slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Լրահոս

news

Փորձաքննությունները որոշիչ են եղել միջազգային ատյաններում Ադրբեջանի կեղծիքներին հակազդելու հարցում․ Փորձաքննությունների ազգային բյուրոն 20 տարեկան է}

ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոյի փորձագետների աշխատանքը անկյունաքարային է ոչ միայն ներպետական դատական ու քննչական մարմինների, այլև միջազգային ատյանների համար։ Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի տնօրեն Սիրանուշ Սահակյանն ասում է՝ բազմիցս, երբ Ադրբեջանը միջազգային ատյաններում, օրինակ ՄԻԵԴ-ում, խեղաթյուրել է փաստերն ու ներկայացրել, օրինակ՝ ռազմական հանցագործությունների քննման կեղծ եզրակացություններ, հայ փորձագետները կարողացել են միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան փաստահեն փորձաքննություններով հակազդել:Հարցազրույցն ամբողջությամբ՝ կարդացեք այստեղ hy.armradio.am

news

70 հազար դատական փորձաքննություն՝ 5 տարում. Փորձաքննությունների ազգային բյուրոն նշում է 20-ամյակը}

news

FreeNews հեռուստաընկերության անդրադարձը Հայաստանի ամենախոշոր դատափորձագիտական կազմակերպության հիմնադրման 20-ամյակին}

news

«Փորձաքննությունների ազգային բյուրոն» 20 տարեկան է}

Հանրային հեռուստաընկերության Լուրեր լրատվական ծառայության պատրաստած ռեպորտաժը Փորձաքննությունների ազգային բյուրոյի հիմնադրման 20-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի մասին

news

ԱՄՆ գործընկերներն այցելել են Փորձաքննությունների ազգային բյուրո}

Սեպտեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (ԹՊԻՀ) նորանշանակ տնօրեն Զաքարի Բարտերը, ԹՊԻՀ բաժնի ծրագրի մասնագետ Կարինե Քեշաբյանը և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի միջազգային քրեագիտական հետախուզության ուսուցումների աջակցման ծրագրի ներկայացուցիչ Մարկ Մոգլն այցելեցին ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ՝ Բյուրոյի հետ համագործակցության կապերի ամրապնդման նպատակով՝ Կազմակերպության հիմնադրման 20-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի աշխատանքներին ընդառաջ:
Կազմակերպության տնօրենն ԱՄՆ գործընկերներին ծանոթացրեց Բյուրոյի ներկայիս հնարավորություններն ու զարգացման հեռանկարները՝ գոհունակություն հայտնելով Բյուրոյում նախորդ տարիների ընթացքում հայ-ամերիկյան համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացման համար:
Արգամ Հովսեփյանի խոսքով՝ զարգացման անցած 20 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ կառավարությունների կողմից հատկացված միջոցների, Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի անձնակազմի, կազմակերպության կառավարման մարմինների, ինչպես նաև Բյուրոյի ողջ անձնակազմի ներդրած ջանքերի համատեղման շնորհիվ հաջողվել է Հայաստանի Հանրապետությունում ձևավորել միջազգային ճանաչում և համագործակցության լայն շրջանակներ ունեցող խոշորագույն դատափորձագիտական պետական կազմակերպություն՝ համալրված պրոֆեսիոնալ թիմով և ժամանակակից հետազոտական հնարավորություններով:
ԱՄՆ գործընկերներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին դատափորձագիտական ոլորտի զարգացման գործում Բյուրոյի ներդրած շարունակական ջանքերի համար՝ ընդգծելով սեպտեմբերի 25-27-ը Երևանում կայանալիք «Դատափորձագիտական գործունեության դերն ու նշանակությունը իրավական համակարգում, արդի խնդիրները, զարգացման միտումներն ու հեռանկարները» խորագրով միջազգային գիտագործնական գիտաժողովի կազմակերպման կարևորությունը:
Հյուրերը շրջայց են կատարել նաև Փորձաքննությունների ազգային բյուրոյի փորձագիտական լաբորատորիաներում, տեղում ծանոթացել ձևավորված նոր հնարավորություններին, այդ թվում՝ նորագույն տեխնոլոգիաների, սարքավորումային համալիրների գործարկման և արդյունավետ կիրառման հետ կապված ընթացակարգերին, որակի կառավարման համակարգին:
Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է դատափորձագիտական ոլորտում ԱՄՆ առաջատար ինստիտուտների և կառույցների, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ փոխգործակցային հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը՝ ի նպաստ ՀՀ-ում այս բնագավառի շարունակական զարգացման ապահովմանը:

news

Փորձաքննությունների ազգային բյուրոն կազմակերպում է միջազգային գիտագործնական գիտաժողով՝ նվիրված Կազմակերպության հիմնադրման 20-ամյակին}

2024թ. սեպտեմբերի 25-ից 27-ը Երևանում կանցկացվի «Դատափորձագիտական գործունեության դերն ու նշանակությունը իրավական համակարգում, արդի խնդիրները, զարգացման միտումներն ու հեռանկարները» խորագրով միջազգային գիտագործնական գիտաժողով՝ նվիրված ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հիմնադրման 20-ամյակին:
Գիտաժողովի կազմակերպիչ՝  «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ
25.09.2024թ.–գիտաժողովի բացում, հանդիսավոր արարողություն և պլենար նիստ
Անցկացման վայրը՝
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր (Հասցե՝ ՀՀ, Երևան, Ծիծեռնակաբերդի զբոսայգի, 1 շենք)
26.09.2024թ.-սեկցիոն նիստեր
Թվով 3 սեկցիաների անցկացման վայրը՝
«ԻԲԻՍ ԵՐԵՎԱՆ ՍԵՆԹՐ» հյուրանոց (Հասցե՝ ՀՀ, Երևան, Հյուսիսային պող., 5/1 շենք)
Թվով 2 սեկցիաների անցկացման վայրը՝
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ (Հասցե՝ ՀՀ, Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24)
27.09.2024թ.–գիտագործնական սեմինարներ, կլոր սեղան-քննարկումներ և մասնագիտական թրեյնինգներ
Անցկացման վայրը՝
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ (Հասցե՝ ՀՀ, Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24)
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերենը, ռուսերենը և անգլերենը:
Գիտաժողովի աշխատանքները ծավալվելու են հետևալ հինգ հիմնական ուղղություններով՝ սեկցիաներով.
Սեկցիա 1. Դատափորձագիտական գործունեության իրավական և գիտամեթոդական
ապահովման ժամանակակից պահանջներն ու խնդիրները, դերը պետության և անձանց
իրավունքների և շահերի պաշտպանության գործընթացներում
Սեկցիա 2. Քրեագիտական փորձաքննությունների արդի խնդիրները և զարգացման միտումները
Սեկցիա 3. Դատաքիմիական փորձաքննությունների արդի խնդիրները և զարգացման միտումները
Սեկցիա 4. Ինժեներատեխնիկական փորձաքննությունների արդի խնդիրները և զարգացման միտումները
Սեկցիա 5. Դատաբժշկական, գենետիկական, կենսաբանական, հոգեբանական և հոգեբուժական փորձաքննությունների արդի խնդիրները և զարգացման հեռանկարները
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տեղեկատվական ապահովման բաժնի 010 77-77-10 (162) հեռախոսահամարով, կամ գրել info@nbe.am էլ. հասցեին:
 

news

Փորձաքննությունների ազգային բյուրոյի ներկայացուցիչը Ստրասբուրգում մասնակցել է տեղեկատվական և կիբեռանվտանգության ոլորտի հիմնախնդիրներին նվիրված միջազգային համաժողովին}

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի համակարգչատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Աշոտ Ադամյանը սեպտեմբերի 2-ից 5-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում մասնակցել է Եվրոպայի խորհրդի և Team Cymru ընկերության կազմակերպած տեղեկատվական և կիբեռանվտանգության ոլորտի հիմնախնդիրներին նվիրված «Ստվերային տնտեսություն 2024» խորագրով միջազգային համաժողովին:
CyberEast+ ծրագրի շրջանակներում կազմակերպված միջազգային հեղինակավոր համաժողովին մասնակցում էին համակարգչային և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննությամբ զբաղվող իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև տվյալ բնագավառի առաջատար փորձագետներ և մասնագետներ աշխարհի ավելի քան 80 երկրներից:
Համաժողովին քննարկվել են համաշխարհային կիբեռհանցագործությունների մշտական աճի պայմաններում ի հայտ եկող մարտահրավերները, դրանց դեմ պայքարի արդյունավետ ուղիները, կիբեռկայունության, քրեական արդարադատության և էլեկտրոնային ապացույցների ներուժի ավելացմանն ուղղված գործողություններին առնչվող հարցեր՝ կիբեռհանցագործություններին համարժեք և պատշաճ արձագանքելու նպատակով:
Համաժողովի շրջանակներում Բյուրոյի ներկայացուցիչն առանձին հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ի, Բրազիլիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Մոլդովայի, Վրաստանի՝ տվյալ բնագավառում մասնագիտացած իրավապահների և փորձագետների հետ, որոնց հետ քննարկել է հետագա համագործակցության հետ կապված հեռանկարները: Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է մասնակցությունը նմանօրինակ միջոցառումներին՝ ի նպաստ միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնման, փորձագետների գիտելիքների ու կարողությունների շարունակական կատարելագործման, Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից պահանջներին համապատասխան փորձագիտական հնարավորությունների զարգացման:

news

Փորձաքննությունների ազգային բյուրոն շարունակում է ակտիվ համագործակցել ամերիկյան գործընկերների հետ}

Ամերիկյան առաջատար «GTH DNA» խորհրդատվական կազմակերպության Կենտրոնական Ամերիկայի, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային տնօրեն Կայլ Շրոյդերը սեպտեմբերի 4-ին այցելել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ՝ «GTH DNA» -ի և Բյուրոյի միջև կնքված համագործակցության պայմանագրի շրջանակներում նախանշված համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացման հետ կապված հարցերի քննարկման նպատակով:
Այցի ընթացքում Կայլ Շրոյդերը հանդիպել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանի, Բյուրոյի ղեկավար անձնակազմի և դատագենետիկական փորձաքննությունների բաժնի փորձագետների հետ:
Քննարկվել են ԴՆԹ տվյալների բազաների ձևավորման, այդ ուղղությամբ անհրաժեշտ իրավակարգավորումների մշակման, տվյալ ոլորտի միջազգային չափանիշներին համապատասխան զարգացման ապահովման հետ կապված հարցերը:
Արգամ Հովսեփյանը ամերիկյան գործընկերոջն է ներկայացրել ԴՆԹ նույնականացման դատագենետիկական փորձաքննությունների բնագավառում Բյուրոյում արդեն իսկ ձևավորված փորձն ու ձեռքբերումները՝ ընդգծելով ստացված առաջադեմ արդյունքների կարևորությունը հանցագործությունների բացահայտման և հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման համատեքստում: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են դատագենետիկական փորձաքննությունների բնագավառի գործունեության, ինչպես նաև ԴՆԹ տվյալների բազաների ձևավորման հետ կապված նորմատիվ իրավական ակտերի մշակման, բարենպաստ օրենսդրական դաշտ ձևավորելու ուղղությամբ Բյուրոյի նախաձեռնած քայլերը:
Նույն օրը Կայլ Շրոյդերը վերապատրաստման դասընթաց է անցկացրել Բյուրոյի դատագենետիկական փորձաքննությունների բաժնի փորձագետների համար՝ անդրադառնալով նաև դատագենետիկական փորձաքննությունների բնագավառի միջազգային առաջավոր փորձին:
Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է դատագենետիկական փորձաքննությունների ոլորտում միջազգային առաջատար ընկերությունների և բարձր որակավորում ունեցող առաջատար մասնագետների հետ ակտիվ փոխգործակցության ծավալումը՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական գործունեության տվյալ ուղղության շարունակական զարգացմանը, փորձագիտական հավաստի արդյունքների ապահովմանը, անհրաժեշտ տվյալների բազաների ձևավորմանն ու դրանց արդյունավետ կիրառմանը։

news

«Դատաբժշկական փորձագետը չպետք է էմոցիաներով առաջնորդվի». Կարեն Մխիթարյան}

Փորձաքննությունների ազգային բյուրոյում իրականացվում են ծավալուն դատաբժշկական փորձաքննություններ: Դատաբժշկական փորձաքննությունների բաժնում հետազոտության օբյեկտներ կարող են դառնալ՝
– մարդու դիակը,
– կենդանի անձը, 
– բժշկական փաստաթղթերը,– գործի նյութերը, 
– մարդու օրգաններ և/կամ հյուսվածքներ կամ դրանց կտորները,
– կենսաբանական ծագման իրեղեն ապացույցները:
Բաժնում իրականացվող դատաբժշկական փորձաքննությունների մեջ մեծ կշիռ ունեն նաև համալիր փորձաքննությունները։ Այս և այլ թեմաների վերաբերյալ Iravaban.net-ը զրուցել է Փորձաքննությունների ազգային բյուրոյի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի պետ Կարեն Մխիթարյանի հետ։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ կարդացեք այստեղ: https://iravaban.net

news

ENFSI-ի տարեկան զեկույցում ամփոփվել են Բյուրոյի կազմակերպած միջազգային աշխատաժողովի արդյունքները}

Հրապարակվել է Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի (ENFSI-ի) 2023թ տարեկան զեկույցը, որում ամփոփված են նաև 2023թ. հոկտեմբերին Երևանում կայացած ENFSI-ի «Խոսքի և աուդիո ձայնագրությունների փորձաքննությունների» աշխատանքային խմբի (FSAAWG) 24-րդ տարեկան աշխատաժողովի արդյունքները:
Հիշեցնենք, որ 2023թ. հոկտեմբերի 4-ից 6-ը ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի հետ համատեղ Հայաստանում առաջին անգամ անցկացվեց Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի աշխատանքային խմբի (FSAAWG) 24-րդ տարեկան աշխատաժողովը, որին մասնակցում էին ֆոտոտեխնիկական, դիմանկարային, աուդիո և տեսաձայնագրային փորձաքննությունների բնագավառի առաջատար փորձագետներ երկու տասնյակից ավելի եվրոպական երկրներից։
Փորձաքննությունների ազգային բյուրոն, հանդիսանալով Հայաստանի Հանրապետությունից ENFSI-ի միակ և լիիրավ անդամը, ակտիվորեն ներգրավված է Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի «Խոսքի և աուդիո ձայնագրությունների փորձաքննությունների» աշխատանքային խմբի աշխատանքներին:
Ներկայում Բյուրոյի տեսաձայնագրային, ֆոտոտեխնիկական և դիմանկարային բաժնի փորձագետները մասնակցում են ENFSI-ի «Խոսքի և աուդիո ձայնագրությունների փորձաքննությունների» աշխատանքային խմբի ձայնի նմուշների տվյալների բազայի ստեղծման գործընթացին՝ բազան համալրելով հայերեն ձայնի նմուշներով: Ձայնային տվյալների հավաքագրումը, բնութագրումը, տվյալների բազայի ձևավորումն ու փորձարկումը հնարավորություն կտա օպտիմալացնել խոսքի և աուդիո ձայնագրությունների փորձաքննությունների բնագավառի փորձագետների աշխատանքը, կբարձրացնի ծրագրային ապահովումներով ձայնի մշակման և նույնականացման գործընթացի արդյունավետությունը:
Ձայնային նմուշների տվյալների ընդգրկուն բազայի ձևավորումը կնպաստի նաև դատափորձագիտական ոլորտում, մասնավորապես աուդիո և խոսքի փորձաքննության բնագավառում եվրոպական ընդհանուր մոտեցումների և դրանց հիման վրա միասնական մեթոդների մշակմանը:
Նշենք, որ ENFSI-FSAAWG-ի կազմում  ընդգրկված են առաջատար դատափորձագիտական կազմակերպություններ և փորձագիտական լաբորատորիաներ աշխարհի շուրջ 30 երկրներից:
Աշխատանքային խումբը նպատակ ունի բարելավել խոսքի և աուդիո ձայնագրությունների փորձաքննությունների ոլորտում կիրառվող ձայնի և խոսքի նույնականացման, հետազոտման մեթոդաբանությունը, զարգացնել ավտոմատացված եղանակով ձայնի նույնականացման արդյունավետությունը, ձևավորել և պարբերաբար թարմացնել ձայնային նմուշների բազմալեզու և ընդգրկուն տվյալների շտեմարանը և այլն:
Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է ENFSI-ի կազմում փոխգործակցության շարունակականության ապահովումը՝ ի նպաստ եվրոպական ինտեգրմամբ Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական գործունեության շարունակական զարգացմանը, փորձագիտական հավաստի արդյունքների ապահովմանն ու օրենքի գերակայությամբ արդարադատության արդյունավետ իրականացմանը։

news

«Ռադիոլուր»-ն անդրադարձել է Բյուրոյում իրականացվող ձեռագրաբանական և հոգեբանական փորձաքննություններին}

«Ռադիոլուր»-ի հերթական ռեպորտաժը պատմում է Փորձաքննությունների ազգային բյուրոյի ձեռագրաբանական և հեղինակային փորձաքննությունների բաժնի գործունեության մասին` ներկայացնելով, թե ինչպես են Բյուրոյում տասնամյակների վաղեմության ձեռագրեր հետազոտվում՝ օժանդակելով հանցագործությունների բացահայտմանը:

Ռեպորտաժում անդրադարձ է կատարվել նաև Փորձաքննությունների ազգային բյուրոյի հոգեբանական փորձաքննությունների բաժնի և Շվեյցարիայի ձեռագրաբանական գիտությունների ինստիտուտի (IHS) հետ հոգեբանական և հոգեբանաձեռագրաբանական փորձաքննությունների մեթոդների և մեթոդիկաների մշակմանն ուղղված համատեղ գիտական հետազոտությունների իրականացմանը։

Հայաստանի Հանրային Ռադիոյի լրագրող Անահիտ Սվարյանի պատրաստած ռեպորտաժը` այստեղ 

 

news

Բյուրոյի ներկայացուցիչները մասնակցել են «Տրավմա և վերականգնում» խորագրով հայ-ֆրանսիական III գիտաժողովին}

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հոգեբանական փորձաքննությունների բաժնի փորձագետները՝ բաժնի պետ Ռուբեն Աղուզումցյանի գլխավորությամբ, հուլիսի 2-ին մասնակցել են ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի և Ֆրանսիայի Լե Վինաթիե հոգեբուժական համալսարանի (Լիոն) համատեղ կազմակերպած «Տրավմա և վերականգնում» խորագրով հայ-ֆրանսիական III գիտաժողովին:
Միջոցառման շրջանակներում զեկույցներով են հանդես եկել և հոգեբանական բնագավառի արդիական հարցերի շուրջ իրենց տեսլականով են կիսվել ոլորտի հայ, ֆրանսիացի, ռուս առաջատար մասնագետներն ու գիտնականները:
Ներկայացված թեմաներն առնչվում էին հետտրավմային սթրեսային խանգարումների վաղ միջամտություններին, մարտական տրավմայի ախտանիշների կանխատեսող նշանակությանը, ռազմական տրավմայի հոգեբանական միջամտության արդյունավետության գնահատմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած փախստականների հոգեբանական օգնության տրամադրմանը, Ստեփանակերտում պայթյունից տուժած անձանց հոգեբանական աջակցության առանձնահատկություններին և այլն:
Գիտաժողովի շրջանակներում Փորձաքննությունների ազգային բյուրոյի հոգեբանական փորձաքննությունների բաժնի պետ, հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը հանդես է եկել «Ընտանեկան տրավմաների հոգեբանական առանձնահատկությունները» թեմայով զեկույցով, որում ներկայացրել է ընտանեկան հոգեբանական տրավմաների առաջացման պատճառները, ընտանիքի փոխհարաբերությունների նշանակությունը հոգեբանական տրավմաների կանխարգելման համատեքստում:
Աղուզումցյանի խոսքով՝ անհրաժեշտ է տարբերակել հոգեկան տրավման հոգեբանական տրավմայից:
«Հոգեկան տրավման մարդու հոգեկան առողջությանը հասցված վնասն է, որը ենթակա է գնահատման հոգեբուժության ոլորտի մասնագետների կողմից, իսկ հոգեբանական տրավմայի ազդեցությունը կարող է արտահայտված չլինել, ի հայտ գալ ավելի ուշ և վերափոխվելով՝ իր ազդեցությունն ունենալ մարդու տարբեր տարիքներում: Ընտանեկան տրավմաների հիմնական պատճառներից են ծնողական սխալ վարքն ու դաստիարակությունը»,-նշել է պրոֆեսորը՝ նկատելով, որ հաճախ ծնողը չի էլ կարող պատկերացնել, թե երեխայի մոտ ինչ հոգեբանական տրավմա կարող է առաջ բերել իր վարքը կամ խոսքը:
Աղուզումցյանը նշել է, որ ներկայումս քաղաքացիական գործերով շատ են դեպքերը, երբ ամուսնալուծություններից հետո նախկին ամուսինները երեխաներին օգտագործում են որպես գործիք՝ նրանց հասցնելով հոգեբանական բազմաթիվ տրավմաներ, ինչն էլ հետագայում արտահայտվում է տարբեր տարիքներում:

news

Մեսրոպ Մաշտոցի անվան Համալսարան}

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները հունիսի 20-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Համալսարան-ում մասնակցել են Աշխատանքի շուկա 2024-ին՝ ներկայացնելով Բյուրոյի գործունեության ուղղությունները, կադրային քաղաքականության և որակի ապահովման ուղղությամբ իրականացվող ծրագրերը:
Փորձաքննությունների ազգային բյուրոն, հավատարիմ մնալով իր որդեգրած սկզբունքներին, նպատակաուղղված է ակտիվ փոխգործակցություն ծավալել բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ՝ բուհական և հետբուհական կրթության որակյալ իրականացման և բարձր մասնագիտական գիտելիքներով և գործնական հմտություններով օժտված մասնագետների պատրաստման գործում իր նպաստն ունենալու համար:

news

Բյուրոյի ներկայացուցիչները մասնակցել են «Հանցագործությունների քննության կրիմինալիստիկական ապահովումը» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովին}

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենի՝ գիտության գծով տեղակալ, ք․գ․թ Պատվական Ոսկանյանը և Բյուրոյի քրեաբանության կիրառական հիմնախնդիրների գիտահետազոտական կենտրոնի պետ, ի․գ․թ․, դոցենտ Գևորգ Իսրայելյանը հունիսի 11-ին ՀՀ ՆԳՆ  կրթահամալիրում  MIA Educational Complex  -  ՆԳՆ կրթահամալիր մասնակցել են «Հանցագործությունների քննության կրիմինալիստիկական ապահովումը» թեմայով 9-րդ գիտագործնական միջազգային համաժողովին:
Գիտաժողովի շրջանակներում քննարկվել են հանցագործությունների քննության քրեագիտական ասպեկտին, կրիմինալիստիկական նորագույն լուծումներին՝ այդ թվում արհեստական բանականության օգտագործմամբ մասնագիտական գործողությունների իրականացմանը վերաբերող հարցեր:
Համաժողովին «Հանցագործությունների քննության քրեագիտական (փորձագիտական) ապահովման իրավական հիմքերի հասկացության բնորոշումը և նոր կարգավորումների որոշ խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով զեկույցով է հանդես եկել Բյուրոյի քրեաբանության կիրառական հիմնախնդիրների գիտահետազոտական կենտրոնի պետ, ի․գ․թ․, դոցենտ Գևորգ Իսրայելյանը։ 
Հանցագործությունների քննության քրեագիտական ապահովման իրավական հիմքերը Իսրայելյանը բնորոշել է որպես նորմատիվ իրավական ակտերի ամբողջություն՝ բովանդակող այնպիսի իրավական նորմեր, որոնք հնարավորություն են տալիս արդյունավետ, որակյալ, օպտիմալ և ռացիոնալ ձևով հավաքել, ամրագրել, վերցնել, հետազոտել քրեագիտական առումով հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվությունը և այն օգտագործել քրեական վարույթի խնդիրների լուծման համար:
Անդրադառնալով ոլորտամետ իրավական կարգավորումների անհրաժեշտությանը, Իսրայելյանն ընդգծել է «Դատափորձագիտական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի մշակման, փորձագիտական կազմակերպությունների, դատափորձագիտական գործունեության իրավական և կազմակերպական հարցերի կարգավորման տեսակետից օրենքի հիմնարար նշանակության մասին՝ միաժամանակ ներկայացնելով նախագծի որոշ դրույթներում առկա  խնդրահարույց կարգավորումներն ու օրենսդրական բացերը:
Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է համագործակցությունը կրթական հաստատությունների հետ, ինչպես նաև մասնակցությունը նմանօրինակ համաժողովներին՝ ի նպաստ միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնմանը, մեր երկրում դատափորձագիտական հնարավորությունների արդիականացմանն ու ոլորտի կայուն զարգացման ապահովմանը։

news

Բյուրոյի ներկայացուցիչները մասնակցել են տնտեսական վեճերի և գործերի քննությանը վերաբերող կլոր սեղան-քննարկմանը}

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի՝ գիտության գծով տեղակալ  Պատվական Ոսկանյանը և Բյուրոյի գիտական հետազոտությունների և տեխնիկական փորձարկումների համակարգման բաժնի պետ Կարեն Մամիկոնյանը հունիսի 6-ին մասնակցել են Ռուսաստանի արդարադատության պետական համալսարանի դատական փորձաքննությունների և կրիմինալիստիկայի ամբիոնի, ինչպես նաև ՌԴ ֆինանսատնտեսական ոլորտի դատական փորձագետների միության համատեղ կազմակերպած «Դատական փորձաքննության տեսությունն ու պրակտիկան տնտեսական վեճերի և գործերի քննությունը քրեական, քաղաքացիական, արբիտրաժային և վարչական դատավարությունում» թեմայով կլոր սեղան-քննարկումը: 
Քննարկմանը մասնակցում էին արդարադատության բնագավառի ներկայացուցիչներ, դատափորձագիտական ոլորտի առաջատար մասնագետներ, գիտնականներ Հայաստանից (տեսակապի միջոցով) և Ռուսաստանից:
Կլոր սեղանի շրջանակներում քննարկվել են ոլորտի արդի հիմնախնդիրները, այդ թվում՝ տնտեսագիտական փորձաքննության տեսության ներկա վիճակը, ոլորտի զարգացման հեռանկարները, դատավարությունում տնտեսագիտական փորձաքննության դերը, դատափորձագիտական հետազոտությունների որակի հիմնախնդիրները, դատական փորձաքննության տեսությունն ու պրակտիկան տնտեսական վեճերի և գործերի քննությունը քրեական, քաղաքացիական, արբիտրաժային և վարչական դատավարությունում, փորձագիտական կադրերի պատրաստումը և այլն:
Կլոր սեղան-քննարկման արդյունքների հիման վրա կհրատարակվի զեկույցների ժողովածու, որտեղ կներկայացվի նաև տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Կարեն Մամիկոնյանի՝ «Բիզնեսի իրավական կարգավորման խնդիրները դատատնտեսագիտական հետազոտությունների դիտանկյունից» թեմայով հոդվածը:
Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է մասնակցությունը նմանօրինակ միջոցառումներին՝ ի նպաստ միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնմանը, մեր երկրում դատափորձագիտական հնարավորությունների արդիականացմանն ու ոլորտի կայուն զարգացման ապահովմանը։