slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Փորձաքննությունների ազգային բյուրոն հյուրընկալել էր Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին

News_Image

2018 թվականի օգոստոսի 17-ին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի (ՓԱԲ) տնօրեն Ա. Հովսեփյանի հրավերով «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ էր այցելել Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ջուն Յամադան` երկրորդ քարտուղար Մեգումի Մաեկավայի ուղեկցությամբ։
Այցի գլխավոր նպատակն էր դեսպան պարոն Ջուն Յամադային ծանոթացնել ՓԱԲ-ի գործունեության ուղղություններին և հնարավորություններին, ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան միջոցով Ճապոնիայի գործընկերների հետ ՓԱԲ-ի ձևավորված համագործակցության շրջանակներին, ինչպես նաև քննարկել հետագա համագործակցության ուղղությունները՝ տարբեր ծրագրերում ՓԱԲ-ի ներգրավման, փորձագիտական բնագավառի նյութատեխնիկական բազայի համալրման և մասնագիտական որակավորման բարձրացմանն ուղղված քայլերի ձեռնարկման նպատակով:
ՓԱԲ-ի տնօրեն Ա. Հովսեփյանը, շնորհավորելով պարոն Ջուն Յամադային Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպան նշանակվելու կապակցությամբ, հույս է հայտնել, որ որպես Ճապոնիայի դեսպան նրա պաշտոնավարման ընթացքում էլ ավելի կամրապնդվեն հայ-ճապոնական գործընկերային բարեկամական հարաբերությունները` նպաստելով մեր ազգերի միջև առավել սերտ և ամուր համագործակցության կառուցմանը, մաղթելով նրան արդյունավետ և բեղուն աշխատանք, նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ դիվանագիտական աշխատանքներն իրականացնելիս: 
Այցի ընթացքում ՓԱԲ-ի տնօրեն Ա. Հովսեփյանի կողմից ներկայացվել է կազմակերպության հիմնադրման նպատակները, «2001թ. հունիսի 11-ի ՀՀ կառավարության և ԱՄՆ-ի կ առավարության միջև թմրամիջոցների հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության մասին» միջկառավարական համաձայնագրի շրջանակներում հիմնադրման օրվանից՝ 2004թ. հուլիսի 22-ից մինչ օրս ունեցած ձեռքբերումները և անցած ուղին, հակիրճ ներկայացնելով կազմակերպության կառուցվածքը, հիմնական գործառույթները, որակի կառավարման համակարգը և նպատակները, տարբեր ուղղություններով իրականացվող փորձագիտական և գիտական աշխատանքները, փորձագիտական ստորաբաժանումների լաբորատորիաների հագեցվածությունը, կիրառվող արդի մեթոդները և մեթոդիկաները, ընթացակարգերը, իրականացվող փորձաքննությունների տեսակներն ու ենթատեսակները, շուրջ 15 տարվա գործունեության ընթացքում ձեռքբերված փորձը, հնարավորություններն ու զարգացման հեռանկարները։
Տնօրեն Ա. Հովսեփյանի կողմից կարևորվել է ՀՀ կառավարության, ԱՄՆ կառավարության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության դերն ու նշանակությունը ՓԱԲ-ի ստեղծման, զարգացման և, որպես առաջատար դատափորձագիտական կառույցի, կայացման հարցում: Նա նաև նշել է, որ կազմակերպությունը, ՀՀ-ում հանդիսանալով առաջատար դատափորձագիտական կառույց և լինելով ENFSI լիիրավ անդամ, հաշվի առնելով դատափորձագիտական բնագավառի ներկայիս զարգացման միտումները, չսահմանափակվելով ունեցած բավարար գիտագործնական պոտենցիալով և նյութատեխնիկական հագեցվածությամբ, նպատակաուղղված է ձեռնարկել շարունակական բոլոր հնարավոր միջոցները՝ ՀՀ-ում դատափորձագիտական ոլորտի զարգացման և գործունեության պատշաճ մակարդակի ապահովման նպատակով, նպաստելու համար ՀՀ-ում քրեական հետապնդում և արդարադատություն իրականացնող մարմինների կողմից նշանակվող դատական փորձաքննությունների իրականացման պատշաճ որակի և արժանահավատ արդյունքների ապահովմանը: Հանդիպման ընթացքում ներկայացվել է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ISTC) աջակցությամբ 2015թ-ի ընթացքում ՓԱԲ-ի պատվիրակության Ճապոնիա կատարած այցելության և կազմակերպությանը հետաքրքրող ոլորտներում Ճապոնիայի առաջավոր փորձին ծանոթացման արդյունքները՝ ընդգծելով իրականացվող առցանց կոնֆերանսների կարևորությունը: 
ՓԱԲ-ի տնօրենը հատուկ կարևորել է նաև արտասահմանյան այցելությունների ընթացքում եվրոպական տարբեր առաջատար գործընկեր դատափորձագիտական կենտրոններում կիրառվող ճապոնական արտադրության սարք-սարքավորումների, հատկապես Shimadzu ֆիրմայի GCMS և այլ տեսակի սարքավորումների կիրառման կարևորությունը փորձագիտական բնագավառում՝ առաջադրվող խնդիրների լուծման և հավաստի արդյունքների ստացման հարցում, ինչպիսիք դեռևս չեն կիրառվում Հայաստանի Հանրապետության դատափորձագիտական ոլորտում, այդ առումով ընդգծելով նմանատիպ սարք-սարքավորումներով ՓԱԲ-ի համալրման նպատակաուղղվածությունը և այդ նպատակով ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության աջակցության կարևորությունը: Այցի ընթացքում ՓԱԲ-ի տնօրեն Ա.Հովսեփյանի ուղեկցությամբ դեսպանն այցելել է կազմակերպության փորձագիտական տարբեր ստորաբաժանումներ և լաբորատորիաներ, տեղում ծանոթանալով փորձագիտական հնարավորություններին, մինչ օրս ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության միջոցով INL ծրագրի շրջանակներում արժեքավոր նվիրատվությունների և ցուցաբերած մեծածավալ աջակցության առկա արդյունքներին, ՀՀ կառավարության աջակցությամբ ունեցած ձեռքբերումներին, զարգացման և համալրման արդիական հեռանկարներին: 
Շրջայցի ընթացքում նաև ներկայացվել է RINNTECH ֆիրմայի գերմանական արտադրության «LINTAB» LTM06-E սարքը, որը միակն է Հայաստանի Հանրապետությունում և ձեռք է բերվել ՀՀ կառավարության հատկացրած միջոցներով ՀՀ դատախազության անմիջական նախաձեռնությամբ և նվիրաբերվել ՓԱԲ-ին, որի 2018 թվականի մարտ ամսից կիրառման արդյունքում լուծումներ են ստանում ծառի հատման վաղեմության որոշմանը, կոճղի հետ փայտանյութի նույնականացման ապահովմանն ուղղված դենդրոխրոնոլոգիական մեթոդի կիրառմամբ բնապահպանական բնագավառի տարաբնույթ փորձագիտական հարցեր:
Այցելության ժամանակ դեսպանի հետ քննարկվել են մի շարք արդիական, այդ թվում մեր տարածաշրջանի համար կարևոր ծրագրեր, որոնք վերաբերում են մշակույթի, շինարարատեխնիկական, արտակարգ իրավիճակների, պայթյունատեխնիկական և հրդեհատեխնիկական, ֆոտոտեխնիկական, դիմանկարային, տեսա և աուդիոձայնագրական արդի հիմնախնդիրներին։ 
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար` բարձր գնահատականի արժանացնելով Փորձաքննությունների ազգային բյուրոյի վերջին 15 տարիների ընթացքում գրանցած էական ձեռքբերումները, միաժամանակ կարևորելով դատափորձագիտական բնագավառի բարդ և պատասխանատու աշխատանքի պատշաճ իրականացման անհրաժեշտությունը, պատրաստակամություն հայտնելով ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները Ճապոնիայի դատափորձագիտական համապատասխան ոլորտներում ունեցած փորձն ու բարձր տեխնոլոգիական հնարավորությունները ՀՀ-ում ներդնելու, որպես դատափորձագիտական բնագավառում առաջատար կառույց Փորձաքննությունների ազգային բյուրոյի փորձագիտական հնարավորություններն ընդլայնելու և զարգացնելու նպատակով:
Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Ա. Հովսեփյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ջուն Յամադային հրավերն ընդունելու և կազմակերպություն այցելելու համար` հույս հայտնելով, որ այցն անխոս կնպաստի ակտիվ փոխգործակցության ծավալմանն ու Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական բնագավառում Ճապոնիայի զարգացած նորագույն տեխնոլոգիաների ներդրման ապահովմանը:

20 August 2018