slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի պատվիրակությունը Ուկրաինայում մասնակցել է միջազգային գիտագործնական համաժողովի

News_Image

2019 թվականի նոյեմբերի 4-ից 6-ը «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի պատվիրակությունը՝ տնօրեն Ա. Հովսեփյանի գլխավորությամբ Կիևում մասնակցել է «Դատական փորձագիտության, քրեագիտության և դատավարության արդի հիմնահարցերը» խորագրով միջազգային գիտագործնական համաժողովին։ Հայկական պատվիրակությունը Կիև էր մեկնել Ուկրաինայի արդարադատության նախարարության Կիևի դատական փորձագիտության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, ի.գ.թ Ալեքսանդր Ռուվինի հրավերով՝ ապահովելով «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Կիևի դատական փորձագիտության գիտահետազոտական ինստիտուտի միջև 2019թ. սեպտեմբերի 30-ին կնքված համագործակցության պայմանագրի շրջանակներում փոխգործակցության շարունակությունը։
Միջազգային գիտագործնական համաժողովը կազմակերպել էին Ուկրաինայի արդարադատության նախարարության Կիևի դատական փորձագիտության գիտահետազոտական ինստիտուտը, Կիևի Տառաս Շևչենկոյի անվան ազգային համալսարանը, Ուկրաինայի դատավորների ազգային դպրոցը և Ուկրաինայի իրավագիտության ազգային ակադեմիան։ Համաժողովին մասնակցում էին նաև պատվիրակություններ Մոլդովայից, Բելառուսից, Ուկրաինայի տարբեր գերատեսչություններից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունից։ 
Համաժողովին բացման խոսքով հանդես են եկել Կիևի դատական փորձագիտության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, ի.գ.թ Ալեքսանդր Ռուվինը, Կիևի Տառաս Շևչենկոյի անվան ազգային համալսարանի գիտության գծով պրոռեկտոր, կ.գ.դ., պրոֆեսոր Վիկտոր Մարտինյուկը, «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Հովսեփյանը, միջազգային գործընկեր կառույցների այլ ներկայացուցիչներ: Ա. Հովսեփյանը բացման խոսքում մասնակիցներին ներկայացրել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հիմնադրման 15-րդ տարեդարձին լույս տեսած «Դատական փորձաքննության և քրեագիտության հայկական հանդես» վերտառությամբ գիտական պարբերականը՝ նշելով հայկական հանդեսում իրենց գիտական հոդվածները տպագրելու հնարավորության մասին։
Միջազգային գիտագործնական համաժողովի ընթացքում հնչել են մի շարք ելույթներ՝ նվիրված դատական փորձագիտության և քրեագիտության ոլորտների արդի հիմնախնդիրներին, միջազգային փորձի վրա հիմնված նորագույն մեթոդներին և մեթոդիկաններին, իրավակարգի պահպանման գործում դատական փորձաքննության և քրեագիտության դերին, դատական փորձաքննության ոլորտը կարգավորող ազգային օրենսդրություններին, օրենսդրական խնդիրներին, դրանց լուծումներին, ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերին, փորձագիտական տարբեր ուղղությունների հիմնախնդիրներին, դատավարական կարգավորումներին, դատափորձագիտական նույնականացման մեթոդոլոգիայի արդի հարցերին, մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ ոլորտին առնչվող նախադեպային որոշումներին, Ուկրաինայի փորձին և այլն:
Ա. Հովսեփյանն իր ելույթում անդրադարձել է դատափորձագիտական ոլորտի զարգացման հեռանկարներին, ներկայացրել հայաստանյան փորձը, խոսել ոլորտին վերաբերող հարցերի, դրանց լուծման ուղիների, քրեադատավարական օրենսդրությամբ արդյունավետ կարգավորման եղանակների մասին՝ տալով դրանց հիմնավորումները՝ լրացուցիչ, կրկնակի, հանձնաժողովային կամ համալիր փորձաքննությունների իրականացման համատեքստում։ Հայաստանյան պատվիրակության ղեկավարը պատասխանել է նաև մասնակիցների հարցերին։
Համաժողովի ընթացքում տեղի են ունեցել քննարկումներ փորձագիտության բնագավառին առնչվող գործող օրենսդրական՝ դատավարական կարգավորումների, ինչպես նաև դատափորձագիտական գործունեության մասին օրենքի կարգավորումների հետ կապված գործնական հարցերի, դատափորձագիտական ոլորտի զարգացման հեռանկարների և ուղղությունների, մեթոդների և մեթոդիկաների, համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համապատասխան խորհրդատվություների իրականացման արդյունավետ ուղիների վերաբերյալ։ 
Գործնական հարցերի շուրջ գործող ներպետական կարգավորումների վերաբերյալ քննարկումներ են տեղի ունեցել նաև Ուկրաինայի քննչական մարմինների, դատախազության և դատական իշխանության ներկայացուցիչների հետ։
Համաժողովի ընթացքում Ուկրաինայի Հանրապետության արդարադատության նախարարությանը կից Մտավոր սեփականության դատական փորձաքննությունների գիտական և գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Վլադիսլավ Ֆեդորենկոյի հետ քննարկվել են մի շարք հարցեր փորձաքննությունների տվյալ բնագավառին վերաբերող ոչ նյութական ակտիվների գնահատման մեթոդների և այլ հարցերի հետ կապված՝ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում տվյալ տեսակի փորձաքննությունների իրականացման հնարավորությունների ընդլայնման, ինչպես նաև խորացված փոխգործակցության ծավալման համար: 
Համաժողովի ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ Օդեսայի դատական փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արտյոմ Ռեպենկոյի և Դնեպրի դատական փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտի նորանշանակ տնօրեն Օլենա Կովոլենկոյի հետ, քննարկվել են համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացման ուղիները:
Համաժողովի շրջանակներում նոր կապեր են ձեռքբերվել Կիևի դատաբժշկական փորձաքննության բյուրոյի տնօրեն Ալեքսանդր Միխայլենկոյի հետ, քննարկվել են Կիևի դատաբժշկական ծառայության և Փորձաքննությունների ազգային բյուրոյի դատաբժշկական փորձաքննությունների ստորաբաժանման միջև համագործակցության ծավալման արդյունավետ ուղիները՝ ընդգծելով փորձագետների փոխադարձ այցերի կազմակերպման անհրաժեշտությունը։
Միջազգային գիտագործնական համաժողովի շրջանակներում ճանաչողական շրջայցեր են կատարվել Կիևի դատական փորձագիտության գիտահետազոտական ինստիտուտում, որտեղ տնօրենը և փորձագիտական ստորաբաժանումների ղեկավարները և առաջատար փորձագետները ներկայացրել են իրենց ձեռքբերումներն ու առաջիկա նորարարական նախաձեռնությունները, կիրառվող սարքերը, փորձագիտական հնարավորությունները և փորձաքննությունների առանձնահատկությունների վերաբերյալ ունեցած փորձը՝ հատուկ ուշադրության արժանացնելով վերջին մեկ տարվա ընթացքում ձեռքբերված դատական փորձաքննությունների բնագավառում կիրառվող սարքավորումներին և դրանց հետազոտական հնարավորություններին։ Ներկայացված սարքավորումները կիրառվում են մասնավորապես՝ նյութագիտական, այդ թվում՝ նավթամթերքների, համաձուլվածքների, տոքսիկոլոգիական, այդ թվում՝ ծխախոտի բաղադրակազմի պարզմանն ուղղված, ինչպես նաև ձգաբանական և պայթյունատեխնիկական, շինարարատեխնիկական հետազոտություններ իրականացնելիս: Համաժողովի ընթացքում ձևավորվել են նաև գործնական կապեր Կիևի դատական փորձագիտության գիտահետազոտական ինստիտուտի էլեկտրատեխնիկական փորձաքննությունների բնագավառի փորձագետների հետ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում տվյալ տեսակի փորձաքննությունների իրականացման հնարավորությունների ներդրման նպատակով: Ա. Հովսեփյանը Կիևում քննարկում է ունեցել նաև «SoftiCo» ծրագրային ապահովման ընկերության ղեկավարության հետ՝ քննարկելով «MSAB XRY», «BERLA IvE», «Ultimate Forensics» և «Weblnt» ծրագրային գործիքակազմի ձեռքբերմանն առնչվող հարցեր:
Այցի ընթացքում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի պատվիրակությունը մասնակցել է նաև Կիևի դատական փորձագիտության գիտահետազոտական ինստիտուտի կողմից հրապարակված «Դատական փորձագիտությունը Ուկրաինայի դատավարական իրավունքում» վերտառությամբ գրքի շնորհանդեսին:
«Փորձաքննությունների ազգային բյուրոն» կարևորում է մասնակցությունը նմանօրինակ համաժողովներին՝ համագործակցության շրջանակներն ընդլայնելու, դատափորձագիտական հնարավորություններն ու արդի լավագույն փորձը փոխանակելու և գիտագործնական հարթությունում համագործակցության նոր ուղիներ նախանշելու տեսանկյունից։

08 November 2019