slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Արխիվ 2019

Archive

Թմրամիջոցների և թմրամոլության մոնիթորինգի եվրոպական կենտրոնի (ԹԹՄԵԿ) փորձագետների այցը Փորձաքննությունների ազգային բյուրո

2019 թվականի մարտի 27-ին ՀՀ վարչապետին կից անվտանգության խորհրդի գրասենյակի պետական, հասարակական անվտանգության բաժնի պետ Ա.Ղազարյանի և «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Հովսեփյանի ձեռքբերված պայմանավորվածության համաձայն կազմակերպության գիտության գծով տնօրենի տեղակալ Պ.Ոսկանյանը և Ֆիզիկատեխնիկական հետազոտությունների և քիմիական փորձաքննությունների բաժնի թմրանյութերի, հոգեմետ և թունավոր նյութերի փորձաքննությունների բաժանմունքի պետ Ա.Թովմասյանը մասնակցել են ՀՀ վարչապետին կից անվտանգության խորհրդի գրասենյակում տեղի ունեցած Թմրամիջոցների և թմրամոլության մոնիթորինգի եվրոպական կենտրոնի (ԹԹՄԵԿ) կողմից փորձագետների այցի շրջանակներում ներկայացված «EU4 Monitoring Drugs project 2019-2021» ծրագրի քննարկումներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարին առնչվող ընդհանուր հարցեր, որին մասնակվում էին նաև ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փորձագիտական ոլորտին վերաբերող որոշ հարցեր:
Տեղի ունեցած հանդիպումից և քննարկումներից հետո, ըստ նախապես համաձայնեցված օրակարգի, Թմրամիջոցների և թմրամոլության մոնիթորինգի եվրոպական կենտրոնի (ԹԹՄԵԿ) փորձագետներ՝ Կլաուդիա Կոստա Ստորտինը, Դոմինիք Լոպեզը, Թոնի Սագերսը և Ֆրեդերիք Դենեկերը ՀՀ վարչապետին կից անվտանգության խորհրդի գրասենյակի պետական, հասարակական անվտանգության բաժնի պետ Ա.Ղազարյանի գլխավորությամբ այցելել են «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ: Այցի նպատակն էր ծանոթանալ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի գործունեության ուղղություններին և հնարավորություններին, փորձագիտական հետազոտությունների կատարման ընթացքում կիրառվող մեթոդներին և մեթոդիկաներին, առկա հնարավորություններին, նյութատեխնիկական բազային, ինչպես նաև քննարկել ոլորտի գերակա ուղղություններն ու հեռանկարները՝ հետագա համագործակցության և զարգացման ապահովման համար։
Այցի ընթացքում Կազնակերպության տնօրեն Ա. Հովսեփյանի կողմից մանրամասն ներկայացվել են կազմակերպության հիմնադրման նպատակների իրագործման շրջանակներում առկա ձեռքբերումները, կազմակերպության կառուցվածքն ու անցած ուղին, հիմնական գործառույթները, տարբեր ուղղություններով իրականացվող փորձագիտական և գիտական աշխատանքները, փորձագիտական ստորաբաժանումների լաբորատորիաների հագեցվածությունը, կիրառվող արդի մեթոդներն ու մեթոդիկաները, ընթացակարգերը, իրականացվող փորձաքննությունների տեսակներն ու ենթատեսակները, առկա հնարավորությունները, խնդիրներն ու զարգացման հեռանկարները: Այնուհետև, կազմակերպության տնօրեն Ա.Հովսեփյանի ուղեկցությամբ կատարվել է շրջայց կազմակերպության Ֆիզիկատեխնիկական հետազոտությունների և քիմիական փորձաքննությունների բաժնի և դատաբժշկական փորձաքննությունների տոքսիկոլոգիական փորձաքննությունների բաժանմունքի լաբորատորիաներում՝ տեղում ծանոթանալով առկա փորձագիտական հնարավորություններին, կատարվող փորձաքննությունների տեսակներին և ենթատեսակներին, ժամանակակից տվյալների բազաներին, որոնց օգնությամբ իրականացվում են ներկայացվող իրեղեն ապացույցների/նմուշների բաղադրության պարզման, ինչպես նաև նույնականացման փորձագիտական հետազոտությունները և պարզաբանվում փորձաքննությունների առաջադրվող մի շարք հարցերին: 
Այցի ընթացքում Թմրամիջոցների և թմրամոլության մոնիթորինգի եվրոպական կենտրոնի փորձագետների հետ քննարկվել են «EU4 Monitoring Drugs project 2019-2021» ծրագիրը՝ նպատակները, թմրամիջոցների ապօրինի շրջանառության ամբողջ շղթայի բացահայտմանն ուղղված փորձաքննությանը վերաբերող մի շարք հարցեր, թմրանյութերի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, մշակման և տարածման առանձնահատկությունները, ինչպես նաև թմրանյութերի համաշխարհային շուկայում ի հայտ եկող թմրամիջոցների նոր տեսակների և հոգեմետ նյութերի վերաբերյալ անընդհատ թարմացվող տեղեկատվական բազաներին հասանելիությանը և/կամ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին՝ այդ թվում ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին պաշտոնական տվյալների տրամադրման վերաբերող կարևոր հարցեր: 
Թմրամիջոցների և թմրամոլության մոնիթորինգի եվրոպական կենտրոնի փորձագետները և ՀՀ վարչապետին կից անվտանգության խորհրդի գրասենյակի պետական, հասարակական անվտանգության բաժնի պետ Ա.Ղազարյանը շնորհակալություն հայտնելով կազմակերպության տնօրեն Ա. Հովսեփյանին ջերմ և բովանդակալից ընդունելության կազմակերպման համար` բարձր գնահատականի արժանացրեցին Կազմակերպության գրանցած ձեռքբերումներն ու մասնագիտկան բարձր մակարդակը, միաժամանակ կարևորելով դատափորձագիտական բնագավառի բարդ և պատասխանատու աշխատանքի նման պատշաճ մակարդակով իրականացման անհրաժեշտությունը, պատրաստակամություն հայտնելով ծրագրի շրջանակներում ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները թմրամիջոցների և հոգեմետ նյութերի փորձաքննություններում եվրոպական դատափորձագիտական համապատասխան ոլորտներում ունեցած փորձն ու բարձր տեխնոլոգիական հնարավորությունները ՀՀ-ում ներդնելու, որպես դատափորձագիտական բնագավառում առաջատար կառույց Փորձաքննությունների ազգային բյուրոյի հետ ակտիվ փոխգործակցություն ծավալելու ուղղությամբ: 
Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Ա. Հովսեփյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Թմրամիջոցների ու թմրամոլության մոնիթորինգի եվրոպական կենտրոնի փորձագետներին և Անվտանգության խորհրդի գրասենյակի պետական, հասարակական անվտանգության բաժնի պետ Ա.Ղազարյանին կազմակերպություն այցելելու համար` հույս հայտնելով, որ այցն անխոս կնպաստի ակտիվ փոխգործակցության ծավալմանն ու Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական բնագավառում միջազգային զարգացած նորագույն տեխնոլոգիաների ներդրման ապահովմանը:

Archive

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցությունը աշխատանքային քննարկմանը

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հրավերով 2019 թվականի փետրվարի 28-ին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի պետ Կ.Մխիթարյանը և հոգեբանական փորձաքննությունների բաժնի պետ Ա.Վարդանյանը մասնակցել են՝ «Հայաստանում Ստամբուլյան արձանագրության կիրարկման ուղղությամբ պետական քաղաքականությունը» խորագրով աշխատանքային քննարկմանը:
Աշխատանքային քննարկումը կազմակերպվել էր Եվրոպական միության ֆինանսավորմամբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և Խոշտանգման զոհերի հոգեսոցիալական և բժշկական վերականգնողական վրացական կենտրոնի (GCRT) հետ համատեղ իրականացվող «Պայքար խոշտանգման և վատ վերաբերմունքի դեմ Վրաստանում, Հայաստանում և Ուկրաինայում» ծրագրի շրջանակներում:
Ծրագրի նպատակն է միահամուռ ուժերով զբաղվել խոշտանգման խնդիրներով՝ ներդրում ունենալով խոշտանգումների կանխարգելման, փոփոխման մեխանիզմների բարելավման, փակ և կիսափակ հաստատություններում խոշտանգման կանխարգելման, խոշտանգում վերապրած անձանց աջակցության տրամադրման թեմայի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ու ջատագովությանն ուղղված աշխատանքներով: Աշխատանքային քննարկման ընթացում ներկայացվել և քննարկվել են Ստամբուլյան արձանագրության դերն ու նշանակությունը, պետական քաղաքականության մեջ դրա չափանիշների ընդունման և կիրարկման հետ կապված հնարավորությունները և մարտահրավերները:
Աշխատանքային քննարկմանը մասնակցում էին նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության ներկայացուցիչները, քրեակատարողական հիմնարկների պետեր և այլ ներկայացուցիչներ, ՀՀ ոստիկանության ՁՊՎ-ների պատասխանատուներ, ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչներ, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր ՀԿԳ քննիչներ, փաստաբաններ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Միջոցառմանը բացման խոսքով և հաջորդող ելույթներով հանդես են եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, ԲՀՀ-Հայաստան գործադիր տնօրեն Դավիթ Ամիրյանն ու փորձագետ Մուշեղ Եկմալյան՝ անդրադառնալով Ստամբուլյան արձանագրության նշանակությանը, պետական քաղաքականության մեջ դրա չափանիշների ընդունման, կիրարկման հնարավորություններին և մարտահրավերներին, արձանագրությունից բխող մեխանիզմներին, արձանագրության ընդունման նախապատմության և դրա կիրարկման միջազգային փորձի մասին, ընդգծելով հոգեբանի, իրավաբանի և բժշկի համատեղ աշխատանքի կարևորությունը խոշտանգումների արձանագրման գործում: Այնուհետև, քննարկման ընթացքում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ս.Քրմոյանի կողմից ներկայացվել է Քրեակատարողական հիմնարկներում տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման համակարգի արդիականացման դերը խոշտանգման կամ վատ վերաբերմունքի կանխարգելման հարցերում, ինչպես նաև Ստամբուլյան արձանագրության միջազգային փորձն ու գործիքները: 
Քննարկման ընթացքում ելույթներով հանդես են եկել նաև «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի պետ Կ.Մխիթարյանը և հոգեբանական փորձաքննությունների բաժնի պետ Ա.Վարդանյանը՝ վեր հանելով առկա խնդիրները, ընգծելով կազմակերպված միջոցառման նշանակությունը և Ստամբուլյան արձանագրությունների լիարժեք կիրառման կարևորությունը նշված ոլորտում: 
Աշխատանքային քննարկման ընթացքում ՀՀ արդարադատության փոխնախարար Ս.Քրմոյանը հայտնել է նաև ՀՀ կառավարության 2006թ-ի N 825-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու համար նախագիծ պատրաստելու և Ստամբուլյան արձանագրությունների որոշ կարևոր դրույթներ նախագծում ներառելու նկատառումների մասին, որի վերաբերյալ ծավալված քննարկման արդյունքում ՀՀ արդարադատության փոխնախարար Ս.Քրմոյանի կողմից առաջարկվել և այնուհետև նշված որոշման նախագիծը համապատասխան գրությամբ ուղարկվել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ՝ նախագծի վերաբերյալ պաշտոնական կարծիք, համապատասխան դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու նպատակով:

Archive

Ընդլայնվում են ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հետ համագործակցության շրջանակները

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ո.Մարուխյանի հրավերով ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա.Հովսեփյանը և տնօրենի գիտության գծով տեղակալ Պ.Ոսկանյանը 2019 թվականի փետրվարի 21-ին հյուրընկալվել էին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, որտեղ ԲՈՒՀ-ի հոգաբարձուների խորհրդի, գիտական խորհրդի և ռեկտորատի անդամների մասնակցությամբ ընդլայնված հանդիպման ընթացքում ռեկտոր Ո.Մարուխյանի և տնօրեն Ա.Հովսեփյանի կողմից ստորագրվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Փորձաքննությունների ազգային բյուրոյի միջև համագործակցության հուշագիր: 
Հանդիպման ընթացքում դիտարկվել են առկա հնարավորությունները համագործակցության տարբեր ուղղություններով, մասնագիտական որակավորման բարձրացմանն ուղղված քայլերի ձեռնարկման հարցերը, ներկայիս գերակա խնդիրներն ու մասնագիտական տարբեր ուղղությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև բարձր մասնագիտական գիտելիքներով և գործնական հմտություններով օժտված մասնագետների պատրաստման անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Ո.Մարուխյանի կողմից ողջունվել և կարևորվել է համագործակցության ամուր հիմքերի ներդրումը համալսարանի և Փորձաքննությունների ազգային բյուրոյի միջև՝ ընդգծելով, որ առկա ներուժի համադրումը կնպաստի խնդիրներին արդյունավետ լուծումներ տալուն, համատեղ գիտական աշխատանքների իրականացման խթանմանը, արդի հնարավորությունների կիրառմամբ արտադրական պրակտիկաների իրականացմանը, ընդգծելով նաև գործնական հարցերում համագործակցության երկկողմ նախաձեռնողականություն ցուցաբերելու կարևորությունը:
Համալսարանում տեղի ունեցած ընդլայնված նիստի ընթացքում Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Ա.Հովսեփյանի կողմից ևս ողջունվել է համագործակցության հիմքերի ներդրումը, ներկայացվել Կազմակերպության անցած ուղին, առկա ձեռքբերումներն ու նպատակները, փորձագիտական և գիտական հնարավորությունները, իրականացվող աշխատանքների կիրառման կարևորությունը, ընդգծելով Հայաստանի Հանրապետության բուհերի, այդ թվում՝ տեխնոլոգիական մասնագիտական մի շարք ուղղություններում առաջավոր հնարավորություններով և ներուժով օժտված «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հետ համագործակցության կարևորությունը, ինչը կնպաստի ինչպես մասնագիտական կրթական որակի բարելավմանը, այնպես էլ որպես արդյունք նաև դատափորձագիտական ոլորտի տարբեր մասնագիտական բնագավառներում բարձր գիտելիքներով օժտված որակյալ կադրերով համալրման ապահովմանը:
Կնքված հուշագրի հիման վրա նախատեսվում է համագործակցել կրթության, գիտության ոլորտի, այդ թվում՝ քիմիայի, ֆիզիկայի, տնտեսագիտության, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, նյութագիտության, մետալուրգիայի, էլեկտրատեխնիկայի, էլեկտրամեխանիկայի, էլեկտրատեխնոլոգիայի, ճանապարհային երթևեկության կազմակերպման և կառավարման, շինարարության, տեղեկատվական համակարգերի կառավարման, շրջակա միջավայրի պաշտպանության, քարտեզագրության, կադաստրային գործի և այլ համատեղ հետաքրքրություն ներկայացնող վերաբերելի ոլորտներում համապատասխան խորհրդատվության իրականացման, փորձի փոխանակման, գիտական, մասնագիտական գրականության, մեթոդական ձեռնարկների, աշխատությունների, պարբերականների և այլ նյութերի փոխանակման, գիտական հանդիպումների, սեմինարների, խորհրդակցությունների կազմակերպման և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով համագործակցության համար:
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը հավատարիմ է իր որդեգրած սկզբունքներին՝ նպատակաուղղված բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համատեղ գիտական, գիտագործնական և ուսումնակրթական աշխատանքների խթանմանը՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետությունում որակյալ բարձրագույն մասնագիտական կրթության ապահովմանը:

Archive

Համագործակցության շրջանակներում Երևանի պետական համալսարանի ուսանողների այցը Փորձաքննությունների ազգային բյուրո

2019 թվականի փետրվարի 12-ին ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Հովսեփյանի և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Ա.Սիմոնյանի կողմից ստորագրվել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Երևանի պետական համալսարան» հիմնադրամի միջև համագործակցության պայմանագիր:
Կնքված պայմանագրի հիման վրա նախատեսվում է ապահովել ուսումնական և մասնագիտական պրակտիկայի, ինչպես նաև ճանաչողական այցերի իրագործումը, համատեղ գիտահետազոտական, գիտագործնական և կրթական աշխատանքներ կատարելիս անհրաժեշտ լաբորատոր և ուսումնական բազաների տրամադրումը, մեթոդական ձեռնարկների ու մասնագիտական գրականության, անհրաժեշտ ուսումնական և գործնական (լաբորատոր) բազաների տրամադրումը, համատեղ փորձարարական, գիտահետազոտական աշխատանքներ կատարելու նպատակով Բյուրոյի աշխատողներին թույլատրել օգտվելու քիմիայի, կենսաբանության, ինֆորմատիկայի, գեոդեզիայի և այլ մասնագիտացված լաբորատորիաների բազաներից՝ ներառյալ նրանցում գտնվող սարքավորումներից, մեթոդական ձեռնարկներից, մասնագիտական գրականությունից, համատեղ իրականացնել դրամաշնորհային ծրագրեր, կազմակերպել քննարկումներ, սեմինարներ, կոնֆերանսներ, գիտական նստաշրջաններ և այլն:
Այս առումով, 2019 թվականի ապրիլի 04-ին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի տասներկու ուսանողների համար կազմակերպվել էր ճանաչողական այց կազմակերպության փորձագիտական ստորաբաժանումներով և լաբորատորիաներով, որի ընթացքում ծանոթացել են կազմակերպության հնարավորություններին և հատկապես նոր սարքավորումների կիրառման միջոցով իրականացվող փորձաքննությունների առկա գործնական աշխատանքներին, նեղ մասնագիտական տարբեր ուղղություններով կատարվող փորձաքննությունների առանձնահատկություններին, կիրառվող արդի մեթոդներին և մեթոդիկաներին, ընթացակարգերին, իրականացվող փորձաքննությունների տեսակներին և ենթատեսակներին: Ուսանողներին ներկայացվել են նաև տարբեր ուղղություններով կատարվող փորձաքննությունների առանձնահատկությունները և գործնական հմտությունները, առկա խնդիրները:
Այցի կազմակերպումից հետո ԵՊՀ-ի քիմիայի ֆակուլտետի կողմից Կազմակերպությունում ստացվել է շնորհակալական նամակ՝ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետների կողմից բովանդակալից ճանաչողական այց իրականացնելու համար՝ ակնկալելով ակտիվ շարունակական համագործակցություն:

Archive

Ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն Փորձաքննությունների ազգային բյուրոյում

2019 թվականի փետրվարի 14-ին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն, որն անցկացվում էր տնօրեն Ա.Հովսեփյանի կողմից: Խորհրդակցության շրջանակներում ամփոփվել են 2018 թվականի ընթացքում Կազմակերպության գործունեության արդյունքները, նախանշվել առկա խնդիրները և ներկայացվել 2019 թվականի ընթացքում ակտիվ աշխատանքների շրջանակներում առկա խնդիրների լուծման հնարավոր ուղիները: 
Կազմակերպության տնօրեն Ա.Հովսեփյանի կողմից փորձագիտական անձնակազմի հետ հանդիպման ընթացքում հատուկ վերլուծության և ամփոփման են ենթարկվել ՀՀ դատախազության հետ կնքված պետության կարիքների համար փորձագիտական ծառայությունների մատուցման պետական գնման պայմանագրի շրջանակներում քրեական վարույթն իրականացնող մարմինների կողմից նշանակված և 2018 թվականի ընթացքում կատարված փորձաքննությունների ընթացքը և արդյունքները, հատուկ ուշադրություն դարձնելով՝ փորձաքննությունների իրականացման ժամկետներին, հետազոտությունների արդիական հնարավորությունների ներդրման միջոցով փորձագիտական աշխատանքների իրականացման ժամկետների կրճատմանը, արդյունքների հավաստիության և ապացուցողական նշանակության բարձրացմանն ուղղված հնարավոր միջոցառումներին: Մատնանշվել են  բազմաթիվ, նաև մեծածավալ փորձաքննությունների կատարմամբ պայմանավորված փորձագիտական ստորաբաժանումների հիմնականում բարձր աշխատանքային ծանրաբեռնվածության պայմաններում անհրաժեշտ կազմակերպչական քայլերի ամբողջությունը՝  աշխատանքների  ընթացքի, հատկապես փորձաքննությունների քանակում զգալի ծավալ կազմող համալիր փորձաքննությունների կատարման շրջանակներում տարբեր բնագավառի մասնագիտական հատուկ գիտելիքներ ունեցող փորձագետների կողմից փորձաքննության բնույթին և առաջադրված հարցերին համապատասխան հետազոտական աշխատանքների զուգահեռ, հաջորդական, նաև  համատեղ (համալիր) կատարման սահուն ընթացքի ապահովմանն ուղղված միջոցառումները, փորձագետների կողմից  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 85-րդ հոդվածով սահմանված իրենց իրավունքների և պարտականությունների շրջանակներում բազմակողմանի և լրիվ հետազոտությունների օբյեկտիվ արդյունքների ապահովմանն ուղղված համապատասխան միջնորդությունների ժամանակին ներկայացման և արդյունքների ստացումից հետո հնարավորինս սեղմ ժամկետներում փորձաքննությունների ավարտման խիստ կարևորությունը:
 Վերլուծության են ենթարկվել նաև դատարանների կողմից քաղաքացիական և վարչական գործերով նշանակվող փորձաքննությունների ընթացքի ապահովման առանձնահատկություններն ու առկա խնդիրները, ևս կարևորելով քաղաքացիների և իրավաբանական անձանց դատական պաշտպանվածության համատեքստում այդ գործերով ևս փորձաքննությունների հնարավորինս ողջամիտ ժամկետներում կատարման, փորձագետների կողմից իրենց իրավասությունների շրջանակներում հնարավորինս ամբողջական արդյունքի ստացման առումով պատշաճ ջանասիրություն ցուցաբերելու, ինչպես նաև փորձաքննությունների ընթացքում ի հայտ եկող կազմակերպչական լուծումներ պահանջող խնդիրների ժամանակին վերհանման անհրաժեշտությունը: 
Ամփոփվել են նաև նախորդ ժամանակահատվածներից 2019 թվական փոխանցված անավարտ փորձաքննությունների կատարման ընթացքի առանձնահատկություններն  ու խոչընդոտներն ըստ դրանց տեսակների, քանակների և ծավալների, հատուկ վերլուծության և դիտարկման առարկա դարձնելով 2019 թվականի փետրվարի 01-ին ստացված ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնակատար Ա.Պողոսյանի գրությանը կից ցուցակում նշված «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում նշանակված դեռևս անավարտ թվով 267 փորձաքննությունների հնարավորինս սեղմ ժամկետներում ավարտմանն ուղղված ակտիվ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը:
Խիստ կարևորվել է նաև փորձագիտական բնագավառի ենթակառուցվածքների պահպանմանն ու զարգացմանը՝ փորձաքննությունների իրականացման գիտական ապահովմանը նպատակաուղղված գիտահետազոտական աշխատանքների պատշաճ ընթացքի ապահովման անհրաժեշտությունը՝ գործող մեթոդների և մեթոդիկաների կատարելագործման, նորերի ներդրման և կիրառման, արդյունքում փորձաքննությունների ժամանակակից գիտական պատկերացումներին համապատասխան մեթոդների կիրառմամբ կատարման ապահովման համար:  
Վերը նշված աշխատանքների  արդյունավետության բարձրացման նպատակով տնօրեն Ա.Հովսեփյանի կողմից Կազմակերպության համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարվել է նաև 2019 թվականի ընթացքում վերանայել գործող ընթացակարգերը, կիրառվող մեթոդները և մեթոդիկաները՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան այդպիսիք լրամշակման արդյունքում համապատասխանեցնելով Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի (ENFSI) կողմից ընդունված լավագույն փորձի ձեռնարկների  (Best Practice Manual, (BPM)) չափանիշներին և որակի կառավարման արդի համակարգին:
Խորհրդակցության ընթացքում տրվել են նաև համապատասխան հանձնարարականներ «Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման» ծրագրի շրջանակներում ակտիվացնելու հետազոտական աշխատանքների իրականացման ընթացքը, այդ թվում՝ գիտաժողովների և համաժողովների մասնակցությունը, սեմինարների իրականացումը՝ նպատակաուղղված ձեռքբերված գիտելիքների ընդլայնմանը (կիրառմանը) և նոր գիտելիքների ստացմանը (կիրառմանը)՝ շեշտը դնելով գործնականում մեծ պահանջարկ ունեցող գիտական արդյունքների ստացմանն ու ոլորտի զարգացմանն ուղղված աշխատանքների շարունակականության ապահովմանը:
Քննարկվել են նաև բարձր մասնագիտական գիտելիքներով օժտված մասնագետներով փորձագիտական անձնակազմի առանձին բնագավառների համալրմանն ուղղված անհրաժեշտ գործուն քայլերի ձեռնարկման հարցերը, հատկապես ընդգծելով որակյալ փորձագետներով համալրման նպատակով դատական փորձագետի որակավորման ընթացակարգերի ապահովման շրջանակներում բարձր նշաձողի պահպանման հարցում համապատասխան պատասխանատու ստորաբաժանումների և անձանց վճռական հետևողականության ցուցաբերման կարևորությունը: 
Արդյունքում, Կազմակերպության տնօրեն Ա.Հովսեփյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ փորձաքննությունների և գիտության գծով տնօրենի տեղակալներին, բոլոր փորձագիտական ստորաբաժանումների (բաժինների և բաժանմունքների) պետերին և փորձագետներին, ուսումնակրթական և որակավորման կենտրոնի պետին՝ նշված բոլոր ուղղություններով  աշխատանքներին նոր թափ հաղորդելու, իրենց իրավասությունների շրջանակներում անհրաժեշտ ակտիվ նախաձեռնողականություն ցուցաբերելու և լավագույն արդյունքներին հասնելու նպատակով աշխատանքների ներդաշնակ և արդյունավետ կազմակերպումն ապահովելու համար, հատուկ ընդգծելով, որ դատավարական իրավասությունների և առկա հնարավորությունների սահմաններում լուծելի կդարձվեն վերհանվող այն բոլոր խնդիրները (կազմակերպչական, նյութատեխնիկական և այլն), որոնք այս կամ այն կերպ կարող են խոչընդոտող ազդեցություն ունենալ ինչպես նշանակվող փորձաքննություններին առաջադրվող հարցերի լիարժեք պարզման համար անհրաժեշտ հետազոտությունների կատարմանը, այնպես էլ փորձաքննությունների իրականացման հնարավորինս սեղմ և ողջամիտ ժամկետների ապահովմանը: 
Հանդիպման ընթացքում Կազմակերպության տնօրեն Ա.Հովսեփյանը նաև հավելել է, որ 2019 թվականին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի սարք-սարքավորումների ցանկը համալրվելու է նոր արդիական և ՀՀ-ում դեռևս չկիրառվող մի շարք սարք-սարքավորումներով և ծրագրային ապահովումներով, որոնք հնարավորություն կընձեռեն էապես մեծացնել փորձաքննության ապացուցողական նշանակությունը շինարարատեխնիկական, էկոլոգիական, պայթյունատեխնիկական, հրդեհատեխնիկական, ձգաբանական և ճանապարհատրանսպորտային պատահարների և որոշ այլ բնագավառներում դեպքի վայրում հետազոտություններ իրականացնելիս, ինչը կնպաստի հավաստի  արդյունքների ստացմանը և  փորձաքննությունների կատարման ժամկետների  կրճատմանը:

Archive

Համագործակցության հիմք է դրվել ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գիտաուսումնական կենտրոնի միջև

2019 թվականի հունվարի 11-ին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գիտաուսումնական կենտրոնում ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Հովսեփյանի  և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գիտաուսումնական կենտրոնի պետ Ա.Քինակցյանի կողմից ստորագրվեց  համագործակցության հուշագիր, որով նախատեսվում է համագործակցություն «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գիտաուսումնական կենտրոնի միջև, իրենց հնարավորությունների, միջոցների և փորձի կիրառմամբ: Մասնավորապես՝ նախատեսվում է համագործակցել կրթության ոլորտում, այդ թվում՝ կրիմինալիստիկական փորձաքննությունների արդի հնարավորությունների և այլ համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համապատասխան խորհրդատվության իրականացմամբ, փորձի փոխանակմամբ, գիտական, մասնագիտական գրականության, մեթոդական ձեռնարկների, աշխատությունների, պարբերականների և այլ նյութերի փոխանակմամբ, գիտական տարբեր միջոցառումների կազմակերպման, դրանց մասնակցության ապահովման, ինչպես նաև աշխատանքային խմբերի ձևավորման և Կողմերի լիազորված աշխատակիցների միջոցով համատեղ հետաքրքրություն ներկայացնող իրավասու հարցերի քննարկման և լուծումների մշակման, կոնկրետ ոլորտներին վերաբերող մասնագիտական տեղեկատվության, համատեղ իրականացվող աշխատանքների արդյունքների, դրանց խոչընդոտող հանգամանքների մասին տեղեկատվություն հայցելու և ստանալու, ճանաչողական այցեր կազմակերպելու, ինչպես նաև երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող  այլ հարցերով փոխգործակցության ուղղություններով:
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը հավատարիմ է իր որդեգրած սկզբունքներին՝ նպատակաուղղված Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների դատական փորձագիտության ոլորտում համապատասխան գիտելիքների և փորձի ձեռքբերման, կատարելագործման  ապահովման առումով:
Հանդիպման ընթացքում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ղեկավարությանը ներկայացվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գիտաուսումնական կենտրոնի ստեղծման պատմությունը, առկա ձեռքբերումները՝ ցուցադրելով Կենտրոնի կարևոր տեղեկությունները և պահպանվող նմուշները:
Հուշագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գիտաուսումնական   կենտրոնի «Օպերատիվ կազմի հատուկ պատրաստության» ուսումնական հոսքի թվով 15 ունկնդիրների համար 2019 թվականի հունվարի 23-ին իրականացվել է ճանաչողական այց «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագիտական ստորաբաժանումներ և լաբորատորիաներ, որի ընթացքում ունկնդիրներին ներկայացվել են կազմակերպության հնարավորությունները, առկա արդի նյութատեխնիկական բազան, կիրառվող սարք-սարքավորումները, դրանց կիրառման հնարավորությունները, նպատակները, ակնկալվող արդյունքները և այլ կարևոր տեղեկություններ, որոնք անխոս կնպաստեն մասնագիտական գործունեության ընթացքում ի հայտ եկող հարցերի և խնդիրների արդյունավետ լուծմանը: