slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Թողարկվել է «Դատական փորձաքննության և քրեագիտության հայկական հանդես» գիտական պարբերականի առաջին համարը

News_Image

«Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնադրման 15-րդ ամյակին կազմակերպության կողմից թողարկվել է «Դատական փորձաքննության և քրեագիտության հայկական հանդես» վերտառությամբ գիտական պարբերականի առաջին համարը։
Նշենք, որ մինչ օրս հայաստանյան պետական դատափորձագիտական համայնքը չուներ սեփական միասնական հարթակը՝ կատարված աշխատանքների հրատարակման և բովանդակալից գիտական հաղորդակցության ապահովման համար և մինչ օրս գիտական աշխատանքների արդյունքները հրատարակվում էին հարակից նեղ մասնագիտական ոլորտների պարբերականներում կամ տպագրվում էին արտերկրի գործընկերների կողմից թողարկվող նմանատիպ ժողովածուներում: Թողարկվող պարբերականում ներկայացվելու են ինչպես միջազգային առաջավոր փորձը՝ ոլորտի առաջատար գիտնականների և մասնագետների հոդվածների տպագրման միջոցով, այնպես էլ հնարավորություն է տրվելու մեր երկրի դատափորձագիտական ոլորտի գիտական հանրությանը և պրակտիկ փորձագետներին ներկայացնելու իրենց գիտական և գիտագործնական հետազոտությունների արդյունքները։
Նշենք, որ պարբերականի առաջին համարը նվիրվել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի դատաբժշկական փորձաքննությունների ստորաբաժանման հիմնադիր, ճանաչված դատաբժիշկական փորձագետ, ՀՍՍՀ առողջապահության նախարարության գլխավոր դատաբժշկական փորձագետ, բժշկական գիտությունների դոկտոր Վահրամ Միհրանի Մուսայելյանի հիշատակին:
Հուսով ենք, որ «Դատական փորձաքննության և քրեագիտության հայկական հանդես» գիտական պարբերականը կարճ ժամանակահատվածում լայն ճանաչում կստանա ոլորտի ինչպես Հայաստանյան, այնպես էլ միջազգային գիտական շրջանակներում:
Հրավիրում ենք դատափորձագիտական ոլորտի բոլոր մասնագետներին տպագրելու իրենց գիտահետազոտական աշխատանքների արդյունքները «Դատական փորձաքննության և քրեագիտության հայկական հանդես»-ի հաջորդ համարներում:

25 September 2019