Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Արխիվ 2015
Հայ քննիչները կատարելագործում են մասնագիտական ունակությունները
Հայաստանի Փորձաքննությունների ազգային բյուրոյում դասընթացներ են անցկացվում՝ փորձաքննությունների անցկացման հարցում մասնագիտական ունակությունների բարձրացման նպատակով: Դրանց մասնակցում են իրավասու մարմինների՝ Ոստիկանության, Քննչական կոմիտեի, դատախազության, օպերատիվ-քննչական ծառայության եւ Ֆինանսների նախարարության ներքին անվտանգության վարչության աշխատակիցները:
NEWS.am-ի հետ զրույցում Փորձաքննությունների ազգային բյուրոյի կրթական բաժնի ղեկավար Էդվարդ Մանուկյանը նշեց, որ 10-օրյա դասընթացներն անցկացվում են պետպատվերի շրջանակում:
«Ծրագրերը մշակվում են յուրաքանչյուր մասնագիտական խմբի համար: Հարկայինի աշխատակիցների համար՝ հիմնական տնտեսական հանցագործությունների մասով: Քննչական կոմիտե քննիչների համար՝ դեպքի վայրի պահպանության, թմրանյութերի եւ այլնի մասով: Ծրագրերը կազմում են փորձագետները, եւ հաստատվում են գիտխորհրդի կողմից»,- տեղեկացրեց Էդվարդ Մանուկյանը:
Դասընթացների ավարտից հետո մասնակիցները թեստ կլրացնեն եւ վկայական կստանան: Էդվարդ Մանուկյանի խոսքով, այս դասընթացների մասնակիցները հետագա երեք տարիների ընթացքում նորից պետք է կուրսերի մասնակցեն, քանի որ տեխնոլոգիաները կատարելագործվում են, նոր մեթոդներ եւ սարքավորումներ են ի հայտ գալիս: Տարեկան դասընթացներին 360 մասնագետ է մասնակցում:
Հարցին, եղե՞լ են դեպքեր, երբ ունկնդիրը չի կարողացել հաջողությամբ հանձնել թեստը, Էդվարդ Մանուկյանը պատասխանեց, որ մի քանի դեպք եղել է, երբ քննիչները դասընթացներից բացակայելու պատճառով վկայական չեն ստացել: «Մենք համապատասխան նամակ ենք ուղարկել նրանց գերատեսչություններին: Իսկ հետեւանքների մասին ոչինչ ասել չեմ կարող, դա մեր իրավասության շրջանակում չէ»,- նշեց Մանուկյանը:
Փորձաքննությունների ազգային բյուրոյում INL ծրագրի շրջանակներում անցկացվել է սեմինար պարապմունքներ
2015թ-ի մարտի 9-ից 13-ը INL ծրագրի շրջանակներում աշխատանքային այցով Փորձաքննությունների ազգային բյուրո էր ժամանել ԱՄՆ Տեքսաս նահանգի Բեքսար Քաունթի քրեափորձագիտական լաբորատորիայի հետքային ապացույցների բաժնի ղեկավար Մայքլ Մարտինեզը:
Այցի նպատակն էր անցկացնել կազմակերպության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների վերապատրաստման սեմինար պարապմունքներ «FTIR Prestige 21» ինֆրակարմիր սպեկտրոֆոտոմետրի հետ աշխատելու և ստացված արդյունքների հետագա մշակման վերաբերյալ: Միևնույն ժամանակ թարմացվեց «Niton» ռենտգենա¬ֆլուորեսցենտային անալիզատորի ծրագրային ապահովումը և ներկայացվեց նոր ծրագրի հետ աշխատելու նրբությունները:
Սեմինար պարապմունքներին, որոնք կազմված էին տեսական և գործնական մասերից, մասնակցում էին կազմակերպության ֆիզիկատեխնիկական հետազոտությունների և քիմիական փորձաքննությունների, ձգաբանական փորձաքննությունների, պայթյունատեխնիկական և հրդեհատեխնիկական փորձաքննությունների բաժինների փորձագետները:
Սեմինարների ընթացքում քննարկվել են հարցեր սպեկտրոֆոտոմետրի ներկայիս տեխնիկական հնարավորությունների և ֆիզիկատեխնիկական հետազոտությունների և քիմիական փորձաքննությունների բաժնի կողմից նշված սարքի օգնությամբ իրականացվող գիտական և փորձագիտական աշխատանքների համար դրանց արդյունավետության վերաբերյալ, ինչպես նաև սարքի ծրագրային հնարավորությունների հետագա վերազինման և արդիականացման վերաբերյալ, ինչն էլ ավելի կընդլայնի սարքի կիրառման ոլորտները:
Սեմինարների ավարտին մասնակցող փորձագետներին տրվեցին «FTIR Prestige 21» ինֆրակարմիր սպեկտրոֆոտոմետրի և «Niton» ռենտգենա¬ֆլուորեսցենտային անալիզատորի հետ աշխատելու հմտությունների ձեռք բերման վերաբերյալ համապատասխան սերտիֆիկատներ:
Փորձաքննությունների ազգային բյուրոյում առաջին անգամ տեղի է ունեցել «Ցուցմունքներ դատարանում» թեմայով դասընթաց
2015թ. մարտի 9-ից 20-ը Փորձաքննությունների ազգային բյուրոյում անցկացվել է «Ցուցմունքներ դատարանում» թեմայով դասընթաց, որը կազմակերպել էր ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (INL) բաժինը: Դասընթացը վարում էր ԱՄՆ-ից հրավիված PBSI-ի փորձագետ Ռիչերդ Տանտոն:
Դասընթացին մասնակցում էին 21 ունկնդիրներ, որոնք ներկայացնում էին Փորձաքննությունների ազգային բյուրոն, ՀՀ Ոստիկանության Փորձաքննությունների վարչությունը, ՀՀ Ոստիկանության կրթահամալիրը, ՀՀ Արդարադատության նախարարության Փորձաքննությունների լաբորատորիան և Դատաբժշկական գիտագործնական կենտոնը:
«Ցուցմունքներ դատարանում» թեմայով ուսուցման դասընթացի նպատակն էր մասնակիցներին ներկայացնել դատարանում հանդես գալու համար անհրաժեշտ բանավոր խոսքի հմտությունները: Դասընթացի շրջանակներում արծածվող թեմաները ներառում էին հռետորական խոսքի տեխնիկա, մտքերի ներկայացման հենքի նախապատրաստում, նախնական հարցաքննություն, ուղղակի հարցաքննություն, խաչաձև հարցաքննություն և այլն: Դասընթացը կազմված էր երկու փուլից: Դասընթացը ներառում էր դասախոսություններ և բազմաթիվ գործնական վարժություններ, որոնք տեսագրվում էին, որպեսզի հետագայում ներկայացվեն դասընթացի մասնակիցների դատին:
Մասնակիցները ամփոփելով արդյունքները հատուկ նշեցին դասընթացի կարևորությունը և արդիականությունը՝ առաջարկելով այն դարձնել շարունակական: ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (INL) բաժնի ղեկավարը Ջեկ Անդերսենը և Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արտաշես Ջավադյանը մասնակիցներին հանդիսավոր պայմաններում հանձնեցին վկայականներ:
Ապրանքագիտական փորձաքննությունների բաժնի հերթական գիտագործնական սեմինարը՝ «Կենցաղային էլեկտրոտեխնիկայի փորձաքննությունն, որպես դատաապրանքագիտական փորձաքննությունների առարկա» թեմայով
Փորձաքննությունների ազգային բյուրոյում արդեն իսկ ձևավորված ամենամյա գիտագործնական սեմինարների անցկացման շրջանակներում 2015թ.-ի մարտի 11-ին ապրանքագիտական փորձաքննությունների բաժնի փորձագետների (Ա.Հարությունյան, Հ.Գաբրիելյան) կողմից անցկացվել է գիտագործնական սեմինար՝ «Կենցաղային էլեկտրոտեխնիկայի փորձաքննությունն, որպես դատապրանքագիտական փորձաքննությունների առարկա» թեմայով։ Թեմայի շրջանակներում ուսումնասիրվել են կենցաղային էլեկտրոտեխնիկայի գնահատման գործընթացը դատաապրանքագիտական փորձաքննության ընթացքում և հենվելով միջազգային փորձի վրա՝ ներկայացվել է քննարկման նոր մեթոդների կիրառումը գնահատման գործընթացում և կենցաղային էլեկտրոտեխնիկայի գնահատման ոլորտում։
Սեմինար-խորհրդակցության ժամանակ մանրամասն նկարագրվել են դատաապրանքագիտական փորձաքննության էությունը, անցկացման կարգը, ինչպես նաև ներկայացվել է դրա շրջանակներում լուծվող խնդիրների բնույթը, կենցաղային էլեկտրոտեխնիկայի բնութագիրը, դասակարգումը և տեսականին: Քննարկման ընթացքում առաջարկվել է նաև ստեղծել համակարգչային ծրագիր, որը կապահովի մաշվածքի գնահատման ավտոմատ համակարգը: Այդ համակարգի ճշգրիտ աշխատանքի նպատակով առաջարկվել է ստեղծել/մշակել համապատասխան ստանդարտ, որը կսահմանի փորձաքննվող օբյեկտի վրա առկա դեֆեկտների բնույթը:
Հայաստանի Հանրապետությունում դատաապրանքագիտական փորձաքննությունների կատարելագործման, մասնավորապես գնահատման գործընթացի դյուրացման, նոր մեթոդների մշակման նպատակով առաջարկվել է կազմակերպել համատեղ քննարկումներ արտասահմանյան փորձագետների հետ:
Փորձաքննությունների ազգային բյուրոյում համաձայն ԻՍՕ/ԻԷԿ 17025:2005 միջազգային ստանդարտի պահանջների INL ծրագրի շրջանակներում անցկացվել է նախնական գնահատում
2015թ. փետրվարի 23-ից 26-ը Փորձաքննությունների ազգային բյուրո էին ժամանել INL ծրագրի քրեագիտական հարցերով խորհրդատու Քրիստիան Դոննալլը և ANSI-ASQ National Accreditation Board-ի (Ազգային հավատարմագրման խորհուրդ) հավատարմագրման հարցերով առաջատար գնահատող և դատափորձագիտական հարցերով խորհրդատու Դոմինգո Վիլլառռեալը։ Այցելության նպատակն էր իրականացնել նախնական գնահատում՝ համաձայն ԻՍՕ/ԻԷԿ 17025:2005 միջազգային ստանդարտի պահանջների, ուսումնասիրել առկա փաստաթղթերը, բացահայտել անհամապատասխանություններն և նախապատրաստվել միջազգային հավատարմագրման կառույցի կողմից ԻՍՕ/ԻԷԿ 17025:2005 ստանդարտի պահանջների համապատասխան հավատարմագրմանը:
Այցելության ընթացքում ուսումնասիրվել են որակի ապահովման բաժնում առկա փաստաթղթերը` համաձայն ԻՍՕ/ԻԷԿ 17025:2005 ստանդարտի 4-րդ «Կառավարման նկատմամբ պահանջներ» բաժինը, իսկ ֆիզիկատեխնիկական հետազոտությունների և քիմիական փորձաքննությունների բաժնում քննարկվել են վերոնշյալ ստանդարտի 5-րդ «Տեխնիկական պահանջները» բաժինը:
Նախնական գնահատման հիման վրա «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը մշակել է ռազմավարական ծրագիր նպատակ ունենալով հնարավորինս սեղմ ժամկետներում պատրաստել ամբողջական փաթեթ INL ծրագրի աջակցության շրջանակներում և հավատարմագրում ստանալու դիմում ներկայացնել ILAC-ի (Միազգային լաբորատորիաների հավատարմագրման համագործակցություն) անդամ հավատարմագրման կառույցին:
Փաստաբանների պալատի և Փորձաքննությունների ազգային բյուրո-ի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Արտաշես Ջավադյան. «Փորձագետը պիտի իմանա, փորձագետը պիտի կարողանա»
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում ստորագրվեց հուշագիր ՀՀ փաստաբանների պալատի և «Փորձաքննությունների ազգային բյուրո»-ի միջև: Հուշագիրը ստորագրեցին ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և «Փորձաքննությունների ազգային բյուրո»-ի տնօրեն Արտաշես Ջավադյանը: ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ասաց, որ հուշագրի ստորագրումից հետո արտադատարանական կարգով փաստաբանները կդիմեն բյուրո, կստանան իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը, եւ շահառուն, ըստ էության, լինելու է հասարակությունը: Արտաշես Ջավադյանն էլ ասաց, որ որպես խոշորագույն կառույց «Փորձաքննությունների ազգային բյուրոն» համագործակցել է ուժային կառույցների հետ, սակայն դատական համակարգի մրցակցության սկզբունքների հարգման պայմաններում է՛լ ավելի կարեւորվում է պաշտպանական կողմին նույն ռեժիմով, նույն գիտական մակարդակով, նույն խստությամբ տեղեկատվություն տրամադրելը: Ա.Ջավադյանն նաեւ նշեց, որ փաստաբանների դպրոցի հարցում նույնպես ակտիվ մասնակցություն կունենան, մասնավորապես, կիրառական քրեագիտության, դեպքի վայրի, մի շարք առարկաների դասավանդման մեթոդիկայի ներմուծմամբ:
Փորձաքննությունների ազգային բյուրոյում ստեղծվել է նոր ստորաբաժանում՝ երկակի և ռազմական նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների (արտադրանքի) սերտիֆիկացման մարմին
2014թ. չորրորդ եռամսյակի ընթացքում ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում ավարտվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված սերտիֆիկացման մարմին ստեղծելու հետ կապված աշխատանքները, որոնց նպատակն է եղել իրականացնել երկակի նշանակության ապրանքների, երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների, ինչպես նաև ռազմական նշանակության արտադրանքների փորձաքննություններ: «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի կողմից փաստաթղթային փորձաքննության և գնահատման աշխատանքների արդյունքում Հավատարմագրման խորհրդի վերջնական որոշմամբ 08.12.2014թ-ին կազմակերպությունը ստացել է հավատարմագրում երեք տարի ժամկետով, որը հավաստում է, որ վերոնշված հավատարմագրված սերտիֆիկացման մարմինը համապատասխանում է ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17065-2013 «Համապատասխանանության գնահատում. Արտադրանքի, գործընթացների և ծառայությունների սերտիֆիկացման մարմիններին ներկայացվող պահանջներ»-ին և կարող է արտահանման վերահսկողության ոլորտում իրականացնել երկակի և ռազմական նշանակության ապրանքների փորձաքննություն:
Հարկ է նշել, որ Փորձաքննությունների ազգային բյուրոն փորձագիտական ոլորտում Հայաստանի Հանրապետությունում խոշորագույն բազմապրոֆիլ կառույց է և ներկայումս իրականացնում է դատական և ոչ դատական փորձաքննություններ 28 փորձագիտական տեսակների շրջանակներում արդեն իսկ շուրջ 122 փորձագիտական ենթատեսակներով և տեխնոլոգիական ուղղություններով:
Երկակի և ռազմական նշանակության ապրանքների փորձաքննության սերտիֆիկացման մարմինը ունենալով փորձառու մասնագետներ ի վիճակի է իրականացնել պատշաճ որակի փորձաքննություններ տվյալ ոլորումներում: Վերը նշված հանգամանքների համադրումը հնարավորություն է տալիս զգալիորեն արագացնել արտահանման վերահսկողության գործընթացը:
Կազմակերպությունում Երկակի և ռազմական նշանակության ապրանքների փորձաքննության սերտիֆիկացման մարմինը կարող է իրական օգություն ցուցաբերել հայկական և արտասահմանյան արտահանողներին և ներմուծողներին, որոնք իրականացնում են արտաքին առևտրային գործողություններ վերահսկվող արտադրանքների հետ:
Մեր աշխատանքը կարեւոր է նաեւ հանցագործությունների կանխարգելման համար
Փորձագիտական եզրակացությունը պետք է լինի հավաստի, հիմնավորված, համեմատելի եւ թույլատրելի։ Դրանից է կախված նրա որակը։ Եթե կիրառվում են համաշխարհային ճանաչում ունեցող գիտական մեթոդներ եւ փորձագիտական մեթոդիկաներ, ժամանակին ստուգվում է սարքավորումների չափաբերումները եւ փորձագետները հետեւում են միջազգային ստանդարտներին, ապա փորձագիտական սխալների աստիճանը կլինի նվազագույնը։ Ինչքան շատ են կիրառվում օբյեկտիվ մեթոդներ, այնքան քիչ է սուբյեկտիվ մոտեցման տեղը եւ, որպես հետեւանք, սխալների հնարավորությունը։ Սակայն, իհարկե, ոչ ոք ապահովագրված չէ դրանցից։
Բյուրոն այսօրվա դրությամբ արտասահմանից պատվերներ չունի։ Դա, այլ հարցերի թվում, կապված է նաեւ դատավարական նորմերի, տարբեր երկրների համապատասխան գերատեսչությունների՝ նախաքննական փուլում դատախազությունների, իսկ դատական փուլում վերաքննիչ դատարանների միջեւ պայմանագրերի կնքման անհրաժեշտության հետ։ Սակայն, անգամ պայմանագրերի բացակայության պայմաններում, կատարված փորձաքննությունները կարող են հանդես գալ մասնագիտական կարծիքի կարգավիճակով միջազգային հանցավորության գործերով, օրինակ, թմրանյութերի, կեղծ տարադրամների։ Լավ փորձաքննությունը լավ քննության գրավականն է։
Բյուրոյի փորձագետները ծայրահեղ ծանրաբեռնված են։ Աշխատանքները շատ են եւ խոսքը չի գնում միայն քանակության մասին։ Ամեն տարի ավելանում են նեղ մասնագիտացումները։ Ինչքան դրանք շատ են, այնքան լայն է ապացուցողական բազայի ընդգրկումը, դրա հիմնավորվածությունը։ Մի կողմից դա լավ է, քանի որ ազդում է քննության ապացուցողական բազայի վրա, իսկ մյուս կողմից՝ ավելանում է աշխատանքների ծավալը։
Ինչ վերաբերվում է փորձաքննության եւ քննության տեւողության կապին, ապա այդպիսի կապը միշտ չէ որ առկա է։ Լինում են դեպքեր, երբ արագությունը կապված է տեխնոլոգիայից՝ կան փորձաքննության տեսակներ, որոնց ընթացքում օգտագործվող տեխնոլոգիաները թույլ չեն տալիս դրանք արագ ավարտել։ Բացի դրանից, ոչ հաճախ փորձագետները փորձաքննությունը նախաձեռնողին միջնորդում են լրացուցիչ նմուշների եւ նյութերի ներկայացման վերաբերյալ։ Եվ մինչեւ այն հասնում է հասցեատիրոջը, մինչեւ լրացուցիչ նմուշները եւ նյութերը տրամադրվում են փորձագետներին, գործընթացն առաջ չի շարժվում։ Կարող են լինել նաեւ սեզոնային պատճառներ, օրինակ, շինարարատեխնիկական փորձաքննության ժամանակ ձյան մետրանոց շերտի հետ ոչինչ անել հնարավոր չէ։
Դատական փորձաքննությունների հետ մեկտեղ, որոնք կատարվում են պետպատվերի շրջանակներում, Բյուրոն իրականացնում է նաեւ արտադատական՝ պայմանագրային փորձաքննություներ։ Ցանկացածը կարող է դիմել եւ պայմանագրի հիման վրա պատվիրել փորձաքննություն, եթե դրա շրջանակներում ներկայացնում է տեխնիկական առաջադրանքը։ Դա անվանվում է փորձագիտական հետազոտություն, որը եւս ոչ վատ լծակ է հանդիսանում մարդու, քաղաքացու իրավունքների պաշտպանության՝ ճշմարտության բացահայտման, հետագա գործողությունների որոշման եւ այլնի համար։ Սակայն այս դեպքում ներկայացված նյութերի համար պատասխանատվությունը կրում է ինքը պատվիրատուն։ Դատարանում այն կարող է հաշվի առնվել որպես մասնագետի կարծիք։ Դեպքերը տարբեր են, սկսած համակարգչի հավաքման ստուգումից եւ ավարտելով վերանորոգմանը հասցված վնասի գնահատմամբ։ Չեմ կարող ասել, որ հաճախ են դիմում։ Ցավոք սրտի, իրենց իրավունքների գիտական մեթոդներով պաշտպանության մշակույթը դանդաղ է զարգանում, ընդ որում՝ ոչ միայն մեր մոտ։ Սակայն զարգացած երկրներում տվյալ մեխանիզմն էական դեր է խաղում։ Այդպիսի փորձաքննությունների արժեքը Հայաստանում բարձր չէ, քան Ռուսաստանում կամ Վրաստանում, եւ նույնիսկ ցածր է։
Փորձաքննությունների, տեխնիկական փորձարկումների, տարբեր վերլուծական հետազոտությունների հնարավորությունների, ինչ կարողանում եւ կատարում է Բյուրոն, ճիշտ լուսաբանումն անհրաժեշտ է, որպեսզի բնակչությունը եւ տնտեսվարող սուբյեկտներն իմանան, որ Բյուրո կարելի են դիմել եւ տարբեր գիտական մեթոդների օգնությամբ պաշտպանել իրենց իրավունքները։
Բացի այդ, Բյուրոյի գործունեությունը կարեւոր է հանցավորության կանխարգելման համար։ Գիտական հիմնավորված տեխնոլոգիաները եւ հզոր, հագեցված փորձագիտական կառույցների առկայությունը հանդիսանում են որակյալ քննության գրավականը։ Ի վերջո, գոյություն ունեն պատժի անխուսափելիություն եւ անմեղության կանխավարկած հասկացությունները։ Եթե հանցավոր հանրությունը գիտի, որ կան նմանատիպ կառույցներ, որոնք կարող են օգնել քննությանը եւ դատարանին բացահայտել նենգ հանցագործությունները, ապա, իհարկե, քիչ հավանական է, որ կգնան տարբեր տեսակի իրավախախտումների։ Մյուս կողմից, դա ոչ պակաս կարեւոր է ճշմարտության հաղթանակի, նաեւ անմեղության ապացուցման առումով։
Ֆիզիկատեխնիկական հետազոտությունների եւ քիմիական փորձաքննությունների բաժնի լաբորատորիա։ Քրոմատոգրաֆ։ Մասս սպեկտրամետր։ Ռենտգեն-ֆլյուորեսցենտ անալիզատոր։
Փաստաթղթաբանական փորձաքննությունների բաժանմունքի լաբորատորիա։ Օրինակ, եթե դուք ինչ-որ բան եք գրել նոթատետրի մեջ, փորձագետը կարող է ոչ միայն որոշել երբ է կատարվել գրառումը, այլեւ, եթե այնուհետեւ ինչ-որ մեկը պոկել է այդ թերթը, կարդալ գրառումը մի քանի թերթի «խորությամբ», ինչպես նաեւ հայտածել թերթը պոկած անձի մատնահետքերը։ Բաժանմունքում առկա են 120-130 երկրների փաստաթղթերի նմուշներ, ինչպես նաեւ թանաքների նմուշների տվյալների բազա։
Հրաձգարան՝ ձգաբանական փորձաքննությունների կատարման համար։
Ուսումնակրթական բաժին, որտեղ ՀՀ գլխավոր դատախազության հետ կնքված պայամանգրի հիման վրա իրավապահ մարմինների (բացառությամբ՝ ազգային անվտանգության ծառայության) աշխատակիցներն անցնում են 10-օրյա վերապատրաստման դասընթացներ։ Բացի դրանից, կազմակերպվում են արտագնա դասընթացներ զորամասերի սպայական անձնակազմերի համար։
Համակարգչատեխնիկական փորձաքննությունների բաժին։ Այն միակն է Հայաստանում։ Բաժնում իրականացվում են հետազոտություններ հիմնական 4 ուղղություններով՝ ցանցային հանցագործությունների բացահայտում (համացանց եւ լոկալ ցանցեր), համակարգչային ծրագրերի ստուգում՝ դրանք լիցենզավորված լինելու հանգամանքի պարզման նպատակով, համակարգչային սարքերի հետազոտում եւ տեղեկատվության վերականգնում։ Ընդ որում, բաժինն ի վիճակի է վերականգնել տեղեկատվությունը նույնիսկ, եթե համակարգիչը մի քանի անգամ ֆորմատավորվել է։ Լաբորատորիայում առկա են նաեւ տարբեր բնույթի քրեագիտական հարմարանքներ։ Օրինակ, բանկային քարտերից տեղեկատվության ընթարցման համար նախատեսված դյուրակիր սարքը, որը կարող է պահել շուրջ 2.5 հազար քարտերի տվյալներ։
Դատաբժշկական փորձաքննությունների բաժին։ Փորձագետները տարվա ընթացքում կատարում են 300-400 փորձաքննություններ։