slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը մասնակցում է Եվրոպական Միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության փորձի փոխանակման ծրագրին (CEPOL)

News_Image

Եվրոպական Միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության փոխանակման ծրագրի (CEPOL) շրջանակներում 2018թ-ի հունիսի 03-ից 08-ը ներառյալ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ էին գործուղվել Լատվիայի պետական ոստիկանության դատական փորձաքննությունների ստորաբաժանման աշխատակիցները՝ հաշվապահական փորձաքննությունների բաժնի ավագ փորձագետ Յուլիյա Լիոդորովան և զենքի հետազոտման և հետքաբանական փորձաքննությունների բաժնի ավագ փորձագետ Ժանետ Վեռևան:
Ծրագրի նպատակն է դատական փորձաքննությունների բնագավառում փոխանակվել տարիների ընթացքում ձեռքբերված լավագույն փորձով, հնարավորություններով, կիրառվող մեթոդներով և տեխնոլոգիաներով, ինչպես նաև ծանոթանալ իրականացվող ծրագրերին և այլ ձեռքբերումներին: Եվրոպական Միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության 2018 թվականի փորձի փոխանակման ծրագիրը (CEPOL) բաղկացած է երկու փուլից, որոնցից առաջինը տվյալ դեպքում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում, իսկ երկրորդ փուլը տեղի է ունենալու Լատվիայի Հանրապետության պետական ոստիկանության դատական փորձաքննությունների ստորաբաժանումում (քաղաք Ռիգա): 
Այցելության առաջին օրը պատվիրակության ներկայացուցիչները հանդիպել են «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ղեկավարության և մի շարք փորձագիտական ստորաբաժանումների անձնակազմի հետ, որի ընթացքում ծանոթացել են «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կառուցվածքին, հիմնական գործառույթներին, նպատակներին, իրականացվող աշխատանքներին, փորձագիտական բաժինների և լաբորատորիաների հագեցվածությանը, կիրառվող արդի մեթոդներին և մեթոդիկաներին, ընթացակարգերին, իրականացվող փորձաքննությունների տեսակներին, ենթատեսակներին և գիտահետազոտական աշխատանքներին և ոլորտին առնչվող ՀՀ-ում գործող նորմատիվային իրավական բազային: 
Այցելության ընթացքում պատվիրակության ներկայացուցիչներին, հաշվի առնելով նրանց նեղ մասնագիտական ուղղվածությունները, «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հետքաբանական, տնտեսագիտական և հաշվապահական փորձաքննությունների բաժինների փորձագետներն ավելի ընդլայնված ներկայացրել են իրենց կողմից իրականացվող փորձաքննությունների տեսակները, փորձագիտական ստորաբաժանումների հնարավորություններն ու ձեռքբերումները, օգտագործվող սարք-սարքավորումները, դրանց մեթոդական մոտեցումները և ընթացակարգերը, առկա տեխնիկական և մեթոդաբանական խնդիրները, ինչպես նաև կիսվել վերջին տասնամյակի ընթացքում կուտակված լավագույն փորձով և ձեռքբերումներով։ Մեծ հետաքրքրություն են ներկայացրել «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ձգաբանական, դատահետքաբանական, մատնահետքաբանական և մանրաթելերի փորձաքննությունների հետազոտությունների ընթացքում կիրառվող մշակված մեթոդների և տեխնոլոգիաների վերաբերյալ տվյալները, ինչպիսիք փորձի փոխանակման ծրագրի շրջանակներում տրամադրվել են գործընկեր կառույցի ներկայացուցիչներին: Պատվիրակության ներկայացուցիչների հետ քննարկվել են նաև նեղ մասնագիտական տարբեր ուղղություններով իրականացվող գիտահետազոտական աշխատանքները, որոնք ուղղված են բարձրացնելու և ընդլայնելու գիտական փորձաքննությունների հետազոտությունների հնարավորությունները, ստացվող արդյունքների արժանահավատությունը: 
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը լինելով դատափորձագիտական գիտամեթոդաբանական հետազոտությունների բնագավառում հանրապետությունում առաջատար կառույց և հանրապետության համանման կառույցների հետ սերտ համագործակցություն իրականացնելու կողմնակից՝ ծրագրի շրջանակներում կազմակերպության ղեկավարության նախաձեռնությամբ, հետքաբանական փորձաքննությունների բաժնի փորձագետ Լ.Մեքինյանի ուղեկցությամբ պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են նաև ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն և ծանոթացել գործընկեր կառույցում մատնահետքաբանական փորձաքննությունների իրականացման հնարավորությունների առանձնահատկություններին, ՀՀ ոստիկանության մատնադրոշմային քարտադարանի կառուցվածքին, կիրառվող մեթոդներին, մատնադրոշմային տվյալների բազայի համալրման գործընթացին, դեպքի վայրի հետազոտությունների կազմակերպման գործընթացին և ՀՀ ոստիկանության գնդակապարկուճային հաշվառման քարտադարանի կիրառման շրջանակներին: 
Դատահաշվապահական փորձաքննությունների կատարման ընդհանուր խնդրահարույց մեթոդաբանական հարցերի շուրջ համատեղ քննարկումների ընթացքում Յուլիյա Լիոդորովան պատրաստակամություն է հայտնել տնտեսագիտական և հաշվապահական փորձաքննությունների բաժնի փորձագետ Կարեն Մամիկոնյանի հետ իրականացնել համատեղ աշխատանք և հրապարակել գիտական հոդված՝ «Ընկերության անվճարունակության հատկանիշների դատահաշվապահական փորձաքննության իրականացման կիրառական մեթոդաբանության առանձնահատկությունները» թեմայով:
Արդյունքում, փորձի փոխանակման ծրագրի առաջին փուլի ավարտին քննարկվել են առաջիկայում համագործակցության շրջանակներում կատարվելիք մեթոդաբանական հետազոտությունների հետ կապված մի շարք հարցեր, որոնք թույլ կտան առավել խորը պատկերացում կազմել գործընկեր երկրների դատափորձագիտության բնագավառում իրականացվող փորձաքննությունների առանձնահատկությունների վերաբերյալ, ինչպես նաև հետագայում իրականացնել հետքաբանական, տնտեսագիտական և հաշվապահական փորձաքննությունների բնագավառներին առնչվող համատեղ գիտական աշխատանքներ և ծրագրեր: 
Այցի շրջանակներում ձևավորվել են ամուր կապեր հետագա գիտական և գործնական ուղղություններով ակտիվ համագործակցություն ծավալելու համար:

11 June 2018