slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Փորձաքննությունների ազգային բյուրոն հյուրընկալել էր Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալին

News_Image

2020թ.-ի մարտի 10-ին ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում հյուրընկալվել էին Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը, ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի տեխնիկական առաջադրանքի ղեկավար Հովիկ Սայադյանը և Շրջակա միջավայրի նախարարության այլ ներկայացուցիչներ: Այցի նպատակն էր՝ ծանոթանալ Փորձաքննությունների ազգային բյուրոյի հետազոտական հնարավորություններին և նյութատեխնիկական բազային, նաև «Հողերի և անտառների կայուն կառավարման ներդրումը հյուսիս-արևելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտներում» ծրագրի շրջանակներում ձեռք բերված LINTAB LTM06-E լաբորատոր սարքավորման և դրան կից TSAP-Win բազմաֆունկցիոնալ ծրագրային ապահովման կիրառմամբ հետազոտական հնարավորություններին և քննարկել շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում Փորձաքննությունների ազգային բյուրոյի հնարավորությունների կիրառման և վերաբերելի ուղղություններով փոխգործակցության ծավալման հետ կապված հարցերը:
Ինչպես հայտնի է, սկսած 1990-ականների սկզբից ՀՀ-ում կարևոր խնդիրներից է հանդիսանում անտառային տարածքների պահպանությունը: Երկրի տնտեսական վիճակից ելնելով վերջին տարիներին կտրուկ աճել են ծառահատումները, որոնք բերում են անտառածածկ տարածքների նվազման և վերականգման դանդաղեցման: Միայն վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ապօրինի հատվել են շուրջ 28.000 ծառ, պետությանը պատճառելով 2.5 մլրդ. դրամի նյութական վնաս:
 Հաշվի առնելով այս հանգամանքները, սկսած 2018 թվականի երկրորդ եռամսյակից Փորձաքննությունների ազգային բյուրոում նեդրվել են մեր երկրում եզակի վերը նշված հետազոտական հնարավորությունները, որոնց կիրառմամբ ակտիվորեն սկսվել են ապօրինի ծառահատումների, անտառահատումների դեպքերով ժամանակակից գիտական պատկերացումներին համապատասխան հետազոտական մեթոդների կիրառմամբ գիտականորեն հիմնավորված փորձագիտական արդյունքների ապահովումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարբեր տարածքներից տարբեր տեսակի հետազոտված ծառերի տվյալների բազայի ձևավորումը, որն ունի կարևոր նշանակություն մի շարք ուղղություններով հարցերի լուծման համար: 
Հանդիպման ընթացքում Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Ա. Հովսեփյանը ներկայացրել է Կազմակերպության գործունեության փորձագիտական և գիտական հիմնական կարևորագույն ուղղությունները, կատարվող փորձաքննությունների տեսակները, ենթատեսակներն ու մինչ օրս ունեցած ձեռքբերումները:    
Նշվել է, որ ձևավորվող տվյալների բազան իր մեջ ներառում է հետազոտված տարածքներում ծառերի տեսակի, նրանց տեղակայության, տարիքի, աճի ինտեսիվության, դրա փոփոխության և այլ առանձնահատկությունների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն, որը հնարավորություն է տալիս կառուցել մոդելներ՝ ըստ տարբեր բնակլիմայական պայմանների, որոնք կարող են օգտագործվել ոչ միայն քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից նշանակվող փորձաքննությունների կատարման շրջանակներում, այլ նաև անտառվերականգման աշխատանքների առավել արդյունավետ իրականացման համար: Ստեղծված բազաներում ծառերի աճի ինտենսիվության և ժամանակի ընթացքում դրանց փոփոխության մասին տեղեկատվությունը կարող է նաև օգտագործվել կլիմայի գլոբալ փոփոխության մասին ստացված գիտականորեն հիմնավորված տվյալների պայմաններում ծառերի աճի ինտենսիվության փոփոխության կանխատեսման և մոդելավորման համար, որն էլ իր հերթին կարող է օգտագործվել որպես լրացուցիչ գործիք բնապահպանական աշխատանքների պլանավորման և իրականացման ժամանակ:
Տնօրեն Ա.Հովսեփյանը Բյուրոյի պատրաստակամությունն է հայտնել հատկապես թիրախային և հատուկ պահպանվող տարածքների ծառերի վերաբերյալ տվյալների ներառումով նշված բազայի առավել ընդգրկուն ձևավորմանն ուղղված ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ արդյունավետ փոխգործակցության ծավալման հարցում, ի նպաստ առկա խնդիրների լուծմանն ուղղված ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ նպատակային ծրագրերի արդյունավետ իրականացմանը:
Տեղի է ունեցել նաև շրջայց Կազմակերպության փորձագիտական համապատասխան ստորաբաժանումների լաբորատորիաներով, տեղում ներկայացվել են առկա փորձագիտական հնարավորությունները, Հայ-ամերիկյան փոխգործակցության ԹՊԻՀ ծրագրի շրջանակներում Կազմակերպությանը նվիրաբերված մի շարք արժեքավոր սարք-սարքավորումները, ինչպես նաև Կազմակերպության միջոցներով վերջին 2 տարիների ընթացքում ձեռք բերված ժամանակակից հետազոտական սարք-սարքավորումային և ապարատածրագրային բազան:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վ.Մելիքյանը և Բյուրոյի տնօրեն Ա.Հովսեփյանը մանրամասն քննարկել են համակողմանի փոխգործակցության բոլոր հնարավոր ուղղությունները, որի արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա հետևողական և նպատակային քայլերի իրագործման ուղղությամբ:
Վ.Մելիքյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, բարձր գնահատելով ՀՀ-ում նորարարական հնարավորություններով օժտված փորձագիտական կառույցի գործունեությունը, ընդգծելով մեր երկրում դենդրոխրոնոլոգիական մեթոդի ներդրման և զարգացման գործում Փորձաքննությունների ազգային բյուրոյի կողմից մինչ օրս կատարված աշխատանքների կարևորությունը, ի նպաստ ինչպես ապօրինի անտառահատումների դեմ ուղղված արդյունավետ պայքարի իրականացմանը, այնպես էլ գիտագործնական այլ կարևոր խնդիրների լուծմանը՝ ունենալով նաև կանխարգելիչ նշանակություն: Նախարարի տեղակալը, ծանոթանալով Փորձաքննությունների ազգային բյուրոյի հնարավորություններին և առկա ներուժին, ևս պատրաստակամություն է հայտնել բոլոր վերաբերելի ուղղություններով ակտիվ և արդյունավետ փոխգործակցության ծավալման հարցում:
Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Ա.Հովսեփյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վ.Մելիքյանին Կազմակերպություն այցելության համար` հույս հայտնելով, որ ամբողջական տեղեկատվության փոխանակումը և գիտագործնական հնարավորությունների ներդաշնակ համատեղումն անխոս կնպաստի արդյունավետ փոխգործակցության ծավալմանը՝ լայն հնարավորություններ ընձեռելով Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված էկոլոգիական և բնապահպանական մի շարք խնդիրներին համատեղ լուծումներ տալու համար:

11 March 2020