Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
Լրահոս
Փորձաքննությունների ազգային բյուրոյի անձնակազմը ի սրտե շնորհավորում է Բյուրոյի տնօրեն Արգամ Հովսեփյանի ծննդյան տարեդարձը}
Փորձաքննությունների ազգային բյուրոյի անձնակազմը ի սրտե շնորհավորում է Բյուրոյի տնօրեն Արգամ Հովսեփյանի ծննդյան տարեդարձը,մաղթում ամուր առողջություն, անխափան աշխատանք և մասնագիտական նոր ձեռքբերումներ դատափորձագիտական ոլորտի կայուն զարգացման գործում՝ ի շահ մեր երկրում օրենքի գերակայության ապահովման, պետության առաջընթացի և բարեկեցիկ ապագայի:
Բյուրոյի փորձագետը հաղթող է ճանաչվել գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականների խրախուսման մրցույթում}
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի պայթյունատեխնիկական և հրդեհատեխնիկական փորձաքննությունների բաժնի առաջատար փորձագետ Վարդգես Ֆրանգյանը հաղթող է ճանաչվել «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանականերում կազմակերպված գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականների խրախուսման մրցույթում քիմիայի բնագավառին առնչվող «Տրիազոլ պարունակող նոր «դիպեպտիդներ». սինթեզ, մոլեկուլային դոկինգ և ցավազրկող ակտիվության ուսումնասիրություններ» թեմայով հրատարակված գիտական հոդվածով:
Մրցույթի նպատակն է խրախուսել գիտության բոլոր բնագավառներով միջազգային հեղինակավոր գիտական ամսագրերում հոդվածների տպագրությունը, հայագիտության և հումանիտար գիտությունների, հասարակական գիտությունների բնագավառներով անգլիալեզու տպագրությունը, նպաստել ՀՀ գիտական արդյունքի որակի բարձրացմանը և միջազգայնացմանը։ Մրցույթի առաջին՝ «Scimago Journal & Country Ranking (SJR)»-ում դասակարգման ավելի բարձր քառորդում առաջին անգամ տպագրության համար ենթածրագրով շահառու է ճանաչվել 25 երիտասարդ գիտնական։
Ի դեպ՝ Վարդգես Ֆրանգյանին Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից 19.11.2024թ. շնորհվել է քիմիական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Բյուրոյի ներկայացուցիչները մասնակցել են քիմիկոթունաբանական և դատաքիմիական փորձաքննություններին առնչվող գիտագործնական սեմինարին}
ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի քիմիական փորձաքննությունների բաժանմունքի փորձագետները նոյեմբերի 28-29-ը առցանց ձևաչափով մասնակցել են Ռուսաստանի քիմիկոթունաբանական և դատաքիմիական հետազոտությունների մասնագետների ասոցիացիայի կազմակերպած «Դատական փորձաքննությունների ժամանակակից գործիքային մեթոդների կրառումը քիմիկոթունաբանական և դատաքիմիական փորձաքննություններում» թեմայով գիտագործնական սեմինարին:
Միջոցառմանը մասնակցում էին դատաքիմիական և քիմիկոթունաբանական բնագավառների առաջատար փորձագետներ Հայաստանից, Ռուսաստանից, Մոլդովայից, Բելառուսից, Ղազախստանից և այլ երկրներից: Գիտագործնական սեմինարի շրջանակներում արդյունավետ քննարկումներ են ծավալվել կենսաբանական, նյութագիտական և թունաբանական հետազոտությունների առկա հիմնախնդիրների, նյութատեխնիկական ապահովման, հոգեներգործուն կամ հոգեակտիվ նոր նյութերի դեմ հակազդեցության, սնկային թունավորումների, ընտանի կենդանիների թունավորումների, փորձագիտական պրակտիկայում մկնդեղի հայտնաբերման դեպքերի, ալկոհոլային խմիչքների փորձաքննությունների արդյունքում դրանց իսկության հաստատման, թունաբանական անվտանգության, դատաքիմիական և քիմիկոթունաբանական բնագավառներում նորագույն սարքավորումային համալիրների գործարկման, նոր մեթոդների մշակման և ներդրման, դրանց արդյունավետ կիրառման և այլ հարցերի առնչությամբ:
Սեմինարին զեկույցով է հանդես եկել նաև «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի քիմիական փորձաքննությունների բաժանմունքի պետ Նելլի Կիրակոսյանը՝ ներկայացնելով ժամանակակից գազքրոմատոգրաֆիկ սարքերի զգայունության և էֆեկտիվության գնահատումը, ինչպես նաև Փորձաքննությունների ազգային բյուրոյում ներդրված և արդյունավետորեն կիրառվող հետազոտական հնարավորությունները:
Նելլի Կիրակոսյանն արտերկրի գործընկերների հետ կիսվել է Բյուրոյում ներդրված ժամանակակից գերզգայուն անալիտիկ սարքավորումներով հետազոտություններ իրականացնելու փորձով՝ ընդգծելով դատաքիմիական և քիմիկոթունաբանական փորձաքննություններում բարձր զգայունություն ունեցող սարքավորումների՝ գազային և հեղուկային քրոմատոգրաֆիական մեթոդների կիրառման առանձնահատկություններն ու գերակայությունները:
Մասնավորապես ժամանակակից գերզգայուն անալիտիկ սարքավորումների, այդ թվում՝ եռակի քառաբևեռ մասսպեկտրաչափով համակցված հեղուկային քրոմատոգրաֆի կիրառմամբ իրականացվող քիմիկոթունաբանական հետազոտությունները հնարավորություն են տալիս հետազոտելի կենսաբանական բոլոր տեսակի նմուշներում սեղմ ժամկետներում և բարձր ճշգրտությամբ իրականացնել թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դեղամիջոցների, թունավոր, խիստ ներգործող նյութերի հայտնաբերմանն ուղղված գերզգայուն հետազոտություններ (նանոգրամների և պիկոգրամների ճշգրտությամբ):
Իսկ հետազոտությունների համար Բյուրոյում մշակված և ներդրված նմուշապատրաստման և հետազոտման օպտիմալացված էֆեկտիվ մեթոդները բացառում են հետազոտելի նմուշների աղտոտման և սխալանքի բերող որևէ մարդածին կամ այլ գործոնների հավանական ազդեցությունը:
Նշենք, որ Փորձաքննությունների ազգային բյուրոն մշտապես զարգացնում է հետազոտական գործընթացում կիրառվող սարք-սարքավորումների և ծրագրային ապահովումների միջոցով ստացվող արդյունքների ճշգրտության և ստույգության վերլուծության կարողությունները՝ ապահովելով նշանակվող դատաքիմիական (քիմիկոթունաբանական) և նյութագիտական փորձաքննությունների իրականացման ժամկետների կրճատումն ու հավաստի արդյունքների ստացումը:
Բյուրոյի ներկայացուցիչները մասնակցել են Հայաստանում «Agilent Technologies» ընկերության տասնամյա գործունեությանը նվիրված միջոցառմանը}
ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները՝ տնօրեն Արգամ Հովսեփյանի գլխավորությամբ, նոյեմբերի 27-ին մասնակցել են «Agilent 10 years with Armenia» խորագրով միջոցառմանը, որի շրջանակներում ներկայացվել է անցյալ դարի կեսերից ի վեր ամերիկյան Agilent ընկերության անցած ուղին և ձեռքբերումները, վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանում ծավալած գործունեությունը, ներկայիս նորարարական հնարավորություններն ու զարգացման հեռանկարները:
Մասնավորապես անդրադարձ է կատարվել ընկերության արտադրած լաբորատոր սարքավորումների լայն կիրառման շրջանակներին, առաջարկվող նորարարական լուծումների առանձնահատկություններին՝ ներկայացնելով ինչպես բուն սարքավորումների աշխատանքային մեխանիզմներն ու ստացված արդյունքների գնահատման մոտեցումները, այնպես էլ դրանց սպասարկման համար անհրաժեշտ միջոցների (վակումային պոմպերի և այլ պարագաների) արդի լուծումները, որոնք ունեն կարևոր նշանակություն սարքավորումների կիրառմամբ հետազոտական աշխատանքներ իրականացնող մասնագետների և փորձագտների համար:
Միջոցառման շրջանակներում ընդգծվել է նաև դատափորձագիտական ոլորտում ներդրված առաջադեմ տեխնոլոգիաների կիրառման կարևորությունը և այդ համատեքստում Փորձաքննությունների ազգային բյուրոյի, ինչպես նաև ՀՀ–ում ԱՄՆ դեսպանության ԹՊԻՀ ծրագրի հետ արդյունավետ փոխգործակցության անցած ուղին:
Հարկ է նշել, որ Բյուրոյի համապատասխան փորձագիտական անձնակազմը պարբերաբար մասնակցում է «Agilent Technologies» ընկերության առաջատար մասնագետների կողմից իրականացվող նորարարական հնարավորությունների կիրառման ուսուցման և վերապատրաստման գործընթացներին, ինչը նպաստում է կարողությունների կատարելագործմանը, սարքավորումների կիրառման շրջանակների ընդլայնմանը, հետազոտական նոր մեթոդների մշակմանն ու ներդրմանը, ինչպես նաև բարձր ճշգրտությամբ և հավաստի արդյունքների ապահովմանը:
Հայաստանի Հանրապետություն այցի շրջանակներում «Agilent Technologies» ընկերության ներկայացուցիչները՝ տարածաշրջանի ղեկավար Ռոբերտ Բանի գլխավորությամբ այցելել են նաև «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ և տեղում քննարկումներ ունեցել Հայաստանի դատափորձագիտական բնագավառում առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման վերաբերյալ:
Կեղծված սննդամթերք, զարդեր, գողացված երգի բառեր․ ինչի՞ հետ են առնչվում ապրանքագետ-փորձագետները}
ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ապրանքագիտական փորձաքննությունների բաժնի փորձագետները Iravaban.net-ի հետ խոսել են բաժնում իրականացվող փորձաքննությունների առանձնահատկությունների, ստացված արդյունքների նշանակության, աշխատանքային դժվարությունների, պրակտիկայում գրանցված հետաքրքիր դեպքերի մասին։
Մանրամասները տեսանյութում
Փորձաքննությունների ազգային բյուրոյում համատեղ գիտագործնական աշխատանքներ են իրականացվել հայ, ռուս, բելառուս և ղազախ փորձագետների մասնակցությամբ}
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Հայաստան ժամանած Ռուսաստանի քիմիկոթունաբանական և դատաքիմիական հետազոտությունների մասնագետների ասոցիացիայի համանախագահ, քիմիական գիտությունների դոկտոր Սերգեյ Սավչուկի գլխավորությամբ դատաքիմիական և քիմիկոթունաբանական փորձաքննությունների բնագավառում համատեղ գիտագործնական աշխատանքներ են իրականացվել հայ, ռուս, բելառուս և ղազախ փորձագետների մասնակցությամբ:
Գործնական աշխատանքները (միջլաբորատոր համեմատական փորձարկումներ, ստուգիչ թեստավորումներ և այլն) իրականացվել են նաև Փորձաքննությունների ազգային բյուրոյում նախորդ տարի ներդրված գերժամանակակից գերզգայուն անալիտիկ սարքավորումների, այդ թվում՝ եռակի քառաբևեռ մասսպեկտրաչափով համակցված հեղուկային քրոմատոգրաֆի կիրառմամբ:
Համատեղ գիտագործնական աշխատանքների իրականացումը և փորձի փոխանակումը նպատակ ունեն բարձրացնել փորձագետների մասնագիտական հմտությունները ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) իրականացրած ծրագրերին հաջող մասնակցության նպատակով:
Նշենք, որ Փորձաքննությունների ազգային բյուրոն հայտ է ներկայացրել մասնակցելու ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) կողմից իրականացվող դատաքիմիական փորձաքննությունների ստուգիչ թեստավորումների երկրորդ փուլին, որի շրջանակներում Կազմակերպությանը տրամադրվելու են կենսաբանական, ինչպես նաև դեպքի վայրից վերցված նմուշներ, որոնք հետազոտվելու են Բյուրոյի համապատասխան լաբորատորիայում, իսկ հետազոտության արդյունքում ստացված տվյալները կներառվեն UNODC-ի միասնական հաշվետվության մեջ:
Փորձաքննությունների ազգային բյուրոյում արտերկրի գործընկերների հետ համատեղ իրականացվող գիտագործնական և մեթոդական աշխատանքները կրում են պարբերական բնույթ, ինչը թույլ է տալիս ծանոթանալ մեթոդական նոր մոտեցումների, ընդլայնել Բյուրոյի փորձագիտական լաբորատորիաների հետազոտական հնարավորություններն ու դրանց շրջանակը՝ ապահովելով ստացված տվյալների արժանահավատությունը, ինչպես նաև կրճատելով փորձաքննությունների իրականացման ժամկետները:
Բյուրոյի փորձագետները մասնակցել են ENFSI-ի «Խոսքի և աուդիո ձայնագրությունների փորձաքննությունների» աշխատանքային խմբի 25-րդ տարեկան աշխատաժողովին}
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տեսաձայնագրային, ֆոտոտեխնիկական և դիմանկարային բաժնի փորձագետները՝ բաժնի պետ Վաղարշակ Քոչարյանի գլխավորությամբ, նոյեմբերի 6-7-ը մասնակցել են Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի (ENFSI-ի) «Խոսքի և աուդիո ձայնագրությունների փորձաքննությունների» աշխատանքային խմբի (FSAAWG) 25-րդ տարեկան աշխատաժողովին, որն այս տարի անց է կացվել առցանց ձևաչափով:
Հանդիպմանը մասնակցում էին եվրոպական շուրջ երեք տասնյակ երկրների Ֆոտոտեխնիկական, դիմանկարային, աուդիո և տեսաձայնագրային փորձաքննությունների բնագավառի առաջատար փորձագետներ, ովքեր հանդես եկան ոլորտին առնչվող արժեքավոր զեկույցներով՝ ներկայացնելով իրենց երկրների դատափորձագիտական կառույցներում խոսքի և աուդիո և տեսաձայնագրությունների փորձաքննությունների իրականացման առանձնահատկությունները, համանուն ստորաբաժանումների փորձագիտական հնարավորություններն ու կատարված գործնական, ինչպես նաև գիտահետազոտական աշխատանքների արդյունքները։
Աշխատանքային խմբի անդամներն արդյունավետ քննարկումներ ծավալեցին ոլորտի արդի հիմնախնդիրների շուրջ՝ անդրադառնալով ձայնի միջոցով անձի նույնականացման գործընթացում ի հայտ եկող խնդիրներին, աուդիո և տեսաձայնագրային փորձաքննություններում արհեստական բանականության կիրառման առանձնահատկություններին, միջամտության ենթարկված աուդիո և վիդեո ֆայլերի հետազոտմանն ու արդյունքների վերլուծությանը, խոսքից կտրված (սինթեզված) բովանդակության հայտնաբերման համար վստահելի մեթոդաբանության մշակման մեխանիզմներին և ոլորտի այլ կարևոր հարցերին։
Աշխատաժողովի շրջանակներում քննարկվեցին նաև մի շարք կազմակերպչական հարցեր: Առցանց քվեարկության արդյունքում որոշվեց FSAAWG-ի հաջորդ տարեկան աշխատաժողովը կազմակերպել Խորվաթիայում:
Հիշեցնենք, որ ENFSI-ի «Խոսքի և աուդիո ձայնագրությունների փորձաքննությունների» աշխատանքային խմբի (FSAAWG) նախորդ՝ 24-րդ տարեկան աշխատաժողովը 2023-ի հոկտեմբերին կազմակերպվել էր Հայաստանում:
Փորձաքննությունների ազգային բյուրոն, հանդիսանալով Հայաստանի Հանրապետությունից Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի միակ և լիիրավ անդամը, կարևորում է ENFSI-ի կազմում փոխգործակցության շարունակականության ապահովումը՝ ի նպաստ եվրոպական ինտեգրմամբ Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական գործունեության շարունակական զարգացմանը, փորձագիտական հավաստի արդյունքների ապահովմանն ու օրենքի գերակայությամբ արդարադատության արդյունավետ իրականացմանը։
Որքանո՞վ է արդիական ձեռագրի հետազոտությունն այսօր, երբ մարդիկ գնալով ավելի քիչ են գրում ձեռքով}
Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենի հրավերով Հայաստան ժամանած Շվեյցարիայի ձեռագրաբանական գիտությունների ինստիտուտի (IHS) հետազոտական ծրագրերի ղեկավար, տեխ.գ.թ. Յուրի Չեռնովը հարցազրույց է տվել NEWS.am լրատվական գործակալության «Բա իմացար» գիտահանրամատչելի ալիքին։
Արտերկրի հեղինակավոր գիտնականը խոսել է ձեռագրաբանական փորձաքննությունների բնագավառում արհեստական բանականության կիրառման, ոլորտի ժամանակակից միտումների, ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հետ արդյունավետ համագործակցության, համատեղ իրականացվող գիտահետազոտական աշխատանքների և այլ կարևոր հարցերի շուրջ:
Ամբողջական հարցազրույցը` այստեղ https://tech.news.am
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանի շնորհավորական ուղերձը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվա և կազմավորման երրորդ տարեդարձի առթիվ}
Հարգելի՛ պարոն Խաչատրյան,
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի անձնակազմի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ձեր գործընկերներին Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման երրորդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով անսպառ ուժ և եռանդ՝ լիազորությունների անշեղ իրականացման, մեր երկրում կոռուպցիայի դեմ հետևողական պայքարի արդյունավետ մղման համար:
Հակակոռուպցիոն կոմիտեն հավատարիմ մնալով օրենքով իրեն վերապահված լիազորություններին, այսօր վստահորեն կանգնած է Հայաստանի Հանրապետությունում քրեական արդարադատության իրականացման, իրավակարգի ամրապնդման, կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի դիրքերում՝ շարունակաբար միջոցներ ձեռնարկելով հակակոռուպցիոն պայքարն ավելի արդյունավետ և տեսանելի դարձնելու, այս առումով հանրության վստահությունն ու սպասումներն արդարացնելու համար։
Անգնահատելի է Կոմիտեի դերը պետության, քաղաքացիների և իրավաբանական անձանց օրինական շահերի և իրավունքների պաշտպանության, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, իր ենթակայության մինչդատական քրեական վարույթների արդյունավետ կազմակերպման և իրականացման գործում:
Վստահաբար կարող ենք արձանագրել, որ անցած երեք տարիների ընթացքում հաջողվել է Հակակոռուպցիոն կոմիտեն համալրել մասնագիտական բարձր գիտելիքներ ու հմտություններ ունեցող բարեվարք և պատվախնդիր ծառայողներով՝ ապահովելով համակարգի բնականոն գործունեությունը:
Վստահ եմ, որ հայրենիքին ծառայելու պատվաբեր գործին անմնացորդ նվիրումի և բարեխիղճ աշխատանքի շնորհիվ հաջորդ շրջափուլերում ևս հնարավոր կլինի արդյունավետորեն լուծել ոլորտի խնդիրներն ու համարժեքորեն հակազդել առկա մարտահրավերներին՝ հանրության շրջանում շարունակաբար ամրապնդելով կոռուպցիոն հանցագործությունների համար պատասխանատվության անխուսափելիության համոզմունքը և իրավապահ համակարգի նկատմամբ վստահությունը։
Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ, մաղթում եմ քաջառողջություն, խաղաղություն և նորանոր նշանակալի ձեռքբերումներ մասնագիտական գործունեության ընթացքում:
Հարգանքով՝
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյան
Բյուրոյի ներկայացուցիչները մասնակցել են «Արհեստական բանականության ազդեցությունը դատական փորձաքննությունների նույնականացման գործընթացում» խորագրով միջազգային գիտաժողովին}
Միջազգային փոխգործակցության շրջանակներում ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները՝ տնօրեն Արգամ Հովսեփյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 18-ին տեսակոնֆերանսի ձևաչափով մասնակցել են Ռումինիայի Դատական փորձագետների ասոցիացիայի կազմակերպած «Արհեստական բանականության ազդեցությունը դատական փորձաքննությունների նույնականացման գործընթացում» խորագրով միջազգային գիտաժողովին:
Միջոցառմանը մասնակցում էին դատափորձագիտական բնագավառի առաջատար փորձագետներ, գիտնականներ և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ Հայաստանից, Ռումինիայից, Կանադայից, Շվեյցարիայից, Պորտուգալիայից, Մոլդովայից, Ռուսաստանից, Հունգարիայից և այլ երկրներից:
Գիտաժողովի բացմանը Ռումինիայի Դատական փորձագետների ասոցիացիայի նախագահ, «Տիտու Մայորեսկու» համալսարանի գիտական ղեկավար Գեորգի Պոպան շնորհակալութուն հայտնեց միջազգային գործընկերներին սերտ համագործակցության համար՝ շեշտելով նաև Փորձաքննությունների ազգային բյուրոյի հետ վերջերս ձևավորված փոխգործակցության կարևորությունը:
Ռումինիայի Դատական փորձագետների ասոցիացիայի նախագահն ընդգծեց Հայաստանում սեպտեմբերի 25-27-ը Փորձաքննությունների ազգային բյուրոյի հիմնադրման 20-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի անցկացման և Հայաստանում դատափորձագիտական ոլորտի զարգացմանն ուղղված ակտիվ ջանքերի ներդրման գործում Բյուրոյի ցուցաբերած նախաձեռնողականությունը:
Գիտաժողովի բացմանը ողջույնի խոսքով և ելույթով հանդես եկավ նաև Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն, բ.գ.թ. Արգամ Հովսեփյանը:
Կազմակերպության ղեկավարի խոսքով՝ վերջին տարիներին թվային տեխնոլոգիաների՝ այդ թվում արհեստական բանականության արագ զարգացումը հանգեցրել է դրանց կիրառման շրջանակների ընդլայնմանը ինչպես ներպետական, այնպես էլ անդրազգային հանցավորության շրջանում, ինչն իր հերթին դատափորձագիտական համայնքից պահանջում է համարժեքորեն զարգացնել իր հետազոտական կարողությունները հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն օժանդանելու նպատակով: «Դատական փորձաքննությունների բնագավառում հետազոտական հնարավորությունների առաջանցիկ զարգացումը մեծապես աջակցում է օրենքի գերակայության ապահովման և օրինականության հաստատման գործին: Նմանատիպ համաժողովների անցկացումը մասնակիցներին հնարավորություն է տալիս ոչ միայն բարձրաձայնել և քննարկել իրենց աշխատանքային գործունեության ընթացքում ի հայտ եկող խնդիրները, այլև նախանշել դրանց լուծման արդյունավետ ուղիները, իսկ փորձի փոխանակումը և համատեղ շփումները նպաստում են փորձագիտական անձնակազմի գիտելիքների ու հմտությունների կատարելագործմանը»,-իր խոսքում նշել է Բյուրոյի տնօրենը:
Համաժողովի ընթացքում ներկայացվել են զեկույցներ այնպիսի արդիական թեմաների վերաբերյալ, ինչպիսիք են՝ «Արհեստական բանականության կոդավորումը միջազգային իրավունքում. հնարավորություններն ու ռիսկերը», «Արհեստական բանականության իրավական բնույթը. Արհեստական բանականության վստահելիությունը», «Արհեստական բանականություն և քրեական արդարադատություն. ներկան և ապագան», «Արհեստական բանականության կիրառման ռիսկերը դատափորձագիտական նույնականացման գործունեության մեջ», «Արհեստական բանականությունը կիբերպատերազմում. ԱԲ-ի հարձակումները և դատափորձագիտական թվային մարտահրավերները» և այլն:
Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է մասնակցությունը նմանօրինակ համաժողովներին՝ ի նպաստ միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնմանը, մեր երկրում դատափորձագիտական հնարավորությունների արդիականացմանն ու ոլորտի կայուն զարգացման ապահովմանը։
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո»}
Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի (ENFSI) պաշտոնական կայքում անդրադարձ է կատարվել «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հիմնադրման 20-ամյակին նվիրված «Դատափորձագիտական գործունեության դերն ու նշանակությունը իրավական համակարգում, արդի խնդիրները, զարգացման միտումներն ու հեռանկարները» խորագրով միջազգային եռօրյա գիտաժողովին`կարդացեք այստեղ: enfsi.eu/news
Փորձաքննությունների ազգային բյուրոյի փորձագետը մրցանակի է արժանացել «Երիտասարդ գիտնականի ամբիոն-2024» մրցույթում}
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի մշակութաբանական փորձաքննությունների բաժնի փորձագետ, ԳԱԱ «Արվեստի ինստիտուտի» ասպիրանտ Գայանե Հովհաննիսյանը մրցանակի է արժանացել Բելառուսի դատափորձագիտական պետական կոմիտեի կազմակերպած «Երիտասարդ գիտնականի ամբիոն-2024» գիտական աշխատանքների մրցույթում:
Հոկտեմբերի 17-ից 18-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած «Դատափորձագիտության և դատափորձագիտական գործունեության դերն ու նշանակությունն ազգային անվտանգության ապահովման գործում» խորագրով միջազգային 20-րդ գիտագործնական համաժողովի շրջանակներում կազմակերպված մրցույթին մասնակցում էին երիտասարդ հետազոտողներ Հայաստանից, Բելառուսից և Ռուսաստանից: Միջոցառման նպատակն է երիտասարդ գիտնականներին ներգրավել դատական փորձաքննության արդի խնդիրների վերաբերյալ գիտական հետազոտությունների իրականացման գործընթացում:
Հոկտեմբերի 17-ին մրցույթի եզրափակիչ փուլ անցած շուրջ երկու տասնյակ մասնակիցներ, որոնց թվում էին նաև Փորձաքննությունների ազգային բյուրոյի պայթյունատեխնիկական և պայթյունատեխնոլոգիական բաժանմունքի պետ Ջուլիետա Ղահրամանյանը և մշակութաբանական փորձաքննությունների բաժնի փորձագետ Գայանե Հովհաննիսյանը, հեռավար ձևաչափով ներկայացրել են իրենց գիտական աշխատանքները:
Մրցույթի շրջանակներում Ջուլիետա Ղահրամանյանը հանդես է եկել «Նավթամթերքների և դյուրավառ հեղուկների հետքերի գազքրոմատոգրաֆիկ նույնականացումը հրդեհատեխնիկական փորձաքննությունների կատարման ժամանակ» թեմայով զեկույցով, իսկ Գայանե Հովհաննիսյանը՝ «Մշակութային վանդալիզմը հնագիտական փորձաքննությունների համատեքստում» թեմայով զեկույցով:
Գայանե Հովհաննիսյանն իր գիտական աշխատանքում անդրադարձել է դատափորձագիտական բնագավառի զարգացող ուղղություններից մեկը համարվող հնագիտական բնագավառի փորձաքննությունների առանձնահատկություններին՝ շեշտը դնելով մշակութային վանդալիզմի դեպքերի բացահայտման գործընթացում մշակութաբանական փորձաքննությունների անցկացման կարևորության վրա:
Հիշյալ գիտական աշխատանքի արդյունքում Գայանե Հովհաննիսյանը հաղթող է ճանաչվել «Երիտասարդ գիտնականի ամբիոն-2024» մրցույթի «Լավագույն գործնական կողմնորոշիչ աշխատանք» անվանակարգում:
Փորձաքննությունների ազգային բյուրոն շնորհավորում է մրցույթում հաջողություններ գրանցած Փորձաքննությունների ազգային բյուրոյի փորձագետներին՝ կարևորելով նմանատիպ միջոցառումներին մասնակցության և երիտասարդ գիտնականներին դատափորձագիտական ոլորտում առավել ակտիվ ներգրավելու անհրաժեշտությունը:
Փորձաքննությունների ազգային բյուրոն շարունակում է ակտիվ փոխգործակցությունը ոլորտի սարքավորումային ապահովման գործում առաջադեմ արդյունքներ գրանցող ընկերությունների հետ}
Դատափորձագիտական սարքավորումների արտադրման ոլորտում առաջատար Regula ընկերության ներկայացուցիչ Վլադիմիր Բուտուրլիան օրերս այցելել էր ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ՝ կազմակերպությունում ներդրված տվյալ ընկերության արտադրության սարքավորումային համալիրի գործնական կիրառության շրջանակների դիտարկման, հնարավորությունների ընդլայնմանն ուղղված հարցերի քննարկման և հետագա համագործակցության նոր հեռանկարների ձևավորման նպատակով:
Հարկ է նշել, որ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից նախորդ տարի նշված ընկերությունից ձեռք բերված «Regula 4307» մոդելի տեսապատկերային համեմատական սարքավորումային համալիրը վերջին սերնդի ծրագրային ապահովումներով ակտիվ կիրառվում է փաստաթղթաբանական և այլ բնագավառների փորձագիտական հետազոտությունների իրականացման գործընթացում՝ ապահովելով ընդգրկուն տվյալների բազաների տեղեկատվության հետ համեմատման արդյունքում հիմնավոր ապացույցների տրամադրում:
Նշենք, որ Regula ընկերությունը համաշխարհային առաջատար կազմակերպություններից է, որը զբաղվում է նաև դատափորձագիտական ոլորտի սարքավորումների ստեղծմամբ, ինչպես նաև նույնականացման նպատակով կիրառվող ծրագրային ապահովումների մշակմամբ:
Ձեռք բերված սարքավորումները կիրառվում են նաև գիտահետազոտական աշխատանքների իրականացման շրջանակներում՝ առավել առաջադեմ արդյունքների ապահովման նպատակով:
Հաշվի առնելով «Regula» ընկերությունից ձեռք բերված սարքավորումային համալիրի կիրառման և նոր հնարավորությունների ընդլայնման կարևորությունը, Բյուրոն հանձնառու է շարունակել ակտիվ փոխգործակցությունը ոլորտի սարքավորումային ապահովման գործում առաջադեմ արդյունքներ գրանցող ընկերությունների հետ:
Հրատարակվել է դենդրոխրոնոլագիական փորձաքննություններին առնչվող համատեղ բացատրական բառարան}
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի միջև իրականացված համատեղ գիտահետազոտական աշխատանքների արդյունքում մշակվել և հրատարակվել է դենդրոխրոնոլոգիական փորձաքննություններին առնչվող համատեղ բացատրական բառարան (ուղեցույց):
Տեղեկատու մեթոդական ուղեցույցում ընդգրկված են դենդրոխրոնոլոգիական հետազոտությունների բնագավառում հանդիպող հիմնական տերմինները:
Ուղեցույցի համահեղինակների թվում են Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենի՝ գիտության գծով տեղակալ Պատվական Ոսկանյանը, Բյուրոյի հողագիտական և կենսաբանական փորձաքննությունների բաժնի պետ Աննա Պետրոսյանը, Բելառուսի դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի նյութերի և արտադրանքի փորձաքննությունների լաբորատորիայի ղեկավար Աննա Խոխը:
Բառարանը կիրառելի է ինչպես դատափորձագիտական և դատաքննչական բնագավառներում, այնպես էլ ուսումնական գործընթացներում փորձագետների որակավորման բարձրացման նպատակով:
Բելառուս գործընկերների հետ մշակվել և հրատարակվել է էկոլոգիական փորձաքննությունների բնագավառում կիրառվող մեթոդիկա}
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի միջև համագործակցության պայմանագրի շրջանակներում իրականացված համատեղ գիտահետազոտական աշխատանքների արդյունքների հիման վրա համատեղ մշակվել և հրատարակվել է էկոլոգիական փորձաքննությունների բնագավառում կիրառվող մեթոդիկա, որը վերաբերում է հաշվարկման և վերլուծական մեթոդների կիրառմամբ շրջակա միջավայրի կամ դրա առանձին բաղադրիչների վրա մարդածին ազդեցության հանգամանքների պարզմանը:
Մեթոդիկայի հեղինակներն են Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենի՝ գիտության գծով տեղակալ, քիմիական գիտությունների թեկնածու, ավագ գիտաշխատող Պատվական Ոսկանյանը և Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի նյութերի և արտադրանքի փորձաքննությունների լաբորատորիայի ղեկավար Աննա Խոխը:
Աշխատությունում ներկայացված են ընդհանուր մեթոդական դրույթներ, էկոլոգիական փորձաքննության անցկացման ընթացակարգեր՝ գնահատելու հաշվարկման և վերլուծական մեթոդի կիրառմամբ շրջակա միջավայրի կամ դրա առանձին բաղադրիչների վրա մարդածին ազդեցությունը:
Գործընթացն իրենից ներկայացնում է միմյանց փոխկապակցված ֆունկցիոնալ բլոկների հաջորդականություն, որոնցից յուրաքանչյուրն արտացոլում է փորձագետի կոնկրետ գործողության իրականացումը՝ ստացվող նյութերի տվյալներին ծանոթացումից մինչև ստացված արդյունքների գնահատում և եզրակացության կազմում:
Մեթոդիկան կիրառելի է ինչպես դատափորձագիտական և դատաքննչական բնագավառներում, այնպես էլ ուսումնական գործընթացներում փորձագետների որակավորման բարձրացման նպատակով: