slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հիմնադրման 15-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով՝ Երևանում

News_Image

Սեպտեմբերի 25-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց «Դատափորձագիտական գործունեության արդի հարցերը, դատական փորձագիտության և քրեագիտության ժամանակակից խնդիրները, զարգացման միտումներն ու հեռանկարները» խորագրով միջազգային գիտագործնական գիտաժողովը՝ նվիրված ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հիմնադրման 15-ամյակին։ Դատական փորձագիտության, քրեագիտության և քրեաբանության բնագավառին վերաբերող միջազգային գիտաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանել արտերկրի հեղինակավոր դատափորձագիտական կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ։ Միջազգային գիտաժողովի անցկացումը նպատակ ունի համախմբել դատափորձագիտության ոլորտում Հայաստանի Հանրապետության և արտերկրի գործընկերների գիտական ներուժը, վերհանել և վերլուծել ոլորտում առկա խնդիրները, ներկայացնել ժամանակակից ձեռքբերումներն ու նվաճումները, նախանշել խնդիրների լուծման և ոլորտի կայուն զարգացումն ապահովող արդյունավետ ուղիները՝ բարձրացնելով Հայաստանի Հանրապետության դերը միջազգային դատափորձագիտական միջավայրում: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի դատական բժշկության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Արգամ Հովսեփյանը։ Վերջինիս խոսքով՝ անցած 15 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ կառավարությունների, Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի անձնակազմի և կազմակերպության կառավարման մարմինների և ամբողջ թիմի ներդրած ջանքերի համատեղման շնորհիվ հաջողվել է Հայաստանի Հանրապետությունում ձևավորել միջազգային ճանաչում և համագործակցության լայն շրջանակներ ունեցող խոշորագույն ժամանակակից դատափորձագիտական պետական կազմակերպություն, որը ներկայումս, լինելով նաև Եվրոպական դատափորձագիտական ինստիտուտների ցանցի լիիրավ անդամ, լիարժեք ծառայում է հիմնադրման նպատակներին:
Արգամ Հովսեփյանը բարձր գնահատեց ոլորտի նկատմամբ Փորձաքննությունների ազգային բյուրոյի հիմնադրի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության, ինչպես նաև պետական այլ մարմինների ուշադրությունը։ 
«Կառավարության վերաբերմունքը պարտավորեցնում է մեզ առանց այն էլ բարդ և պատասխանատու մեր աշխատանքներն իրականացնել առավել բարձր պատասխանատվությամբ և նվիրումով: Հավաստիացնում եմ, որ ներդաշնակ թիմային աշխատանքի իրականացմամբ ներդնելու ենք առավելագույն ջանքերը մեր առջև դրվող խնդիրներին պատշաճ լուծումներ տալու՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությունների իրականացման միջոցով գիտականորեն հիմնավորված արդյունքների ապահովումը երաշխավորելու համար, ինչն ունի կարևոր նշանակություն հանցավորության դեմ պայքարի, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության և ընդհանուր առմամբ մեր ժողովրդին դատափորձագիտական ոլորտին ծառայելու գործում»,–ասաց Ա. Հովսեփյանը։
Կազմակերպության ղեկավարը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ կառավարությանը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության և Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի անձնակազմի, կազմակերպությանը նախորդ տարիների ընթացքում նշանակալի աջակցություն ցուցաբերելու համար: Ա. Հովսեփյանը ընդգծեց նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգի գործընկերների հետ նախորդ տարիների ընթացքում ձևավորված արդյունավետ փոխգործակցության անցած ուղին և գործուն քայլերը՝ նպատակաուղղված բժշկագիտության, հատկապես դատական բժշկության և բժշկական հարակից ոլորտների զարգացմանը, առողջապահական բնագավառի իրավական ապահովման օժանդակությանը, գործնականում առկա բացերի լրացմանն ու արդյունքում բնակչության բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավմանը:
Ա. Հովսեփյանը շեշտեց նաև Եվրոպական դատափորձագիտական ինստիտուտների ցանցի դերն ու նշանակությունը «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» հետ ակտիվ և բեղուն փոխգործակցություն ծավալելու առումով: 
Միջոցառմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ողջույնի ուղերձը հաղորդեց վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, ելույթներով հանդես եկան միջազգային գիտաժողովի ծրագրային կոմիտեի նախագահ, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ուղերձներ հղեցին ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Քրիստոֆեր Վ. Սմիթը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը, ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը, ՀՀ արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանը, արտերկրից ժամանած դատափորձագիտական կառույցների տնօրեններ և այլ պատվավոր հյուրեր։ 
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հիմնադրման 15-ամյակի և միջազգային գիտաժողովի կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել էր «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հիմնադրման 15-ամյակի կապակցությամբ՝ մաղթելով երկար տարիների բեղմնավոր և արդյունավետ աշխատանքային գործունեություն՝ ի նպաստ ՀՀ իրավական համակարգի զարգացման և ամրապնդման, մարդու իրավունքների համակողմանի պաշտպանության երաշխիքների ապահովման։ 
Միջազգային գիտաժողովի ծրագրային կոմիտեի նախագահ, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ողջունելով ներկաներին, ընդգծեց, որ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» ՊՈԱԿ-ի հիմնադրման 15-ամյակին նվիրված գիտաժողովը Հայաստանի Հանրապետության դատափորձագիտական ոլորտի համար աննախադեպ և ներկայացուցչական է՝ իր բնույթով, ծավալներով և միջազգային լայն ընդգրկմամբ։
ՀՀ գլխավոր դատախազի գնահատմամբ՝ մեր փորձագետները կատարում են անգնահատելի, ծավալուն աշխատանք. «Մենք քաջ գիտակցում ենք բոլոր այն օբյեկտիվ և սուբյեկտիվ խնդիրները, մարտահրավերները, որոնց բախվում են հանրապետության փորձագիտական կենտրոններն ու դրանք ներկայացնող մասնագետները՝ սկսած ոչ բավարար սոցիալական երաշխիքներից մինչև արդի տեխնիկա-տեխնոլոգիական թերհագեցվածությունը, գիտական զարգացումներից բխող մեթոդների ներդրման անհրաժեշտությունը, փորձագետների վերապատրաստման կարիքները, մասնագիտական ռեսուրսների սակավությունն ու համալրվածության ապահովման հետ կապված բարդությունները, դրանցից ածանցվող՝ փորձագիտական հիմնարկների և փորձագետների գերծանրաբեռնվածությունը: Այս ամենով հանդերձ, մեր փորձագետները կատարում են անգնահատելի, ծավալուն աշխատանք՝ ջանք չխնայելով նպաստելու ապացույցների օբյեկտիվ գնահատմանը, հանցագործությունների բացահայտմանը, վերջնարդյունքում՝ արդարադատության իրականացմանը»,–ասաց Արթուր Դավթյանը։
ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի կողմից կարևորվեց Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ դատափորձագիտական ոլորտին վերաբերող «Դատական փորձագիտության և քրեագիտության հայկական հանդես» պարբերականի թողարկումը, ինչպես նաև իր տեսակով և ծավալներով մեր երկրի դատափորձագիտական ոլորտի համար աննախադեպ և նման ներկայացուցչական մակարդակով միջազգային գիտաժողովի անցկացումը, որն ըստ նրա նոր ազդակ կհանդիսանա ոլորտի գիտական բաղադրիչի զարգացման համար։
Գիտաժողովի ընթացքում ելույթներով և ուղերձներով հանդես եկան նաև Մոլդովայի, Ուկրաինայի, Լեհաստանի, Ռուսաստանի Դաշնություն, Ղազախստանի, Շվեցարիայի և մի շարք այլ երկրների փորձագիտական կազմակերպությունների ղեկավարներ։
Ժամը 14:00-ին մեկնարկած գիտաժողովի պլենար նիստերին զեկույցներով հանդես եկան «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն, ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի դատական բժշկության ամբիոնի վարիչ, բ.գ.թ. Ա․Հովսեփյանը, «Օ.Ե.Կուտաֆինի անվան Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիայի դատական փորձաքննությունների ինստիտուտ»-ի տնօրեն, ի.գ.դ., պրոֆեսոր Ե.Ռոսսինսկայան, Շվեյցարիայի Համադաշնության «Ձեռագրաբանական գիտությունների ինստիտուտ»-ի գիտական գծով տնօրեն, տեխ.գ.թ.՝ Յու.Չեռնովը, Ռումինիայի «Արդարադատության նախարարության դատափորձագիտական ազգային ինստիտուտ»-ի Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի ՃՏՊ վերլուծության աշխատանքային խմբի ղեկավար՝ Ֆ.Ռուշիտոռուն, Ուկրաինայի արդարադատության նախարարության «Կիևի դատական փորձագիտության գիտահետազոտական ինստիտուտ»ի տնօրեն, ի.գ.թ՝ Ա.Ռուվինը, Ուկրաինայի արդարադատության նախարարության պրոֆեսոր Ն.Ս.Բոկարիուսի անվան Խարկովի դատական փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, ի.գ.դ., պրոֆեսոր՝ Ա.Կլյուևը և Ռուսաստանի Արդարադատության նախարարության դատական փորձաքննություների Ռուսաստանի Դաշնային կենտրոնի տնօրենի առաջին տեղակալ, ի.գ.դ., պրոֆեսոր՝ Ա.Ուսովը։
Գիտաժողովի աշխատանքները շարունակվելու են նաև սույն թվականի սեպտեմբերի 26-ին և 27-ին:

25 September 2019