slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են Եվրոպական Միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության փորձի փոխանակման ծրագրին (CEPOL)

News_Image

Եվրոպական Միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության փորձի փոխանակման ծրագրի (CEPOL) երկրորդ փուլի գործարկման շրջանակներում 2018 թվականի հունիսի 24-ից 30-ը ներառյալ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի գիտական հետազոտությունների և տեխնիկական փորձարկումների համակարգման բաժնի պետ, տնտեսագիտական և հաշվապահական փորձաքննությունների բաժնի փորձագետ Կարեն Մամիկոնյանը և հետքաբանական փորձաքննությունների բաժնի փորձագետ Լուսինե Մեքինյանը գործուղվել են Լատվիայի Հանրապետություն՝ Լատվիայի պետական ոստիկանության դատական փորձաքննությունների ստորաբաժանում:
Գործուղման հիմնական նպատակն էր ծանոթանալ Լատվիայի պետական ոստիկանության դատական փորձաքննությունների ստորաբաժանման փորձագիտական բաժինների կողմից իրականացվող գործառույթներին, մասնավորապես՝ հաշվապահական փորձաքննությունների բաժնի, զենքի հետազոտման և հետքաբանական փորձաքննությունների բաժնի աշխատանքներին, գիտականորեն հիմնավորված և արդյունավետորեն կիրառվող նորագույն մեթոդներին, տեխնոլոգիաներին, փորձագիտական ընթացակարգերին, Լատվիայի Հանրապետության փորձագիտության բնագավառի գործունեության կանոնակարգման օրենսդրական դաշտին, գործող նորմատիվ իրավական կարգավորումներին, իրականացնել նաև քննարկումներ՝ դատական փորձաքննությունների միևնույն ոլորտի փորձագետների միջև աշխատանքային լավագույն փորձի փոխանակման նպատակով: 
Լատվիայի պետական ոստիկանության դատական փորձաքննությունների ստորաբաժանում կատարած այցի ընթացքում համապատասխան բաժինների ղեկավարների և փորձագետների կողմից ներկայացվել են իրականացվող փորձաքննությունների տեսակները, դրանց կատարման մեթոդական մոտեցումները և ընթացակարգերը, օգտագործվող սարքերը, ծրագրերի և փորձաքննությունների ընթացքում առկա խնդիրները և այլն, ինչպես նաև Եվրոպական Միության անդամ դառնալու ընթացքում և դրանից հետո փորձագիտական բնագավառում կազմակերպված միջոցառումները: 
Այցի ընթացքում, 2018թ. հունիսի 27-ից 28-ը հետքաբանական փորձաքննությունների բաժնի փորձագետների ուղեկցությամբ, ինչպես նաև Վրաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության դատաքրեագիտական հետազոտությունների վարչության հետքաբան փորձագետների հետ միասին ուղևորություն է կազմակերպվել Լատվիայի Լիեպայա քաղաքում գտնվող Լատվիայի պետական ոստիկանության դատական փորձաքննությունների Կուրզեմե շրջանի փորձագիտական բյուրո, որտեղ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները ծանոթացել են փորձագետների կողմից դեպքի վայրի սպասարկման գործընթացին և հնարավորություններին, տեղում օգտագործվող սարքերին, այցելել են նյութագիտական, հետքաբանական, մատնադրոշմային փորձաքննությունների բաժինների լաբորատորիաներ։ Այցելություն է կազմակերպվել նաև Լատվիայի արդարադատության նախարարության կից «Դատական փորձաքննությունների պետական բյուրոյի» Մատնադրոշմային փորձաքննությունների և ավտոտեխնիկական փորձաքննությունների բաժիններ, որտեղ ծանոթացել են ավտոտեխնիկական փորձաքննությունների ընթացքում օգտագործվող «PC Crash 11» ճանապարհատրանսպորտային պատահարների մոդելավորման ծրագրի աշխատանքին: Շրջայցի ընթացքում նաև տեղեկություններ են տրամադրվել Լատվիայի պետական ոստիկանության դատական փորձաքննությունների ստորաբաժանման մատնահետքերի հաշվառման բազայի, օգտագործվող սարքերի և այլ ծրագրերի վերաբերյալ։
Գործուղման ընթացքում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետներն այցելել են նաև Լատվիայի Հարապետության Կենտրոնական բանկ, որտեղ ծանոթացել են Եվրոպական Միության ֆինանսական շուկաների ներգրավվածության առանձնահատկություններին, հանրապետության ֆինանսական համակարգի ներկայիս գործառույթներին, արդի խնդիրներին, զարգացման հեռանկարներին և հնարավորություններին: 
2018թ. հունիսի 28-ին տեղի է ունեցել նաև Լատվիայի պետական ոստիկանության դատական փորձաքննությունների ստորաբաժանման հաշվապահական փորձաքննությունների բաժնի փորձագետների կողմից կազմակերպված «Հաշվապահական փորձաքննությունը և ստուգումը. արդիականությունը և հեռանկարները» համաժողով, որի ընթացքում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի գիտական հետազոտությունների և տեխնիկական փորձարկումների համակարգման բաժնի պետ, տնտեսագիտական և հաշվապահական փորձաքննությունների բաժնի փորձագետ, տ.գ.թ Կարեն Մամիկոնյանը հանդես է եկել զեկույցով՝ «Ֆինանսատնտեսագիտական փորձաքննությունների կատարման ընթացքում ընկերության շուկայական կապիտալացման արժեքի որշման մոտեցումները» թեմայով (ինտերնետային հասանելիությունը՝ http://www.ekspertize.vp.gov.lv/index.php?sadala=zinas%2F45&ln=lv, https://lvtax.lv/publication/pasakumi-un-aktivitates/aktualitates-gramatvedibas-ekspertize-un-revizija/ կայքերում):
Կարևոր է նշել, որ թեման լինելով արդիական մեծ հետաքրքրություն է առաջացրել համաժողովի մասնակիցների շրջանում, ինչի վերաբերյալ ծավալվել են հարց ու պատասխան և արդյունավետ քննարկումներ:
Համաժողովին զեկույցով հանդես են եկել նաև Լիտվայի դատական փորձաքննությունների կենտրոնի Տնտեսագիտական փորձաքննությունների բաժնի փորձագետները, Բելոռուսի դատական փորձաքննությունների կոմիտեի Տնտեսագիտական փորձաքննությունների բաժնի փորձագետները, Կիևի դատական փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտի գիտության գծով տնօրենի տեղակալը և Տնտեսագիտական հետազոտությունների լաբորատորիայի փորձագետները, Լատվիայի պետական ոստիկանության քրեական վարչության Հաշվապահական փորձաքննությունների բաժնի փորձագետը, Լատվիայի պետական եկամուտների ծառայության ներկայացուցիչները, Լատվիայի իրավախախտումների պետական վերահսկողության ներկայացուցիչը, Ռիգայում փաստաբանական ծառայություն մատուցող կազմակերպության ներկայացուցիչը, Ռիգայում հաշվապահների ասոցիացիայի խորհրդի նախագահը և այլոք։ 
Միջոցառմանը ներկա էին նաև տնտեսագիտության ոլորտում Լատվիայի Հանրապետությունում հայտնի գիտնականներ՝ Ռիգայի տեխնիկական համալսարանի տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Իրինա Վորոնովան և Ռիգայում հաշվապահների ասոցիացիայի խորհրդի նախագահ, «Nexia audit Advice» կազմակերպության հիմնադիր տնօրեն, տնտեսագիտության դոկտոր Անդրեյ Պոնոմարյովը։ 
Եվրոպական Միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության փորձի փոխանակման ծրագրի (CEPOL) շրջանակներում ձևավորվել են ամուր կապեր հետագա գիտական և գործնական ուղղություններով ակտիվ համագործակցություն ծավալելու համար:

02 July 2018