մասնագիտությունների գծով փորձագիտական ստորաբաժանումների աշխատողների հետ միասին, որոնց ընթացքում երկուստեք ցուցադրվեցին մեթոդաբանական առկա հնարավորություններն ու դրանց կիրառման առանձնահատկությունները գործնականում:

Ուկրաինայի և Հայաստանի գործընկերները բարձր պատրաստակամությամբ ներկայացրել, ցուցադրել և փոխանակվել են համապատասխան մասնագիտություններով փորձաքննությունների մի շարք ենթատեսակներով  իրենց ունեցած լավագույն փորձով, որոնց շրջանակներում, ի թիվս այլ ուղղությունների, հյուրերի մոտ մեծ հետաքրքրություն է առաջացրել 2018 թվականից Բյուրոյում ներդրված և հաջողությամբ կիրառվող դենդրոքրոնոլոգիական մեթոդով իրականացվող փորձաքննությունները, կիրառվող մեթոդոլոգիական, տվյալների բազայի հավաքագրման և այլ առանձնահատկությունները:

Առանձնակի հետաքրքրություն է առաջացրել Բյուրոյում տարբեր մասնագիտական բնագավառների, այդ թվում դատաբժշկական բնագավառի ներգրավմամբ համալիր փորձաքննությունների իրականացման հնարավորություններն ու ձևավորված փորձը:

CEPOL ծրագրի շրջանակներում Բյուրոյում Ուկրաինայի գործընկերների գտնվելու չորրորդ օրը տնօրեն Ա.Հովսեփյանի հրավերի համաձայն Բյուրոյում հյուրընկալվեց Եվրոպական Միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության փորձի փոխանակման (CEPOL) ծրագրերով Կապի համակարգող, CEPOL-ում Ազգային մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ոստիկանության ակադեմիայի պետի տեղակալ, իրավաբանական գիտութունների թեկնածու, ոստիկանության փոխգնդապետ Ռուսլան Մարանդյանը, որի շրջանակներում տեղի ունեցավ համատեղ հանդիպում Ուկրաինայի գործընկերների հետ:

Հանդիպման ընթացքում Բյուրոյի տնօրենն ընդգծեց CEPOL ծրագրի շրջանակներում փորձի փոխանակման իրագործման կարևորությունը, ներկայացրեց ծրագրի հաջող իրականացման արդյունքում առկա գործնական ձեռքբերումները՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանի Հանրապետությունում CEPOL ծրագրի համակարգող Ռ.Մարանդյանին, ծրագրի իրականացմանն աջակցող ՀՀ ոստիկանության և CEPOL-ի Կենտրոնական գրասենյակի բոլոր գործընկերներին՝ հույս հայտնելով, որ գործընթացը կլինի շարունակական՝ ի նպաստ դատափորձագիտական ներուժի զարգացման ապահովմանն ու իրավակարգի ամրապնդմանը մեր երկրներում:

Միջոցառման ավարտին տնօրեն Ա.Հովսեփյանը Բյուրոյի կողմից Ռ.Մարանդյանին հանձնեց շնորհակալագիր՝ Եվրոպական Միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության փորձի փոխանակման ծրագրում դատափորձագիտական ոլորտի ներգրավման և ծրագրի արդյունավետ իրագործման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:

Ուկրաինայի գործընկերները CEPOL ծրագրի շրջանակներում Հայաստանում գտնվելու ընթացքում աշխատանքային օրերի ավատին Բյուրոյի գործընկերների ուղեկցությամբ մասնակցեցին մի շարք մշակույթային միջոցառումների, այդ թվում այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ և ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ՝ լռությամբ հարգելով Սուրբ նահատակների հիշատակը: 

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը հավատարիմ է Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական ոլորտի գիտագործնական և նորարական հնարավորությունների շարունակական զարացման ապահովման գործին, այդ նպատակով նպաստելով միջազգային կապերի ամրապնդման, փոխգործակցության խորացման և շրջանակների ընդլայնման կարևոր գործընթացին:

Archive

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետների հանդիսավոր ընդունելությունը Ուկրաինայի Հանրապետության «Վաստակավոր պրոֆ. Ն.Ս. Բոկարիուսի անվ. դատական փորձաքննության ինստիտուտ» ազգային գիտական կենտրոնի կողմից

2021թ-ի սեպտեմբերի 14-ին Ուկրաինայի Հանրապետության «Վաստակավոր պրոֆ. Ն.Ս. Բոկարիուսի անվ. դատական փորձաքննության ինստիտուտ» ազգային գիտական կենտրոնի կողմից կազմակերպվել էր Եվրոպական Միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության (CEPOL) փորձի փոխանակման ծրագրի շրջանակներում Ուկրաինայի Հանրապետությունում գտնվող «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի երկու փորձագետների հանդիսավոր ընդունելությունը, որը տեղի էր ունենում Խարկովի դիվանագիտական ակումբում։

Միջոցառմանը ներկա էին Խարկովի դիվանագիտական ակումբի պատվավոր նախագահ Սերգեյ Չերնովը, Խարկովի և Սումիի շրջաններում ՀՀ պատվո հյուպատոսության պատվավոր հյուպատոս Արմեն Ասլանյանը, Խարկովում Վրաստանի պատվո հյուպատոսության պատվավոր հյուպատոս Ալեքսանդրա Չիխլաձեն, իսկ առցանց ձևաչափով միջոցառմանը մասնակցում էին նաև Փորձաքննությունների ազգային բյուրոյի ներկայացուցիչները՝ տնօրեն Արգամ Հովսեփյանը գլխավորությամբ:

Միջոցառմանը բացման և ողջույնի խոսքով հանդես եկան Ուկրաինայի «Վաստակավոր պրոֆ. Ն.Ս. Բոկարիուսի անվ. դատական փորձաքննության ինստիտուտ» ազգային գիտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Կլյուևը և ՀՀ ԳԱԱ «Փորձաքննության ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը:

Տնօրեններ Ալեքսանդր Կլյուևը և Արգամ Հովսեփյանը իրենց խոսքում ներկայացրեցին փոխգործակցության ծավալման նախապատմությունը, ձեռքբերումները և հետագա ակտիվ փոխգործակցության ուղիներն ու հեռանկարները, Բյուրոյի տնօրեն Ա.Հովսեփյանը շնորհակալություն հայտնեց իր գործընկերոջը նմանատիպ բարձր մակարդակի ընդունելության կազմակերպման համար և ընդգծեց, որ երկու կառույցների միջև սերտ համագործակցությունն ու փորձի փոխանակումը շատ կարևոր է երկու երկրների դատափորձագիտական ոլորտի զարգացման ապահովման և իրավակարգի ամրապնդման աջակցության համար:

Ելույթներով հանդես եկան նաև միջոցառման մասնակիցներ՝ Խարկովի դիվանագիտական ակումբի պատվավոր նախագահ Սերգեյ Չերնովը, պատվավոր հյուպատոս Արմեն Ասլանյանը և Եվրոպական Միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության (CEPOL) փորձի փոխանակման ծրագրի մասնակից, Փորձաքննության ազգային բյուրոյի հողագիտական և կենսաբանական փորձաքննությունների բաժանմունքի պետ Գ.Համբարյանը:

Միջոցառման շրջանակներում ցուցադրվեց Ուկրաինայի Հանրապետության «Վաստակավոր պրոֆ. Ն.Ս. Բոկարիուսի անվ. դատական փորձաքննության ինստիտուտ» ազգային գիտական կենտրոնի ստեղծման և գործունեության մասին պատմող համառոտ տեսաֆիլմ։

Հանդիսավոր արարողության ավարտին ձեռք բերվեցին պայմանավորվածություններ հետագա փոխգործակցության առավել խորացման ուղղությամբ, Բյուրոյի տնօրեն Ա.Հովսեփյանը հաջողություն մաղթեց Ուկրաինայի իր գործընկերներին, ինչպես նաև դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին՝ մաղթելով անսպառ էներգիա հայ-ուկրաինական բարեկամական հարաբերությունների հետագա շարունակական զարգացման ապահովման համար, որի հովանու ներքո էլ ավելի բարձր վստահությամբ կզարգանան փոխգործակցության ուղղությունները՝ նպաստելով նաև դատափորձագիտական ներուժի զարգացմանը մեր երկրներում։

Archive

Փորձաքննությունների ազգային բյուրոն մասնակցել է միջազգային գիտագործնական գիտաժողովի.

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները տնօրեն Արգամ Հովսեփյանի գլխավորությամբ 2021 թվականի սեպտեմբերի 03-ին մասնակցել են Օդեսայի փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտի կողմից կազմակերպված «Դատական փորձաքննության և քրեագիտության արդի հիմնախնդիրները և զարգացման հեռանկարները» խորագրով միջազգային գիտագործնական գիտաժողովին, որն անցկացվել է առցանց ձևաչափով:

Միջազգային գիտաժողովը նվիրված էր Օդեսայի գիտատեխնիկական փորձաքննության գրասենյակի հիմնադիր և առաջին ղեկավար Մ.Պ. Մակարենկոյի հիշատակին, որը տեղի ունեցավ Օդեսայի փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտին հատկացված նոր մասնաշենքում:

Միջոցառմանը ներկա էին փորձագիտական ​​և գիտական ​​հաստատությունների, Ուկրաինայի օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մի շարք ներկայացուցիչներ, ինչպես նաև փորձագիտական ​​համայնքի ներկայացուցիչներ Հայաստանից, Բուլղարիայից, Մոլդովայից, Բելառուսից և Ղազախստանից:

Միջոցառմանը բացման և ողջույնի խոսքով հանդես եկան Օդեսայի փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Յու. Չերդինցևը, Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Ա.Հովսեփյանը և այլոք:

Գիտաժողովի ընթացքում զեկույցներով հանդես եկան ոլորտի մի շարք գիտնականներ, ինչպես նաև Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենի գիտության գծով տեղակալ Պ.Ոսկանյանը:

Կարևոր է ընդգծել, որ միջազգային գիտաժողովում հնչեցին զեկույցներ մի շարք արդիական ուղղություներով, որոնք նոր դռներ են բացում փոխգործակցության ամրապնդման և դատափորձագիտական ոլորտի առջև ծառացած խնդիրների լուծման արդյունավետ ուղիների մշակման համար։

Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է նմանօրինակ գիտաժողովների կազմակերպումն ու ակտիվ մասնակցությունը՝ միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնման, դատափորձագիտական հնարավորությունների արդիականացման, լավագույն փորձի ներդրման, միասնական մեթոդաբանության մշակման և ոլորտի կայուն զարգացման ապահովման համար:

Archive

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են Եվրոպական Միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության փորձի փոխանակման ծրագրին (CEPOL)

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Հովսեփյանի նախաձեռնությամբ և ՀՀ ոստիկանության աջակցությամբ Եվրոպական Միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության (CEPOL) փորձի փոխանակման ծրագրի երրորդ փուլի գործարկման շրջանակներում սույն թվականի սեպտեմբերի 05-ից 10-ը ներառյալ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ձգաբանական փորձաքննությունների բաժնի պետ Վասպուր Հովհաննիսյանը և էկոլոգիական, հողագիտական և կենսաբանական փորձաքննությունների բաժնի հողագիտական և կենսաբանական փորձաքննությունների բաժանմունքի փորձագետ Աննա Պետրոսյանը գործուղվել են Ուկրաինայի Հանրապետություն՝ Կիևի դատական փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտ:

Գործուղման նպատակն էր դատական փորձաքննությունների բնագավառում փոխանակվել ձեռքբերված լավագույն փորձով, կիրառվող մեթոդներով և տեխնոլոգիաներով, ծանոթանալ Ուկրաինայի Հանրապետության Կիևի դատական փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտի համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացվող գործառույթներին, գիտականորեն հիմնավորված արդի մեթոդաբանության մշակման և ներդրման աշխատանքներին, ինչպես նաև իրականացվող ծրագրերին և այլ ձեռքբերումներին, ինչը թույլ կտա Հայաստանի Հանրապետությունում բարձրացնել դատափորձագիտական բնագավառում կատարվող աշխատանքների արդյունավետությունը և ստացվող արդյունքների արժանահավատությունը՝ տեղայնացնելով, ներդնելով և/կամ կատարելագործելով կիրառվող դատափորձագիտական հետազոտությունների ժամանակակից մեթոդներն ու հնարավորությունները:

Այցի ընթացքում Բյուրոյի փորձագետները հանդիպել են Կիևի դատական փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտի ղեկավարության և համապատասխան բաժինների ղեկավարների և փորձագետների հետ, որի ընթացքում ծանոթացել են Կիևի դատական փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտում իրականացվող փորձաքննությունների տեսակներին և ենթատեսակներին, մասնավորապես՝ քիմիական, կենսաբանական և ձգաբանական փորձաքննությունների բաժիններում կիրառվող հետազոտությունների մեթոդներին և մեթոդիկաներին, կադրային և նյութատեխնիկական հագեցվածությանը, արդիական նյութատեխնիկական բազային, կատարվող գիտահետազոտական աշխատանքների արդյունքներին, տեխնոլոգիաներին և լավագույն փորձին, փորձագիտական ընթացակարգերին՝ կատարելով փորձի փոխանակում բոլոր վերաբերելի ուղղություններով։

Արդյունքում, գործընկեր կառույցների փորձագետների միջև ձևավորվել են համագործակցության ամուր կապեր, ինչը հնարավորություն կտա ակտիվ փոխգործակցություն ծավալել ոչ միայն գործնական խնդիրների լուծման, այլ նաև համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացման շրջանակներում:

Ընթացիկ ամսվա ընթացքում սպասվում է նաև Կիևի դատական փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտի համապատասխան փորձագետների փոխադարձ այցը «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ:

Archive

Այսօր ականավոր գիտնական, «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հովհաննեսյանի ծննդյան տոնն է

Այսօր ԵՊՀ «Ֆարմացիայի ինստիտուտ»-ի կենսաբժշկագիտության ամբիոնում տեղի ունեցավ ականավոր գիտնական Ռուբեն Հովհաննեսյանի ծննդյան 70-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր արարողությունը:

​Հանդիսավոր արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ «Ֆարմացիայի ինստիտուտ»-ի կենսաբժշկագիտության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հովհաննեսյանը՝ պատմելով իր անցած 70 տարվա ճանապարհի մասին, ներկայացնելով դրվագներ իր մանկությունից, պատանեկությունից ու երիտասարդությունից, ինչպես նաև մասնագիտական և գիտամանկավարժական նշանակալի ձեռքբերումներից:

​Շնորհավորական ուղերձներով հանդես եկան Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը և այլոք:

​ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանի կողմից բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի, գիտական բնագավառի զարգացման գործում ունեցած վաստակի և ծննդյան 70-ամյա հոբելյանի կապակցությամբ Ռուբեն Հովհաննեսյանը պարգևատրվեց Պատվոգրով, ինչպես նաև փոխանցվեց Բյուրոյի ողջ անձնակազմի անունից շնորհավորական ուղերձ։

​Միջոցառմանը ներկա էին նաև բազմաթիվ գիտնականեր, ականավոր բժիշկներ և դասախոսներ, ինչպես նաև ուսանողներ, ովքեր իրենց ջերմագին բարեմաղթանքներն ու լավագույն ցանկությունները փոխանցեցին հոբելյարին։

​Փորձաքննությունների ազգային բյուրոյի ողջ անձնակազմի անունից ջերմորեն շնորհավորում ենք պարոն Հովհաննեսյանին՝ մաղթելով քաջառողջություն, երկար տարիների բեղուն և արդյունավետ աշխատանքային գործունեություն, նոր ձեռքբերումներ ու նվաճումներ՝ ի նպաստ մեր երկրի գիտամանկավարժական ներուժի զարգացման, երիտասարդ գիտնակաների կրթման, նրանց մասնագիտական ընդգրկվածության ընդլայնման, միջազգային գիտական հարթակներում ներկայանալի գիտական ներուժի ձևավորման և գիտական արդյունքի ապահովման գործում նշանակալի ներդրման շարունակական իրագործման համար:

Archive

Թողարկվել է «Դատական փորձաքննության և քրեագիտության հայկական հանդես» գիտական պարբերականի հինգերորդ համարը

Լույս է տեսել «Դատական փորձաքննության և քրեագիտության հայկական հանդես» գիտական պարբերականի հերթական՝ հինգերորդ համարը:

Ինչպես հայտնի է, 2021թ-ից պարբերականն ընդգրկվել է ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից հաստատված ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցուցակում:

Կարևոր է ընդգծել նաև այն պարբերականում 5-րդ համարից սկսած ներառվող գիտական հոդվածներն ընդգրկվել են DOI (թվային օբյեկտի նույնականացուցիչ) համակարգում, որն ապահովում է նյութերի նույնականացման, բովանդակության և մետատվյալների կառավարման գործընթացը և մեծապես հեշտացնում գիտական նյութերի որոնումն ու մեջբերումը: DOI համարանիշի տրամադրումն ապահովում է  նաև մտավոր սեփականության իրավունքի պաշտպանությունը:

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից նման հետևողական քայլերի ձեռնարկումով պարբերականի թողարկումը հնարավորություն է ընձեռելու ոչ միայն փոխանակվել իրականացված գիտագործնական աշխատանքների արդյունքներով, դատափորձագիտական ոլորտում ժամանակակից մեթոդների կիրառման և ստացվող արդյունքների վերլուծության առանձնահատկություններով, այլ նաև հեղինակի մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության սկզբունքների պահպանմամբ՝ ներկայացնել վերջիններիս լավագույն գիտահետազոտական արդյունքները, դրանով իսկ նպաստելով դատափորձագիտության ոլորտի գիտական ապահովմանն ու զարգացմանը:

Հարգելի գործընկերներ, պարբերականի խմբագրական խորհուրդն ուրախ կլինի տեսնել սահմանված ձևաչափով կազմված Ձեր գիտական աշխատանքների լավագույն արդյունքները «Դատական փորձաքննության և քրեագիտության հայկական հանդես» գիտական պարբերականի հաջորդ համարներում:

Պարբերականի թողարկված բոլոր համարների, ինչպես նաև հինգերորդ համարում զետեղված բոլոր գիտական աշխատանքների էլեկտրոնային տարբերակները DOI համակարգում իրենց տրամադրված համարներով զետեղված են պարբերականի պաշտոնական կայքում (www.journal.nbe.am):

Archive

Փորձաքննությունների ազգային բյուրոն շարունակում է ամրապնդել գիտագործնական համագործակցության միջազգային կապերը

Փորձաքննությունների ազգային բյուրոյի կողմից շարունակվում են ամրապնդվել ձևավորված գիտագործնական կապերն արտերկրի՝ ինչպես դատափորձագիտական ոլորտի, այնպես էլ իրավապահ համակարգի մի շարք գերատեսչությունների և առաջատար կազմակերպությունների հետ:

Այս առումով կարևորվում է ինչպես հայաստանյան, այնպես էլ արտերկրի մեր գործընկերների կողմից կատարված գիտական աշխատանքների արդյունքների տպագրությունը մեր և արտերկրի գործընկերների կողմից թողարկվող գիտական պարբերականներում և դրանց արտաքին գրախոսությունների իրականացման ձևավորվող պրակտիկան՝ նպատակ ունենալով ներդաշնակեցնել արդի գիտական մոտեցումները, նպաստել ժամանակակից մարտահրավերների և առկա խնդիրների արդյունավետ լուծումների գիտական ապահովմանն ուղղված միասնական գիտական համակարգի ձևավորմանը, լավագույն փորձի ներդրմամբ դատափորձագիտական արդիական հնարավորությունների ստեղծմանը, արդյունքում նպաստելով դատաիրավական համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Վերոգրյալի համատեքստում հարկ է ընդգծել Փորձաքննությունների ազգային բյուրոյի համագործակցությունը նաև Բելառուսի Հանրապետության գործընկերների հետ, որի կարևոր դրսևորումներից էր Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդի իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման ատենախոսության գրախոսումը, որի պաշտպանությունն հաջողությամբ իրականացվել է սույն թվականի մայիսի 25-ին։

Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է միջազգային համագործակցության կապերի շարունակական զարգացումն ու ամրապնդումը բոլոր մակարդակներում, որոնք կնպաստեն ինչպես ներպետական, այնպես էլ անդրազգային հանցավորության դեմ պայքարի արդյունավետ իրականացմանն ու իրավակարգի ամրապնդմանը մեր երկրներում։

Archive

Տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն

Այսօր «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ–ում տնօրեն Ա.Հովսեփյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցել է Բյուրոյի փորձագիտական  անձնակազմը:

Խորհրդակցության շրջանակներում ամփոփվել են  նախորդ կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները և փորձագիտական անձնակազմի հետ վերլուծվել են ընթացիկ փորձաքննությունների քանակական ծավալային ցուցանիշները, դրանց կատարման տեմպերը, առկա խոչընդոտներն ու փորձաքննությունները հնարավորինս սեղմ ժամկետներում իրականցնելուն ուղղված այլ կարևոր հարցեր։

Խորհրդակցության ընթացքում տրվել են հանձնարարականներ «Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման» ծրագրի շրջանակներում ապահովելու ընթացիկ հետազոտական աշխատանքների իրականացման պատշաճ ընթացքը և 2021 թվականին կատարված օրենսդրական փոփոխություններին համապատասխան աշխատողների ատեստավորման համար անհրաժեշտ գործընթացների պատշաճ իրականացումը:

Կազմակերպության տնօրեն Ա. Հովսեփյանի կողմից տրվել են նաև համապատասխան հանձնարարականներ փորձաքննությունների և գիտության գծով տնօրենի տեղակալներին, բոլոր փորձագիտական ստորաբաժանումների (բաժինների և բաժանմունքների) պետերին և փորձագետներին, բոլոր ուղղություններով աշխատանքներին լրացուցիչ թափ հաղորդելու, իրենց իրավասությունների շրջանակներում անհրաժեշտ ակտիվ նախաձեռնողականություն ցուցաբերելու և լավագույն արդյունքներին հասնելու նպատակով աշխատանքների ներդաշնակ և արդյունավետ կազմակերպումն ապահովելու համար։

Նախատեսվում է նմանատիպ խորհրդակացությունների պարբերական անցկացում, որը հնարավորություն կտա առավել բարձրացնել Բյուրոյի փորձագիտական անձնակազմի կողմից իրականացվող աշխատանքների արդյունավետությունը, առավել կառավարելի դարձնել հնարավոր ռիսկերը և ապահովել հնարավորինս սեղմ ժամկետներում գիտականորեն հիմնավորված արդյունքների ստացման գործընթացը:

Archive

Տեղի է ունեցել ապօրինի ծառահատումների վերաբերյալ հրատարակված մեթոդական ցուցումների շնորհանդեսը

Այսօր «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ Բյուրոյի և Ռուսաստանի Դաշնության «Առողջ անտառ» ընկերության մասնագետների համահեղինակությամբ հրատարակված «Դատական փորձաքննությունների նշանակումն ապօրինի անտառահատումների հետ կապված հանցագործությունների բացահայտման և քննության ընթացքում մեթոդական ցուցումներ»  ձեռնարկի շնորհանդեսը:

Միջոցառմանը հրավիրվել և մասնակցում էին ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետության դատախազությունից, ազգային անվտանգության ծառայությունից, հատուկ քննչական ծառայությունից, քննչական կոմիտեից, ոստիկանությունից, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից, ՀՀ ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակից և այլ կազմակերպություններից:

Շնորհանդեսին ողջույնի խոսքով հանդես եկավ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա.Հովսեփյանը, տեսակապի միջոցով ելույթ ունեցավ ձեռնարկի համահեղինակ Ռուսաստանի Դաշնության «Առողջ անտառ» ընկերության Վոլոգդայի մասնաճյուղի ղեկավար Յու. Ժավորնիկովը: Ելույթով հանդես եկավ նաև ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դ.Հարությունյանը, այնուհետև ներկայացվեց զեկույց Բյուրոյի փորձագետ Տ.Հայրապետյանի կողմից:

Բյուրոյի տնօրեն Ա.Հովսեփյանը ներկայացրեց 2018թ.-ից ՀՀ-ում առաջին անգամ ներդրված դենդրոքրոնոլոգիական մեթոդների ներդման գործընթացը, շնորհակալություն հայտնելով այն գերատեսչություններին՝ ի դեմս նրանց ղեկավարների, ովքեր գործուն քայլեր են ձեռնարկել ի աջակցություն դրա իրականացմանը, ներկայացրեց տվյալ փորձագիտական հնարավորությունների կիրառման և պարզման ենթակա հարցերի շրջանակները, զարգացման հեռանկարներն ու գործնականում առկա խնդիրները:

Ա.Հովսեփյանն իր խոսքում նշեց, որ ձեռնարկում նկարագրված են ապօրինի անտառահատումների բացահայտման և քննության շրջանակներում վարույթ իրականացնող մարմինների կողմից դեպքի վայրի զննության ընթացքում անհրաժեշտ նմուշների ճիշտ վերցման և մակնշման, դրանց պահպանության, դեպքի բնույթից ելնելով նշանակվող փորձաքննությունների տեսակների, փորձաքննությանն առաջադրվող հարցերի շրջանակների և այլ խնդիրների ճշգրիտ և ամբողջական լուծմանն ուղղված կարևոր տեղեկատվություն, որի կիրառումը գործնականում կնպաստի ապօրինի անտառահատումների հետ կապված հանցագործությունների բացահայտման և քննության առավել արդյունավետ իրականացմանը:

Ծավալված քննարկումից հետո ներկաները շնորհակալություն հայտնեցին հրավերի համար՝ ընդգծելով գործնական նշանակություն ունեցող նման ձեռնարկի հրատարակման կարևորությունը:

Բյուրոյի տնօրեն Ա.Հովսեփյանն առանձնակի կարևորեց, որ բոլոր գերատեսչությունների ներուժի ներդաշնակ համադրման արդյունքում է հնարավոր կառավարելի դարձնել ապօրինի անտառահատումների դեմ պայքարի արդյունավետ իրականացումը:

Archive

Փորձաքննությունների ազգային բյուրոն մասնակցել է միջազգային գիտագործնական գիտաժողովի

2021 թվականի հունիսի 30-ին ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա.Հովսեփյանը և համապատասխան աշխատակիցները մասնակցել են Ուզբեկստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Հ. Սուլայմանովայի անվ. Հանրապետական փորձագիտական կենտրոն»-ի 70 ամյակին նվիրված միջազգային գիտագործնական գիտաժողովին՝ առցանց ձևաչափով:

Գիտաժողովին բացման խոսքով և ելույթներով հանդես են եկել Ուզբեկստանի Հանրապետության «Հանրապետական փորձագիտական կենտրոն»-ի տնօրեն Ա.Խալիլովը, արդարադատության նախարար Ռ.Դավլետովը, Գերագույն դատարանի նախագահ Կ.Կոմիլովը, գլխավոր դատախազ Ն.Յուլդաշևը, Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարության դատական փորձաքննության Դաշնային կենտրոնի տնօրեն Ս.Սմիրնովան Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Ա.Հովսեփյանը և այլոք:

Միջազգային գիտագործնական գիտաժողովի նպատակն էր քննարկել դատափորձագիտական բնագավառում առկա իրավիճակը, ընթացիկ բարեփոխումները, մատնանշել տեսական և գործնական գիտական արդի հիմունքները, դիտարկել նոր հետազոտական մեթոդների ներդրման հնարավորությունները, ինչպես նաև ծանոթանալ դատափորձագիտական առաջատար կառույցների լավագույն փորձին և գործընկեր երկրներում դատափորձագիտական ոլորտի զարգացման գործընթացներին և հեռանկարներին:

Միջոցառման շրջանակներում հրատարակվել է միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածու, որում ներառված են նաև Փորձաքննությունների ազգային բյուրոյի աշխատողների կողմից ներկայացված գիտական հոդվածները:

Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է նմանօրինակ գիտաժողովներին մասնակցությունը՝ միջազգային համագործակցության ամրապնդման և շրջանակների ընդլայնման, դատափորձագիտական հնարավորությունների արդիականացման, լավագույն փորձի ներդրման, միասնական մեթոդաբանության մշակման և ոլորտի կայուն զարգացման ապահովման համար

Archive

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Եվրասիա միջազգային համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր

2021թ.-ի հունիսի 29-ին ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ»-ում հյուրընկալվեցին  Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը և համալսարանի ներկայացուցիչները:

Հանդիպման նպատակն էր քննարկվել համագործակցության տարբեր ուղղություններով առկա հնարավորությունները, մասնագիտական որակավորման բարձրացմանն ուղղված հնարավոր քայլերի հաջորդականությունը, ներկայիս գերակա խնդիրներն ու մասնագիտական տարբեր ուղղությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև բարձր մասնագիտական գիտելիքներով և գործնական հմտություններով օժտված մասնագետների պատրաստման հարցում փոխգործակցության կարևորությունը:

Հանդիպման շրջանակներում կնքվել է համագործակցության հուշագիր, որը հնարավորություն կտա համակողմանի փոխգործակցություն ծավալել գործունեության ոլորտին առնչվող բոլոր ուղղություններով: Հուշագրի շրջանակում կողմերը կձևավորեն աշխատանքային խմբեր, որոնք կհամակարգեն համատեղ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններում համապատասխան խորհրդատվության իրականացումը, փորձի փոխանակումը, գիտական տարբեր միջոցառումների կազմակերպումը և այլն:

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը հավատարիմ մնալով իր որդեգրած սկզբունքներին՝ նպատակաուղղված է ակտիվ փոխգործակցություն ծավալել բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ՝ բուհական և հետբուհական կրթության որակյալ իրականացման և բարձր մասնագիտական գիտելիքներով և գործնական հմտություններով օժտված մասնագետների պատրատման գործում իր նպաստն ունենալու համար:

Archive

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը շարունակում է ակտիվ փոխգործակցությունը Դատափորձագիտական Ինստիտուտների Եվրոպական ցանցի կազմում

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը շարունակում է ակտիվ փոխգործակցությունը «Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի» (ENFSI) կազմում՝ նպատակ ունենալով մշտապես ամրապնդել միջազգային կապերը, ընդլայնել փոխգործակցության ուղղություններն ու զարգացնել կազմակերպության փորձագիտական հնարավորությունները: Հանդիսանալով Հայաստանի Հանրապետությունից ENFSI-ի միակ լիիրավ անդամը, 2021 թվականին Բյուրոն ակտիվորեն մասնակցում է ENFSI-ի կազմում անցկացվող բոլոր միջոցառումներին, այդ թվում՝ ըստ տարբեր բնագավառների փորձագիտական աշխատանքային խմբերի գործունեությանը և տարեկան համաժողովներին, լավագույն փորձի ձեռնարկների վերաբերյալ անցկացվող քննարկումներին, հարցումներին և այլ աշխատանքներին:

Վերոգրյալի համատեքստում 2021թ-ի մայիսի 27-ին Բյուրոյի տնօրեն Ա.Հովսեփյանը մասնակցել է Հունաստանի գործընկեր կառույցի (տեղակայման վայրը՝ Աթենք) կողմից կազմակերպված ENFSI-ի տարեկան համաժողովին, որը կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, այս տարի անցկացվեց առցանց: Համաժողովի ընթացքում հաստատված օրակարգի համաձայն ENFSI-ի Խորհրդի անդամները և Աշխատանքային խմբերի ղեկավարները հանդես են եկել զեկույցներով, 2020-2021թթ. իրականացված աշխատանքների արդյունքների և ձեռքբերումների վերաբերյալ ամփոփ նյութերի ներկայացմամբ, վերուծվել են 2021-2022թթ. ակնկալվող ծրագրերի նախնական տարբերակները, քննարկվել են նախապես էլեկտրոնային եղանակով տեղի ունեցած քվեարկության արդյունքները, որոնք վերաբերում էին ENFSI-ի ընթացիկ և հաջորդ տարիների գործունեությունը:

2021թ-ի ընթացքում Փորձաքննությունների ազգային բյուրոն շարունակում է ակտիվ փոխգործակցությունը «Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի» կազմում՝ համագործակցելով ENFSI անդամ մի շարք կազմակերպությունների հետ, ինչը թույլ է տալիս Հայաստանի Հանրապետությունում շարունակաբար կատարելագործել փորձագիտական անձնակազմի հմտությունները, ապահովել նրանց լիարժեք ինտեգրումը միջազգային մասնագիտական աշխատախմբերում՝ ի նպաստ մեր երկրում դատափորձագիտական բնագավառի զարգացմանը, իրականացվող փորձաքննությունների գիտականորեն հիմնավորված և հավաստի արդյունքների ստացմանն ու նպաստելով դատաիրավական համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Archive

Փորձաքննությունների ազգային բյուրոյի մասնակցությունը «Պետական և մասնավոր հատվածներում ապրանքագիտական և տնտեսագիտական փորձաքննությունների դերը և զարգացման հեռանկարները» խորագրով միջազգային համաժողովին

2021 թ. մայիսի 28-ին տեղի է ունեցել առաջին միջազգային գիտագործնական համաժողովը, որը կազմակերպվել էր Ուկրաինայի արդարադատության նախարարության Օդեսայի դատական փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտի, Օդեսայի ազգային տնտեսագիտական համալսարանի և «Տարաս Շևչենկոյի անվան Լուգանսկի ազգային համալսարան» պետական ​​ինստիտուտի համատեղ ջանքերով: Գիտաժողովն անցկացվեց հեռավար տարբերակով, որին մասնակցում էին տարբեր երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ուկրաինայի, Բելառուսի Հանրապետության, Բուլղարիայի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության գիտնականներ, գիտական և ​​փորձագիտական ​​ոլորտի մի շարք  ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ղեկավար և փորձագիտական անձնակազմի ներկայացուցիչներ:

 Համաժողովի թեման էր՝ «Պետական ​​և մասնավոր հատվածներում ապրանքագիտական և տնտեսագիտական փորձաքննությունների դերը և զարգացման հեռանկարները»:

Համաժողովին բացման խոսքով հանդես է եկել Օդեսայի դատական փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Յուրի Չերդինցևը ընդգծելով, որ միջազգային նման ​​համաժողովները, կլոր սեղաններն ու այլ միջոցառումները նպաստում են գիտական ​​և մասնագիտական ​​կապերի  ամրապնդմանը, նոր կապերի հաստատմանը, դատական ոլորտում առկա բացերի և ոչ միատեսակ մոտեցումների վերաբերյալ քննարկումներին, ինչպես նաև փորձի փոխանակմանը, միասնական մեթոդաբանության ստեղծմանն ու առկա խնդիրների լուծման արդյունավետ ուղիների մշակմանը:

Համաժողովի ընթացքում տեղի է ունեցել ակտիվ քննարկում Փորձաքննությունների ազգային բյուրոյի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Միջազգային հարուստ փորձի և գիտամեթոդական նորարական հնարավորությունների տեղայնացման և ՀՀ-ում կիրառման ապահովմանն ուղղված նման միջոցառումներին մասնակցությունը ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի  կողմից կրում է շարունակական բնույթ:

Archive

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում մեկնարկել է գիտահետազոտական աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված սեմինարների շարք

2021 թվականի մայիսի 18-ից ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում մեկնարկել է գիտահետազոտական աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված սեմինարների շարքը, որն անցկացվում է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական, Ապացուցողական բժշկության մասնագետների հայկական ասոցիացիայի նախագահ, բ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Հովհաննեսյանի կողմից:

Հաշվի առնելով այն, որ ՀՀ գիտության պետական կոմիտեի կողմից շրջանառության մեջ են դրվել հոդվածների հրապարակումների նոր չափանիշներ, ըստ որոնց հոդվածները պետք է համապատասխանեն «Scopus» և «Web of science» շտեմարաններում ընդգրկված պարբերականների չափանիշներին, Բյուրոյի ղեկավարության կողմից որոշվել է կազմակերպել նմանատիպ սեմինարների շարք, որը  կբարձրացնի իրականացվող գիտահետազոտական աշխատանքների արդյունավետությունը, հրատարակվող հոդվածների որակը՝ նպաստելով վերջիններիս հրատարակմանը միջազգային ճանաչում ունեցող և վերը նշված շտեմարաններով ընդգրկված հայտնի պարբերականներում:

Սեմինարին մասնակցել է Բյուրոյի փորձագիտական անձնակազմը, քննարկվել են գիտական հրապարակումների, հեղինակային իրավունքների և գրագողության վերաբերյալ առավել արդիական խնդիրները, ինչպես նաև ներկայացվել են ժամանակակից ուղեցույցներ գիտական ոճի և ձևաչափի, գիտական աշխատանքների գրախոսման  և մի շարք այլ պահանջների վերլուծությամբ:  

Սեմինարին ծավալվել են ակտիվ քննարկումներ, որոնց ընթացքում ներկայացված տեղեկատվությունն ուներ կարևոր կիրառական նշանակություն գիտահետազոտական աշխատանքների արդյունավետ պլանավորման և իրականացման համատեքստում:

Սեմինարին ներկա էր նաև Բյուրոյի տնօրեն Ա.Հովսեփյանը, ով իր խոսքում կարևորել է գիտահետազոտական աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ու երիտասարդ հետազոտողների գիտելիքների համալրմանն ուղղված նմանատիպ միջոցառումների շարունակական իրականացումը:  

Սեմինարի ընթացքում քննարկվել են նաև Բյուրոյի կողմից 2019թ.ին հիմնադրված «Դատական փորձաքննության և քրեագիտության հայկական հանդես» գիտական պարբերականի միջազգային ճանաչման ու համապաստախան շտեմարաններում ընդգրկմանն ուղղված հետագա քայլերը՝ ի նպաստ մեր երկրի գիտական ներուժի զարգացման ապահովմանը:

Archive

Փորձաքննությունների ազգային բյուրոյի մասնակցությունը «Դատական բժշկության և փորձագիտական պրակտիկայի արդի հարցերը-2021» խորագրով միջազգային համագումարին

2021 թվականի ապրիլի 21-ին և 22-ին ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա.Հովսեփյանը և դատաբժշկական փորձաքննությունների բաժնի աշխատակիցները մասնակցել են Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի շրջանի առողջապահության նախարարության և Դատաբժշկական փորձագետների ասոցացիայի ու Ազգային բժշկական պալատի կողմից կազմակերպված «Դատական բժշկության և փորձագիտական պրակտիկայի արդի հարցերը-2021» խորագրով ամենամյա միջազգային համագումարին, որն այս տարի անցկացվել է առցանց ձևաչափով:

Միջազգային համագումարին մասնակցել են մի շարք դատաբժշկական և գիտաուսումնական կազմակերպությունների ղեկավարներ և ավելի քան 1911 գիտնականներ ու մասնագետներ Եվրոպական և ԱՊՀ տարածաշրջանի տարբեր երկրներից:

Համագումարին բացման խոսքով և ելույթներով հանդես են եկել Ռուսաստանի Դաշնության դատաբժշկական փորձագետների ասոցիացիայի նախագահ, բ.գ.դ. պրոֆեսոր Վլադիմիր Կլևնոն և համագումարի այլ մասնակիցներ:

Միջազգային համագումարի նպատակն է ընդլայնել դատաբժշկական բնագավառի տարբեր ոլորտների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, ապահովել փոխգործակցության շարունականությունը, վերլուծել նոր մեթոդների և մեթոդիկաների ներդրման ու կիրառման հնարավությունները դատաբժշկական պրակտիկայում՝ փորձաքննությունների գիտականորեն հիմնավորված հավաստի արդյունքների ստացման ապահովման նպատակով:

Համագումարի երկու օրերի պլենար և սեկցիոն նիստերի ընթացքում մասնակիցների կողմից ներկայացվել են շուրջ 84 զեկույցներ տարբեր թեմաններով, այդ թվում՝ բուժաշխատողների մասնագիտական սխալների փորձաքննությունների,  մարդու անհատականացման մոլեկուլային գենետիկական մեթոդների, անձի ազգակցական կապերի հաստատման և նույնականացման փորձաքննությունների, հանցագործության գործիքի և վնասվածքի առաջացման մեխանիզմի դատաբժշկական նույնականացման, թույնների, թմրանյութերի և հոգեմետ նյութերի դատաքիմիական և քիմիական (տոքսիկոլոգիական) վերլուծության ժամանակակից մեթոդների և այլնի վերաբերյալ:

Միջոցառման մասնակիցներին տրվել են 12 ՇՄԶ կրեդիտ և համապատասխան վկայականներ:

 ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի  կողմից նմանատիպ միջազգային միջոցառումներին մասնակցությունը կրում է պարբերական և շարունակական բնույթ հաշվի առնելով, որ դատաբժշկական բաժնի փորձագետների մեծ մասը հանդիսանում են Ռուսաստանի Դաշնության դատաբժշկական փորձագետների ասոցիացիայի անդամներ, որը կնպաստի  միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնմանը, դատափորձագիտական հնարավորությունների արդիականացմանը, լավագույն փորձի ներդրմանն ու ոլորտի կայուն զարգացման ապահովմանը: