slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Թողարկվել է «Դատական փորձաքննության և քրեագիտության հայկական հանդես» գիտական պարբերականի երկրորդ համարը

News_Image

Լույս է տեսել «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից 2019 թվականին հիմնադրված «Դատական փորձաքննության և քրեագիտության հայկական հանդես» գիտական պարբերականի երկրորդ համարը։
Պարբերականի խմբագրական խորհրդի կողմից, որում ընդգրկված են հեղինակավոր գիտնականներ Հայաստանից, Պորտուգալիայից, Ուկրաինայից և Ռուսաստանից, նախորդ եռամսյակում ձեռնարկվել են մի շարք կազմակերպչական գործառույթներ: Մասնավորապես, ներկայումս հասանելի է պարբերականի պաշտոնական կայքը (www.journal.nbe.am), որտեղ տեղադրված են պարբերականի առաջին և երկրորդ համարների էլեկտրոնային տարբերակները, բացի այդ ինչպես պարբերականի երկրորդ համարում, այնպես էլ պաշտոնական կայքում ներկայացված են գիտական պարբերականում հրատարակվող հոդվածներին ներկայացվող պահանջները՝ մշակված միջազգային համապատասխան հռչակագրերի, ցուցումների և կանոնների հիման վրա:
Հարկ է նշել, որ Պարբերականի երկրորդ համարում ներառվել են հոդվածներ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հիմնադրման 15-ամյակին նվիրված «Դատափորձագիտական գործունեության արդի հարցերը, դատական փորձագիտության և քրեագիտության ժամանակակից խնդիրները, զարգացման միտումներն ու հեռանկարները» խորագրով միջազգային գիտագործնական գիտաժողովի շրջանակներում ներկայացված, սակայն, պարբերականի առաջին համարի սահմանափակ ծավալից ելնելով, դրանում չընդգրկված հոդվածները:
Հատուկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ Պարբերականը դիտարկվում է որպես բաց հարթակ, որը հնարավորություն է ընձեռում ոչ միայն փոխանակվել իրականացված գիտագործնական աշխատանքների արդյունքներով, դատափորձագիտական ոլորտում կիրառվող ժամանակակից մեթոդներով, այլ նաև նախանշել դատափորձագիտության ոլորտի կատարելագործման ուղիները, որոնք վերաբերում են հատուկ փորձագիտական հետազոտությունների իրականացմանը, դատավարական գործողություններում մասնագետների մասնակցությանը, փորձագետների վերապատրաստմանը և այլն:
Պարբերականի երրորդ համարի թողարկումից հետո նախատեսվում է 2020 թվականին սկսել Հայաստանի Հանրապետության գրախոսվող գիտական հրատարակումների ցանկում Պարբերականի ներառման գործընթացը՝ գիտակցելով հեղինակների երաշխիք ունենալու իրավասությունը, որ իրենց աշխատանքները հրատարակվում են բոլոր կանոններին համապատասխան Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից գրանցված գիտական պարբերականում:
Խմբագրական խորհուրդը սիրով հրավիրում է ներկայացնելու ոլորտին առնչվող ձեր գիտական աշխատանքների արդյունքները Պարբերականի 2020 թվականի առաջին կիսամյակի ընթացքում թողարկվելիք երրորդ համարում հրատարակման համար:

13 January 2020