slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը շարունակում է զարգացնել համագործակցության կապերը Եվրոպական դատափորձագիտական կառույցների հետ՝ մասնակցելով ENFSI 31-րդ տարեկան համաժողովին

News_Image

Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի (ENFSI-ի) քարտուղարության հրավերով 2019 թվականի մայիսի 27-ից հունիսի 02-ը «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի պատվիրակությունը՝ տնօրեն Ա.Հովսեփյանի գլխավորությամբ գործուղվել են Իտալիայի Հանրապետություն քաղաք Հռոմ՝ մասնակցելու Դատափորձագիտական Ինստիտուտների Եվրոպական ցանցի (ENFSI-ի) 31-րդ տարեկան համաժողովին:
ENFSI 31-րդ տարեկան համաժողովին մասնակցում էին 37 երկրներից ավելի քան 69 անդամներ, այդ թվում՝ առաջատար փորձագիտական կենտրոնների տնօրեններ, մշտական ներկայացուցիչներ և աշխատակիցներ Ավստրիայից, Բելգիայից, Գերմանիայից, Պորտուգալիայից, Ուկրանիայից, Լատվիայից, Լիտվայից, Ռուսաստանի Դաշնությունից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Չեխիայից, Էստոնիայից, Հունաստանից, Ռումինիայից, Սլովակիայից, Սլովենիայից, Վրաստանից, Շվեյցարիայից և այլ երկրներից:
Համաժողովի առաջին օրը պաշտոնական ելույթով հանդես են եկել Իտալիայի Հռոմ քաղաքի ազգային ոստիկանության դատափորձագիտական ծառայության ղեկավար, ENFSI-ի մշտական ներկայացուցիչ Ֆ.Լամպարելլին, ENFSI-ի նախագահ Էրկկի Սիպպոլան և ENFSI-ի այլ անդամներ:
Համաժողովի թեմատիկ օրերին, հաստատված օրակարգի համաձայն, ENFSI-ի Խորհրդի անդամները և Աշխատանքային խմբերի նախագահներն ելույթներ են ունեցել զեկույցներով և պրեզենտացիաներով 2018-2019թթ. իրականացված աշխատանքների արդյունքների և ձեռքբերումների, ինչպես նաև 2019-2020թթ. ակնկալվող ծրագրերի նախնական տարբերակների վերաբերյալ: Տեղի են ունեցել նաև քննարկումներ «Դատափորձագիտության ոլորտում թվային փոխակերպման ուղղությամբ», «Քայլեր եվրոպական դատափորձագիտության բնագավառի զարգացման ուղղությամբ», «ENFSI ռազմավարության մշակում» ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաև ներկայացվել են զեկույցներ և պրեզենտացիաներ՝ «Ծավալուն Տվյալների, արհեստական ինտելեկտի և մեքենայական ուսուցման», «Դատափորձագիտական լաբորատորիաների բենչմարքինգի ռազմավարության մշակման նպատակներով», «ՔԿՃՄ/CBRN հնարավորությունների», «Միգրացիայի և դատափորձագիտության վրա վերջինիս ազդեցության», «ENFSI-ի անդամակցության օգուտները» վերտառություններով, որից հետո տեղի են ունեցել նաև արդյունավետ քննարկումներ:
Ներկայացվել են նաև պրեզենտացիաներ Տեքստիլի և մազի, մատնահետքի և ԴՆԹ աշխատանքային խմբերի կատարված աշխատանքների վերաբերյալ, որոնց ընթացքում ամփոփվել են աշխատանքային խմբերում իրականացվող աշխատանքները, վերլուծվել մասնակից անդամների ակտիվությունը, ձեռքբերումները, ինչպես նաև PT (որակավորման ստուգում) և CE (համագործակցության վարժանք) մասնակցության անհրաժեշտությունը՝ խրախուսելով աշխատանքային խմբերի անդամների ակտիվ մասնակցությունը «լավագույն փորձի ձեռնարկների» մշակման աշխատանքներում:
Թեմատիկ օրվա ընթացքում Կազմակերպության պատվիրակության ներկայացուցիչները մասնակցել են նաև «ENFSI զարգացում-Մասնագիտական կամ կամավոր» թեմային նվիրված աշխատանքային քննարկմանը, որի նպատակն էր իրականացնել կազմակերպչական բարեփոխումներ, որոնք առավել կհամապատասխանեն անհրաժեշտ պահանջներին: Գիտաժողովի ընթացքում մասնակիցների կողմից քննարկվել և նշվել են ENFSI-ն ավելի ճանաչելի և ընդունելի ռազմավարությամբ և նշանակությամբ կառույց դարձնելուն ուղղված քայլերը, զարգացման և ընդլայնման հեռանկարներն ու հնարավորությունները: «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա.Հովսեփյանի կողմից ENFSI-ի Խորհրդին առաջարկվել է դիտարկել աշխատանքային խմբերի տարվա ընթացքում հանդիպումները նաև վեբինարների ձևով իրականացնելու հնարավորությունները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Եվրամիության անդամ չհանդիսացող երկրների դատափորձագիտական կազմակերպությունների ներկայացուցիչների անմիջական մասնակցություններն ոչ միշտ է հնարավոր ապահովել՝ վիզային ռեժիմով, արտասահմանյան գործուղումների համար հատկացվող ֆինանսական միջոցների սղությամբ և այլ գործոններով պայմանավորված, իսկ վեբինարների ձևով իրականացումը հնարավորություն կընձեռի աշխատանքային խմբերում ներգրավված անդամների մասնակցությունն ապահովել բոլոր քննարկումներին: Նշված առաջարկն ընդունվել է քննարկման, հաշվի առնելով, որ այն կստեղծի իրատեսական հնարավորություններ աշխատանքային խմբերում փոխգործակցության և ակտիվ աշխատանքների ծավալման համար:
Տարեկան հանդիպման ընթացքում, որպես ENFSI-ի մշտական ներկայացուցիչ, «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա.Հովսեփյանի մասնակցությամբ տեղի են ունեցել քվեարկություններ ինչպես 2018-2019 թվականների գործողությունների ծրագրի, Խորհրդի զեկույցի ընդունման, այնպես էլ 2019-2020թ. գործողությունների ծրագրի նախագծի վերաբերյալ, ամփոփվել են նաև 2018թ. ընթացքում փորձագիտական աշխատանքային խմբերի (EWGs) կողմից իրականացված աշխատանքների արդյունքները: 
Համաժողովի ընթացքում տնօրեն Ա.Հովսեփյանը քննարկումներ է ունեցել մի շարք երկրների դատափորձագիտական կառույցների ղեկավարների հետ, որոնց ընթացքում գործընկերների հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել ակտիվ փոխգործակցություն ծավալելու ուղղությամբ՝ նրանց հրավիրելով Հայաստանի Հանրապետություն մասնակցելու «Դատափորձագիտական գործունեության արդի հարցերը: Դատական փորձագիտության և քրեագիտության ժամանակակից խնդիրները, զարգացման միտումներն ու հեռանկարները» Միջազգային գիտագործնական գիտաժողովին՝ նվիրված Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հիմնադրման 15-ամյակին, որը տեղի է ունենալու 2019 թվականի սեպտեմբերի 25-ից 27-ը Երևան քաղաքում: Առանձին քննարկումներ են տեղի ունեցել նաև ENFSI-ի Ճանապարհային պատահարների վերլուծության փորձագիտական աշխատանքային խմբի ղեկավար Ռումինիայի ներկայացուցիչ Ֆլորին Ռուզիտորուի հետ՝ 2019թ. սեպտեմբերին աշխատանքային խմբի հերթական հանդիպումը, Կազմակերպության տնօրեն Ա.Հովսեփյանի հրավերի համաձայն Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու մանրամասների վերաբերյալ, որը գործուն հնարավորություն կընձեռի ապահովելու տվյալ բնագավառի հայաստանյան փորձագետների շփումը ENFSI-ի տվյալ աշխատանքային խմբի ներկայացուցիչների հետ՝ նպատակաուղղված Հայաստանի Հանրապետությունում ներդնելու տվյալ բնագավառի միջազգային առաջավոր փորձն ու հնարավորությունները:

06 June 2019